ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 49-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով, 69-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, 72-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները փաթեթավորելու և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 49-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները քվեարկության ավարտից հետո փաթեթավորելու և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Առանձին փաթեթավորվում և ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթում (կամ մեկանգամյա օգտագործման պարկում, այսուհետ՝ ընդհանուր փաթեթ) տեղադրվում են՝
1) չօգտագործված (մարված), ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ տրված քվեաթերթիկների փաթեթը,
2) համապետական ընտրությունների ժամանակ` միայն զորամասում, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանության զորքերում և քրեակատարողական հիմնարկում կազմված ընտրողների ստորագրված ցուցակները,
3) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ նաև դեմ քվեարկված՝ հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները,
4) անվավեր քվեաթերթիկները,
5) քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը:
3. Տարածքային ընտրական հանձնաժողովում հետագայում սկանավորելու նպատակով համապետական ընտրությունների դեպքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները (բացառությամբ զորամասում և քրեակատարողական հիմնարկում կազմվող՝ ընտրողների ստորագրված ցուցակների) փաթեթավորվում են, փաթեթը կնքվում և ստորագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և տեղադրվում է առանձին փաթեթում (այսուհետ՝ փոքր պարկ):
4. Համապետական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկած քվեաթերթիկները փաթեթավորվում են միասին՝ առանձին փաթեթում:
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկները տեղադրվում են առանձին փաթեթում:
5. Ընդհանուր փաթեթում տեղադրվող ընտրական փաստաթղթերի փաթեթավորումն իրականացվում է համապատասխան փաստաթղթերն առանձին ծրարներում տեղադրելու և ծրարներից յուրաքանչյուրի վրա դրա պարունակության վերաբերյալ նշում կատարելու միջոցով: Ծրարները փակման մասում սոսնձվում են և կնքվում տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով: Ծրարների վրա պետք է առկա լինի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու ծրարների վրա: Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անունները, ազգանունները, դրվում նրանց ստորագրության նմուշները:
6. Ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը և ընտրողների ցուցակները պարունակող պարկը փակվում են փակման համար նախատեսված տեղի ժապավենը հեռացնելու, այդ մասում պարկի երկու կողմերն իրար միացնելու և այդ միացման տեղում պարկի երկու կողմերն իրար ամուր սեղմելու միջոցով: Սույն դրույթը կիրառելի է մեկանգամյա օգտագործման պարկից օգտվելու հնարավորության դեպքում:
7. Ընդհանուր փաթեթի և փոքր պարկի վրա ստորագրում է հանձնաժողովի նախագահը, կնքվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով և ընդհանուր փաթեթի և փոքր պարկի վրա գրվում է ընտրական տեղամասի համարը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու ընդհանուր փաթեթի և փոքր պարկի վրա: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անունները, ազգանունները, դրվում ստորագրության նմուշները:
8. Ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը, ընտրողների ցուցակները պարունակող փոքր պարկը, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով (հնարավորության դեպքում՝ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ):
Միաժամանակ տարածքային ընտրական հանձնաժողով են տեղափոխվում նաև քվեատուփերը (առկայության դեպքում՝ շրջիկ արկղերը), քվեարկության խցիկները:
9. Տարածքային ընտրական հանձնաժողովը համեմատում է կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության կնիքի համարի հետ, ընդունում կնիքը՝ կատարելով դրա քանակական հաշվառում:
Կազմավորված բոլոր ընտրական տեղամասերից կնիքներն ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովը դրանք փաթեթավորում է, փաթեթի վրա նշում առկա կնիքների քանակը և փաթեթը կնքում:
Կնիքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են տեղափոխվում քվեարկության ավարտից հետո՝ ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթի հետ միաժամանակ, տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով:
Կնիքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստուգվում են և հաշվառվում:
10. Ընտրական փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողովում հանձնվում և ընդունվում են հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:
Ստացականը կնքում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Ստացականի երկրորդ մասը տրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին: