ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 41-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկության կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 41-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՑԻՈՆԱՐ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների (այսուհետ՝ ընտրող) քվեարկության կազմակերպման և անցկացման կարգը:
2. Ընտրողների քվեարկությունը տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է ստացիոնար բժշկական հաստատությունում` շրջիկ արկղի միջոցով` ժամը 8.00-ից հետո՝ այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտվի մինչև ժամը 18.00-ն:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը մինչև ժամը 8.00-ն հանձնաժողովի անդամների և հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է շրջիկ արկղի դատարկ լինելը, փակում և կնքում է արկղը:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ելնելով ստացիոնար բժշկական հաստատությունում ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից, ընտրական տեղամասում հանձնաժողովի անդամների աշխատանքային ծանրաբեռնվածությունից, որոշում և հայտարարում է շրջիկ արկղի միջոցով քվեարկության կազմակերպման ժամանակը: Շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կազմակերպում է տեղամասային ընտրական հանձնաժողովի այն անդամը, որին քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին անցկացված վիճակահանությամբ բաժին է ընկել «շրջիկ արկղ» կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը պարունակող թերթիկը: Այս մասին գրառում է կատարվում հանձնաժողովի գրանցամատյանում:
Եթե ընտրական տեղամասը ընդգրկում է մի քանի ստացիոնար բժշկական հաստատություն, ապա շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կարող են կազմակերպել վիճակահանությամբ համապատասխանաբար «շրջիկ արկղ» կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» թերթիկ բաժին ընկած տեղամասային ընտրական հանձնաժողովի տարբեր անդամներ, կախված այդ գործառույթն իրականացնելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարած ժամանակից:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (այսուհետ` հանձնաժողովի անդամ) տրամադրում է շրջիկ արկղը, ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, այդ ցուցակում ընդգրկված ընտրողների թվից մինչև երեք տոկոu ավելի քանակով կնքված քվեաթերթիկներ` այդ մասին համապատաuխան գրառում կատարելով հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի անդամին անհրաժեշտության դեպքում տեղամասային ընտրասան հանձնաժողովի նախագահի պահանջով, կարող է ուղեկցել ոստիկանության ծառայողը:
6. Ստացիոնար բժշկական հաստատությունում հանձնաժողովի անդամը ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների լրացուցիչ ցուցակում գտնում նրա անուն-ազգանունը, լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
Ընտրողը ստորագրում է ցուցակում իր տվյալների դիմաց, իսկ հանձնաժողովի անդամն ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց և քվեաթերթիկը հանձնում է ընտրողին.
7. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի: Հանձնաժողովի անդամը հնարավորություն է ստեղծում ապահովելու ընտրողի քվեարկության գաղտնիությունը:
8. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը ծալում է, հանձնաժողովի անդամը բացում է շրջիկ արկղի ճեղքը և ընտրողին հնարավորություն ընձեռում քվեաթերթիկը շրջիկ արկղի մեջ գցելու:
9. Քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի անդամը փակում` հատուկ կապիչով կապում է շրջիկ արկղի ճեղքը և անհապաղ վերադառնում ընտրական տեղամաս:
10. Հանձնաժողովի անդամը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է հանձնում հատուկ կապիչով փակված շրջիկ արկղը, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տված քվեաթերթիկերը, ստացիոնար բժշկական հաստատությունում ընտրողների լրացուցիչ ցուցակը, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գրանցամատյանում:
11. Շրջիկ արկղը տեղադրվում է տեղամասային կենտրոնում, բոլորի համար տեսանելի տեղում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի քարտուղարը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ոչ ուշ, քան մինչև ժամը 20.00-ն, տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է շրջիկ արկղը և նրանում գտնվող քվեաթերթիկները ծալված վիճակում մեկ-մեկ գցում քվեատուփի մեջ` դրանում գտնվող քվեաթերթիկների հետ հաշվարկելու համար:
12. Ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա լինել նաև վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: