ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ
ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 34-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) միաժամանակ մեկից ավելի քվեարկությունների դեպքում միայն մեկ քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելիս տարածքային ընտրական հանձնաժողովը բացում է այդ քվեարկության ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը (կամ ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը).
2) վերահաշվարկ իրականացնելու համար ընտրական փաստաթղթերի բացված պարկից ընտրողների ցուցակների փաթեթի բացակայության դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովը բացում է նաև այն քվեարկության ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը (կամ ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը), որտեղ տեղադրված է ընտրողների ցուցակների փաթեթը, եթե ընտրողների ցուցակները տեղադրված չեն առանձին փաթեթում (կամ փոքր պարկում).
3) եթե ընտրողների ցուցակները տեղադրված են առանձին փաթեթում (կամ փոքր պարկում), վերահաշվարկ իրականացնելու համար տարածքային ընտրական հանձնաժողովը բացում է նաև ընտրողների ցուցակները պարունակող առանձին փաթեթը (կամ փոքր պարկը).
4) վերահաշվարկն ավարտելուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրողների ցուցակները տեղադրում է այն ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթում (կամ ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում), որտեղ դրանք գտնվել են մինչև վերահաշվարկը կամ ցուցակների առանձին փաթեթում (փոքր պարկում), եթե դրանք փաթեթավորված են եղել առանձին: Համապատասխան փաթեթը (պարկը) փակվում և կնքվում է, փակման մասում ստորագրում են տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ եթե նա ընդգրկված չէ վերահաշվարկ իրականացնողների կազմում, ապա տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը, իսկ ցանկության դեպքում՝ հանձնաժողովի մյուս անդամները, վստահված անձինք, ինչի վերաբերյալ գրառում է կատարվում տարածքային ընտրական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|