ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 33-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործավարության կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք. Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 33-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով սահմանվում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով) գործավարության կանոնները:
2. Հանձնաժողովի գործավարությունն իրականացնում է Հանձնաժողովի գործավարության համար պատասխանատու աշխատողը (այսուհետ` Մասնագետ) սույն կանոնակարգին համապատասխան:
3. Հանձնաժողովում գործավարության միասնական կարգի ապահովման վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովի քարտուղարը:
4. Հանձնաժողովի աշխատողները պատասխանատու են սույն կանոնակարգով նախատեսված գործավարության կանոնների պահպանման համար:
5. Գաղտնի փաստաթղթերի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
6. Հանձնաժողովում ստացված փաստաթղթերն ընդունում և գրանցում է Մասնագետը` համապատասխան գրանցամատյաններում:
7. Հանձնաժողովում փաստաթղթերը կարող են ստացվել առձեռն կամ փոստի միջոցով: Հանձնաժողովում յուրաքանչյուր մտից փաստաթուղթ գրանցվում է ստացվելու օրը:
8. Մասնագետը բացում է ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացառությամբ «Անձամբ» մակագրությամբ ծրարների:
«Անձամբ» մակագրությամբ ծրարների վրա դրվում է մուտքագրման դրոշմակնիք, նշվում է միայն մուտքի օրը, ամիսը, տարեթիվը (այսուհետ` ամսաթիվ) և փակ վիճակում հանձնվում հասցեատերերին:
9. Մասնագետը ստուգում է ծրարների ամբողջականությունը և դրանում առկա փաստաթղթերի առկայությունը:
Ծրարում փաստաթղթերի բացակայության կամ ոչ լիարժեքության, իսկ էլեկտրոնային փաստաթղթերի դեպքում վնասված լինելու մասին կազմվում է արձանագրություն` երկու օրինակից, որոնցից մեկը կցվում է փաստաթղթին, մյուսն ուղարկվում է փաստաթուղթն ուղարկողին:
10. Այլ հասցեատիրոջ ուղղված փաստաթղթեր ստացվելու դեպքում, դրանք վերահասցեագրվում են ճիշտ հասցեատիրոջը:
11. Փաստաթղթերի ծրարները փակցվում են փաստաթղթերին և պահպանվում դրանց հետ:
12. Մուտքագրված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է մուտքագրման դրոշմակնիքը, որի վրա նշվում է գրանցման մտից համարը և ամսաթիվը: Դրոշմակնիքը դրվում է այնպես, որ չաղավաղվի փաստաթղթի գրառումը։ Փաստաթղթի աջ անկյունում դրոշմակնքելու անհնարինության դեպքում դրոշմակնիքը դրվում է փաստաթղթի ազատ մասում:
13. Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, Արցախի Հանրապետության կառավարությունից ստացված փաստաթղթերը և «Շտապ» կատարման նշումն ունեցող փաստաթղթերը գրանցվում և ներկայացվում են Հանձնաժողովի նախագահին անհապաղ:
14. Փաստաթղթերի կատարմանը վերաբերող ցուցումներն իրավասու անձի կողմից տրվում են մակագրությունների ձևով, որոնցում նշվում են կատարողը (կատարողները), աշխատանքի բովանդակությունը, կատարման ժամկետը:
15. Եթե փաստաթուղթը միաժամանակ մակագրվում է մեկից ավելի կատարողների, ապա փաստաթուղթը Մասնագետի կողմից բազմացվում և հանձնվում է կատարողներին:
16. Փաստաթղթի բնօրինակը հանձնվում է այն կատարողին, որի անվան դիմաց նշվել է «Հավաքե բառը, որն էլ համարվում է պատասխանատու կատարող:
17. «Ի գիտություն» և «Ի տնօրինություն» մակագրության դեպքում` փաստաթուղթը հանձնվում է հասցեատիրոջը և կարող է պահպանվել վերջինիս մոտ:
18. Ստացված փաստաթղթի պատասխանը ստորագրվելուց հետո բնօրինակը և պատասխան գրությունը հանձնվում է Մասնագետին:
19. Հանձնաժողովի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի բնօրինակների պահպանության համար: Արգելվում է ստացված փաստաթղթի բնօրինակում որևէ նշում կամ փոփոխություն կատարելը:
20. Արձակուրդի, գործուղման կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող և չպատասխանված փաստաթղթերը հանձնել փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
3. ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
21. Ելից փաստաթղթերն ստորագրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալի կողմից:
Ելից փաստաթղթեր կարող է ստորագրվել նաև Հանձնաժողովի քարտուղարի կողմից` Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում:
22. Բոլոր փաստաթղթերն առաքվում են Մասնագետի միջոցով։ Դրանք գրանցվում են համապատասխան ելքի գրանցամատյաններում:
Ելից գրանցամատյաններում գրառումները կատարվում են փաստաթղթերի առաքման հաջորդականությամբ:
Ելից գրանցամատյաններում տեղեկությունները գրառվում են ելից համարների աճողական հաջորդակությանը համապատասխան:
23. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա նշում կատարողի մասին (անուն, ազգանուն, հեռախոսահամար), որը գրվում է ստորագրված փաստաթղթի վերջին թերթի երեսի կողմի ներքևի ձախ անկյունում:
24. Առաքման ենթակա փաստաթղթերի վրա դրվում է ելից համար, ամսաթիվ և փաստաթուղթն ստորագրողի պայմանանիշը: Այն դեպքում, երբ առաքվող փաստաթուղթը ուղարկվում է ստացված գրությանն ի պատասխան, նշվում է նաև այդ գրության ամսաթիվը և համարը:
25. Ելից փաստաթղթերի համար կիրառվում են հետևյալ պայմանանիշերը.
1) Հանձնաժողովի նախագահ 01
2) Հանձնաժողովի նախագահի տեղակալ 02
3) Հանձնաժողովի քարտուղար 03:
26. Առաքվող ելից փաստաթուղթը կազմվում և ստորագրվում է երկու օրինակից: Օրինակներից մեկն ուղարկվում է հասցեատիրոջը, իսկ երկրորդ օրինակը կատարման հիմքերի հետ պահվում է Մասնագետի մոտ:
27. Առաքվող ելից փաստաթղթին լրացուցիչ նյութեր կցելու դեպքում տեքստի տակ նշվում է դրանց անվանումն ու թերթերի թիվը:
28. Մասնագետը ստուգում է առաքվող ելից փաստաթղթի ամբողջականությունը:
29. Փաստաթղթերի առաքումը կազմակերպվում է Մասնագետի կողմից՝ սուրհանդակային ծառայության կամ փոստի միջոցով:
Փաստաթղթերն առձեռն հասցեատիրոջը հանձնելու ժամանակ գրանցվում են փաստաթղթերի ելքագրման գրանցամատյանում և ստացողի կողմից գրավոր ստացականի կամ փաստաթղթի պատճենի վրա համապատասխան նշում կատարելուց հետո հանձնվում նրան։ Այս դեպքում ստացականում կամ պատճենի վրա պարտադիր նշվում է հանձնված փաստաթղթի անվանումը, կից հանձնվող փաստաթղթերի թերթերի թիվը, ինչպես նաև ստացողի անունը, ազգանունը, հանձնման ամսաթիվը, անհրաժեշտության դեպքում` նաև ժամը, որը ստորագրվում է ստացողի կողմից, այնուհետև կցվում է Մասնագետի մոտ մնացող փաստաթղթին (հիմքին):
30. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` որպես ծանուցման եղանակ կարող են օգտագործվել հեռախոսագրերը: Դրանք պետք է կազմվեն հստակ ու համառոտ:
Հեռախոսագրերը ստորագրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից:
Հեռախոսագրի վրա դրվում է ելից համար, նշվում` հաղորդող և ընդունող անձանց ազգանունները, հեռախոսների համարները, ինչպես նաև հաղորդման ընդունման ամսաթիվն ու ժամը:
31. Ելից փաստաթղթի համարը կազմված է սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերով սահմանված պայմանանիշից և գրանցամատյանի հերթական ելից համարից:
32. Մասնագետն ապահովում է փաստաթղթերի պահպանությունը և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացումը: Պահպանության համար փաստաթղթերը Մասնագետն ընդունում է ըստ ցանկի:
4. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ՈՒ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՇԱՐԺԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ
33. Քաղաքացիների կողմից ստացված դիմումների, բողոքների ու հանրագրերի (այսուհետ` դիմում) գրանցման և հաշվառման համար վարվում է առանձին գրանցամատյան:
34. Դիմումների մուտքագրումը և դրանց վերաբերյալ պատասխանների ելքագրումը կատարվում է Ընտրական օրենսգրքին, «Հանրագրերի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներին համապատասխան: