ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ
ՄԱՍՆԱԿՑԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՍԿԱՆԱՎՈՐԵԼՈՒ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 14-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով և 74-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 14-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ
ՄԱՍՆԱԿՑԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՍԿԱՆԱՎՈՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները (այսուհետ՝ ընտրողների ցուցակ) սկանավորվելու և հրապարակելու կարգը:
2. Զորամասում և քրեակատարողական հիմնարկում կազմված և քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները սկանավորման և հրապարակման ենթակա չեն:
3. Տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրողների ցուցակների սկանավորումն իրականացնում է քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից սկսած:
4. Տարածքային ընտրական հանձնաժողովի համապատասխան անդամը, հավաստիանալով ընտրողների ցուցակները պարունակող փաթեթի (կամ փոքր պարկի, այսուհետ՝ պարկ) փակված լինելու մեջ, հայտարարում է փակված լինելու մասին և պարկի վրա նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը, որից հետո բացում է պարկը:
5. Ընտրողների ցուցակների սկանավորումն իրականացվում է այնպես, որ ընտրողների սկանավորված ցուցակներում տեսանելի լինեն տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաև ընտրողի, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի ստորագրությունների համար նախատեսված սյունակները:
6. Յուրաքանչյուր ընտրական տեղամասի ընտրողների ցուցակների սկանավորումն ավարտելուց հետո ընտրողների ցուցակները տեղադրվում են պարկում, այն փակվում և կնքվում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որից հետո միայն բացվում է հաջորդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակների պարկը:
7. Ընտրողների սկանավորված ցուցակները ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո փակցվում (պաշտոնապես հրապարակվում) են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում:
Ընտրողների սկանավորված ցուցակները կարող են հրապարակվել մատյանային կամ այլ ավելի հարմար՝ բոլորի համար տեսանելի կամ մատչելի եղանակով: