ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ
ԹԻՎԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ,
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՆՁԸ
ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 11-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով, 51-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետով և 63-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու, քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը նախապատրաստելու, կազմակերպելու և անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Քրեակատարողական հիմնարկներում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ է համարվում Արցախի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված` կալանավորված անձի քվեարկությանը մասնակցելու անձը հաստատող վկայականը` կալանավորված անձանց համար, դատապարտյալի քվեարկությանը մասնակցելու անձը հաստատող վկայականը` դատապարտյալների համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 11-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ
ԹԻՎԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ,
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են համապետական ընտրությունների, հանրաքվեի ժամանակ Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության (այսուհետ` քրեակատարողական վարչություն) քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկներ) հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու և քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը նախապատրաստելու, կազմակերպելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Կալանավորված անձանց և դատապարտյալների քվեարկությունը նախապատրաստում է քրեակատարողական վարչության պետը: Կալանավորված անձանց և դատապարտյալների քվեարկությունը կազմակերպվում և անցկացվում է քրեակատարողական վարչությունում կազմավորված տեղամասային կենտրոնում:
3. Քրեակատարողական վարչության պետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն և այդ մասին տեղեկացնում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին:
4. Քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության օրը 18 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կալանավորված անձինք և ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված և ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալները (այսուհետ` ընտրողներ):
5. Քրեակատարողական վարչության պետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր և 3 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը:
Քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում` քրեակատարողական վարչության պետի ստորագրությամբ վավերացված գրությամբ:
6. Քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական վարչության պետը` քվեարկության օրվանից 3 օր առաջ` Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան: Քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների ցուցակում «Հաշվառման վայրի հասցեն» սյունակում լրացվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկների հասցեն:
Քրեակատարողական վարչությունում կազմվող ընտրողների ցուցակը էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է քրեակատարողական վարչության պետը:
Քրեակատարողական վարչության պետը քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում է քրեակատարողական վարչությունում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
7. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 10 օր առաջ քրեակատարողական վարչություն է ուղարկում համապետական ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության, ինչպես նաև հանրաքվեի վերաբերյալ հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող նյութերը:
8. Քրեակատարողական վարչության համար քվեարկության սկիզբը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 7 օր առաջ: Քրեակատարողական վարչությունում քվեարկությունն անցկացվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրողների թվից, սակայն այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:
Քրեակատարողական վարչությունում տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփումն սկսում է ժամը 20.00-ին` անկախ ընտրողների թվից:
9. Վստահված անձինք, դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվելու քրեակատարողական վարչությունում կազմավորված տեղամասային կենտրոնում անցկացվող քվեարկությանը և/կամ արդյունքների ամփոփման նիստին, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում գրավոր հայտ` նշելով հայտատուի անունը, ազգանունը, տվյալ ընտրական գործընթացում հայտատուի կարգավիճակը, այն քրեակատարողական վարչության անվանումը, որում կազմավորված տեղամասային կենտրոնում հայտատուն ցանկանում է ներկա գտնվել: Հայտին կից ներկայացվում են.
1) հայտատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2) տվյալ ընտրական գործընթացում հայտատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը:
10. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 5 օր առաջ քրեակատարողական վարչության մուտքի իրավունք ստանալու նպատակով քրեակատարողական վարչության պետին է ներկայացնում այն վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել ներկա գտնվելու քրեակատարողական վարչությունում կազմավորված տեղամասային կենտրոնում` քվեարկության ընթացքին հետևելու նպատակով, և արդյունքների ամփոփման նիստին:
11. Քրեակատարողական վարչությունում կազմավորված տեղամասային կենտրոնում անցկացվող քվեարկությանը հետևելու, ինչպես նաև ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունի յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից` մինչև երկու դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ:
12. Վստահված անձինք, դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները քրեակատարողական վարչության մուտքի և ելքի ժամանակ պարտավոր են պահպանել քրեակատարողական վարչության մուտքի և ելքի սահմանված կարգը և ենթարկվել քրեակատարողական վարչության վարչակազմի կողմից ներկայացվող պահանջներին: