|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2013 թվականի նոյեմբերի 25-ին
Պետական գրանցման համարը 20613141 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
«15» նոյեմբերի 2013թ. |
N 81-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
Հաստատել անտառների սանիտարական հատումների կանոնները` համաձայն հավելվածի:
|
Հավելված
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և
բնական ռեսուրսների վարչության պետի
2013 թվականի նոյեմբերի 15-ի N 81-Ն հրամանի |
ԿԱՆՈՆՆԵՐ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով սահմանվում են անտառների սանիտարական հատումների իրականացման պայմանները:
2. Անտառների սանիտարական հատումները կատարվում են մատղաշ և միջահասակ անտառներում:
3. Անտառների սանիտարական հատումները նպատակաուղղված են անտառի կենսունակության և արտադրողականության բարձրացմանը, սանիտարական վիճակի բարելավմանը, կայունությանը, տնտեսապես արժեքավոր տնկարկների ձևավորմանը և դրանց պահպանության ապահովմանը:
4. Անտառներում սանիտարական հատումներն իրականացվում են անտառի սանիտարական վիճակը բարելավելու համար:
5. Սանիտարական հատման անհրաժեշտությունը, ծավալները և ժամկետները որոշվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքների հիման վրա:
II. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԸ
6. Սանիտարական հատումներն ուղղված են տնկարկների սանիտարական վիճակի բարելավմանը և արտադրողականության բարձրացմանը: Հատումներն իրականացվում են տնկարկներում՝ բնականորեն տապալված, ցցաչոր, քամատապալ, ձնակոտոր, ինչպես նաև հիվանդություններով և վնասատուներով վարակված, հրդեհների հետևանքով կենսունակությունը կորցրած ծառերի հեռացմամբ:
7. Սանիտարական հատումները նախատեսվում և ծավալները հիմնավորվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքների հիման վրա:
8. Սանիտարական հատումները լինում են ընտրովի և համատարած:
9. Արգելվում է ընտրովի սանիտարական հատումների իրականացումն առանց ծառերի նախնական դրոշմման:
10. Սանիտարական հատումները համարվում են համատարած, եթե կտրվում են անտառի 0.1 հեկտար և ավելի տարածքի ծառերը:
11. Համատարած սանիտարական հատումներն իրականացվում են կենսաբանական կայունությունը կորցրած տնկարկներում և նշանակվում են անկախ տնկարկի տարիքից այն դեպքում, երբ ընտրովի սանիտարական հատումների միջոցով հնարավոր չէ ապահովել տնկարկների առողջացումը:
12. Անտառներում համատարած սանիտարական հատումների իրականացումը թույլատրում է պետական կառավարման լիազորված մարմինը՝ անտառաշինական նախագծերի կամ իր կողմից ստեղծված մասնագիտական հանձնախմբի կազմած հետազոտման ակտի հիման վրա:
13. Տնկարկներում, որտեղ նախատեսվում են համատարած սանիտարական հատումներ, մասնագիտական հանձնախմբի կողմից կատարվում է նախնական հետազոտություն:
14. Մասնագիտական հանձնախումբն ստուգում է տնկարկը սանիտարական հատման ենթարկելու նպատակահարմարությունը, իսկ անտառապաթոլոգիական հետազոտության նյութերի բացակայության դեպքում անցկացնում է նաև հետազոտություն:
15. Անտառի յուրաքանչյուր տեղամասում տնկարկների վնասվածության աստիճանի հետազոտության համար հիմնադրվում են փորձահրապարակներ, որոնցում կատարվում է ծառերի հաշվառում՝ ըստ ծառերի վիճակի կարգը (կատեգորիա) բնորոշող սանդղակի՝ համաձայն N 1 աղյուսակի: Մինչև 50 հեկտար տեղամասում փորձահրապարակի տարածքը պետք է կազմի ընդհանուր տարածքի 2 տոկոսից ոչ պակաս, իսկ 50 հեկտարից ավելիի դեպքում՝ 0.5 տոկոսից ոչ պակաս:
16. Հանձնախմբի կողմից կազմված համատարած սանիտարական հատման հետազոտման ակտը ներառում է հետևյալ տեղեկությունները՝ անտառի խումբը, տնկարկի անտառագնահատման բնութագիրը, ծառատապալման պատճառը, համատարած սանիտարական հատման անհրաժեշտության հիմնավորումը, հատման ժամանակահատվածը, տեխնոլոգիան, հետագա անտառավերականգնման միջոցառումների հանձնարարականը, վարակի կամ վնասի կանխարգելման միջոցառումները:
17. Համատարած սանիտարական հատման թույլտվություն ստանալու համար անտառօգտագործողը պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա) խմբի կողմից կազմված համատարած սանիտարական հատման տեղազննման ակտը.
բ) համատարած սանիտարական հատման ենթակա տնկարկների փորձահրապարակների հաշվառման ամփոփագիրը, որի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը.
գ) կազմալուծված և չորացած տնկարկների հաշվառման ամփոփագիրը, որի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը.
դ) հատվող տեղամասի գծապատկերը, ուր նշվում են բաժինների համարները, տարածքները, փորձահրապարակների տեղադրությունը:
18. Համատարած սանիտարական հատումների ենթարկված անտառային հողերում պարտադիր իրականացվում են անտառավերականգնման միջոցառումներ:
III. ԾԱՌԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
19. Անտառային հրդեհներից հետո սանիտարական հատումների համար ծառերի ընտրությունը կատարվում է` գնահատելով սաղարթի, բնի արմատաթաթի, ծառերի ընդհանուր վիճակը՝ այրվածքի հետևանքով առաջացած վնասի չափը գնահատելուց հետո: Առաջին հերթին մշակվում են այրված գետնատապալ, այնուհետև ցցաչոր ծառերը: Ընտրովի սանիտարական հատումներն իրականացվում են ծառուտը հրդեհից վնասվելուց հետո՝ սեղմ ժամկետում և ավարտվում տվյալ տարվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 1-ը: Խոշոր այրվածքների դեպքում մշակման աշխատանքների ժամանակահատվածը երկարացվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
20. Քամիներից ամբողջությամբ կամ մասամբ ջարդված, գետնատապալ ծառերը, ինչպես նաև ձնից և ցրտահարությունից վնասված ծառերի սաղարթի 2/3-ից ավելին ենթակա են մաքրման: Այդ դեպքում վնասված անտառի մշակումն ավարտվում է տվյալ տարվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը: Մեծ տարածքներով հողմակործան ծառերի մաքրման աշխատանքները կարող են երկարաձգվել պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ:
21. Ծառերը, որոնք վարակված են բնափայտային վնասատուներով և բնորոշվում են վիճակի III կարգով (կատեգորիայով), կարող են ընտրվել հատման, եթե տնկարկների լրիվությունը չի իջնում թույլատրելի սահմանից:
Ծառերի ընտրությունը, դրոշմումը և հատումը կատարվում է` ելնելով ծառի ընդհանուր վիճակից, կեղևի տակ և բնափայտում առկա վնասակար միջատների քանակից և բնափայտի կենսաբանական հատկանիշներից:
Ասեղնատերևների և լայնատերևների կրծող միջատներով վարակված ծառերի հատման համար ընտրությունը կատարվում է ասեղնատերևների և լայնատերևների վերականգնման վեգետացիոն ժամանակահատվածից հետո:
22. Արմատային կոշտուկներով և կոճղասնկով վարակված ասեղնատերևավոր տնկարկներում հատման ենթակա են մաքրման վիճակի III-VI կարգ (կատեգորիա) ունեցող ծառերը:
Համանման ընտրովի սանիտարական հատումներ իրականացվում են կաղնուտներում և մյուս լայնատերև տնկարկներում, որտեղ առկա են կոճղասնկային հիվանդությունների օջախներ:
23. Խեժառատ քաղցկեղով վարակված սոճու տնկարկներում հատման համար ընտրվում են միայն բարձր աստիճանի վարակվածություն ունեցող (սաղարթի ստորին հատվածից վերքը շրջապատում է բնի 2/3-ը), դեղնող ասեղնատերևներով, բնափայտային վնասատուներով վարակված ծառերը:
24. Կաղնուտներում, որոնք վարակված են անոթային սնկերով, ենթակա են մաքրման վիճակի IV-VI կարգ (կատեգորիա) ունեցող ծառերը: Հատումը կատարվում է աշուն-ձմեռ ժամանակահատվածում, իսկ այդ ծառերի հատման համար ընտրությունը և դրոշմումը կատարվում են տերևակալված վիճակում:
25. Նեկրոզային քաղցկեղով վարակված ծառերը մաքրման համար ընտրվում են այն դեպքում, երբ վերքը շրջապատել է բնի 1/2-ից ավելին:
Ծառերի վիճակի կարգը (կատեգորիան) բնորոշող սանդղակը
Ծառերի կարգը (կատեգորիան) |
Հիմնական նշանները |
Լրացուցիչ նշանները |
Ա ս ե ղ ն ա տ ե ր և ն ե ր |
I. Առանց թուլացման նշանների |
ասեղնատերևները կանաչ են, փայլուն, սաղարթը՝ խիտ, տվյալ տեսակի և տարիքի, աճման պայմանների և տարվա եղանակի համար ընթացիկ տարվա աճը նորմալ է |
- |
II. Թուլացողներ
|
ասեղնատերևները հաճախ սովորականից բաց են, սաղարթը՝ թույլ թափանցիկ, աճը նորմալի համեմատությամբ կիսով չափ թույլ է |
հնարավոր է բնի և արմատաթաթի, ճյուղերի տեղային վնասվածքի նշաններ |
III. Թուլացածներ |
ասեղնատերևները բաց կանաչավուն կամ անփայլ մոխրագույն են, սաղարթը` թափանցիկ, աճը նորմալի համեմատությամբ կեսից ավելի թույլ է |
հնարավոր է բնի, արմատաթաթի, ճյուղերի, սաղարթի վնասվածքի նշաններ, բնի կամ ճյուղերի վարակվածություն` վնասատուներով |
IV. Չորացողներ |
ասեղնատերևները մոխրագույն կամ դեղնականաչավուն են, սաղարթը նոսրացած է, ընթացիկ տարվա աճը նկատելի է կամ բացակայում է |
ծառի բնի և մյուս հատվածների վնասվածության նշաններն ավելի ուժեղ արտահայտված են, քան նախորդ կարգում (կատեգորիայում)` հնարավոր է ծառի վարակվածություն բնային վնասատուներով |
V. Ցցաչորներ (ընթացիկ տարվա) |
ասեղնատերևները մոխրագույն, դեղին կամ շագանակագույն են, սաղարթն ուժեղ նոսրացած է, փոքրիկ ճյուղերը պահպանվում են, կեղևը պահպանվել է կամ թափվել է մասամբ |
- |
VI. Ցցաչորներ (անցած տարիներից) |
ասեղնատերևները թափվել են կամ պահպանվել են մասամբ, փոքրիկ ճյուղերը կոտրատվել են, կեղևը թափվել է
|
բնում և ճյուղերում կան վնասատու միջատների գոյության հետքեր, կեղևի տակ առկա է առատ շագանակագույն ալյուր և բնափայտը քայքայող սնկամարմին |
Լ ա յ ն ա տ ե ր և ն ե ր |
I. Առանց թուլացման նշանների |
տերևները կանաչ են, փայլուն, սաղարթը` խիտ, տվյալ տեսակի և տարիքի, աճման պայմանների և տարվա եղանակի համար ընթացիկ տարվա աճը նորմալ է |
- |
II. Թուլացողներ (չոր է կեղևի 1/4-ը)
|
տերևները կանաչ են, սաղարթը՝ թույլ թափանցիկ, աճը նորմալի համեմատությամբ թուլացած, ճյուղերի գրեթե 1/4-ը չորացած են |
հնարավոր է ճյուղերի, արմատաթաթի և բնի տեղային մեխանիկական վնասվածքներ
|
III. Թուլացածներ (չոր է կեղևի մինչև 1/2-ը)
|
տերևները մանր են կամ սովորականից բաց, ժամանակից շուտ թափվում են, սաղարթը թափանցիկ է, ճյուղերի 1/4-1/2-ը չորացել են |
նախորդ կարգի (կատեգորիայի) նշանները վառ արտահայտված են, առկա են բնային վնասատուների հետքեր, բնից և ճյուղերից նկատվում է հյութածորություն |
IV. Չորացողներ (կեղևի 1/2-ից ավելին չորացած են)
|
տերևները մանր են, սովորականից բաց կամ դեղնավուն, ժամանակից շուտ թափվում են կամ թառամում, սաղարթը թափանցիկ է, ճյուղերի 1/2-3/4-ը չորացել են |
հնարավոր է բնի և ճյուղերի վրա բնային վնասատուների առկայություն (անցքեր, հյութածորություն, շագանակագույն ալյուր և այլն) |
V. Ցցաչորներ (ընթացիկ տարվա) |
տերևները չորացել են, թառամել կամ ժամանակից շուտ թափվել, ճյուղերի ավելի քան 3/4-ը չորացել են, փոքրիկ ճյուղերը և կեղևը պահպանվել են |
հնարավոր է բնի, ճյուղերի և արմատաթաթի վրա բնային վնասատուների առկայության նշաններ և սնկային հիվանդություններ |
VI. Ցցաչորներ (անցած
տարիներից) |
տերևները և ճյուղերի մի մասը թափվել են, բնի կեղևը մեծ մասամբ քայքայվել կամ թափվել է |
բնի, ճյուղերի և արմատաթաթի վրա առկա են վնասատուների հետքեր, կեղևի տակ առկա են սնկամարմիններ |
ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ա.ԽԱՆԱՆՅԱՆ |