Համարը 
ՀՕ-46
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
09.01.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.02.1999
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.02.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Ծանուցում
Սույն օրենքի դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ  1

ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկամտահարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկամտահարկ վճարողների շրջանակը, եկամտահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը:

 

Հոդված 2.

Եկամտահարկի հասկացությունը

 

Եկամտահարկը հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի միջոցով) սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:

 

ԳԼՈՒԽ  II

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

 

Հոդված 3.

Եկամտահարկ վճարողները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկամտահարկ են վճարում (հարկատու են) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ՝ ռեզիդենտ) և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

2. Սույն օրենքի իմաստով՝ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:

Սույն օրենքի իմաստով՝ կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը, և գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

 

Հոդված 4.

Հարկվող օբյեկտը

 

1. Ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող եկամուտը:

2. Ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացվող հարկվող եկամուտը:

 

Հոդված 5.

Հարկվող եկամուտը

 

Հարկվող եկամուտը հարկատուի համախառն եկամտի և սույն օրենքի դրույթների համաձայն իրականացված նվազեցումների դրական տարբերությունն է:

 

ԳԼՈՒԽ  III

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏԸ

 

Հոդված 6.

Համախառն եկամուտը

 

Համախառն եկամուտը հարկային տարում հարկատուի ստացած բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից:

Սույն օրենքի իմաստով եկամուտ են համարվում, մասնավորապես՝

ա/ աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.

բ/ գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու իրավունքի համար կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ՝ ռոյալթի).

գ/ փոխառության դիմաց ստացվող տոկոսը և այլ հատուցումը (այսուհետ՝ տոկոս).

դ/ շահաբաժինները.

ե/ խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).

զ/ մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային շահումները (մրցանակները).

է/ մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակները).

ը/ նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.

թ/ ժառանգության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.

ժ/ ապահովագրական հատուցումները.

ժա/ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

ժբ/ գույքն օտարելուց ստացված եկամուտը.

Այն դեպքում, երբ գրավ դրված գույքը սեփականության իրավունքով անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), ապա գրավատուի` գույքն օտարելուց ստացված եկամուտ է համարվում գրավ դրված գույքի իրացման գնի (առանց անուղղակի հարկերի, եթե դրանք կիրառելի են) և վարկային պարտավորության դրական տարբերությունը: Այն դեպքում, երբ բանկի (վարկային կազմակերպության) սեփականությանն անցած գրավադրված գույքը վերջինի կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, կրկին օտարվում է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, ապա համարվում է, որ գրավատուն սույն կետի իմաստով գույք չի օտարել (գույքի օտարումից եկամուտ չի ստացել):

Սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և իրացման գին են համարվում`

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը և օտարման գինը, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի իրացման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը, կամ

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը և այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

Բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն կետով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

Բանկը (վարկային կազմակերպությունը) և ֆիզիկական անձ գրավատուն կարող են համաձայնվել, որ սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով գրավատուին եկամուտների վճարման օր և իրացման գին համարվեն այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը և այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գինը: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով:

Սույն կետի իմաստով վարկային պարտավորություն է համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը, այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարելիք և գրավ դրված գույքի իրացման գնի 15 տոկոսը չգերազանցող ծախսերը:

Սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման գնի որոշման համար «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավունքներից:

ժգ/ վարձակալության դիմաց ստացվող վճարը և այլ հատուցումը (այսուհետ՝ վարձավճար), քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտը.

ժդ/ իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից ֆիզիկական անձանց համար կատարված ապահովագրավճարները, բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարների:

Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում (այդ թվում՝ նաև հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթներին համաձայն, հարկը պահելու (գանձելու) դեպքում) պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազատ (շուկայական) գներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացված եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

(6-րդ հոդվածը լրաց. 27.02.2002 ՀՕ-194, փոփ. 19.12.2007 ՀՕ-106, լրաց. 27.12.2011 ՀՕ-95-Ն)

 

Հոդված 7.

Եկամուտ չհամարվող տարրերը

 

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում՝

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող պետական նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները.

գ/ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն տրվող միանվագ վճարները.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վճարվող ալիմենտները (ապրուստավճարները).

ե/ արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացած գումարները:

 

ԳԼՈՒԽ  IV

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 8.

Համախառն եկամտի նվազեցումները

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից կարող են կատարվել սույն օրենքով նախատեսված նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ և ծախսեր):

2. Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից կարող է կատարվել միայն մեկ անգամ:

 

Հոդված 9.

Համախառն եկամտից նվազեցվող եկամուտները

 

Հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են՝

ա/ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական ծառայության հետ կապված եկամուտները.

ա1/ փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի սահմաններում փոխհատուցման վճարները, բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:

Սույն կետով նախատեսված փոխհատուցման վճարների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նվազեցման նորմեր սահմանված չլինելու դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի համար որպես փոխհատուցում ողջ գումարի չափով:

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ժառանգության և նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացված գույքը և դրամական միջոցները.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները.

ե/ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը և դրամական միջոցները.

զ/ անհատույց ստացված՝ օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող միջոցները.

է/ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիսացողներից ֆիզիկական անձանց ստացած գումարները՝ բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացված գումարների.

ը/ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարվող, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունների կամ սույն հոդվածի «դ» և «ե» ենթակետերում նշված կազմակերպությունները.

թ/ ապահովագրական հատուցումները.

ժ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆիզիկական անձանց անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդների համար հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսները կամ այլ հատուցումը.

ժա/ արժեթղթերից ստացված եկամուտը՝ համապատասխան սույն օրենքի 10 հոդվածին.

ժբ/ այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես վնասի փոխհատուցում, բացառությամբ կորցված եկամտի փոխհատուցման.

ժգ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն աշխատանքից ազատման դեպքում վճարվող արձակման նպաստի գումարը.

ժդ/ կենսաթոշակների կամավոր ապահովագրության պայմաններով վճարվող լրացուցիչ կենսաթոշակները.

ժե/ աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով վճարվող օգնության գումարները.

ժզ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում և մրցություններում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները.

ժէ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները.

ժը/ մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը՝ յուրաքանչյուր վճարման դեպքում տասը հազար դրամի շրջանակներում.

ժթ/ ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակարանային շինարարության նպատակով կառուցվող շինությունների գրավադրման դիմաց ստացված նպատակային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսավճարները.

ի/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի տասը տոկոսի ուսման տարեկան վարձի փոխհատուցման գումարները.

իա/ պետական պարգևները (մրցանակները).

իբ/ պարենային բավարարման արժեքը, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարները:

իգ/ պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև դրանում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարված գումարները:

(9-րդ հոդվածը փոփ. 22.12.2000 ՀՕ-122, լրաց., խմբ. 27.02.2002 ՀՕ-194, խմբ., փոփ., լրաց. 22.12.2004 ՀՕ-165, լրաց. 15.02.2006 ՀՕ-262, խմբ., լրաց. 29.12.2008 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 10.

Արժեթղթերից ստացված եկամուտների նվազեցումը

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է՝

ա/ ստացված շահաբաժինների չափով:

Սույն օրենքի իմաստով՝ շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացված եկամուտը.

բ/ (կետն ուժը կորցրել է 27.02.2002 ՀՕ-194)

գ/ (կետն ուժը կորցրել է 27.02.2002 ՀՕ-194)

դ/ գանձապետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով.

ե/ բաժնետոմսերի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով.

զ/ գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված եկամուտները համախառն եկամտից չեն նվազեցվում, եթե՝

ա/ ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, չեկի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից, կամ

բ/ իրականում ստացվում են որպես ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց վարձատրություն կամ փոխարինում են նման վարձատրությանը, անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից:

3. Անկախ ինվեստիցիոն բրոքեր կամ դիլեր համարվող հարկատուն կարող է իր համախառն եկամուտը նվազեցնել սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված եկամուտների չափով, եթե՝

ա/ հարկատուի գրանցամատյանում (կամ գործարքների գրանցման այլ տեղում) արժեթուղթը մինչև դրա ձեռքբերման աշխատանքային օրվա ավարտը գրանցվել է որպես ներդրման նպատակով ձեռքբերված արժեթուղթ, և

բ/ վերջինս արժեթուղթը չի օտարում ձեռքբերման օրվանից հետո քսանչորս ամսվա ընթացքում: Սույն ենթակետի իմաստով օտարում է համարվում նաև արժեթուղթը գրավադրելը, օտարման իրավունքով լիազորագրային կառավարման հանձնելը, օտարման իրավունք նախատեսող լիազորագրով այլ անձին հանձնելը կամ որևէ այլ գործարքը, որը վկայում է դրա կատարման պահին արժեթղթի քողարկված փաստացի օտարումն այլ անձի:

4. Եթե հարկատուն սույն հոդվածով նախատեսված նվազեցման իրավունք ունի և, սույն օրենքի որևէ այլ հոդվածի համաձայն, իր համախառն եկամտից նվազեցնում է արժեթղթի ձեռքբերման գինը, ապա, սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերի համաձայն, իր համախառն եկամուտը կարող է նվազեցնել միայն տվյալ արժեթղթի ձեռքբերման գնի և իրացումից ստացված եկամտի (հասույթի) տարբերության չափով:

(10-րդ հոդվածը փոփ. 27.02.2002 ՀՕ-194, լրաց. 22.12.2004 ՀՕ-165)

 

Հոդված 11.

Գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտը

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

2. Սույն հոդվածի իմաստով՝ գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող՝

- հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.

- տեխնիկական մշակաբույսերը.

- պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.

- դաշտային մշակման կերային մշակաբույսերը.

- կերարտադրության այլ արտադրանքը.

- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.

- ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.

- ծառերի և թփերի սածիլները.

- ծառերի և թփերի տնկիները.

- անասնաբուծության արտադրանքը.

- խոզաբուծության արտադրանքը.

- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.

- թռչնաբուծության արտադրանքը.

- ձիաբուծության, իշաբուծության և ջորեբուծության արտադրանքը.

- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.

-ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.

- ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:

3. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:

4. (կետն ուժը կորցրել է 27.02.2002 ՀՕ-194)

(11-րդ հոդվածը փոփ. 27.02.2002 ՀՕ-194)

 

Հոդված 12.

Կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական ապահովության համար կատարված վճարները

                      (վերնագիրը փոփ. 19.12.2007 ՀՕ-106)

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի հաշվին կատարվող կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական ապահովության պարտագրության վճարների գումարի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված նվազեցումը, սույն օրենքով սահմանված դեպքերում, հաշվարկվում և իրականացվում է՝ համախառն եկամտից նախապես նվազեցնելով եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված սույն օրենքով սահմանված ծախսերի գումարը:

 (12-րդ հոդվածը փոփ. 19.12.2007 ՀՕ-106)

 

Հոդված 13.

Բարեգործական և այլ անհատույց հատկացումները

 

Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է սույն հոդվածում թվարկված կազմակերպություններին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցած ծառայությունների արժեքի չափով, բայց սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող եկամտի հինգ տոկոսից ոչ ավելի.

ա/ հասարակական և կրոնական կազմակերպություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական-քաղաքական կուսակցություններին.

բ/ համատիրություններին, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այն կազմակերպություններին, որոնք կազմակերպվել և գործում են բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական անվտանգության նպատակով փորձարկման, շրջակա միջավայրի պաշտպանության, գրականության, մշակույթի և կրթության զարգացման ու քարոզման, սպառողների իրավունքների պաշտպանության, սիրողական սպորտի խթանման և կազմակերպման, տղամարդու, կանանց, երեխաների և ծերերի իրավունքների պաշտպանության նպատակներով.

գ/ գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին.

դ/ հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին:

(13-րդ հոդվածը փոփ. 22.12.2004 ՀՕ-165)

 

Հոդված 14.

Համախառն եկամտից անձնական նվազեցումները

 

1. (կետն ուժը կորցրել է 22.12.2004 ՀՕ-165)

2. Հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար քսան հազար դրամի չափով, եթե այն ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք՝

ա/ Արցախի հերոսները, նախկին Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք.

բ/ երկրորդ համաշխարհային պատերազմի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս՝ վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզաններից՝ հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների՝ վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան՝ հերոսուհի մայրերը.

դ/ երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի պաշտպանության այլ մարտական գործողությունների մասնակից այն զինծառայողները, ովքեր ծառայել են գործող բանակի կազմում ընդգրկված զորամասերում, շտաբներում ու հիմնարկներում, նախկին պարտիզանները.

ե/ մանկուց հաշմանդամները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները.

զ/ այն անձինք, ովքեր հիվանդացել և ատոմային օբյեկտների վթարների հետևանքով տարել են ճառագայթային հիվանդություն, մասնակցել են այդպիսի վթարների վերացմանը՝ տարածման գոտու սահմաններում, վթարի հետևանքների վերացման ժամանակաշրջանում զբաղվել են ատոմային օբյեկտները շահագործելով կամ այլ աշխատանքներով:

3. Հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար ութ հազար դրամի չափով, եթե այն ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք՝

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս մահացած զինծառայողների, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված պետական ծառայողների ծնողները և ամուսինը.

բ/ օտարերկրյա պետություններում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինվորական պարտականություններ կատարած զինծառայողները.

գ/ համատեղ ապրող և մշտական խնամք պահանջող մանկուց հաշմանդամին, 1-ին խմբի հաշմանդամին խնամող ծնողներից մեկը (իրենց ընտրությամբ), ամուսինը, խնամակալը.

դ/ խնամքի տակ տարիքային կենսաթոշակ ստացող ծնողներ կամ անչափահասներ ունեցող 3-րդ խմբի հաշմանդամները:

4. Հարկային տարում ծնողների և խնամակալների համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր երեխայի (մինչև 18 տարեկան, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների՝ մինչև 24 տարեկան դառնալը), եկամտի ինքնուրույն աղբյուր չունեցող յուրաքանչյուր խնամարկյալի (հոգաբարձության տակ գտնվողի) համար: Նշված կարգը պահպանվում է մինչև այն տարեվերջը, որում լրանում է երեխաների 18, ուսանողների և սովորողների 24 տարին, ինչպես նաև երեխաների և խնամարկյալների մահվան դեպքում: Համախառն եկամտից սույն կետով նախատեսված նվազեցումը վերապահվում է ամուսիններից երկուսին, ինչպես նաև խնամակալին (հոգաբարձուին): Ֆիզիկական անձանց համախառն եկամտի նվազեցումը կատարվում է սկսած այն ամսից, երբ ծնվել է երեխան կամ երբ ֆիզիկական անձը հանդես է եկել որպես խնամակալ:

5. Ֆիզիկական անձի համար սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված՝ մեկից ավելի նվազեցումների իրավունքի առկայության դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է առավել մեծ նվազեցման չափով:

6. Եկամտի ստացման յուրաքանչյուր ամսում հարկատուի համախառն եկամուտը որոշելիս, ստացվող եկամտից անձնական նվազեցման գումարը հանվում է միայն մեկ անգամ՝ մեկ հարկային գործակալի կողմից սույն օրենքի 17 հոդվածի «բ» ենթակետում նշված կարգով:

 (14-րդ հոդվածը լրաց. 22.12.2000 ՀՕ-122, փոփ. 22.12.2004 ՀՕ-165)

 

Հոդված 15.

Ծախսերը

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս, բացի սույն գլխով նախատեսված նվազեցումներից, համախառն եկամուտը նվազեցվում է նաև ձեռնարկատիրական գործունեությունից և քաղաքացիաիրավական պայմանագրեր կատարելուց ստացված եկամուտների գծով անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հայտարարագրի հիման վրա: Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես եկամտի ստացման հետ կապված ծախսերը:

2. Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. (կետն ուժը կորցրել է 22.12.2000 ՀՕ-122)

(15-րդ հոդվածը փոփ. 22.12.2000 ՀՕ-122)

 

Հոդված 16.

Նվազեցումների իրականացման կարգը

 

Համախառն եկամտից սույն օրենքով սահմանված նվազեցումները իրականացնում են ֆիզիկական անձինք ինքնուրույնաբար և արտացոլում են տարեկան եկամուտների հայտարարագրում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 17 հոդվածում նախատեսված դեպքերի:

 

Հոդված 17.

Հարկային գործակալի կողմից իրականացվող նվազեցումները

 

Հարկային գործակալը ֆիզիկական անձին եկամուտներ վճարելիս այդ եկամուտներից իրականացնում է նվազեցումներ.

ա/ իր կողմից ֆիզիկական անձին վճարվող՝ սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված եկամուտների չափով.

բ/ հարկատուի պահանջով սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված նվազեցումների չափով՝ այլ հարկային գործակալներից ստացվող եկամուտներից այդ նվազեցումը չվերապահվելու մասին ֆիզիկական անձի գրավոր հայտարարության և այդ նվազեցումների իրավունքը հաստատող` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված փաստաթղթերի (դրանց պատճենների) հիման վրա.

գ/ սույն օրենքի 12 հոդվածով սահմանված պարտադիր վճարումների չափով, եթե այդ վճարների չափը հաշվարկելու, պահելու (գանձելու) պարտավորությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կրում է ֆիզիկական անձին եկամուտներ վճարող տվյալ հարկային գործակալը:

(17-րդ հոդվածը խմբ. 22.12.2004 ՀՕ-165)

 

ԳԼՈՒԽ  V

 

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 18.

Եկամտահարկի դրույքաչափերը

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերում նշված դեպքերի, հարկային գործակալը հարկվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 5 տոկոս դրույքաչափով:

2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերում նշված դեպքերի, հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է տարեկան հարկվող եկամտի նկատմամբ 10 տոկոս դրույքաչափով:

3. Ռոյալթիների և գույքը վարձակալության տալու եկամուտներից, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) 10 տոկոսը (սակայն ոչ ավելի, քան 500 մ2 մակերեսը), իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4 անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները: Ընդ որում` չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար ընդամենը մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից և կառուցապատող և (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քանակից:

4. Տոկոսների համար եկամտահարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով, առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:

Տոկոսների համար սույն մասով, ինչպես նաև ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց եկամուտներից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր տոկոսների, ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց ստացման ենթակա եկամուտների նկատմամբ` այդ դեպքում հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափով: 

5. Հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 5 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով միայն սույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները:

6. Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց հաշվետու տարվա ընթացքում վճարման ենթակա պասիվ եկամուտները (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ կամ գույքի ձեռք բերման դիմաց եկամուտ), հարկվող շահույթը (եկամուտը) որոշելիս համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարվելու դեպքում վճարման ենթակա այդ պասիվ եկամուտների նկատմամբ եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով և ներառվում 12-րդ ամսվա հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին և վարկային կազմակերպություններին` այլ անձանցից ներգրավված վարկերի, փոխառությունների և ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով:

(18-րդ հոդվածը խմբ. 22.12.2000 ՀՕ-122, լրաց. 27.02.2002 ՀՕ-194, խմբ. 29.12.2008 ՀՕ-2-Ն, փոփ., լրաց. 26.12.2012 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 19.

Եկամտահարկին փոխարինող վճարները

                      (վերնագիրը խմբ. 26.12.2012 ՀՕ-35-Ն)

 

Առանձին վճարողների և (կամ) գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել եկամտահարկին փոխարինող առևտրի հարկ, հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ:

(19-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-35-Ն)

 

ԳԼՈՒԽ  VI

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 20.

Հարկը պահելը հարկային գործակալի կողմից

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարության հիման վրա վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:

2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե՝

ա/ վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր՝ նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության հասցեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման (հաշվառման) համարը.

բ/ (ենթակետն ուժը կորցրել է 27.02.2002 ՀՕ-194)

գ/ ֆիզիկական անձին վճարվում են սույն օրենքի 6 հոդվածի «ե» և «զ» ենթակետերով սահմանված եկամուտներ:

(20-րդ հոդվածը փոփ. 27.02.2002 ՀՕ-194, լրաց. 22.12.2004 ՀՕ-165, փոփ. 27.12.2011 ՀՕ-95-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 21.

Հարկային գործակալի կողմից վճարված (վճարվող) եկամուտներից հարկի գումարը որոշելը

                      (վերնագիրը խմբ. 29.12.2008 ՀՕ-2-Ն)

 

1. Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետևյալ չափերով.

ա) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու դեպքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար` 5 տոկոս դրույքաչափով` վճարված եկամտի գումարի նկատմամբ, առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի).

բ) մյուս բոլոր դեպքերում` սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից.

գ) սույն մասի «ա» կետում նշված դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարված ձեռքբերումների մասով հարկային մարմիններին սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով) և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է, իսկ չհիմնավորվելու դեպքում պարտավորությունն առաջանում է տեղեկությունը չհիմնավորված համարվելու վերաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվության ստացման ամսում:

2. Հարկային գործակալը ֆիզիկական անձին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից հարկը պահում (գանձում) է սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով` սույն օրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ հաշվարկի դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով հարկային տարում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցման չափից:

(21-րդ հոդվածը փոփ. 29.12.1999 ՀՕ-88, փոփ. 27.02.2002 ՀՕ-194, խմբ. 29.12.2008 ՀՕ-2-Ն, փոփ. 27.12.2011 ՀՕ-95-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 22.

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հարկման առանձնահատկությունները

 

1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալները հարկը պահում (գանձում) են եկամտի վճարման աղբյուրի մոտ (բացառությամբ սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքի)՝ հետևյալ չափերով՝

 

Եկամտի տեսակը՝

 Չափը (տոկոսով)

 

ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներ և

փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ

5

 

ռոյալթիներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ,

գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ

(բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից),

ինչպես նաև ղարաբաղյան աղբյուրներից ստացված այլ եկամուտներ

 10

 

2. Հարկումը կատարվում է վճարվող եկամտի ամբողջական գումարից, իրականացնելով միայն սույն օրենքի 9-րդ հոդվածի «բ», «ժա» և «ժէ» կետերով և 12-րդ հոդվածով սահմանված նվազեցումները: Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով՝ առանց սույն օրենքով սահմանված անձնական նվազեցումները կատարելու: Նշված չափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտահարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ռեզիդենտ է կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պայմաններով: Նշված դեպքերում օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը պետք է դիմի իր գործունեության իրականացման կամ բնակության վայրի հարկային մարմին՝ վերահաշվարկ կատարելու համար: Այդ նպատակով, սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, ներկայացվում է եկամուտների մասին հայտարարագիր՝ հարկի վերջնական գումարը հաշվարկելու (մասնավորապես՝ աղբյուրի մոտ պահված հարկի գումարները հաշվանցելու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված նվազեցումները հաշվի առնելու) համար:

(22-րդ հոդվածը փոփ. 27.02.2002 ՀՕ-194, փոփ. 22.12.2004 ՀՕ-165, փոփ. 15.02.2006 ՀՕ-262, փոփ. 16.12.2010 ՀՕ-64-Ն, լրաց. 27.12.2011 ՀՕ-95-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 23.

Հարկային գործակալի պահած հարկի գումարը բյուջե վճարելը

 

Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման, իսկ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում սահմանված դեպքում` պարտավորության առաջացման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից հաշվարկված հարկը հարկային գործակալը բյուջե է վճարում հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:

(23-րդ հոդվածը խմբ. 27.02.2002 ՀՕ-194, խմբ. 29.12.2008 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 24.

Հարկային գործակալի կողմից տեղեկանքներ տրամադրելը

 

Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված և վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված հարկի գումարների մասին տեղեկանքներ՝ հարկային մարմիններին ներկայացնելու, ինչպես նաև այլ հարկային գործակալներին տրամադրելու համար:

 

Հոդված 25.

Մի քանի հարկային գործակալների կողմից վճարվող եկամուտներից հարկի գումարը որոշելը

 

Հարկային տարվա ընթացքում հարկային գործակալի փոփոխման դեպքում յուրաքանչյուր հաջորդ գործակալ, հարկատուի պահանջով, հարկվող եկամտի և հարկի գումարի աճողական հաշվարկը իրականացնում է՝ ելնելով այդ տարում նախորդ հարկային գործակալի (գործակալների) կողմից տվյալ հարկատուին տարեսկզբից վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված հարկերի ընդհանուր գումարից, եթե նրանք ևս իրականացրել են հարկում նմանատիպ կարգով: Այդպիսի աճողական հաշվարկի համար հիմք են ընդունվում սույն օրենքի 24 հոդվածում նշված նախկին հարկային գործակալից ներկայացված տեղեկանքը: Տեղեկանքի ձևը և լրացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:

 

ԳԼՈՒԽ  VII

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 26.

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հաշվառումը

 

Ձեռնարկատիրական գործունեությունից հարկվող եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման՝ հաշվեգրման եղանակը՝ իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(26-րդ հոդվածը փոփ. 27.02.2002 ՀՕ-194)

 

Հոդված 27.

Ծախսերի հաշվառումը

 

1. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես՝

ա/ նյութական ծախսերը.

բ/ ամորտիզացիոն մասհանումները.

գ/ վարձակալական վճարները.

դ/ ապահովագրական վճարները.

ե/ չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.

զ/ վարկերի և այլ փոխառությունների տոկոսները.

է/ երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային այլ ծառայությունների համար վճարները.

ը/ գովազդային ծախսերը.

թ/ ներկայացուցչական ծախսերը.

ժ/ դատական ծախսերը.

ժա/ գործուղման ծախսերը.

ժբ/ պատճառած վնասի հատուցումը.

ժգ/ տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով գանձվող տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների (սանկցիաների).

ժդ/ աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

ժե/ ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը

ժզ/ հաշվետու տարում հայտնաբերված՝ դրան անմիջապես նախորդող երեք տարիներին պակաս ցույց տրված ծախսերը:

2. Ծախս չեն համարվում այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները:

3. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում ամորտիզացիոն մասհանումների և այլ ծախսերի հաշվարկման, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի, ծախսատեսակների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած նորմերի, համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասների մասով կիրառվում են իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերը:

4. (կետն ուժը կորցրել է 27.02.2002 ՀՕ-194)

(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 27.02.2002 ՀՕ-194, փոփ. 19.12.2007 ՀՕ-106)

 

Հոդված 28.

Հարկի գումարի հաշվարկումը

 

Հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարում է հարկատուն ինքնուրույնաբար և սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում:

 

Հոդված 29.

Եկամտահարկի կանխավճարները

 

1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկի կանխավճարներ՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա տասնհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային պետական վարչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն կարող է եկամտահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը:

4. Այն հարկատուն, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտահարկի գումարը չի գերազանցել հիսուն հազար դրամը, կարող է եկամտահարկի հայտարարագիր ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել: Մինչև նախորդ տարվա փաստացի եկամտահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն եկամտահարկի կանխավճարները առաջին անգամ (մինչև մարտի 15-ը) կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի չափից ոչ պակաս:

5. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված եկամտահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված օրվանից մինչև հարկային մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (եկամտահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:

6. Հարկատուն հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, հաշվարկում է եկամտահարկի գումարը՝ դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:

7. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման՝ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային պետական վարչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարի հայտնի դառնալու (հայտարարագիր ներկայացնելու) օրը, բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:

8. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային պետական վարչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարի հայտնի դառնալու (հայտարարագիր ներկայացնելու) օրը: Եկամտահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից՝ եկամտահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

(29-րդ հոդվածը փոփ. 22.12.2004 ՀՕ-165, լրաց. 29.12.2008 ՀՕ-2-Ն, փոփ., խմբ. 27.12.2011 ՀՕ-95-Ն)

 

Հոդված 30.

Անվճարունակության գործընթացում գտնվող անհատ ձեռներեցների կողմից եկամտահարկի վճարման առանձնահատկությունը

 

Անհատ ձեռներեցների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն, հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եկամտահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջների բավարարման՝ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:

 

ԳԼՈՒԽ  VIII

 

ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Հոդված 31.

Տարեկան հայտարարագրերի ներկայացման կարգը

 

1. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմին ներկայացնել վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:

2. Հայտարարագիր կարող են չներկայացնել այն հարկատուները, ովքեր հարկային տարվա ընթացքում ստացել են՝

ա/ բացառապես սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված եկամուտներ.

բ/ բացառապես միևնույն հարկային գործակալի կողմից վճարված այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտահարկը պահվել է տվյալ հարկային գործակալի կողմից, անկախ հարկային տարվա ընթացքում հարկվող եկամտի մեծությունից.

գ/ բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկի պահումը հարկային գործակալները կատարել են սույն օրենքի 25 հոդվածում նշված պայմաններով.

դ/ (ենթակետն ուժը կորցրել է 22.12.2004 ՀՕ-165)

ե/ ֆիզիկական անձինք, ովքեր հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող առևտրի հարկով և (կամ) հաստատագրված վճարներով կամ արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ՝ սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա եկամուտներ:

3. Ֆիզիկական անձինք հայտարարագրում են հարկային տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտները, բացառությամբ սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված եկամուտների:

4. Անչափահաս անձանց եկամուտները հայտարարագրում են նրանց ծնողները (խնամակալները):

5. Հարկ վճարող ֆիզիկական անձինք հարկային տարվա իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնում են հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

6. Մինչև հարկային տարվա ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրը) դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մեկնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հայտարարագիրը ներկայացնել ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ: Հայտարարագրով հաշվարկված եկամտահարկի գումարը վճարվում է բյուջե վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց՝ եկամուտներ ստանալու դեպքում, երբ եկամտի վճարման աղբյուրի մոտ, միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն, եկամտահարկի պահում չի իրականացվում, տարվա ընթացքում հարկի վճարումը և հայտարարագրումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

8. Հայտարարագիր չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում սույն օրենքին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց: Հայտարարագիր ներկայացվում է բոլոր այն դեպքերում, երբ եկամուտները ստացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային գործակալ չհանդիսացողներից:

9. (մասն ուժը կորցրել է 27.12.2011 ՀՕ-95-Ն)

(31-րդ հոդվածը փոփ. 22.12.2000 ՀՕ-122, փոփ., լրաց. 22.12.2004 ՀՕ-165, լրաց., փոփ. 27.12.2011 ՀՕ-95-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 311.

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամտահարկի վճարները

 

1. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպություններից կամ անհատ ձեռնարկատերերից ստացված եկամուտներից եկամուտների վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) չի կատարվում (այդ թվում՝ նաև օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում), ապա տարվա ընթացքում եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել եկամտահարկի վճարներ՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

Սույն օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված եկամուտների մասով ֆիզիկական անձինք սույն հոդվածով սահմանված վճարները չեն կատարում:

2. Եկամտահարկի վճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս՝ տվյալ ամսվա համախառն եկամտի (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները) 5 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

3. Հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, ֆիզիկական անձինք վերահաշվարկում են եկամտահարկի գումարը՝ սույն օրենքի 29-րդ հոդվածի 6‑րդ, 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան:

(311-րդ հոդվածը լրաց. 22.12.2004 ՀՕ-165)

 

Հոդված 32.

Տարեկան եկամուտների հայտարարագրման և այդ եկամուտներից հարկի վճարման կարգը

 

1. Հարկատուն պարտավոր է եկամտահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:

2. Եթե սույն օրենքի համաձայն ստացված եկամուտների մի մասից հարկային տարվա ընթացքում հարկային գործակալները սահմանված կարգով իրականացրել են հարկի պահում (գանձում) եկամտի վճարման աղբյուրի մոտ, ապա հարկային տարվա ընթացքում պահված հարկի գումարները հաշվի են առնվում (հաշվեգրվում են) վերջնահաշվարկի ժամանակ:

3. Տարեկան հայտարարագրի արդյունքներով հարկատուի՝ բյուջե ավել վճարած հարկի գումարները ենթակա են վերադարձման «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

(32-րդ հոդվածը փոփ. 22.12.2004 ՀՕ-165)

 

Հոդված 33.

Կրկնակի հարկման բացառումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ռեզիդենտների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս ստացված եկամտի գումարը մտցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայտարարագրվող տարեկան եկամտի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային ռեզիդենտների վճարած (գանձված) եկամտահարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանցից գանձվել է օտարերկրյա պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա են նվազեցման համախառն եկամտից: Ընդ որում, պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից՝ սույն օրենքի դրույթներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարը:

 

ԲԱԺԻՆ  2

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ  IX

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 34.

Հարկվող եկամտի և հարկի վերջնական գումարը որոշելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտների հարկումը կատարվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենքի իմաստով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում՝

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտը.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) ստացված եկամուտները.

դ/ պասիվ եկամուտները և ցանկացած այլ հիմքով ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները:

2. Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից՝ իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, մասնավորապես՝

ա/ շահաբաժինները.

բ/ տոկոսները.

գ/ ռոյալթիները.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը.

ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը.

զ/ փոխադրման ծառայությունների (ֆրախտ) դիմաց ստացված եկամուտները:

(34-րդ հոդվածը լրաց. 29.12.2008 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 35.

Հարկվող եկամուտը որոշելը

 

1. Հարկման ենթակա չէ ոչ ռեզիդենտին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից վճարվող եկամուտը՝ կապված արտաքին տնտեսական գործունեության հետ: Սույն օրենքի կիրառման նպատակով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնության միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը հատելը:

2. Ոչ ռեզիդենտը սույն օրենքով սահմանված դեպքերում օգտվում է համախառն եկամտից նվազեցումներ կատարելու իրավունքից:

 

Հոդված 36.

Պահված հարկի մասին տեղեկանքի տրամադրումը

 

Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից պահված հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմինների կողմից տրվում է համապատասխան տեղեկանք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևով և կարգով:

 

ԲԱԺԻՆ  3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ  X

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 37.

Տեղեկություններ ներկայացնելը

 

1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված դեպքերի սահմանված դեպքի, պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմիններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության սահմանած ձևով գրավոր տեղեկություններ ներկայացնել անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների և այդ եկամուտներից պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին: Նշված տեղեկությունները վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին:

Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իրենց գտնվելու վայրի հարկային մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձևով գրավոր տեղեկություններ ներկայացնել անցած կիսամյակում ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների և այդ եկամուտներից պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին: Նշված տեղեկությունները վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին:

Արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են յուրաքանչյուր տարի` հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանած ձևով անվանական տեղեկություններ` անցած տարում իրենց կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամտի գումարների և նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների մասին: Նշված տեղեկությունները վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին:

2. Կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքում տեղեկությունները սույն հոդվածի 1-ին կետում նշված կարգով հարկային մարմիններ ներկայացվում են հարկային գործակալի կողմից լուծարման (գործունեության դադարեցման) մասին պետական գրանցում իրականացնող մարմնին դիմում տալու օրվանից 5-օրյա ժամկետում:

3. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի, պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը իր գտնվելու վայրի հարկային մարմին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևով ներկայացնել հաշվարկ՝ անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին:

Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իրենց գտնվելու վայրի հարկային մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձևով ներկայացնել հաշվարկ՝ անցած կիսամյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին:

4. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներում և (կամ) տեղեկություններում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ և (կամ) տեղեկությունների ճշգրտումներ (ճշտված տեղեկություններ), բացառությամբ այն դեպքերի, երբ ճշտված հաշվարկները և (կամ) տեղեկությունները վերաբերում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին:

(37-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.02.2002 ՀՕ-194, փոփ. 22.12.2004 ՀՕ-165, փոփ. 15.02.2006 ՀՕ-262, փոփ., լրաց. 29.12.2008 ՀՕ-2-Ն, լրաց. 24.06.2009 ՀՕ-30-Ն, խմբ. 16.12.2010 ՀՕ-64-Ն, լրաց., փոփ. 27.12.2011 ՀՕ-95-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 38.

Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի խախտման համար հարկ վճարողները և հարկային գործակալները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքի դրույթների համաձայն՝ եկամտահարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում՝ եկամտահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը, այդ թվում՝ նաև օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում:

3. Հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթների համաձայն, ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի, քան՝ վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:

4. Սույն օրենքի 14 հոդվածի 6-րդ կետը խախտելու՝ նույն ամսում մեկից ավելի հարկային գործակալներից ստացվող եկամուտներից անձնական նվազեցման գումարը ֆիզիկական անձի պահանջով հանվելու դեպքում հարկատուից գանձվում են հարկվող եկամուտը պակասեցնելու հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկի գումարը և տուգանք՝ այդ գումարի քսան տոկոսի չափով, ինչպես նաև տույժ՝ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

5. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները խախտելու համար կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ հարկային մարմիններ չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 5000 դրամ գումարի չափով, բացառությամբ ճշտված տեղեկությունների ներկայացման դեպքերի:

6. Հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատերից գանձվում է տուգանք՝ ավել ցույց տրված վնասի 20 տոկոսի չափով:

(38-րդ հոդվածը լրաց. 27.02.2002 ՀՕ-194, լրաց. 22.12.2004 ՀՕ-165, լրաց. 16.12.2010 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 39.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:

 

Հոդված 40.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

15 փետրվարի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-46