Համարը 
ԳԴՈ-20
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.04.28/10(401)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Գերագույն դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.04.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ գերագույն դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 274-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ԱՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 274-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

ք.Ստեփանակերտ

27-ին ապրիլի 2020թ.

 

Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը (այսուհետ՝ Գերագույն դատարան)՝ կազմով` Ն.Նարիմանյանի (նախագահող), Ի.Կարապետյանի (զեկուցող), Ա.Աբրահամյանի, Հ.Աբրահամյանի, Գ.Գրիգորյանի, Հ.Խաչատրյանի, Կ.Ղարայանի,

համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 14-րդ և 59-րդ հոդվածների, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ, նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2008 թվականի դեկտեմբերի 17-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2008 թվականի դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազը բողոքը ստանալու պահից յոթ օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին: Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան:

Օրենսգրքի 274-րդ հոդվածը փոփոխության չի ենթարկվել:

Գործի քննության առիթն Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ նաև Դիմող կամ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունվարի 23-ին Գերագույն դատարան մուտքագրված դիմումն է:

Գերագույն դատարանի 2020 թվականի մարտի 4-ի ԳԴԱՈ-25 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ է ներգրավվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը (այսուհետ, նաև՝ Պատասխանող):

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմի` գրավոր բացատրությամբ արտահայտած դիրքորոշումը, վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթը, վերջինիս հետ փոխկապակցված օրենսդրության այլ նորմեր և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Գերագույն դատարանը

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Դիմողի դիրքորոշումը

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական նյութով կիրառման ենթակա՝ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան» դրույթը, նույն օրենսգրքի 301-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում, առերևույթ հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին՝ այն պատճառաբանությամբ, որ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ և 301-րդ հոդվածներով նույն բնույթի և նույն հատկանիշներով որոշումների բողոքարկման համար օրենսդրի կողմից սահմանված են երկու տարբեր ժամկետներ, որոնց մեջ չկողմնորոշվելու դեպքում անձը զրկվում է նյութական իրավունքի պաշտպանության հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բողոքարկելու համար սահմանվել է միայն վերադաս դատախազին 7 օրվա ընթացքում դիմելու իրավունք, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով՝ ևս 7 օր ժամկետ՝ դատարան բողոքարկելու համար, սակայն նշված նորմում իմպերատիվ պահանջ է հենց դատախազի, այլ ոչ թե քննիչի որոշման բողոքարկումը: Չնայած նրան, որ 274-րդ հոդվածի 1-ին մասի՝ որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու, և 2-րդ մասի՝ վերադաս դատախազի որոշումը դատարան բողոքարկելու դրույթներն իմպերատիվ չեն, դրանցում միանգամից դատարան դիմելու համար ստույգ ժամկետ չնշելը հանգեցնում է նրան, որ դատական պրակտիկայում պետք է կարծիք ձևավորվի առ այն, որ իրավունքների պաշտպանության ժամկետ է սահմանված 14 օր՝ 7 օր վերադաս դատախազին դիմելու և 7 օր ստանալու պահից վերադաս դատախազի որոշումը դատարան բողոքարկելու համար: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ նման անհստակությունը հանգեցնում է կոնկրետ իրավունքի խախտման:

Գտնելով, որ դատարանի վարույթում գտնվող քրեական նյութով բերված վերաքննիչ բողոքի քննությունը հնարավոր է միայն վիճարկվող իրավական նորմի կիրառմամբ, Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հունվարի 22-ի որոշմամբ, հիմք ընդունելով ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը, «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը, ԸԻԴ/0027/11/19 քրեական նյութի վարույթը կասեցրել է՝ մինչև Գերագույն դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու արդյունքներով ընդունած որոշումն ուժի մեջ մտնելը:

 

2. Պատասխանողի դիրքորոշումը

Ըստ Պատասխանողի՝ Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ և 301-րդ հոդվածի 3-րդ մասերի միջև առկա է ժամկետային իրավակարգավորման անհամապատասխանություն: Խնդրահարույց հարցի իրավաչափ լուծման և հակասության կարգավորման հաղթահարման նպատակով անհրաժեշտություն է առաջանում կատարել օրենսդրական փոփոխություններ:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործի շրջանակներում, վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս, Գերագույն դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, պարզել. ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասում առկա օրենսդրական կարգավորումը երաշխավորու՞մ է արդյոք Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված՝ յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

 

4. Գերագույն դատարանի իրավական դիրքորոշումը

4.1. Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գերագույն դատարանն իրականացնում է սահմանադրական արդարադատություն՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:

Վկայակոչված սահմանադրական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ Արցախի Հանրապետությունն իրավական պետություն է, որում, որպես սահմանադրական կարգի հիմնական սկզբունք, երաշխավորված է պետական, այդ թվում` դատական իշխանության իրականացումը՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուրի՝ քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորող սահմանադրական նման դրույթները բխում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանրահայտ փաստաթղթերի պահանջներից, ինչպիսիք են՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:

4.2. Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, լինելով մարդու և քաղաքացու անօտարելի իրավունքներ, նրա մյուս իրավունքներն ու ազատություններն ապահովող երաշխիք, էական տեղ են զբաղեցնում մարդու իրավունքների շարքում, որոնց գոյության գլխավոր նախապայմանն ամենից առաջ պետության՝ յուրաքանչյուր խախտված իրավունք որոշակի ընթացակարգով վերականգնելու պարտականությունն է: Եթե բացակայում է իրավունքների պաշտպանության և վերականգնման արդյունավետ ընթացակարգը, ապա օրենսդրությամբ ամրագրված ցանկացած այլ իրավունք ընդամենը հռչակագրային դրույթ է:

Դիմողը բարձրացնում է Օրենսգրքի երկու նորմերի՝ Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի և 301-րդ հոդվածի 3-րդ մասի միջև հակասությունները վերացնելու խնդիր: Վերջինս դրսևորվում է նրանում, որ, ի տարբերություն Օրենսգրքի 301-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ բողոքը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից դատարան դիմելու համար սահմանված մեկամսյա ժամկետի, վիճարկվող նորմը պահանջում է քրեական գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոքի քննության արդյունքում դատախազի ընդունած որոշումը դատարան բողոքարկել յոթնօրյա ժամկետում:

Անդրադառնալով Օրենսգրքի վիճարկվող դրույթի՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման առումով Սահմանադրությանը հակասելու հարցին՝ Գերագույն դատարանն արձանագրում է հետևյալը.

Օրենսգրքի՝ «Դատական վերահսկողության ոլորտը» վերտառությամբ 289-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները:

Օրենսգրքի՝ «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան» վերտառությամբ 301-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան՝ այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում»:

Վերը նշված իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում՝ նպատակ ունենալով թույլ չտալու անձի իրավունքների և ազատությունների անօրինական ու չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնելու խախտված իրավունքներն ու ազատությունները: Դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների ցանկը, ի թիվս այլնի, սահմանված է Օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ դատարան կարող են բողոքարկվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում: Օրենսգրքի 301-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է նշված որոշումների դատարան բողոքարկման ժամկետը, որը մեկ ամիս է:

Գերագույն դատարանը փաստում է, որ քրեական դատավարական հարաբերություններում, ելնելով քրեական դատավարության հանրային բնույթից, դատավարության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իմանալ իր կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների, այդ թվում՝ քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումների դեմ բողոք ներկայացնելու իրավունքի մասին: Նշված իրավունքին համապատասխանում է քրեական վարույթն իրականացնող մարմինների պարտականությունը՝ դատավարության յուրաքանչյուր մասնակցին պարզաբանելու նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմինների որոշումների դեմ բողոք ներկայացնելու իրավունքը:

4.3. Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով հաստատվել է, որ «օրենքի որակը» ենթադրում է, որ ազգային օրենքը պետք է բավարար կերպով հասանելի լինի, հստակ և կիրառման մեջ կանխատեսելի՝ կամայականության բոլոր տեսակի ռիսկերից խուսափելու համար: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի սահմանած «օրինականության» չափանիշն այսպիսով պահանջում է, որ բոլոր օրենքները լինեն բավարար չափով հստակ, որպեսզի յուրաքանչյուր ոք (անհրաժեշտության դեպքում՝ այլ անձի արհեստավարժ օգնությամբ) հնարավորություն ունենա օբյեկտիվորեն կանխատեսելու համապատասխան գործողությունների հետևանքները:

Գերագույն դատարանը փաստում է, որ պետք է երաշխավորել իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի լիարժեք իրացումը, իրավակիրառողի համար իրավակարգավորումները դարձնել առավել հստակ ու կանխատեսելի: Իրավական նորմի որոշակիության ընդհանուր չափանիշը, նրա հստակությունը բխում է օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության սկզբունքից, քանի որ այդպիսի հավասարությունը միայն կարող է ապահովել իրավական նորմի միատեսակ ընկալման և մեկնաբանման պայմանները բոլոր իրավակիրառողների կողմից:

Գերագույն դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 274-րդ և 301-րդ հոդվածներում նույն բնույթի և նույն հատկանիշներով որոշումների բողոքարկման համար օրենսդիրը սահմանել է երկու տարբեր ժամկետներ: Ընդ որում, վիճարկվող իրավական նորմում որևէ ժամկետ սահմանված չէ նախաքննության մարմնի որոշումն անմիջապես դատարան բողոքարկելու համար, նախատեսված է յոթնօրյա ժամկետ միայն դատախազի որոշումների բողոքարկման համար:

Հաշվի առնելով վերոնշյալ իրավակարգավորումը՝ Գերագույն դատարանը հարկ է համարում, անդրադառնալով Օրենսգրքի 274-րդ և 301-րդ հոդվածների հարաբերակցության խնդրին՝ ժամկետային կարգի սահմանման առնչությամբ, արձանագրել, որ Օրենսգրքի 301-րդ հոդվածը սահմանում է բողոքարկման ընդհանուր կարգ, ու եթե օրենսդիրը նախատեսում է 301-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ընդհանուր կարգից շեղում այլ իրավադրույթներում, ապա իրավական անորոշությունից խուսափելու համար անհրաժեշտ էր թեկուզ հավելել՝ «...եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ» բառակապակցությունը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է. «1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝

1) գործում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.

2) ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.

3) գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.

4) գործում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը»:

Վերը նշված օրենքի լույսի ներքո ևս գնահատելով Դիմողի առաջ քաշած հարցադրումը` Գերագույն դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի և 301-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները՝ որպես մասնակիի և ընդհանուրի հարաբերակցում, հստակ չեն փոխհամաձայնեցված, և քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման ժամկետ պետք է հաշվել մեկամսյա ժամկետը, այլ ոչ թե՝ յոթնօրյա: Գերագույն դատարանի նման իրավական դիրքորոշումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ԱՀ օրենքով սահմանված կոլիզիոն կանոնից, քանի որ Օրենսգրքի 301-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բողոքարկման մեկամսյա ժամկետը անձի համար ավելի նախընտրելի է, քան 274-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Գերագույն դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պետության իրավական անվտանգության ներքին սպառնալիքները վերաբերում են իրավական ողջ համակարգում առկա բացերին, անհստակություններին, ներքին հակասություններին: Սահմանադրաիրավական պահանջն այն է, որ արդարադատություն իրականացնելու ճանապարհով դատարանները նպաստեն օրենքի բացերի հաղթահարմանը, իրավական որոշակիության երաշխավորմանը, պաշտպանեն մարդու և քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, երաշխավորեն օրենքի միատեսակ կիրառումը:

Նշվածներից բխում է նաև, որ մինչդատական վարույթում համապատասխան մարմինների ընդունած միաբնույթ որոշումների բողոքարկման համար հստակ (միատեսակ) ժամկետներ սահմանելը պահանջում է համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

Վերոգրյալի հիման վրա Գերագույն դատարանը գտնում է, որ, մինչև օրենսդրի կողմից համապատասխան փոփոխություններ կատարելը, վիճարկվող իրավադրույթը պետք է կիրառվի սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին համապատասխան:

Ելնելով գործի քննության արդյունքներից, հիմք ընդունելով Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 4-րդ մասը, 143-րդ հոդվածը և ղեկավարվելով «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 50-րդ, 51-րդ և 59-րդ հոդվածներով՝ Գերագույն դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան» դրույթը՝ նույն օրենսգրքի 301-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող։

2. Հաշվի առնելով, որ տվյալ խնդրի իրավաչափ լուծումը և հակասական իրավակարգավորման հաղթահարումը նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է ենթադրում, ինչպես նաև նկատի ունենալով, որ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի անմիջական անվավերությունն անխուսափելիորեն կառաջացնի անբարենպաստ հետևանքներ մարդու իրավունքների պաշտպանության առումով՝ Սահմանադրության 143-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 56-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետի, 18-20-րդ մասերի հիմքերով սույն որոշման մեջ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2020 թվականի դեկտեմբերի 30-ը:

3. Սահմանադրության 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

       

27 ապրիլի 2020 թվականի

ԳԴՈ-20