Համարը 
ԳԴՈ-19
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.04.13/09(400)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Գերագույն դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.03.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ գերագույն դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.03.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 454-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ԱՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ

 ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 454-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԱՐՑԱԽԻ

 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

ք.Ստեփանակերտ

 27 մարտի 2020 թվական

 

Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը (այսուհետ՝ Գերագույն դատարան)՝ կազմով՝ Ն.Նարիմանյանի (նախագահող), Հ.Աբրահամյանի (զեկուցող), Ա.Աբրահամյանի, Գ.Գրիգորյանի, Հ.Խաչատրյանի, Ի.Կարապետյանի, Կ.Ղարայանի,

համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ, նաև՝ Սահմանադրություն) 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 14-րդ և 59-րդ հոդվածների, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա՝ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Գործի քննության առիթն ԱՀ վերաքննիչ դատարանի (այսուհետ, նաև՝ Դիմող) 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Գերագույն դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է նույն դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի` ԸԻԴ/0021/11/19 քրեական նյութով քրեական վարույթը՝ Գերագույն դատարան դիմելու նպատակով կասեցնելու մասին որոշումը:

Գերագույն դատարանի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 24 աշխատակարգային որոշմամբ գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ է ներգրավվել ԱՀ Ազգային ժողովը (այսուհետ, նաև՝ Պատասխանող):

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ, նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2008 թվականի դեկտեմբերի 17-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2008 թվականի դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 01-ից:

Օրենսգրքի 454-րդ հոդվածը սահմանում է.

«Հոդված 454. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և Գերագույն դատարանների դատական ակտերը` Գերագույն դատարանը»:

Օրենսգրքի վերոնշյալ հոդվածը, ներառյալ՝ վերնագիրը, խմբագրվել է 2011 թվականի նոյեմբերի 30-ի` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքով:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմի՝ գրավոր բացատրությամբ արտահայտած դիրքորոշումը, վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթները, վերջիններիս հետ փոխկապակցված օրենսդրության այլ նորմեր և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Գերագույն դատարանը

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Դիմողի դիրքորոշումը.

Օրենսգրքի՝ «Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» վերտառությամբ 51-րդ գլխում ներառված 454-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Սահմանադրության 146-րդ հոդվածը, ի թիվս այլնի, դատախազության սահմանադրական գործառույթների շարքին է դասել նաև քրեական հետապնդման հարուցումը, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը (2-րդ մասի 1-ին, 2-րդ կետեր):

Դիմողի կարծիքով՝ վիճարկվող իրավանորմի նման ձևակերպման պայմաններում, ըստ էության, բացառվում է քրեական հետապնդման մարմնի՝ գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով: Նման իրավիճակում խախտվում են քրեական դատավարության կողմերից տուժողի կամ հանցանքի կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի սահմանադրական իրավունքները, այդ հիմնախնդրի օրենսդրական համակարգային կարգավորումը, դատախազության սահմանադրական լիազորությունների իրացման ծավալներն ու տրամաբանությունը: Իսկ նշվածն իր հերթին հանգեցնում է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված՝ իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը:

Ըստ Դիմողի, եթե վիճարկվող իրավական նորմից հետևում է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքով վերանայման ենթակա են միայն և բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ապա մինչդատական վարույթի շրջանակներում քրեական հետապնդման մարմնի ընդունած վերջնական ակտի դեմ ներկայացված բողոքը դատախազության կողմից նոր երևան եկած հանգամանքի հիմքով քննության ենթակա լինելու հնարավորությունը կամ դրա բացակայությունը ևս պետք է համապատասխանի Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված՝ իրավական որոշակիության սկզբունքին, մինչդեռ, ուղղակի կարգավորումը, տվյալ պարագայում, բացակայում է:

Դիմողի կարծիքով՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած՝ «...իր գործի արդարացի … քննության» սահմանադրական ձևակերպումը վերաբերելի է ինչպես քրեական գործով հանցանքի կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձին, այնպես էլ՝ տուժողին: Հետևաբար, պետք է սահմանվեն քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող պետական մարմինների կողմից թույլ տրված խախտումներով կայացված որոշումների վերանայման և վերացման կառուցակարգեր: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների համատեքստում գործող քրեադատավարական օրենսդրությունը նման կառուցակարգեր սահմանում է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման առումով, դրանով իսկ բացառելով, որ այդպիսիք հնարավոր կամ անհրաժեշտ են նաև մինչդատական վարույթում ընդունված ակտերի համար:

Ընդ որում, Օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերի վերլուծության արդյունքում իրավակիրառողի, տվյալ պարագայում՝ դատարանի մոտ լրացուցիչ հարց է ծագում, թե նշված բացը արդյոք կարող է վերացվել քրեադատավարական այնպիսի ինստիտուտների կիրառմամբ, ինչպիսիք են Օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված՝ գլխավոր դատախազին վերապահված քրեական գործը նորոգելու բացառիկ լիազորությունը կամ նույն Օրենսգրքի 456-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների՝ միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում վերանայելը, և արդյոք այդ ինստիտուտները կարող են կիրառվել փոխկապակցված եղանակով:

Նշվածների հաշվառմամբ, Դիմողը հանգել է այն հետևության, թե Օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին մասում նշված «միայն» արտահայտությունն այնքանով, որքանով բացառում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով այլ վերջնական իրավական ակտերի (օրինակ, քրեական գործ հարուցելը մերժելու, քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները) օրենքով սահմանված կարգով վերանայումը՝ վտանգելով անձի՝ մասնավորապես, մինչդատական վարույթում պետական իրավասու մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, առերևույթ հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 79-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

Վերոնշյալի մասին են վկայում նաև նույն իրավական համակարգն ունեցող Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Դիմողն արձանագրել է նաև այն փաստը, որ ԸԻԴ/0021/11/19 քրեական նյութով բերված վերաքննիչ բողոքի քննությունը և գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող իրավական նորմի կիրառման միջոցով (այդ թվում՝ նման հնարավորության բացակայության պայմաններում դատախազության կողմից դրանով առաջնորդվելու գործողությունը գնահատելու առումով):

 

2. Պատասխանողի դիրքորոշումը.

Ըստ Պատասխանողի՝ Օրենսգրքի 14-րդ բաժնի նորմերը վերաբերում են միայն դատական ակտերի վերանայմանը: Գործող քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում սահմանված չէ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների՝ նախաքննության մարմնի կողմից վերացման դատավարական կարգը:

Օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին մասում նշված «միայն» արտահայտությունը Սահմանադրությանը հակասող կամ ուժը կորցրած ճանաչելով՝ վիճարկվող նորմն անհրաժեշտ իրավական կարգավորում ստանալ չի կարող:

Ըստ Պատասխանողի՝ հոդվածը կարելի է խմբագրել այնպես, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարույթի իրականացման կարգը տարածվի նաև մինչդատական վարույթի ժամանակ ընդունված եզրափակիչ ակտերի նկատմամբ, հետևաբար, խնդրահարույց հարցն ամբողջական իրավակարգավորում կարող է ստանալ քրեադատավարական օրենսդրությունում համապատասխան կառուցակարգերի սահմանման արդյունքում:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները.

Սույն գործի շրջանակներում, վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս, Գերագույն դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, պարզել.

- ինչպիսի՞ կառուցակարգեր է նախատեսել Օրենսգիրքը նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով վարույթ իրականացնելու առումով, և առկա օրենսդրական կարգավորումը երաշխավորում է արդյոք անձի` իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

 

4. Գերագույն դատարանի իրավական դիրքորոշումը.

Սահմանադրության 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:

Համաձայն Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասի և Օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար: Այս հիմնարար պահանջն ավելի մանրամասն սահմանված է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ, նաև՝ Կոնվենցիա) կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության պատճառով, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան: Իր հերթին, Կոնվենցիայի 7-րդ արձանագրության բացատրական զեկույցում նշված է. «Դատական որոշումը համարվում է վերջնական, եթե, համաձայն ավանդական դրսևորման, այն ձեռք է բերել res judicata-ի ուժ: Այդ դեպքում այն համարվում է վերջնական, այսինքն՝ բացակայում են դրա վերացման կամ փոփոխման սովորական միջոցները կամ կողմերը սպառել են կամ բաց են թողել դրանից օգտվելու համար սահմանված ժամկետները»:

«Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res judicata) սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը, որպես իրավական որոշակիության արդյունք, ենթակա է հարգանքի:

Գերագույն դատարանն արձանագրում է, որ իրավական պետությունում, որպես կանոն, անթույլատրելի է ցանկացած դատական սխալի առկայության հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայումը։ Դրանով իմաստազրկվում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու գաղափարը, որի էությունն այդ ակտերին հնարավոր կայունություն հաղորդելու և դրանց անփոփոխելիության հանդեպ դատավարության կողմերի վստահությունը պաշտպանելու մեջ է:

Իրավական որոշակիության սահմանումը տրված է նաև Սահմանադրության 79-րդ հոդվածում, որի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով հաստատվել է, որ «օրենքի որակը» ենթադրում է, որ ազգային օրենքը պետք է բավարար կերպով հասանելի լինի, հստակ և կիրառման մեջ կանխատեսելի՝ կամայականության բոլոր տեսակի ռիսկերից խուսափելու համար: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի սահմանած «օրինականության» չափանիշն այսպիսով պահանջում է, որ բոլոր օրենքները բավարար չափով հստակ լինեն, որպեսզի թույլ տան անձին, եթե անհրաժեշտ է՝ համապատասխան խորհրդով, հանգամանքների ներքո կանխատեսել այն հետևանքները, որոնց համապատասխան գործողությունը կարող է բերել:

Գերագույն դատարանն արձանագրում է, որ, այնուհանդերձ, իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն։ Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ։ Այսպես, Սահմանադրության 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայումը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

Այսինքն, Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածը չի խոչընդոտում վերջնական դատական ակտի վերանայման հնարավորությանը՝ պետության օրենքներին համապատասխան, երբ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ, կամ եթե գործի նախորդ քննության ընթացքում թույլ են տրվել էական խախտումներ: Կարևոր է, սակայն, որպեսզի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ընթացակարգն օգտագործվի բացառիկ դեպքերում՝ էական դատական սխալների ուղղման, արդարադատության չարաշահումների վերացման, այլ ոչ թե առիթ հանդիսանա գործը կրկին քննելու համար:

Որպես այդպիսի բացառիկ դեպք օրենսդիրը նախատեսել է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բողոքարկումը և վերանայումը:

Քրեական վարույթի շրջանակներում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու ինստիտուտն իր կարգավորումն է ստացել Օրենսգրքի 14-րդ բաժնում:

Գերագույն դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 14-րդ բաժինը կարգավորում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով միայն դատական ակտերի վերանայման հետ կապված հարաբերությունները: Այդպիսի եզրահանգման համար հիմք են հանդիսանում ոչ միայն Օրենսգրքի 14-րդ բաժնի նորմերը, այլև նշված բաժնի և այդ բաժնում շարադրված առանձին հոդվածների վերնագրերը:

Օրենսգրքի 454-րդ հոդվածի համաձայն. «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և Գերագույն դատարանների դատական ակտերը` Գերագույն դատարանը»։

Առկա ձևակերպման քերականական վերլուծությունից բխում է, որ Օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին մասի «...միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը» բառակապակցության մեջ «միայն» արտահայտությունը` որպես խոսքի մաս, որպես սահմանափակման վերաբերական, ենթադրում է, որ քրեական վարույթում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով որևէ այլ վերջնական իրավական ակտ վերանայվել չի կարող: Նման բացառությունը և դրա՝ նման ձևով շեշտադրումը պահանջում են սահմանադրաիրավական սկզբունքային դիրքորոշում արտահայտել այն առնչությամբ, թե արդյոք մինչդատական վարույթում նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով վերջնական իրավական ակտի վերանայման արգելափակումն անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորման հարցում խնդիրներ չի առաջացնի: Հարցին կարելի է դրական պատասխան տալ, եթե օրենսդիրը սահմանած լիներ այնպիսի կառուցակարգեր, որոնք թույլ կտային պնդել, որ նշված բացը կարող է վերացվել քրեադատավարական այնպիսի ինստիտուտների կիրառմամբ, ինչպիսիք են ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված՝ գլխավոր դատախազին վերապահված քրեական գործը նորոգելու բացառիկ լիազորությունը կամ նույն օրենսգրքի 456-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների՝ միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում վերանայելը:

Նշվածի կապակցությամբ Գերագույն դատարանն անհրաժեշտ է գտնում արձանագրել, որ Օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝

« (…)

3. Քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

4. Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից յոթ օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից` այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում:

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կանոնները չեն գործում սույն օրենսգրքի 14-րդ բաժնով նախատեսված դեպքերում:

(…)»:

Օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերի, որոնք սահմանում են համապատասխանաբար` «քրեական գործ», «գործով վարույթ», «քրեական գործով մինչդատական վարույթ» հասկացությունների բովանդակությունը, վերլուծության արդյունքներով Գերագույն դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեական գործը նորոգելը» բառակապակցությունը հավասարապես կարող է վերաբերել ինչպես դատարանի, այնպես էլ՝ մինչդատական վարույթում գտնվող կամ նշված վարույթներից որևէ մեկի ընթացքում ավարտված քրեական գործերին:

Հիմք ընդունելով այն, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չէին կարող հայտնի լինել հետաքննության կամ նախաքննության մարմնին տվյալ գործով վարույթն իրականացնելիս` Գերագույն դատարանն արձանագրում է, որ հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազն օբյեկտիվորեն չի կարող նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաշվի չառնելը դիտարկել որպես հետաքննության կամ նախաքննության մարմնի կողմից տվյալ գործով վարույթն իրականացնելիս թույլ տրված դատավարական սխալ:

Ինչ վերաբերում է Օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո մինչդատական վարույթի նկատմամբ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով պայմանավորված դատախազության հսկողական գործառույթներն իրականացնելու հնարավորությանը՝ Գերագույն դատարանը փաստում է, որ դրան վերաբերում է Օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, որն էլ, իր հերթին, հղում է կատարում Օրենսգրքի 14-րդ բաժնի դրույթներին: Այսինքն` Օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի դրույթների վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է Օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո մինչդատական վարույթի նկատմամբ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով պայմանավորված դատախազության հսկողական գործառույթներն իրականացնելու հնարավորություն և կանխորոշել է Օրենսգրքի 14-րդ բաժնի նորմերի միջոցով այդպիսի հնարավորության իրացման համար համապատասխան իրավական երաշխիքների ստեղծման անհրաժեշտությունը: Ընդ որում, քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում կայացված` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումների վերանայումը դատախազի կողմից հանդիսանում է հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության առանձին տարատեսակ, առնչվում է Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված` քրեական հետապնդում հարուցելու և հանցագործությունը բացահայտելու` դատախազի պարտականության իրականացմանը, հանդիսանում է ինքնուրույն վարույթ և, հետևաբար, ունի որոշակի առանձնահատկություններ:

Նշվածների համատեքստում, Գերագույն դատարանը փաստում է, որ չնայած քրեադատավարական քննարկվող ինստիտուտը վերնագրված է «Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով», այնուամենայնիվ, օրենսդիրն այս ինստիտուտի բովանդակությունը կազմող իրավանորմերը մշակելիս նկատի է ունեցել ոչ միայն դատական ակտերի, այլև մինչդատական վարույթում կայացվող վերջնական որոշումների վերանայումը: Նման եզրահանգման համար Գերագույն դատարանը հիմք է ընդունում Օրենսգրքի 456-րդ հոդվածը, որը կարգավորում է նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերի վերանայման հիմքերը և ժամկետները:

Օրենսգրքի 456-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`

1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիս.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.

4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է»:

Գերագույն դատարանն արձանագրում է, որ նշված փաստական հանգամանքների առաջին երեք խումբը պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Բացառություն է նախատեսված միայն նույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերի համար, այն է. «Եթե վաղեմության ժամկետները լրանալու, համաներման ակտ ընդունվելու կամ առանձին անձանց ներում շնորհելու պատճառով, ինչպես նաև մեղադրյալի մահվան հետևանքով դատական ակտ կայացնելն անհնարին է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում մատնանշված նոր երևան եկած հանգամանքները պարզվում են սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարվող քննությամբ»:

Գերագույն դատարանն արձանագրում է, որ նշվածը պայմանավորված է անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքով: Անմեղության կանխավարկածը, լինելով հիմնարար իրավական սկզբունք, ամրագրված է Սահմանադրությունում, Օրենսգրքում, ինչպես նաև մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնցում տեղ գտած համապատասխան դրույթներն ուղղակիորեն վկայում են, որ անձի մեղավորության վերաբերյալ ոչ մի հետևություն չունի որևէ իրավաբանական նշանակություն, քանի դեռ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Անդրադառնալով նախնական քննության ընթացքում չարդարացնող հիմքերով քրեական գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման և անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի հարաբերակցության հիմնախնդրին՝ Գերագույն դատարանը գտնում է, որ նախնական քննության ընթացքում չարդարացնող հիմքերով քրեական գործով վարույթի կարճումը չի հակասում անմեղության կանխավարկածին, եթե մեղադրյալը հնարավորություն ունի բողոքարկելու կարճման մասին որոշումը, մեղադրյալն իրավունք ունի առարկելու կարճման որոշման դեմ և պահանջելու, որպեսզի դատավարությունը շարունակվի ընդհանուր հիմունքներով:

Ինչ վերաբերում է Օրենսգրքի 456-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում տեղ գտած փաստական հանգամանքներին, ապա Գերագույն դատարանն արձանագրում է, որ դրանց համար չի պահանջվում ձևական ապացուցում, այսինքն՝ դրանց՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատում: Վերջինս պայմանավորված է այն փաստով, որ 456-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված «այլ հանգամանքները» մինչև դատական ակտի կայացումն օբյեկտիվ իրականությունում գոյություն ունեցած և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երևան եկած հանգամանքներն են, որոնց թվին կարող են դասվել, օրինակ՝ սպանված համարվող տուժողի կենդանի լինելը, դատապարտյալի կողմից ավելի ծանր կամ մեկ այլ հանցագործություն կատարելը, որն առաջ է բերում դատավճռով հաստատված հանցագործության վերաորակման անհրաժեշտություն, դատապարտյալի մոտ այլուրեքության առկայությունը և մի շարք այլ հանգամանքներ: Հիմնական կանոնն այն է, որ գործի նորոգման հիմք հանդիսացող փաստական նյութը լինի բացարձակ նոր, գործում նախկինում չշոշափված:

Օրենսգրքի 456-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաև այն քրեական գործերով, որոնցով դատավճիռ չի կայացվել:

Օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քրեական գործը քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող առանձին վարույթն է՝ քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ: Փաստորեն, քրեական գործը դա վարույթ է, իսկ «քրեական վարույթ» հասկացությունը տրված է Օրենսգրքի 26-րդ հոդվածում, որի համաձայն՝ այն ընդգրկում է քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նաև հարուցված գործի և իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները և որոշումների ընդունումը:

Օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կանոնները չեն գործում Օրենսգրքի 14-րդ բաժնով նախատեսված դեպքերում: Օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումների առկայությամբ գործը նորոգելու անթույլատրելիությանը: Նշված որոշումների առկայության պարագայում և Օրենսգրքի 14-րդ բաժնով նախատեսված դեպքերում գործի նորոգման անթույլատրելիության մասին պահանջը չի գործում:

Նշվածների հաշվառմամբ, Գերագույն դատարանը գտնում է, որ անձի իրավունքների ու արժանապատվության խախտում պետք է դիտարկվի այն, որ օրենսդրության մեջ բացակայում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում կայացված` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերջնական որոշումների վերանայման մեխանիզմը: Վերջինս, իր հերթին, չի կարող համատեղելի լինել դատական պաշտպանության, արդար դատաքննության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության սահմանադրաիրավական իրավունքներին: Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, լինելով մարդու և քաղաքացու անօտարելի իրավունքներ, նրա մյուս իրավունքներն ու ազատություններն ապահովող երաշխիք, էական տեղ են զբաղեցնում մարդու իրավունքների շարքում, որոնց գոյության գլխավոր նախապայմանն ամենից առաջ պետության` յուրաքանչյուր խախտված իրավունք որոշակի ընթացակարգի միջոցով վերականգնելու պարտականությունն է: Եթե բացակայում է իրավունքների պաշտպանության և վերականգնման արդյունավետ ընթացակարգը, ապա օրենսդրությամբ ամրագրված ցանկացած այլ իրավունք ընդամենը հռչակագրային դրույթ է:

Գերագույն դատարանն արձանագրում է, որ գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քրեական հետապնդման մարմնի վերջնական որոշման` նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով վերանայման հնարավորության համակարգային իրավակարգավորման բացակայությունը պայմանավորված է առաջին հերթին Օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին մասի առկա ձևակերպմամբ, որի արդյունքում վտանգվում է անձի` իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

Միաժամանակ, Գերագույն դատարանը գտնում է, որ վիճարկվող հոդվածի հակասահմանադրականության փաստի արձանագրումն ինքնին ի զորու չէ վերացնել մինչդատական վարույթի ընթացքում կայացված վերջնական դատավարական որոշումների նկատմամբ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով վարույթ իրականացնելու ինստիտուտի կիրառության դժվարությունները: Անհրաժեշտ է ընդգծել, որ Օրենսգրքով սահմանված չեն բավարար չափով որոշակի կարգավորումներ գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քրեական հետապնդման մարմնի վերջնական որոշման` նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով վերանայման հնարավորության վերաբերյալ: Մասնավորապես, իրավական առումով անորոշ է այն, թե, օրինակ, դատախազը կարող է արդյոք Օրենսգրքի 456-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով վերացնել քննիչի կողմից կայացված՝ քրեական գործը կարճելու մասին որոշումը և վարույթ հարուցել նոր երևան եկած հանգամանքներով այն պայմաններում, երբ Օրենսգրքով ուղղակիորեն սահմանված է, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ: Հետևաբար, արձանագրելով հանդերձ, որ հոդվածի կարգավորումներում օգտագործվող «դատական ակտն» իր մեջ կարող է ներառել նաև մինչդատական վարույթի ընթացքում կայացված վերջնական որոշումները, այնուամենայնիվ, Գերագույն դատարանը փաստում է, որ այդ ի հայտ եկած հանգամանքները պետք է անհայտ մնացած լինեին միայն դատարանին և միայն դատական ակտը կայացնելու ժամանակ, իսկ տվյալ դեպքում քրեական գործը կարճելու մասին որոշումն ընդունվել է մինչդատական վարույթում և վարույթն իրականացնող մարմնի կողմից: Ուստի, անհրաժեշտ է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությամբ Օրենսգրքի 456-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «դատական ակտ կայացնելիս դատարանին» բառերից հետո լրացնել «, իսկ մինչդատական վարույթում վերջնական որոշումներ ընդունելիս՝ վարույթն իրականացնող մարմնին» բառերը:

Խնդրահարույց է նաև մինչդատական վարույթի ընթացքում կայացված համապատասխան որոշումների վերանայման լիազորությամբ օժտված սուբյեկտի հարցը, այն պայմաններում, երբ օրենսդիրն այդ իրավունքով օժտել է միայն Վերաքննիչ և Գերագույն դատարաններին (Օրենսգրքի 454-րդ հոդվածի 2-րդ մաս):

Նշվածներից բխում է, որ մինչդատական վարույթում կայացված վերջնական որոշումների՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքերով վերանայման հնարավորությունն օրենսդրորեն համակարգային իրավակարգավորման ենթարկելու մասին սահմանադրական պահանջը կատարելու համար ոչ միայն վերացման են ենթակա այդ հնարավորությունն արգելող օրենսդրական դրույթները, այլև հստակ կարգավորման կարիք ունի դրա իրականացման դատավարական կարգը: Վերջինս կարող է կյանքի կոչվել միայն համապատասխան օրենսդրական փոփոխությունների տարբերակով:

Վերոգրյալի հիման վրա, Գերագույն դատարանը գտնում է, որ մինչև օրենսդրի կողմից համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով մինչդատական վարույթի ընթացքում կայացված վերջնական որոշումների՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման համար անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելը՝ վիճարկվող իրավադրույթը պետք է կիրառվի այնպես, որպեսզի ապահովվի անձի՝ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից, հիմք ընդունելով Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 4-րդ մասը, 143-րդ հոդվածը և ղեկավարվելով «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 50-րդ, 51-րդ և 59-րդ հոդվածներով՝ Գերագույն դատարանը.

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին մասը այնքանով, որքանով բացառում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով մինչդատական վարույթի ընթացքում կայացված վերջնական որոշումների՝ օրենքով սահմանված կարգով վերանայումը, ճանաչել Արցախի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի 2-րդ մասի և 79-րդ հոդվածի պահանջներին հակասող:

2. Հիմք ընդունելով Սահմանադրության 143-րդ հոդվածի 3-րդ մասը, «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 56-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետը, 18-20-րդ մասերը, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները և վիճարկվող դրույթի՝ դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը, փաստելով սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի փոխկապվածությունը ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումներին, ինչպես նաև նկատի ունենալով օրենսդրական պահանջը՝ իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2020 թվականի սեպտեմբերի 01-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

3. Սահմանադրության 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

 Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

           

27 մարտի 2020 թվականի

ԳԴՈ-19