Համարը 
ՀՕ-218
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.11.04/6(06)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.09.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.10.2005
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի

սեպտեմբերի 14-ին

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ Ո Ւ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական ծառայության կազմակերպման, ղեկավարման, այդպիսի ծառայության անցնելու և ծառայությունը դադարեցնելու, հյուպատոսական ծառայություն իրականացնող անձանց իրավական վիճակի սահմանման, հյուպատոսական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքների, ինչպես նաև հյուպատոսական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2.

Օրենքի գործողության ոլորտը 

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական ծառայության մարմինների և դրանցում հյուպատոսական ծառայություն իրականացնող անձանց վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական ծառայության մարմիններում քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վարչատեխնիկական կամ սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց վրա:

Օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում օտարերկրյա քաղաքացիների կամ այդ պետության մշտական բնակիչներ համարվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում հաշվի են առնվում նաև տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև այդ պետության հետ կնքված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխան պահանջները:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ա) հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն, հյուպատոսական գործակալություն, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների հյուպատոսական բաժիններ.

բ) հյուպատոսական հիմնարկի ղեկավար՝ անձ, որին հանձնարարված է գործելու այդ պաշտոնում.

գ) հյուպատոսական պաշտոնատար անձ՝ ցանկացած անձ, ներառյալ նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում հյուպատոսական պարտականությունների կատարումը.

դ) հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ՝ անձինք, որոնք հյուպատոսական հիմնարկում կատարում են վարչական, տեխնիկական պարտականություններ կամ սպասարկման հետ կապված աշխատանքներ.

ե) հյուպատոսական տարածաշրջան՝ շրջան, որը հատկացված է հյուպատոսական հիմնարկին՝ հյուպատոսական պարտականությունների կատարման համար:

 

Հոդված 4.

Հյուպատոսական ծառայությունը և գործունեությունը 

 

1. Հյուպատոսական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն իրականացվում է հյուպատոսական հիմնարկների կողմից հյուպատոսական հարաբերություններ իրականացնելիս:

2. Հյուպատոսական հարաբերություններն առաջանում են դիվանագիտական հարաբերությունների հետ միաժամանակ, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ միջպետական հատուկ համաձայնագրերի միջոցով:

3. Դիվանագիտական հարաբերությունների խզումն ինքնաբերաբար չի հանգեցնում հյուպատոսական հարաբերությունների դադարեցման:

4. Հյուպատոսական ծառայությունը դիվանագիտական ծառայության բաղկացուցիչ մասն է:

 

Հոդված 5.

Հյուպատոսական ծառայության խնդիրները

 

Հյուպատոսական ծառայության խնդիրն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները և շահերը օտարերկրյա պետություններում, նպաստել այլ պետությունների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարեկամական հարաբերությունների զարգացմանը և բազմակողմանի կապերի ընդլայնմանը:

 

Հոդված 6.

Հյուպատոսական հիմնարկները

 

1. Հյուպատոսական հիմնարկները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ են:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության նախնական համաձայնության հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը լուծարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

2. Հյուպատոսական հիմնարկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է նրան:

3. Հյուպատոսական հիմնարկը տվյալ օտարերկրյա պետությունում իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանության անմիջական քաղաքական ղեկավարությամբ:

4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հյուպատոսական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Այն պետություններում, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, նստավայր պետության համաձայնությամբ, հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է կատարել նաև դիվանագիտական պարտականություններ:

6. Հյուպատոսական հիմնարկի դասը, գտնվելու վայրը և հյուպատոսական տարածաշրջանը համաձայնեցվում են նստավայր պետության հետ:

7. Հյուպատոսական հիմնարկն ունի կնիք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի անվանմամբ (հայերեն, նստավայր պետության և անհրաժեշտության դեպքում՝ այլ լեզուներով):

8. Հյուպատոսական հիմնարկի զբաղեցրած շենքին ամրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը, վահանակ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի անվանմամբ (հայերեն, նստավայր պետության և անհրաժեշտության դեպքում՝ այլ լեզուներով):

9. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշն ամրացնել իր նստավայրի, ինչպես նաև իր փոխադրամիջոցների վրա:

10. Հյուպատոսական հիմնարկի ստեղծման և լուծարման կազմակերպական հարցերը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

 

Հոդված 7.

Հյուպատոսական ծառայության մասին օրենսդրությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական ծառայությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով, սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

3. Հյուպատոսական ծառայություն իրականացնող աշխատակիցների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե դիվանագիտական ծառայության մասին և հյուպատոսական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

 

Գ Լ Ո Ւ Խ  2

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 8.

Հյուպատոսական հիմնարկների ղեկավարումը

 

1. Գլխավոր հյուպատոսությունները, հյուպատոսությունները, փոխհյուպատոսությունները և հյուպատոսական գործակալությունները գլխավորում են համապատասխանաբար գլխավոր հյուպատոսները, հյուպատոսները, փոխհյուպատոսները և հյուպատոսական գործակալությունների ղեկավարները:

2. Դիվանագիտական ներկայացուցչությունների հյուպատոսական բաժինների վարիչները կարող են կատարել գլխավոր հյուպատոսի կամ հյուպատոսի պարտականությունները:

 

Հոդված 9.

Հյուպատոսական բաժնի աշխատակիցները

 

1. Հյուպատոսական բաժնի աշխատակիցները համարվում են դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներ և օգտվում են համապատասխան արտոնություններից:

2. Հյուպատոսական բաժնի վարիչն իր հյուպատոսական լիազորություններն ստանձնում է առանց արտոնագրի և համաձայնության (էկզեկվատուրայի):

 

Հոդված 10.

Հյուպատոսական հիմնարկների ենթակայությունը

 

1. Հյուպատոսական հիմնարկները ենթարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և գործում են նստավայր պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր քաղաքական ղեկավարության ներքո:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցները գտնվում են պետական ծառայության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:

 

Հոդված 11.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման կարգը

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավար կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձը:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը: Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը համարվում է նշանակված արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ հյուպատոսական արտոնագիր ստանալուց հետո: Հյուպատոսական արտոնագիրը ներկայացվում է նստավայր պետության կառավարություն:

3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն անցնում է պարտականությունների կատարմանը նստավայր պետության համաձայնությունը (էկզեկվատուրա) ստանալուց հետո:

4. Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ինչ-որ պատճառով չի կատարել իր պարտականությունները կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես թափուր է, ապա նրա պարտականությունների կատարումը դրվում է նույն կամ նստավայր պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեկ այլ հյուպատոսական հիմնարկի որևէ պաշտոնատար անձի կամ այդ պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներից որևէ մեկի վրա:

 

Գ Լ Ո Ւ Խ  3

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 12.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր վրա դրված հյուպատոսական պարտականությունները կատարում է անձամբ կամ հանձնարարում է հյուպատոսական մեկ այլ պաշտոնատար անձի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է հավատարմագրվել որևէ երրորդ պետությունում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այդ պետության փոխադարձ համաձայնությամբ:

3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը երրորդ պետության անունից կարող է հյուպատոսական պարտականությունները կատարել այդ պետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև համապատասխան պայմանավորվածության առկայության և նստավայր պետության համաձայնության դեպքում:

4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է առնչվել նստավայր պետության իրավասու մարմինների հետ հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում՝ հյուպատոսական հիմնարկի գործունեության հետ կապված բոլոր հարցերով:

5. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և հիմնարկի աշխատակիցների գործողությունները կարող են գանգատարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

Գ Լ Ո Ւ Խ  4

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

Հոդված 13.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի հիմնական խնդիրները և պարտականությունները

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները և իրավաբանական անձինք օգտվեն բոլոր այն իրավունքներից, որոնք տրվում են նրանց նստավայր պետության օրենսդրությամբ և այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նստավայր պետությունը, ինչպես նաև միջազգային նորմերով և սովորույթներով:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից և իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր դիմումներ:

3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց խախտված իրավունքները վերականգնելու համար:

4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրականացնում է իր հյուպատոսական տարածաշրջանում մշտապես բնակվող և ժամանակավորապես գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հաշվառում:

5. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում պարտավոր է աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, գործուղման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին՝ նրանց ծառայողական պարտականությունների կատարման գործում:

6. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր հյուպատոսական տարածաշրջանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, անհրաժեշտության դեպքում, ծանոթացնում է նստավայր պետության օրենսդրությանը և սովորույթներին:

7. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրավասու է առանց հատուկ լիազորագրի, նստավայր պետության պետական մարմիններում, հիմնարկներում և կազմակերպություններում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, եթե վերջիններս բացակա են և իրենց գործերի վարումը չեն հանձնարարել որևէ անձի կամ այլ պատճառներով ի վիճակի չեն պաշտպանել իրենց իրավունքները:

8. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է իր լիազորությունների շրջանակներում պարզել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված օդանավերում և տրանսպորտային այլ միջոցներում տեղի ունեցած պատահարների հանգամանքները և կարգավորել դրանց հետևանքով առաջացած հարցերը և վեճերը:

 

Հոդված 14.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների, դատախազության և քննչական մարմինների հանձնարարությունների կատարման բնագավառում

 

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով իրեն փոխանցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների, դատախազության և քննչական մարմինների՝ իր հյուպատոսական տարածաշրջանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող հանձնարարությունները: Նշված հանձնարարությունները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի համաձայն:

 

Հոդված 15.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների որդեգրման, նրանց նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու բնագավառում

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ձևակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխաների որդեգրումը: Որդեգրման համար անհրաժեշտ է ստանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում իր հյուպատոսական տարածաշրջանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անչափահաս ծնողազուրկ քաղաքացիների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու համար:

3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք առողջական վիճակի բերումով չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները և կատարել պարտականությունները:

 

Հոդված 16.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների գույքի պահպանության բնագավառում

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում պահպանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու մահից հետո մնացած գույքը:

Եթե գույքը բաղկացած է առարկաներից, որոնց պահպանումը աննպատակահարմար է (կապված է մեծ ծախսերի հետ, կարող է որակազրկվել և այլն), ապա հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրավունք ունի վաճառել այն և ստացված գումարը փոխանցել ըստ պատկանելության:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ընդունում է ժառանգական գույքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ժառանգներին փոխանցելու համար:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է պահպանության վերցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին պատկանող դրամը, արժեքները, արժեթղթերը և փաստաթղթերը:

 

Հոդված 17.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները ձերբակալված, կալանավորված կամ պատիժ կրող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների շահերի պաշտպանության բնագավառում 

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է հետևել, որպեսզի ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման դատապարտված կամ քաղաքացու ազատությունը սահմանափակող այլ միջոցների ենթարկված, ինչպես նաև դատական կամ վարչական ներգործության այլ ձևերի ենթարկված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու նկատմամբ պահպանվեն նստավայր պետության օրենքները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տվյալ պետության միջև կնքված պայմանագրերի դրույթները:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է շահագրգիռ անձանց խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ այցելել կալանավայրերում կամ հարկադիր պատիժ կրելու այլ վայրերում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին և պարզել նրանց կենսապայմանները: Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է հետևել, որպեսզի այդ քաղաքացիները պահվեն սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող պայմաններում, չենթարկվեն դաժան և մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի:

 

Հոդված 18.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները անձնագրեր և մուտքի արտոնագրեր (վիզաներ) տալու և ձևակերպելու բնագավառում

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, օրենսդրությամբ սահմանված կարգով, տալիս է անձնագրեր, երկարաձգում է դրանց վավերականության ժամկետները և փոփոխություններ է մտցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մուտքի արտոնագրեր, երկարաձգում և անվավեր է համարում դրանք, ինչպես նաև փոփոխություններ է մտցնում տրված արտոնագրերում:

 

Հոդված 19.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման բնագավառում 

 

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է իր հյուպատոսական տարածաշրջանում բնակվող անձանցից ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումներ:

 

Հոդված 20.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառում

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը գրանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն արտասահմանում մշտական բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից դիմումներ է ընդունում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, ուղղումներ և լրացումներ կատարելու, ժամկետանց գրանցումները վերականգնելու վերաբերյալ և տեղյակ է պահում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու մարմիններին:

3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, տեղեկություն ստանալով հյուպատոսական տարածաշրջանում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային, ծովային և այլ փոխադրամիջոցներում որևէ անձի ծննդյան կամ մահվան մասին, կատարում է ծննդյան կամ մահվան գրանցում՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության:

4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կողմից համատեղ հաստատված հրահանգին համապատասխան:

 

Գ Լ Ո Ւ Խ  5

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 21.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նոտարական գործողությունները

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կատարում է հետևյալ նոտարական գործողությունները՝

ա) վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր և այլն), բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կնքվող պայմանագրերի.

բ) միջոցներ է ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար.

գ) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր.

դ) տալիս է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով անձանց պատկանող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.

ե) վավերացնում է փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների իսկությունը.

զ) վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.

է) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը.

ը) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը.

թ) հաստատում է քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը.

ժ) հաստատում է լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.

ժա) հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.

ժբ) դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում և վերադարձնում դրամական գումար և արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր և տալիս է վկայագիր.

ժգ) ի պահ է ընդունում փաստաթղթեր.

ժդ) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը.

ժե) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.

ժզ) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.

ժէ) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել հյուպատոսի կողմից նոտարական այլ գործողությունների կատարում:

3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից նոտարական գործողությունների կատարման կարգը սահմանվում է պետական նոտարական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների կողմից համատեղ հաստատված հրահանգով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

4. Նոտարական գործողությունները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում: Առանձին դեպքերում նոտարական գործողությունները կարող են կատարվել հյուպատոսական հիմնարկներից դուրս:

5. Նոտարական գործողություններ կատարող հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է պահպանել կատարվող նոտարական գործողությունների գաղտնիությունը:

6. Կատարված նոտարական գործողությունների մասին տեղեկանքներն ու փաստաթղթերը տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նոտարական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:

7. Նոտարական գործողությունները կատարվում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո:

8. Նոտարական գործողությունների կատարումը կարող է հետաձգվել լրացուցիչ տեղեկությունների կամ փաստաթղթերի պահանջի կամ փաստաթղթերը փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվող այլ հիմունքներով:

9. Նոտարական կարգով հաստատվող գործարքները, ինչպես նաև հայտարարություններն ու մյուս փաստաթղթերը ստորագրվում են նոտարական գործողություններ կատարող անձի ներկայությամբ, հակառակ դեպքում ստորագրողը պետք է անձամբ հաստատի, որ գործարքը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը ստորագրել է ինքը:

10. Եթե քաղաքացին ֆիզիկական պակասության, հիվանդության կամ որևէ այլ պատճառով չի կարող անձամբ ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, իր իսկ և նոտարական գործողություն կատարող անձի ներկայությամբ գործարքը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը կարող է ստորագրել ուրիշ քաղաքացի, նշելով այն պատճառները, որոնց հետևանքով նոտարական գործողություն կատարելու համար դիմած քաղաքացին անձամբ չէր կարող ստորագրել:

11. Նոտարական գործողություններ կատարողը պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, նախազգուշացնել կատարվող նոտարական գործողությունների հետևանքների և ծախսերի մասին:

12. Հյուպատոսական հիմնարկում նոտարական գործավարությունը վարվում է հայերեն լեզվով, անհրաժեշտության դեպքում հիմնարկի ղեկավարն ապահովում է համապատասխան թարգմանություն:

13. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը նոտարական գործողություն կատարելու համար չի ընդունում այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին, կամ իրենց բովանդակությամբ կարող են վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին, կամ պարունակում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ:

14. Նոտարական գործողության կատարումը մերժելու դեպքում դիմող անձին բացատրվում են մերժման պատճառները և դրանց գանգատարկման կարգը:

(21-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-28-Ն)

 

Գ Լ Ո Ւ Խ  6

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

 

Հոդված 22.

Հյուպատոսական վավերացումը

 

1. Հյուպատոսական վավերացման նպատակն է պարզել և հաստատել այդ փաստաթղթերում և ակտերում առկա ստորագրությունների իսկությունը, ինչպես նաև նստավայր պետության օրենքներին դրանց համապատասխանությունը:

2. Հյուպատոսական վավերացման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը վավերացնում է իր հյուպատոսական տարածաշրջանի իրավասու մարմինների մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերը և ակտերը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու մարմինները քննարկման են ընդունում նման փաստաթղթերը և ակտերը միայն հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան չի նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նստավայր պետությունը:

5. Վավերացման ենթակա չեն այն փաստաթղթերը և ակտերը, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը կամ իրենց բովանդակությամբ կարող են վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին կամ պարունակում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:

 

Գ Լ Ո Ւ Խ  7

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 23.

Հյուպատոսական գանձումները

 

1. Հյուպատոսական գործողությունների համար պետական տուրքի ձևով կատարվում են հյուպատոսական գանձումներ՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

2. Վճարման են ենթակա նաև նշված գործողությունների կատարման հետ կապված փաստացի ծախսերը:

 

Գ Լ Ո Ւ Խ  8

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 24.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները սանիտարական անվտանգության պահպանության բնագավառում

 

1. Համաճարակային հիվանդությունների ի հայտ գալու դեպքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ նշելով վարակված շրջանի անվանումը, դեպքերի թիվը և տեղական իշխանությունների կողմից ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստացած անձանց տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ պատվաստման վերաբերյալ միջազգային հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտության մասին:

 

Հոդված 25.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները ֆիտոսանիտարական և անասնաբուժական անվտանգության պահպանության բնագավառում

 

Հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում գյուղատնտեսական բույսերի վտանգավոր հիվանդությունների կամ վնասատուների ի հայտ գալու, ինչպես նաև անասունների և թռչունների զանգվածային հիվանդությունների կամ մարդկանց և կենդանիների համար նույնանման վտանգ ներկայացնող հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարն այդ մասին անհապաղ տեղյակ է պահում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստացած անձանց տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ կենդանիների, հումքի և կենդանական ծագում ունեցող մթերքների վերաբերյալ անասնաբուժական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև սերմեր, կենդանի բույսեր, տնկիներ, մրգեր և բանջարեղեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բերելու կանոնների մասին:

 

Գ Լ Ո Ւ Խ  9

 

ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՆԵՐ

 

Հոդված 26.

Պատվավոր հյուպատոսների նշանակումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, համաձայնեցնելով նստավայր պետության հետ, կարող է հյուպատոսական գործողություններ կատարելու համար նշանակել պատվավոր հյուպատոսներ:

2. Պատվավոր հյուպատոսները կարող են լինել ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիություն ունեցող անձինք:

 

Հոդված 27.

Պատվավոր հյուպատոսի իրավունքները և պարտականությունները

 

Պատվավոր հյուպատոսների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

 

Գ Լ Ո Ւ Խ  10

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 28.

Հյուպատոսական հիմնարկների ֆինանսավորումը

 

1. Հյուպատոսական հիմնարկները ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից:

2. Օտարերկրյա պետությունում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները պետական բյուջեի միջոցներից բացի կարող են ֆինանսավորվել նաև այլ աղբյուրներից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ Ո Ւ Խ  11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 29.

 Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

22 հոկտեմբերի 2005թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-218