ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում է այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Քաղաքաշինությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում |
Քաղաքաշինությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման և նախագծման բոլոր տեսակները.
բ) շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման (ներառյալ՝ քանդման), հողակտորների, բնական լանդշաֆտի տարրերի գործառական նշանակության, տեսքի, չափերի և սահմանների փոփոխությունների բոլոր տեսակները.
գ) շենքերի, շինությունների շահագործումը՝ իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
(2-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 3. |
Քաղաքաշինական գործունեության օբյեկտները |
Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների տարածքները.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերը, դրանց առանձին թաղամասերը և գոտիները, ինչպես նաև հերթափոխային, արշավախմբային, պաշտպանական նշանակության, մաքսային սպասարկման, այգեգործական, ամառանոցային և այլ գործառական տարածքները.
դ) արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները.
ե) քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի և ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության գոտիները, դրանց համակարգերը և բաղկացուցիչ մասերը.
զ) առանձին հողակտորները, շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները.
է) ինժեներատրանսպորտային հաղորդակցությունների համակարգերը.
ը) քաղաքաշինական փաստաթղթերը:
Սույն հոդվածի «ա»-«է» կետերում նշված օբյեկտների սահմանները որոշվում և փոփոխվում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Հոդված 4. |
Քաղաքաշինական գործունեության սուբյեկտները |
Քաղաքաշինական գործունեության սուբյեկտներն են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են հանդես գալ որպես քաղաքաշինական գործունեության մասնակիցներ (կառուցապատողներ, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներ, շինարարություն իրականացնողներ, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողներ և այլն):
Քաղաքաշինական գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով:
(4-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
ԳԼՈՒԽ 2
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 5. |
Քաղաքաշինության բնագավառում անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունները |
(5-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.05.2005 ՀՕ-202)
ԳԼՈՒԽ 3
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 6. |
Կառուցապատողի իրավունքները և պարտականությունները |
Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը (այսուհետ` օգտագործող) քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող:
Քաղաքաշինական գործունեության օբյեկտի սեփականատերն իրեն պատկանող օբյեկտը կարող է օգտագործել միայն ըստ նպատակային նշանակության: Սեփականատերն ապահովում է քաղաքաշինական օբյեկտի շահագործման որակական վիճակը նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Կառուցապատողներն իրավունք ունեն՝
ա) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ընտրել քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշել ներդրումների չափերը, պայմանագրային հիմունքներով ներգրավել օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.
բ) քաղաքաշինական փաստաթղթերում կատարել փոփոխություններ՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով՝ այնպիսի աշխատանքներ իրականացնելու համար, որոնք սույն օրենքի 23 հոդվածի համաձայն չեն պահանջում շինարարության թույլտվություն.
գ) իրենց իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց.
դ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները սահմանափակող գործողությունները:
Կառուցապատողները պարտավոր են`
ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա.
բ) մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ.
գ) քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ ընթացիկ նորոգման աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան.
դ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից.
ե) ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից ստանալ քաղաքաշինական գործունեության օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանները.
զ) ապահովել իրենց քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Նախագծային փաստաթղթերը մշակողը կարող է դրանք ներկայացնել համապատասխան լիցենզիա ունեցող անձի փորձաքննությանը, եթե այդպիսի պայման նախատեսված է նախա-գծային աշխատանքների կապալի պայմանագրով:
Օբյեկտի փորձաքննության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհակասելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը, կառուցապատողի և քաղաքաշինական փաստաթղթեր մշակողի փոխադարձ համաձայնությամբ, կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ.
է) ապահովել քաղաքաշինական նախագծային փաստաթղթերի՝ շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցումը` սույն օրենքով սահմանված կարգով.
ը) պահպանել հեղինակային իրավունքի նորմերը, ապահովել քաղաքաշինական օբյեկտի նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակային հսկողությունը` օրենքով սահմանված կարգով, եթե նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակի մասնակցության կանոնները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
թ) ապահովել քաղաքաշինական օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` օրենքով սահմանված կարգով.
ժ) կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը.
ժա) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձանց հետ նախապես համաձայնեցնել օբյեկտի կառուցման ճարտարապետաշինարարական նախագծերի այնպիսի փոփոխությունները, որոնք հանգեցնում են իրավունքով ծանրաբեռնված ապագա գույքերի հարաչափերի, հատակագծերի փոփոխությունների՝ նախաձեռնելով կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի լուծում կամ փոփոխում:
Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում, եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն՝ համաձայն սույն օրենքի 23 հոդվածի:
Կառուցվող շենքի, շինության զբաղեցրած հողամասի և կառուցվող շենքի, շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակի այլ անձի փոխանցվելու դեպքում փոխանցումից ծագող իրավունքների պետական գրանցման պահից ձեռք բերողը հանդիսանում է սույն հոդվածով սահմանված կառուցապատող (համակառուցապատող) և կրում է դրանից բխող՝ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված պարտավորությունները քաղաքաշինական գործունեության մասնակիցների և երրորդ անձանց հանդեպ:
(6-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202, փոփ., լրաց. 27.06.2019 ՀՕ-83-Ն)
Հոդված 7. |
Քաղաքաշինական գործունեության օբյեկտների սեփականատերերի իրավունքները և պարտականությունները |
(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 8. |
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների իրավունքները և պարտականությունները |
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային իրավունքները սահմանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:
(8-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 9. |
Շինարարություն իրականացնողների իրավունքները և պարտականությունները |
Շինարարություն իրականացնողներն իրավունք ունեն՝
ա) հրաժարվել կառուցապատողի տրամադրած շինանյութերը, շինվածքները, կոնստրուկցիաները և ինժեներական սարքավորումներն օգտագործելուց, եթե դրանք չեն համապատասխանում գործող ստանդարտներին կամ նորմատիվ պահանջներին.
բ) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս դադարեցնել շինարարական աշխատանքները և պահանջել նախագծային փաստաթղթերի այլընտրանքային փորձաքննություն:
Շինարարություն իրականացնողները պարտավոր են՝
ա) ունենալ համապատասխան գործունեության արտոնագիր.
բ) շինարարության ընթացքում պահպանել հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները.
գ) սեփական միջոցներով վերացնել պայմանագրով նախատեսված ժամկետում (բայց ոչ ուշ, քան շինարարության ավարտական ակտը ձևակերպելու օրվանից մեկ տարվա ընթացքում) հայտնաբերված թերությունները, եթե դրանք առաջացել են շինարարության ընթացքում իրենց թույլ տված խախտումների հետևանքով:
ԳԼՈՒԽ 4
(4-րդ գլուխը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈԻՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 10. |
Քաղաքաշինության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը քաղաքաշինության բնագավառում`
ա) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը.
բ) սահմանում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը.
գ) հաստատում է բնագավառի քաղաքաշինական և տարածքային զարգացման հանրապետական և շրջանային պետական ծրագրերը.
դ) հաստատում է օրենքի 17-րդ հոդվածի հինգերորդ մասի «ա»-«գ» կետերով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերը.
ե) մշակում է քաղաքաշինական գործունեության տնտեսական խրախուսման քաղաքականությունը և իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում.
զ) ապահովում է հաշմանդամների համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու` օրենքից բխող պահանջների իրականացումը.
է) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(10-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 101. |
Քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասությունը |
Քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմինը`
ա) մշակում է քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական ծրագրերի նախագծեր, որոնց հաստատումից հետո իր լիազորությունների շրջանակներում վերահսկում է դրանց իրականացումը.
բ) մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծեր.
գ) օրենքով սահմանված կարգով ընդունում և հաշվառում է քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը (բացի պետական ստանդարտներից).
դ) ապահովում է օրենքի 17-րդ հոդվածի հինգերորդ մասի «ա»-«բ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակումը և այդ նախագծերի հաստատումից հետո` դրանց իրականացման վերահսկողությունը.
ե) մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման և գործունեության կարգի վերաբերյալ առաջարկություններ.
զ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային ամփոփումը, քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը.
է) օրենքով սահմանված կարգով իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունը.
ը) օրենքով սահմանված կարգով իրականացնում է քաղաքաշինական գործունեության լիցենզավորումը.
թ) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների և բնակավայրերի կայուն զարգացման ռազմավարության մշակումը.
ժ) օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային պաշարների պետական կառավարումը.
ժա) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մշակումը, տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը.
ժբ) մասնակցում է հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման, ինչպես նաև ճյուղային պետական նպատակային ծրագրերի մշակմանը` քաղաքաշինության բնագավառին առնչվող մասով.
ժգ) իրականացնում է օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
(101-ին հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 102. |
Քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները |
Քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
(102-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
(4-րդ գլուխը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
ԳԼՈՒԽ 5
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. |
Քաղաքաշինության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը |
Քաղաքաշինության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն և այլ օրենքներով:
Համայնքների ղեկավարները ավագանու հավանությամբ կարող են ընդունել բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը, որը, ելնելով տեղական առանձնահատկություններից, չհակասելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության, բնակավայրի գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման նախագծերի պահանջներին, սահմանում է քաղաքաշինական գործունեության կարգը տվյալ բնակավայրում:
Ստեփանակերտ քաղաքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատում է Ստեփանակերտի քաղաքապետը:
(11-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-202)
ԳԼՈՒԽ 6
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Հոդված 12. |
Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակները |
Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակներն են՝
ա) պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը.
բ) հրապարակայնության ապահովումը, բացի օրենքով սահմանված դեպքերից.
գ) քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի լավագույն լուծումների ընտրությանն օժանդակելը:
Հոդված 13. |
Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների իրավունքները |
Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն՝
ա) ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.
բ) մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հաստատումը՝ մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր.
գ) հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության.
դ) դատական կարգով գանգատարկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:
Հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 14. |
Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով, հասարակական քննարկումներով, ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտիավորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին:
(14-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-202)
ԳԼՈՒԽ 61
(61-ին գլուխը լրաց. 25.05.2005 ՀՕ-202)
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 141. |
Տարածքների գոտիավորման սկզբունքները |
Տարածքների գոտիավորումը (այսուհետ` գոտիավորում) սահմանում է համայնքի կամ դրա առանձին հատվածների տարածքների, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման պարտադիր պահանջները, դրանց իրավական ռեժիմին, նպատակային ու գործառական նշանակությանը, թույլատրված օգտագործումներին համապատասխան:
Գոտիավորմամբ սահմանված պահանջները տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա և պահպանում են իրենց ուժը սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում:
Պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարումն ու օգտագործման տրամադրումը, դրանց կառուցապատումը, ճարտարապետահատակագծային առաջադրանքում, շինարարության և քանդման թույլտվություններում քաղաքաշինական սահմանափակումների ու սերվիտուտների և այլ պարտադիր պահանջների սահմանումը, պետության կամ համայնքի կարիքների համար գույքը վերցնելն իրականացվում են գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառական նշանակությանը, դրանց օգտագործման իրավական ռեժիմին և թույլատրված օգտագործումներին համապատասխան:
Գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է:
Գոտիավորմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող անշարժ գույքի օբյեկտների նկատմամբ քաղաքաշինական գործունեություն կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում նվազում կամ վերանում է այդ անհամապատասխանությունը:
Հոդված 142. |
Գոտիավորման տեսակները |
Հողատարածքները գոտիավորվում են հիմնական (բազային) և օժանդակ գոտիների առանձնացման սկզբունքով:
Հիմնական են համարվում`
ա) հողամասերի գոտիավորումը ըստ նպատակային նշանակության.
բ) հողամասերի գոտիավորումը` ըստ քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների:
Օժանդակ են համարվում`
ա) հողամասերի գոտիավորումը` ըստ գործառական նշանակության, հողատեսքերի և թույլատրված օգտագործումների.
բ) հողամասերի ծավալատարածական գոտիավորումը` ըստ կառուցապատման չափորոշիչների:
Գոտիավորմամբ սահմանված պահանջները չեն կարող հակասել հանրապետության և շրջանների համար մշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով սահմանված պահանջներին, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության հողերի, անտառային ու ջրային հողերի օգտագործման ռեժիմներին, այլ նպատակային նշանակության հողերի օգտագործման սահմանափակումներին:
(61-ին գլուխը լրաց. 25.05.2005 ՀՕ-202)
ԳԼՈՒԽ 7
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ
ԱԿՏԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հոդված 15. |
Քաղաքաշինական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համակարգը |
Քաղաքաշինական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական այլ ակտերից:
Քաղաքաշինական գործունեության հետ առնչվող հողային, ջրային, անտառային, օդային տարածքների, ընդերքի օգտագործման, շրջակա միջավայրի, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, սեփականության, գույքային, ինչպես նաև հեղինակային իրավունքի իրականացման ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են օրենքներով և իրավական այլ ակտերով:
(15-րդ հոդվածը լրաց. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 16. |
Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը |
Քաղաքաշինական նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ հաշմանդամների տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ՝ օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով:
Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը կազմում են քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերի համակարգի բաղկացուցիչ մասը և հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար:
Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:
(16-րդ հոդվածը լրաց. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 17. |
Քաղաքաշինական փաստաթղթերը |
Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երեք խմբի` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, գոտիավորման փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր:
Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման, ինչպես նաև դրանց հրապարակային քննարկումների կարգերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են հանդիսանում քաղաքաշինական գործունեության վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների, դրանց խմբերի կամ առանձին հատվածների համար և քաղաքաշինական պլանավորման միջոցով սահմանում են կենսագործունեության բարենպաստ տարածական միջավայրի ձևավորման, տարաբնակեցման, տարածքների նպատակային օգտագործման և կայուն զարգացման հիմնական ուղղություններն ու պայմանները:
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր ուրվագծերն ու նախագծերը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների, տարածաշրջանների, ինչպես նաև մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող տարածքային հատակագծման ուրվագծերն ու նախագծերը.
գ) Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը.
ե) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը.
զ) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը.
է) քաղաքաշինական հայեցակարգերը, կանխատեսումները և ծրագրերը.
ը) բնօգտագործման, արտադրողական ուժերի, ինժեներատրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների տարածքային կազմակերպման ուրվագծերն ու նախագծերը հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար.
թ) բնակավայրերի և գործառական տարածքների գլխավոր հատակագծերը.
ժ) մանրամասն հատակագծման նախագծերը:
Սույն հոդվածի հինգերորդ մասի «ա»-«դ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և տասներեքերորդ մասով սահմանված գոտիավորման փաստաթղթերի մշակումը պարտադիր է:
Սույն հոդվածի հինգերորդ մասի «ե»-«զ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:
Սույն հոդվածի հինգերորդ մասի «է»-«ժ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակվում են ըստ անհրաժեշտության` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների պատվերով: Վերջիններս պարտավոր են նախագծման առաջադրանքներն ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը համաձայնեցնել շահագրգիռ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի նախագծման առաջադրանքում պարտադիր կարգով հաշվի են առնվում հաստատված այլ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթները:
Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթները հաշվի են առնվում ճյուղային, պետական նպատակային և համայնքային սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում` տվյալ ծրագրին առնչվող մասով:
Համաձայնեցված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն, ընդ որում, սույն հոդվածի վեցերորդ մասով պարտադիր մշակման ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի պատվիրատու են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` սույն հոդվածի հինգերորդ մասի «ա»-«գ» կետերով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի մասով.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները` սույն հոդվածի հինգերորդ մասի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և տասներեքերորդ մասով սահմանված գոտիավորման փաստաթղթերի մասով:
Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով անշարժ գույքի օգտագործման պայմանները չեն կարող հակասել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված պահանջներին:
Գոտիավորման փաստաթղթեր են`
ա) հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները.
բ) բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման նախագծերը (այսուհետ` գոտիավորման նախագծեր):
Հողերի գոտիավորման և օգտագործման սխեման մշակվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող բոլոր հողատարածքների համար և հանդիսանում է քաղաքաշինական ու հողաշինարարական միացյալ (կոնսոլիդացված) փաստաթուղթ:
Քաղաքային և գյուղական համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքների համար հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները մշակվում են սույն հոդվածի հինգերորդ մասի «դ» կետով սահմանված համայնքների գլխավոր հատակագծերի, իսկ Ստեփանակերտ քաղաքի համար` Ստեփանակերտի գլխավոր հատակագծի նախագծի կազմում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գյուղական համայնքների և մինչև 15 հազար բնակչություն ունեցող քաղաքային համայնքների համար գոտիավորման նախագծերը մշակվում են հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հետ համատեղված:
Գոտիավորման փաստաթղթերը մշակվում են քաղաքային և գյուղական համայնքների համար` համայնքի ղեկավարի, Ստեփանակերտ քաղաքի կամ դրա առանձին հատվածների համար` Ստեփանակերտի քաղաքապետի կողմից կազմված նախագծման առաջադրանքի հիման վրա ու նրանց պատվերով:
Գոտիավորման փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հաստատված գոտիավորման փաստաթղթերը, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները ենթակա են հրապարակման և պետք է հասանելի լինեն քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:
Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են`
ա) կառուցապատման նախագծերը.
բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծերը.
գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով առանձին հողակտորների գործառական նշանակության, չափերի և սահմանների փոփոխման, շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման (ներառյալ` քանդման) նախագծերը.
դ) տարածքներում կենսագործունեություն ապահովող ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը:
Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը, ելնելով հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջներից, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման ու շինարարության պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:
Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքներում`վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից նախագծային փաստաթղթեր մշակողին տրվող նախագծային առաջադրանքը չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին:
Համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը:
(17-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
ԳԼՈՒԽ 8
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 18. |
Հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում |
Հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում իրականացվում է նպատակային՝ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, կառուցապատման նախագծերին, իրավական այլ ակտերին համապատասխան:
(2-րդ մասն ուժը կորցրել է 25.05.2005 ՀՕ-202)
(18-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 181. |
Բնակավայրերի կենսաապահովման օբյեկտները |
Բնակավայրերի վերգետնյա և ստորգետնյա ինժեներական ցանցերի, կառուցվածքների ու հաղորդակցության ուղիների, կենսաապահովման գծային օբյեկտների շինարարության, վերակառուցման և շահագործման համար անհրաժեշտ հողամասերից օգտվելու իրավունքը սահմանվում է օրենքով, ինչպես նաև սերվիտուտի պայմանագրերով` նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին և հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան:
(181-ին հոդվածը լրաց. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 19. |
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտները |
Քաղաքաշինական գործունեությունը ենթակա է հատուկ կարգավորման, եթե տարածքների կառուցապատումը, հատակագծումը, օգտագործումը, քաղաքացիների, հասարակության, պետության շահերի ապահովումն առանց օրենսդրական լրացուցիչ լուծումների դառնում է դժվար կամ անհնար:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացումը որոշվում է` ելնելով պետության և հասարակության անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման, ազգային, պատմամշակութային, քաղաքաշինական, լանդշաֆտային և բնապատկերային արժեքների պահպանման, բնական և տեխնածին երևույթներից պաշտպանության, աղետների և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման անհրաժեշտությունից:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները կարող են չհամընկնել վարչատարածքային միավորների սահմանների հետ:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումը կարող է իրականացվել հատուկ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և հաստատման, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգեր սահմանելու միջոցով:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ կարող են առանձնացվել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում.
բ) բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես նաև ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքների տարածքներում.
գ) ազատ տնտեսական գոտիների տարածքներում.
դ) մեկից ավելի վարչատարածքային միավորների շահերին առնչվող քաղաքաշինական օբյեկտների տարածքներում.
ե) օրենքով սահմանված հատուկ նշանակության հողերի տարածքներում.
զ) օրենքով սահմանված այլ տարածքներում:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացումը և գործունեության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
(19-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 20. |
Պետական քաղաքաշինական կադաստրը և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը |
(վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
Պետական քաղաքաշինական կադաստրը պետական տեղեկատվական համակարգ է, որը հիմք է ծառայում պետական քաղաքաշինական քաղաքականության և տարածքային զարգացման ռազմավարության, քաղաքաշինական նախագծային փաստաթղթերի մշակման, քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար և պարունակում է ստույգ տեղեկություններ քաղաքաշինական գործունեության օբյեկտների, տարածքների գոտիավորման և օգտագործման, տարածքների և բնակավայրերի քաղաքաշինական պլանավորման և կառուցապատման, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի, իրավական այլ ակտերի, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման, քաղաքաշինական սահմանափակումների և սերվիտուտների, տարածքների սոցիալական, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների բարեկարգման, սեյսմիկ իրադրության, շինարարության համար ինժեներաերկրաբանական և գեոդեզիական, քաղաքաշինական գործունեության վրա ազդող այլ գործոնների մասին:
Պետական քաղաքաշինական կադաստրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է, որի հիմքը անշարժ գույքի պետական կադաստրն է: Պետական քաղաքաշինական կադաստրը ներառում է նաև քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ տվյալներ` այլ ճյուղային կադաստրներից և տեղեկատվական համակարգերից:
Պետական քաղաքաշինական կադաստրի տեղեկատվությունը, բացի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունից, բաց է և տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը քաղաքաշինական գործունեության օբյեկտների փոփոխությունների և վիճակի վերաբերյալ դիտարկումների համակարգ է, որը կատարվում է միջավայրի կենսագործունեության վիճակի ուսումնասիրությունների միջոցով: Մոնիթորինգային դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառվում է պետական քաղաքաշինական կադաստրում:
Պետական քաղաքաշինական կադաստրի վարումը և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը կատարում է համայնքում համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և ամբողջ շրջանի համար` շրջանի վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումը և կադաստրային ամփոփումը կատարում է քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:
Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
(20-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 21. |
Լիցենզավորումը քաղաքաշինության բնագավառում |
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(21-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 22. |
Քաղաքաշինական գործունեության իրականացման օգտակալությունը |
(22-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 23. |
Շինարարության թույլտվությունը |
Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի հաստատումից հետո:
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` շրջանի վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Շինարարության թույլտվություն չի պահանջվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և տարածքների բարեկարգման աշխատանքների համար, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործումը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին:
Սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին` շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Ընդ որում, շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Եթե նախազգուշացումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, կառուցապատողը չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմին` շինարարության ժամկետը երկարաձգելու հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին անգամ ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում է դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:
(23-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 24. |
Քանդման թույլտվությունը |
Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ իրավունքը՝ իրականացնել շենքերի և շինությունների քանդումը:
Քանդման թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` շրջանի վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(24-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 25. |
Շինարարության ավարտական ակտը և շահագործման թույլտվությունը |
(վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-202, 27.06.2019 ՀՕ-83-Ն)
1. Շենքերի, շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը փաստագրվում է շինարարության ավարտական ակտով (այսուհետ` ավարտական ակտ)` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո:
Ավարտական ակտը տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը)՝ Կառավարության սահմանած կարգով, որը հիմք է ավարտված օբյեկտի և դրա կազմում առանձնացված միավորների նկատմամբ իրավունքների գրանցման համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքներն ավարտելուց և հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը)` Կառավարության սահմանած կարգով:
Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միայն շահագործման թույլտվությունը ձևակերպելուց հետո:
3. Շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` օբյեկտի սեփականատիրոջ (սեփականատերերի) և (կամ) օգտագործողի միջոցների հաշվին: Շենքերի, շինությունների շահագործման նվազագույն պարտադիր նորմերը սահմանում է Կառավարությունը:
(25-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-202, 27.06.2019 ՀՕ-83-Ն)
Հոդված 26. |
Քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմինը` քաղաքաշինական պետական տեսչության միջոցով:
Քաղաքաշինական պետական տեսչությունը իր գործունեությունը կազմակերպում է վարչատարածքային սկզբունքով՝ քաղաքաշինական պետական տեսուչների միջոցով:
Քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմինը՝
ա/ վերահսկում է քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը.
բ/ քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ տալիս է պարտադիր կատարման հրահանգներ և ցուցումներ, հետևում է դրանց իրականացմանը.
գ/ օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ՝ քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Շրջանի վարչակազմի ղեկավարը՝
ա/ վերահսկում է շրջանի տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
բ/ վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում:
Քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Ստեփանակերտ քաղաքում քաղաքաշինական գործունեության հսկողությունն իրականացնում է Ստեփանակերտի քաղաքապետը:
(26-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.05.2005 ՀՕ-202)
ԳԼՈՒԽ 9
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ
ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 27. |
Քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերի լուծումը |
Քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 28. |
Պատասխանատվությունը քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար քաղաքաշինական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 10
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 29. |
Միջազգային համագործակցությունը քաղաքաշինության բնագավառում |
Քաղաքաշինության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, այլ օրենքներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Օտարերկրյա պետությունների, դրանց ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների քաղաքաշինական գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական այլ ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ 11
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(վերնագիրը փոփ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 30. |
Անցումային դրույթներ |
(վերնագիրը փոփ. 25.05.2005 ՀՕ-202)
Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի՝ համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի նախագծի, մանրամասն հատակագծման նախագծի կամ գոտիավորման նախագծերի բացակայության դեպքերում, մինչև դրանց մշակումն ու հաստատումը, տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(2-րդ մասն ուժը կորցրել է 25.05.2005 ՀՕ-202)
(30-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-202)
Հոդված 31. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
28 հուլիսի 1998թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-18 |
|