Համարը 
ՀՕ-8-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.04.19/06(370)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.03.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի

մարտի 27-ին

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, նպատակները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս նրանց իրավունքները և պարտականությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը:

 

Հոդված 2.

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, «Դատախազության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ոստիկանության մասին», «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներից, սույն օրենքից, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերից և այլ իրավական ակտերից։ Օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստման և անցկացման գործելակերպը կարգավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 3.

Օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է:

 

Հոդված 4.

Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են`

1) հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը և խափանումը.

2) հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը.

3) քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզումը և հայտնաբերումը, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզումը.

4) վկաների, դիակի, հանցագործության հետքերի, առարկաների, իրեղեն ապացույցների և այլ իրերի, փաստաթղթերի հայտնաբերումը.

5) ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերումը.

6) Արցախի Հանրապետության տարածք ապրանքների օրինական ներմուծման և արտահանման նկատմամբ վերահսկողություն սահմանելը․

7) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացումը, կանխումը, խափանումն ու բացահայտումը.

8) քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեության ապահովումը, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող հանցագործությունների նախազգուշացումը, կանխումը և բացահայտումը.

9) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների առկայությունը, ինչպես նաև հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական մարմիններին տրված ցուցումները, որոնք վերաբերում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների վերացմանը.

10) պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու թույլտվության որոշման կայացման համար տեղեկություններ հավաքելը.

11) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ համագործակցող կամ համագործակցած անձանց (և նրանց ընտանիքի անդամների) անվտանգությունն ապահովելու համար տեղեկություններ հավաքելը.

12) ոստիկանության կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային գոտում գտնվելու թույլտվության համար տեղեկություններ հավաքելը.

13) օպերատիվ-հետախուզական գործունեությանը մասնակցելու կամ դրա իրականացման հետևանքով ստացված նյութերին ծանոթանալու թույլտվության մասին որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը.

14) ազգային անվտանգության մարմիններում և ոստիկանությունում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմիններում աշխատանքի անցնելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար տեղեկություններ հավաքելը.

15) օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Արցախի Հանրապետության քաղաքացիություն, Արցախի Հանրապետությունում քաղաքական ապաստան կամ կացության կարգավիճակ տալու մասին եզրակացություն կազմելու և որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը:

 

Հոդված 5.

Օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքները

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է հետևյալ հիմնական սկզբունքների հիման վրա`

1) օրինականության.

2) մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և գերակայության.

3) գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության.

4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնապահության.

5) օպերատիվ-հետախուզական գործունեության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության:

 

Հոդված 6.

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերի և փաստաթղթերի հրապարակայնությունը

 

1. Յուրաքանչյուր անձ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելուց կամ իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց հետո` եռամսյա ժամկետում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը:

2. Նշված նյութերը և փաստաթղթերը տրամադրելը մերժվում է, եթե առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում և ժամկետում, եթե անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք ոչնչացվում են:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նյութերը ենթակա են ոչնչացման անձի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով իրավաչափ համարվելուց կամ անձի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հոդված 7.

Հատուկ տեխնիկական միջոցները

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը լիազոր պետական մարմնի ներկայացմամբ հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկական միջոցները չպետք է վնաս պատճառեն մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին:

3. Արգելվում է գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական և այլ միջոցների օգտագործումը և օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը սույն օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:

 

ԳԼՈՒԽ 2

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 8.

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները

 

1. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`

1) ոստիկանությունը.

2) ազգային անվտանգության մարմինները.

3) հարկային մարմինները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններն իրենց կառուցվածքում պետք է ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնց վրա է դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Այդ ստորաբաժանումների կառուցվածքը, ենթակայությունը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման կարգը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:

3. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են օրենքով և ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին: Հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է ստացած հրամանի կամ ցուցումի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հրամանը կամ ցուցումը տվողին կամ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձին: Եթե ցուցում տվողը գրավոր հաստատում է տրված հրամանը կամ ցուցումը, ապա օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է դա կատարել, բացառությամբ, եթե դա կհանգեցնի օրենքով սահմանված քրեական պատասխանատվության: Օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի կողմից այդ հրամանի կամ ցուցումի կատարման համար պատասխանատվությունը կրում է դրանք գրավոր հաստատած անձը:

4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցները կարող են համատեղ ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցել սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս:

5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:

 

Հոդված 9.

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական վարչությունը

 

1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների և համացանցի վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն ապահովում է միայն Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական վարչությունը (այսուհետ` Վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Վարչության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Վարչության պետի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է:

3. Վարչությունը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` սույն օրենքով լիազորված մարմինների կողմից հեռախոսային խոսակցությունների և համացանցի վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար:

 

Հոդված 10.

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքները

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն`

1) բացահայտ կամ գաղտնի մեթոդներով իրականացնելու սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված միջոցառումները.

2) հատուցումով կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ.

3) օգտագործելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին պատկանող շինությունները, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները:

2. Ազգային անվտանգության մարմինները և ոստիկանությունը սույն օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր:

3. Սույն օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարող են իրականացվել Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների, միջազգային իրավապահ կազմակերպությունների հարցումների հիման վրա:

4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն սույն հոդվածով նախատեսված իրենց իրավունքներն իրականացնելու ի շահ կամ ի վնաս որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ միջամտելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կուսակցությունների գործունեությանը:

 

Հոդված 11.

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունները

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են`

1) կատարել քննիչի պարտադիր գրավոր հանձնարարությունները, հետաքննության մարմնի հանձնարարությունները, դատախազի պարտադիր գրավոր ցուցումները, քննիչի և դատարանի որոշումները` անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ.

2) ստուգել ստացված անանուն հաղորդումը, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել.

3) Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համագործակցել միջազգային իրավապահ կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների հետ.

4) հանցավոր ոտնձգություններից պաշտպանել օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, քրեական դատավարությանը մասնակցող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին.

5) իրենց լիազորություններն իրականացնելիս համագործակցել իրավապահ մարմինների հետ` նրանց փոխանցելով իրենց հայտնի դարձած և այդ մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկությունները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված ոչնչացման ենթակա տեղեկությունների:

 

Հոդված 12.

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանն անվճար կամ պայմանագրի հիման վրա վճարովի հիմունքներով կարող են ներգրավվել չափահաս և գործունակ անձինք` պահպանելով համագործակցության գաղտնիությունը: Համագործակցությունը հնարավոր է այդ անձանց համաձայնությամբ: Այդ անձինք պարտավոր են չհրապարակել համագործակցության առնչությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները, ինչպես նաև ակնհայտ կեղծ տեղեկություններ չտրամադրել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են գաղտնի պահել իրենց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող և համագործակցած անձանց անհատական տվյալները:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց հավաքագրման, ներդրման և վճարման կարգը սահմանվում է այդ մարմինների նորմատիվ իրավական ակտերով:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու`

1) պատգամավորների.

2) Կառավարության անդամների.

3) դատավորների.

4) ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցների, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաև դատախազության, քննչական մարմինների և այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների.

5) Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին: 

 

Հոդված 13.

Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց, նրանց ընտանիքի անդամների ու խնամքի տակ գտնվող անձանց անվտանգությունը և սոցիալական պաշտպանությունը

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք կարող են ազատվել հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից` օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են ապահովել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը ներգրավված անձանց և նրանց ընտանիքի անդամների պաշտպանությունը, եթե առկա է նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգ, որը պայմանավորված է այդ մարմինների հետ նրանց համագործակցությամբ:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող, ինչպես նաև հանցագործությունների բացահայտմանն ու հանցագործների հայտնաբերմանն աջակցած անձինք կարող են ստանալ դրամական և այլ պարգևատրումներ: Այդ պարգևատրումների գումարները հարկման և հայտարարագրման ենթակա չեն:

4. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնող մարմինների հետ գաղտնի համատեղ համագործակցող անձի` օպերատիվ-հետախուզական միջոցառմանը մասնակցելու հետևանքով զոհվելու դեպքում նրա ընտանիքին և խնամքի տակ գտնվող անձանց պետական բյուջեի միջոցներից վճարվում է միանվագ նպաստ` զոհվածի ամսական դրամական բավարարման տասը տարվա գումարի չափով, և օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է կերակրողին կորցնողի դեպքում կենսաթոշակ: Իսկ եթե անձը նշված պայմաններում վիրավորվել է, ստացել է խեղում, կոնտուզիա կամ հաշմանդամություն, ապա պետական բյուջեի միջոցներից նրան վճարվում է միանվագ նպաստ` ամսական դրամական բավարարման հինգ տարվա գումարի չափով, և օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է հաշմանդամության կենսաթոշակ:

5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց` կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաև հաստիքային գաղտնի աշխատակիցների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածը արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ, որի հաշվարկման կարգն ու պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 3

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Հոդված 14.

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.

1) օպերատիվ հարցում.

2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում.

3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում.

4) հսկիչ գնում.

5) վերահսկելի մատակարարում և գնում.

6) իրերի և փաստաթղթերի հետազոտում.

7) արտաքին դիտում.

8) ներքին դիտում.

9) անձի նույնացում.

10) շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտում.

11) նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում.

12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում.

13) օպերատիվ ներդրում.

14) օպերատիվ փորձարարություն.

15) ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում.

16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում.

17) համակարգչային տեղեկատվության ստացում։

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով:

3. Ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-17-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

4. Ազգային անվտանգության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-17-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

5. Հարկային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ, 10-րդ և 13-14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

 

Հոդված 15.

Օպերատիվ հարցումը

 

1. Հարցումը կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցեր տալու (հարցումներ անելու) և պատասխաններ ստանալու միջոցով:

 

Հոդված 16.

Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը

 

1. Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրների իրականացման նպատակով օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց և փաստերի վերաբերյալ տեղեկությունների հավաքումն է:

 

Հոդված 17.

Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքումը

 

1. Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքումը համապատասխան նյութերի, առարկաների, իրերի, փաստաթղթերի և այլ նմուշների հավաքումն է (ստացումն է)` անհրաժեշտ համեմատություններ և ուսումնասիրություններ կատարելու համար:

 

Հոդված 18.

Հսկիչ գնումը

 

1. Հսկիչ գնումն իրականացվում է ստանդարտացման և չափումների միասնականության ապահովման օրենսդրության և հարկային հաշվառման կանոնների պահպանումը ստուգելու, ինչպես նաև հետագա հետազոտությունների նպատակով նմուշներ ստանալու, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների իրական գների բացահայտման համար:

 

Հոդված 19.

Վերահսկելի մատակարարումը և գնումը

 

1. Վերահսկելի մատակարարումը և գնումը ապրանքների և ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում` ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով հանցագործության մասնակիցներին պարզելու նպատակով:

2. Այն առարկաների, ապրանքների և արտադրանքի վերահսկելի մատակարարումը և գնումը, որոնց ազատ իրացումն արգելված է, կամ որոնց շրջանառությունը սահմանափակված է, իրականացվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա:

 

Հոդված 20.

Իրերի և փաստաթղթերի հետազոտումը

 

1. Իրերի և փաստաթղթերի հետազոտումը դրանց զննումն է, հատկանիշների և բովանդակության բացահայտումը` տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: Հետազոտման ընթացքում և դրանից հետո ապահովվում է օբյեկտների և դրանց վրա եղած հետքերի պահպանությունը:

 

Հոդված 21.

Արտաքին դիտումը

 

1. Արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության խախտման, անձանց հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է բաց տարածությունում կամ հասարակական վայրերում` հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:

 

Հոդված 22.

Ներքին դիտումը

 

1. Ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:

2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով:

 

Հոդված 23.

Անձի նույնացումը

 

1. Անձի նույնացումը օպերատիվ-հետախուզական նպատակներով նրա ինքնությունը պարզելն է արտաքին նշանների, մատնահետքերի և քրեագիտական այլ հետքերի հիման վրա:

 

Հոդված 24.

Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտումը

 

1. Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտումը դրանց արտաքին զննումն է, հատկանիշների և այլ տեղեկությունների բացահայտումն է հատուկ և այլ տեխնիկական միջոցներով կամ առանց դրանց, ինչպես նաև հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:

 

Հոդված 25.

Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկումը

 

1. Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում` հեռապատճենի (ֆաքսի) վերահսկումը` տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց, փոխանցվող նամակների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում` դրանց բովանդակության հետազոտումն է և դրանց արդյունքների ամրագրումը, ինչպես նաև նամակի, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներն ուղարկող անձի նույնացումը նրա ձեռագրի միջոցով կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

 

Հոդված 26.

Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը

 

1. Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` համացանցային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է, որը նշանակում է`

1) հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում`

ա. հեռախոսային խոսակցության ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը,

բ. տվյալ հեռախոսահամարի հետ ուղիղ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,

գ. տվյալ հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,

դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

2) բջջային հեռախոսային ցանցի դեպքում`

ա. հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) և ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձևով ամրագրումը,

բ. տվյալ հեռախոսահամարի հետ ուղիղ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունները սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,

գ. տվյալ հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունները սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,

դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

3) համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային խոսակցությունների և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում հաղորդման ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը, ինչպես նաև տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել`

ա. համացանցին միանալու և ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը և տևողությունը, ներառյալ` IP (համացանց պրոտոկոլի) հասցեն,

բ. համացանցն օգտագործողի կամ բաժանորդի անունը և անհատականացման տվյալները (user ID),

գ. հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, համացանցային հասցեն, համացանցային հեռախոսային զանգն ստացողի անունը կամ այդ անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել նրա ինքնությունը:

 

Հոդված 27.

Օպերատիվ ներդրումը

 

1. Օպերատիվ ներդրումը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց գաղտնի ներդրումն է որոշակի մարմիններում, կազմակերպություններում կամ խմբավորումներում:

 

Հոդված 28.

Օպերատիվ փորձարարությունը

 

1. Օպերատիվ փորձարարությունը որոշակի հանգամանքներում այս կամ այն իրադարձությունների կատարման հնարավորության ստուգումն է` օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների կամ դրանց մի մասի վերարտադրության միջոցով:

 

Հոդված 29.

Ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը

 

1. Ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպություններից բանկային և այլ տեսակի հաշիվների (ավանդների) վերաբերյալ տեղեկությունների ստացումն է, ինչպես նաև իրականացվող ֆինանսական գործարքների մշտական վերահսկումը առանց այն անձանց գիտության, որոնց վերաբերում են այդ գործարքները:

 

Հոդված 30.

Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը

 

1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար՝ բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված «կաշառք ստանալ» և «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված իմաստով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները հավաստվում են բացառապես տեսանկարահանման կամ ձայնագրման միջոցով: Ընդ որում՝ տեսանկարահանումը կամ ձայնագրումը անձի բնակարանում իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ:

 

Հոդված 31.

Համակարգչային տեղեկատվության ստացումը

 

1. Համակարգչային տեղեկատվության ստացումն օպերատիվ-հետախուզական խնդիրների լուծման համար օպերատիվ-տեխնիկական միջոցառում է՝ ուղղված համակարգչում կամ համակարգչային ցանցում շրջանառվող, ինչպես նաև մեքենայական կրիչների վրա պահվող և օրենքով պահպանվող տեղեկատվական տվյալների հավաքմանը՝ դրանց հետագա ամրագրմամբ (կամ առանց դրա)։

 

ԳԼՈՒԽ 4

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 32.

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը ոստիկանության կողմից անցկացվում է` Վարչության կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում` կապի ուղիների և միջոցների տրամադրումով, ոստիկանության կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության և հաղորդումների անմիջական հսկմամբ և ամրագրմամբ, ընդ որում` բացառելով ազգային անվտանգության մարմինների և Վարչության կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:

2. Համացանցով փոխանցվող հաղորդումների, միջազգային նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկումը ոստիկանության կողմից անցկացվում է` ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում` կապի ուղիների և միջոցների տրամադրումով, ոստիկանության կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության և հաղորդումների անմիջական հսկմամբ և ամրագրմամբ, ընդ որում` բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:

3. Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկումը, բացառությամբ միջազգային նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների փոխանցման, ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների կողմից կապի միջոցների տրամադրումով` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 17-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:

5. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս հեռահաղորդակցության և փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են Վարչության պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմաններ:

6. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս հեռահաղորդակցության և փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են ազգային անվտանգության մարմինների, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում՝ ոստիկանության պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմաններ:

7. Արգելվում է անցկացնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 17-րդ կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Անհապաղ ոչնչացման են ենթակա սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 17-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

 

Հոդված 33.

Հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման ընթացակարգը

 

1. Հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները, ներառյալ` ազգային անվտանգության մարմինները, հեռախոսային խոսակցության վերահսկում իրականացնելու նպատակով Վարչություն են ներկայացնում դատարանի որոշման քաղվածքը, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշումը: Քաղվածքը տրվում է դատարանի կողմից` նշված օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ որոշման հետ միաժամանակ, և այն պետք է պարունակի միայն վերահսկման ենթակա հեռախոսահամարը:

2. Այն դեպքերում, եթե սույն հոդվածով օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ Արցախի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների, ապա Վարչությունը սույն հոդվածով նախատեսված կարգով ապահովում է այդ միջոցառումների իրականացումը, սակայն այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման միջնորդությամբ Վարչությանը դիմած մարմինը պարտավոր է 48 ժամվա ընթացքում Վարչություն ներկայացնել դրանց իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` 48 ժամվա ընթացքում դատարանի թույլտվությունը չներկայացնելու կամ սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը Վարչություն ներկայացնելու դեպքում դրանց անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող մարմնի կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման: Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենն անհապաղ զեկուցում է Արցախի Հանրապետության նախագահին:

4. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենն օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման իրավասություն ունեցող յուրաքանչյուր մարմնի կտրվածքով հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ Արցախի Հանրապետության նախագահին տարեկան հաշվետվություն է ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում`

1) սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ Վարչություն ներկայացրած միջնորդությունների ընդհանուր թվաքանակը.

2) այն միջնորդությունների թվաքանակը, որ բերվել են առանց դատարանի որոշման քաղվածքի, և հետագայում քաղվածքը չի ներկայացվել.

3) այն միջնորդությունների թվաքանակը, որ բերվել են առանց դատարանի որոշման քաղվածքի, իսկ դատարանը հետագայում իր որոշմամբ չի թույլատրել նման օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը:

 

Հոդված 34.

Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման նկատմամբ անմիջական վերահսկողությունը

 

1. Սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման նկատմամբ անմիջական վերահսկողություն է իրականացնում այդ միջոցառումներն անցկացնելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը, որը անձնական պատասխանատվություն է կրում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման օրինականության համար:

 

Հոդված 35.

Դատական վերահսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

 

1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչպես նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:

2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար դատարանի թույլտվությունը ստանալու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը և միջնորդությունը` օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Որոշումը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող իրավասու մարմինը սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով և 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տեղեկատվությունը ստանալու վերաբերյալ համապատասխան միջնորդություն կարող է ներկայացնել դատարան միայն ահաբեկչության կամ Արցախի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

4. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ Արցախի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների, որոնց անցկացման համար սույն օրենքով պարտադիր է համարվում դատարանի թույլտվությունը, ապա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների անցկացումը 48 ժամվա ընթացքում` այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցելով դատարանին: Եթե դատարանը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և 33-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունների նկատմամբ:

 

Հոդված 36.

Դատախազական հսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

 

1. Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազը հսկողություն է իրականացնում օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Դատախազի կողմից հսկողության ենթակա չեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման և իրականացման եղանակները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորություններն իրականացնելիս դատախազի պահանջով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարները պարտավոր են նրան ներկայացնել այդ միջոցառումների անցկացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Դատախազը պարտավոր է ապահովել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` իրեն ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների գաղտնիությունը:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային աշխատակիցների և այդ մարմինների հետ գաղտնի համագործակցող անձանց վերաբերյալ տեղեկությունները դատախազին ներկայացվում են միայն այդ անձանց համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջ է գալիս նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

ԳԼՈՒԽ 5

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հոդված 37.

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին որոշման հիմքերը

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման որոշում կայացնելու հիմք են դատախազի գրավոր ցուցումները, քննիչի, հետաքննության մարմնի և դատարանի որոշումները` իրենց վարույթում գտնվող քրեական գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը:

 

Հոդված 38.

Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը և դրա քննարկման կարգը

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդության մեջ պետք է նշվեն`

1) օպերատիվ-հետախուզական այն միջոցառումը (միջոցառումները), որ (որոնք) նախատեսվում է (են) անցկացնել.

2) օպերատիվ-հետախուզական միջոցառման կամ միջոցառումների անցկացման հիմքերը.

3) տվյալ տեսակի միջոցառումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները.

4) այն տեղեկատվությունը, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք նախատեսվում է ստանալ դրա հետևանքով.

5) միջոցառման կամ միջոցառումների անցկացման տեղը, սկիզբը և ավարտը:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև այն հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որը (որոնք) լսվելու է (են):

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև փոստային կամ էլեկտրոնային հասցեն, որը վերահսկվելու է, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները (փոստային առաքումների և այլ հաղորդումների վերահսկման դեպքում փոստային կամ էլեկտրոնային հասցեի, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերի կամ բառակապակցությունների բացակայության դեպքում կարող են ներկայացվել անձի ձեռագրի նմուշը կամ այդ անձին նույնացնելու համար բավարար այլ հատկանիշներ, որի նամակագրության, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումները պետք է վերահսկվեն):

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև վերահսկվող բանկային հաշվի (ավանդի) տվյալները, տվյալներ այն ֆինանսական գործարքների վերաբերյալ, որոնք պետք է վերահսկվեն, ինչպես նաև այն անձանց անհատական տվյալները, որոնց վերաբերում են այդ գործարքները, կամ որոնց պատկանում է բանկային հաշիվը:

5. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությանը կից պետք է ներկայացվի նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկության վերաբերյալ համապատասխան անձի հայտարարությունը:

6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու հիմքերի բավարար լինելը ստուգելու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը կարող է միջնորդությունը ներկայացրած օպերատիվ ստորաբաժանման աշխատակցից պահանջել բացատրություններ և լրացուցիչ այլ նյութեր:

7. Միջնորդությունը քննարկում է օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը միանձնյա` միջնորդություն ներկայացրած աշխատակցի մասնակցությամբ: Հարցի քննարկումից հետո օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելը թույլատրելու կամ միջնորդությունը մերժելու մասին` որոշման մեջ նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:

8. Այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման, կամ հնարավոր են Արցախի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, ապա թույլատրվում է նման միջոցառումների անցկացումը` այդ մասին վեց ժամվա ընթացքում տեղյակ պահելով օպերատիվ ստորաբաժանման ղեկավարին: Եթե օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա հետևանքով ձեռք բերված տեղեկությունները և նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը տեղեկացվելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման, ինչպես նաև այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունների վրա, որոնք կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:

 

Հոդված 39.

Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև որոշումը կայացրած օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը, թե այդ միջոցառումն ում վրա է տարածվում, որոշում կատարելու համար իրավասու օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի անունը, ազգանունը և պաշտոնը:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինն իրավունք չունի իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու մասին որոշմամբ:

3. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում այն անձի վերաբերյալ, ում նկատմամբ այդ միջոցառումներն իրականացվում են, ձեռք են բերվել տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն կարող համարվել որպես թույլատրելի ապացույցներ և ենթակա են ոչնչացման, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և

2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ, և

3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:

 

Հոդված 40.

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետները

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ժամկետի հաշվարկումը սկսվում է դրա ընդունման օրից և չի կարող երկու ամսից ավելի լինել: Որոշման ժամկետը կարող է երկարաձգվել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման մասին որոշման ընդունման համար սույն օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 17-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման ընդհանուր ժամկետը չի կարող 12 ամսից ավելի տևել:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումը նույն անձի նկատմամբ նույն անձի կողմից տրված նույն հայտարարության հիման վրա կարող է իրականացվել միայն մեկ անգամ:

 

ԳԼՈՒԽ 6

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 41.

Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործումը

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված միջոցառումների արդյունքների, քրեական գործով կարող են որպես թույլատրելի ապացույցներ համարվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Դրանց օգտագործումը արգելվում է, եթե այդ տվյալները ստացվել են սույն օրենքի խախտմամբ և դրանք լրիվ չափով չեն բավարարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով ապացույցներին ներկայացված պահանջներին։

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արձանագրում է դրանք անցկացնող պաշտոնատար անձը: Արձանագրությունում պետք է նշվեն օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման տեղը, ժամանակը, հանգամանքները, օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող օպերատիվ աշխատակցի, օպերատիվ-հետախուզական միջոցառման այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաև այն անձանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) անունները և ազգանունները, որոնց վրա տարածվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձեռնարկված բոլոր գործողությունները այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև միջոցառման հետևանքով ձեռք բերված տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը: Արձանագրությունը ստորագրում է օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող պաշտոնատար անձը (անձինք):

3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները քրեական վարույթն իրականացնող մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվում է օրենքով և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցել միայն քրեական վարույթ կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների` նրանց խնդրանքով օրենքով իրենց վերապահված կոնկրետ լիազորության իրականացման համար, բացառությամբ սույն օրենքով սահմանված ոչնչացման ենթակա տեղեկությունների:

4. Սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ հարկային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հետևյալ դեպքերում.

1) առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմիններում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (ապօրինի գործունեության) հայտնաբերման դեպքում.

2) ապօրինի գործունեություն իրականացնողի մոտ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողներ հայտնաբերելու դեպքերում.

3) «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան՝ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում` լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքերում.

4) ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների խախտման՝ օրենքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի կամ առանց ուղեկցող փաստաթղթերի գրանցման՝ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքերում.

5) արգելված գործունեության հայտնաբերման դեպքերում:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պահանջով հարկային մարմնի պաշտոնատար անձը ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքերում հարկային պարտավորությունները հաշվարկում և գանձման է առաջադրում հարկային մարմինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

7. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք են բերվում այնպիսի տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնք չեն վերաբերում այն անձին, որի նկատմամբ իրականացվում են այդ միջոցառումները, և որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն կարող համարվել որպես թույլատրելի ապացույցներ և ենթակա են ոչնչացման, բացառությամբ, եթե`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և

2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ, և

3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:

 

Հոդված 42.

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների մասին տեղեկությունների պաշտպանությունը

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ուժերի, միջոցների ու աղբյուրների, մեթոդների, պլանների, այդ միջոցառումների արդյունքների, դրանց ֆինանսավորման, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող և համագործակցած անձանց մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների և այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող անձանց մասին տեղեկությունների հրապարակումը թույլատրվում է միայն նրանց գրավոր համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական գաղտնիքի հրապարակման համար օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 43.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. ապրիլի 12

Ստեփանակերտ

ՀՕ-8-Ն