Համարը 
ՀՕ-18-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.06.15/14(124)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.05.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.06.2009
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի

մայիսի 27-ին

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի (այսուհետ` Գերագույն դատարան) կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները, սահմանում է սահմանադրական դատավարության հիմնական սկզբունքները, կարգն ու առանձնահատկությունները:

(1-ին հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 2.

Սահմանադրական դատավարության մասին օրենսդրությունը

 

Սահմանադրական դատավարության մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից (այսուհետ` Սահմանադրություն) և սույն օրենքից:

(2-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Հոդված 3.

Սահմանադրական արդարադատության իրականացումը

(վերնագիրը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

1. Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Գերագույն դատարանը՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

2. Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանը գործերը քննում և դրանց վերաբերյալ որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:

(3-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 4.

Գերագույն դատարանի նախագահի լիազորությունները սահմանադրական արդարադատություն իրականացնելիս

(վերնագիրը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

1. Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանի աշխատանքները, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, կազմակերպում և ղեկավարում է Գերագույն դատարանի նախագահը:

2. Գերագույն դատարանի նախագահը՝

1) ձևավորում է դատական կազմը.

2) գործով զեկուցողի (զեկուցողների) հետ համատեղ նախապատրաստում է դատական նիստերը.

3) դատական նիստերում հարցերի քննարկումները նախապատրաստելու համար հանձնարարություններ է տալիս դատական կազմին.

4) հրավիրում և նախագահում է դատական նիստերը.

5) ներկայացնում է դատական նիստերում քննարկման ենթակա հարցերը.

6) գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում դատավարության մասնակիցներին, հրավիրված անձանց, նիստի ներկաներին, որոնք պարտադիր են կատարման.

7) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(4-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 5.

Սահմանադրական դատավարության հիմնական սկզբունքները

 

Սահմանադրական դատավարության հիմնական սկզբունքներն են՝

1) Գերագույն դատարանի անկախությունը.

2) կողմերի իրավահավասարությունն ու մրցակցությունը.

3) գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը.

4) կոլեգիալությունը.

5) հրապարակայնությունը.

6) անընդհատությունը:

 

Հոդված 6.

Գերագույն դատարանի անկախությունը

 

Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

 

Հոդված 7.

Սահմանադրական դատավարության իրականացումը կողմերի իրավահավասարության և մրցակցության հիման վրա

 

Գերագույն դատարանը պարտավոր է անաչառ կերպով ապահովել, որպեսզի կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

 

Հոդված 8.

Գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը

 

Գործի բոլոր հանգամանքները Գերագույն դատարանը պարզում է ի պաշտոնե՝ չսահմանափակվելով սահմանադրական դատավարության մասնակիցների միջնորդություններով, առաջարկություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով:

 

Հոդված 9.

Կոլեգիալությունը

 

1. Գերագույն դատարանը գործերը քննում և դրանց վերաբերյալ որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:

2. Գերագույն դատարանի որոշում կամ եզրակացություն ընդունելիս Գերագույն դատարանի դատավորն (այսուհետ՝ նաև դատավոր) ունի մեկ ձայնի իրավունք:

(9-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 10.

Հրապարակայնությունը

 

1. Գործի դատաքննությունը դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Գործի դատաքննության ընթացքը կարող է գրառվել, ձայնագրվել: Դատաքննությունը կարող է տեսագրվել և հեռարձակվել Գերագույն դատարանի որոշմամբ:

3. Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել Գերագույն դատարանի որոշմամբ՝ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Գերագույն դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության որևէ կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը դռնփակ նիստում անցկացնելու հարցը նույնպես քննվում և լուծվում է դռնփակ նիստում:

5. Դռնփակ նիստում ներկա գտնվելու իրավունք ունեն դատավարության կողմերը, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները: Դռնփակ նիստին ներկա անձինք Գերագույն դատարանի կողմից նախազգուշացվում են դռնփակ նիստում իրենց հայտնի դարձած տեղեկությունների հրապարակման համար պատասխանատվության մասին:

6. Գերագույն դատարանի ըստ էության որոշման, ինչպես նաև եզրակացության եզրափակիչ մասը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց դատական նիստում:

 

Հոդված 11.

Անընդհատությունը

 

1. Յուրաքանչյուր գործով դատական նիստը շարունակվում է անընդհատ, բացի հանգստի և Գերագույն դատարանի որոշմամբ ընդմիջման համար նախատեսված ժամանակից:

2. Մինչև գործի քննության ավարտը կամ դատաքննության հետաձգումն այլ գործեր քննելն արգելվում է: Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո Գերագույն դատարանն առանձին դատական նիստում կարող է սկսել այլ գործի դատաքննություն կամ շարունակել հետաձգված գործի դատաքննությունը:

 

Հոդված 12.

Գործերի քննության լեզուն

 

1. Սահմանադրական դատավարությունն իրականացվում է հայերենով:

2. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն Գերագույն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Հայերենին չտիրապետող դատավարության մասնակիցներին Գերագույն դատարանը պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովում է անվճար թարգմանչի ծառայություններով, եթե նրանք ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

3. Թարգմանիչների վարձատրության չափը և կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(12-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

 

Հոդված 13.

Գերագույն դատարան դիմելու իրավունքը

 

Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով Գերագույն դատարան կարող են դիմել Սահմանադրության 142-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված մարմինները և անձինք, ընդ որում, Սահմանադրության 142-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված դեպքում Գերագույն դատարան կարող են դիմել նաև իրավաբանական անձինք` Սահմանադրության 74-րդ հոդվածին համապատասխան:

(13-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն) 

 

Հոդված 14.

Գերագույն դատարանում գործի քննության առիթը

 

Գերագույն դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

 

Հոդված 15.

Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Դիմումը Գերագույն դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի (անձանց) կողմից ստորագրված:

2. Դիմումում պետք է նշվեն՝

1) Գերագույն դատարանի անվանումը.

2) դիմողի անունը (անվանումը), հասցեն (իրավաբանական հասցեն).

3) դիմողի ներկայացուցչի մասին անհրաժեշտ տվյալներ, եթե կան այդպիսիք.

4) Սահմանադրության այն հոդվածը, որը Գերագույն դատարան դիմելու իրավունք է տալիս.

5) Գերագույն դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.

6) դիմումին կցվող նյութերի ցանկը, եթե կան այդպիսիք:

3. Սույն օրենքի 57-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Գերագույն դատարան ներկայացնել նաև սույն օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին: Դիմողի միջնորդության հիման վրա նրան պետական տուրքի վճարումից ազատելու հարցը Գերագույն դատարանը լուծում է անհատական դիմումը քննության ընդունելու հարցը լուծելու հետ միաժամանակ` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Պետական տուրքը ֆիզիկական անձանց Գերագույն դատարան դիմելու համար սահմանվում է բազային պետական տուրքի հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց համար` քսանապատիկի չափով:

 

Հոդված 16.

Դիմումին կցվող նյութերը

 

1. Գերագույն դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝

1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ.

2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

3) վիճարկվող ակտի պաշտոնական տեքստը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հարցերով դիմելու դեպքերում.

4) դիմողի հայեցողությամբ` այլ նյութեր:

2. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմը նոր նյութեր կարող է ներկայացնել միայն Գերագույն դատարանի որոշմամբ:

(16-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԴԻՄՈՒՄԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 17.

Դիմումի ընդունումը

 

1. Գերագույն դատարան ներկայացված դիմումը ենթակա է պարտադիր գրանցման: Գրանցված դիմումը ներկայացվում է Գերագույն դատարանի նախագահին:

2. Սահմանադրության 142-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` ներկայացված դիմումների ընդունման կարգը սահմանվում է Գերագույն դատարանի կողմից ընդունված կանոնակարգով (այսուհետ` կանոնակարգ):

3. Եթե դիմումում բարձրացված հարցն ակնհայտորեն ենթակա չէ Գերագույն դատարանին, կամ այն ներկայացրել են Գերագույն դատարան դիմելու իրավունք չունեցող մարմինը, անձը (անձինք), ապա Գերագույն դատարանի աշխատակազմը հնգօրյա ժամկետում վերադարձնում է դիմումը:

4. Եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների պահանջներին, ապա դիմողը եռօրյա ժամկետում, իսկ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքերում` 24 ժամվա ընթացքում Գերագույն դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվում է այդ մասին, և դիմումին հետագա ընթացք է տրվում երկօրյա ժամկետում` այն հիշյալ պահանջներին համապատասխանեցնելուց հետո:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում դիմումի համապատասխանությունը սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների պահանջներին չապահովելու դեպքում այն վերադարձվում է դիմողին:

6. Դիմումը վերադարձնելը դիմողը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկել Գերագույն դատարանի նախագահին, որն այդ հարցով ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց մեկ օր հետո ընդունում է վերջնական որոշում:

(17-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն) 

 

Հոդված 18.

Դիմումի նախնական ուսումնասիրումը

 

Սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Գերագույն դատարանի նախագահը Գերագույն դատարանի մեկ կամ մի քանի դատավորների հանձնարարում է դիմումի նախնական ուսումնասիրումը: (երկրորդ նախադասությունը հանվել է 14.12.2017 ՀՕ-39-Ն) 

(18-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն) 

 

Հոդված 19.

Գործը քննության ընդունելը

 

1. Գերագույն դատարանի դատավորը (դատավորները) Գերագույն դատարանի նախագահին զեկուցում է (զեկուցում են) դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքների մասին:

2. Զեկուցումից հետո կանոնակարգով նախատեսված ժամկետում Գերագույն դատարանի նախագահը ձևավորում է դատական կազմը և հրավիրում դատական նիստ՝ գործը քննության ընդունելու հարցը լուծելու համար:

3. Գործն ընդունվում է քննության, եթե առկա չեն սույն օրենքի 20-րդ հոդվածում նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերը:

4. Գործը քննության ընդունելու մասին որոշմամբ Գերագույն դատարանը լուծում է նաև գործի դատաքննությունն սկսելու ժամանակի, գործով զեկուցող (զեկուցողներ) նշանակելու, գործի դատաքննության ընթացակարգի հարցերը, ինչպես նաև գործը դատաքննության նախապատրաստելու հետ կապված այլ հարցեր:

5. Գերագույն դատարանի ընդունած որոշման մասին դատավարության կողմերը տեղեկացվում են եռօրյա ժամկետում:

(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.2017 ՀՕ-39-Ն)  

 

Հոդված 20.

Գործի քննությունը մերժելը

 

Գերագույն դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում`

1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Գերագույն դատարանին.

2) եթե դիմողն իրավասու չէ դիմելու Գերագույն դատարան.

3) եթե սույն օրենքի 56-63-րդ և 66-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Գերագույն դատարանի որոշումը.

4) եթե սույն օրենքի 64-րդ, 65-րդ և 67-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Գերագույն դատարանի որոշումը, և այդ հարցով ներկայացված նոր դիմումում չեն արծարծվում այնպիսի նոր փաստական հանգամանքներ, որոնք դիմողից անկախ պատճառներով հայտնի չէին եղել իրեն մինչև Գերագույն դատարանի որոշումն ընդունելը և ի հայտ չէին եկել գործի քննության ընթացքում.

5) եթե դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Գերագույն դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.

6) սույն օրենքի 57-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

(20-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)  

 

Հոդված 21.

Դիմումը հետ վերցնելը

 

1. Գերագույն դատարան ներկայացված դիմումը կարող է դիմողը հետ վերցնել մինչև գործի դատաքննությունը սկսվելը:

2. Գերագույն դատարանը կարող է մերժել այն դիմումը հետ վերցնելը, որի հիման վրա գործ է ընդունվել քննության, եթե գտնում է, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ դիմումից հրաժարվելը հանգեցնում է գործի քննության կարճմանը:

 

Հոդված 22.

Դիմումի ապահովումը

 

1. Գործը քննության ընդունելուց հետո Գերագույն դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ դրա դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմող կողմի կամ հանրության համար:

2. Վիճարկվող իրավական ակտի կամ դրա դրույթի գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այդ մասին հանրությունն անհապաղ իրազեկվում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքով, իսկ համապատասխան տեղեկատվությունը հաղորդվում է հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով:

(22-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)  

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 23.

Դատական նիստը

 

1. Գերագույն դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է դատական նիստերում:

2. Դատական նիստերն անցկացվում են Ստեփանակերտ քաղաքում՝ Գերագույն դատարանի նստավայրում:

3. Դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված աշխատակարգային որոշմամբ դատական նիստեր կարող են անցկացվել նաև այլ վայրում:

4. Նիստն իրավազոր է, եթե ապահովված է տվյալ գործով որոշում կայացնելու համար սույն օրենքի 50-րդ և 67-րդ հոդվածներով նախատեսված քվորումը:

5. Գերագույն դատարանում յուրաքանչյուր գործի դատաքննությունն իրականացվում է առանձին դատական նիստում:

(23-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)  

 

Հոդված 24.

Նիստի հրավիրումը

 

Դատական նիստը հրավիրում և նախագահում է Գերագույն դատարանի նախագահը, իսկ վերջինիս բացակայության ժամանակ` օրենքով նախատեսված փոխարինող դատավորը:

 

Հոդված 25.

Գործը դատաքննության նախապատրաստելը

 

1. Գերագույն դատարանի նախագահը և զեկուցողը (զեկուցողները) որոշում են դատական նիստին հրավիրվող անձանց շրջանակը:

2. Դիմումների և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ ձեռք բերված այլ փաստաթղթերի պատճենները դատավորներին, կողմերին, իսկ անհրաժեշտության դեպքում Գերագույն դատարանի նախագահի որոշմամբ հրավիրյալներին են ուղարկվում նիստից առնվազն հինգ օր առաջ:

3. Հանրաքվեի, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով Գերագույն դատարանը կանոնակարգով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նյութերն ուղարկելու ավելի սեղմ ժամկետներ:

4. Դատական նիստի օրվա և ժամի մասին դատավարության մասնակիցներին ու հրավիրյալներին ծանուցում է Գերագույն դատարանի աշխատակազմը` կանոնակարգով սահմանված ժամկետներում:

(25-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)  

 

Հոդված 26.

Գործերի դատաքննության ընթացակարգը

 

1. Գերագույն դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով` սույն օրենքին համապատասխան:

2. Գրավոր ընթացակարգով գործերի դատաքննության կանոնները սահմանվում են կանոնակարգով` հիմք ընդունելով սույն օրենքի ընդհանուր պահանջները:

 

Հոդված 27.

Գործերը միավորելը

 

Մինչև դատաքննությունն սկսվելը Գերագույն դատարանի նախագահի կողմից կարող են միավորվել և դատական նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:

 

Հոդված 28.

Գերագույն դատարանի պահանջները

 

1. Գերագույն դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ նաև Գերագույն դատարանի կողմից որպես տվյալ գործով զեկուցող նշանակված դատավորը (դատավորները) Գերագույն դատարանի նախագահի գիտությամբ իրավասու է (են) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, եզրակացություններ և այլ նյութեր, հանձնարարելու կատարել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձաքննություններ, հետազոտություններ, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` պահանջելու նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր:

2. Գերագույն դատարանի և զեկուցողի պահանջները և հանձնարարականները (այսուհետ` պահանջ) պետք է կատարվեն Գերագույն դատարանի կամ զեկուցողի սահմանած ժամկետում: Եթե այդ ժամկետում Գերագույն դատարանի կամ զեկուցողի պահանջների կատարումն անհնարին է, ապա պահանջի հասցեատերը պարտավոր է պահանջի կատարման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք օր առաջ Գերագույն դատարանին կամ զեկուցողին գրավոր իրազեկել ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին: Գերագույն դատարանը և զեկուցողը կարող են երկարաձգել պահանջի կատարման ժամկետը կամ պահանջները վերահասցեագրել մեկ այլ մարմնի (անձի): Հակառակ դեպքում ուժի մեջ է մնում Գերագույն դատարանի կամ զեկուցողի արդեն իսկ սահմանած ժամկետը:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Գերագույն դատարանի պահանջները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, դրանց կատարումից խուսափելու կամ կատարման ժամկետները խախտելու դեպքում Գերագույն դատարանն այդ մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ կարող է նշանակել օրենքով սահմանված պատասխանատվության միջոց: Պատասխանատվության միջոցի նշանակումը չի ազատում Գերագույն դատարանի պահանջների կատարումից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված գործողությունների կամ անգործության համար ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձի ղեկավարը կարող են տուգանվել` օրենքով սահմանված չափով:

5. Պատասխանատվության միջոց նշանակվելուց հետո Գերագույն դատարանի պահանջները վերստին չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ դրանց կատարումից խուսափելը կամ կատարման ժամկետները խախտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

 

Հոդված 29.

Ապացույցները

 

1. Գործով ապացույցներ են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա Գերագույն դատարանը պարզում է դատավարության կողմերի պահանջները և առարկությունները հիմնավորող փաստերի առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, կարող են ձեռք բերվել`

1) վկաների բացատրությունների միջոցով.

2) փորձագետի եզրակացության միջոցով.

3) գրավոր փաստաթղթերի, նյութերի և իրերի (գրավոր և իրեղեն ապացույցներ), այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պաշտոնական տեղեկանքների և այլ տեղեկությունների միջոցով.

4) զննման միջոցով.

5) դատավարության կողմերի` որպես վկա տված բացատրությունների միջոցով:

2. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ ապացուցման բեռը կրող կամ ապացույցներ ներկայացնելու իր իրավունքից օգտվող դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը:

 

Հոդված 30.

Դատավորի իրավունքները

 

Դատավորն իրավունք ունի՝

1) ծանոթանալու գործի նյութերին.

2) նիստում քննվող հարցերի առնչությամբ հարցեր տալու, պատասխաններ, պարզաբանումներ ստանալու.

3) աշխատակարգային հարցերի վերաբերյալ արտահայտելու իր կարծիքը.

4) առաջարկություններ անելու, միջնորդություններ հարուցելու:

 

Հոդված 31.

Դատավորի պարտականությունները

 

Դատավորը պարտավոր է՝

1) կատարել Գերագույն դատարանի նախագահի հանձնարարությունները դատական նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման վերաբերյալ.

2) մասնակցել դատական նիստերին և քվեարկություններին.

3) պահպանել դռնփակ խորհրդակցություններում անցկացված քննարկումների և քվեարկությունների գաղտնիությունը:

 

Հոդված 32.

Սահմանադրական դատավարության մասնակիցները

 

Սահմանադրական դատավարության մասնակիցներն են`

1) դատավարության կողմերը`

ա. դիմողը` սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Գերագույն դատարան դիմելու իրավունք ունեցող մարմինները և անձինք,

բ. պատասխանողը` սույն օրենքով նախատեսված մարմիններն ու անձինք.

2) վկան, փորձագետը և թարգմանիչը.

3) սույն օրենքով սահմանված դեպքերում` երրորդ անձինք, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն օրենքով նախատեսված կարգով օգտվում են կողմի իրավունքներից:

 

Հոդված 33.

Որպես պատասխանող կողմ ներգրավելը

 

Եթե դիմողը Գերագույն դատարան ներկայացրած դիմումում չի նշել պատասխանող կողմին կամ նշել է ոչ պատշաճ կողմի, ապա Գերագույն դատարանը գործը քննության ընդունելու մասին որոշմամբ դատավարությանը որպես կողմ ներգրավում է պատասխանողին կամ պատշաճ պատասխանողին, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև հարակից պատասխանողների:

 

Հոդված 34.

Ներկայացուցչությունը

 

1. Կողմերը Գերագույն դատարանում կարող են հանդես գալ անձամբ և (կամ) ներկայացուցիչների միջոցով:

2. Կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ կարող են հանդես գալ Գերագույն դատարան դիմում ներկայացրած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը ներկայացնող որևէ պատգամավոր` «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Գերագույն դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք` պաշտոնատար անձը կամ այն փաստաբանը կամ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան ունեցող անձը, որի լիազորությունները հավաստված են օրենքով սահմանված կարգով:

4. Յուրաքանչյուր կողմ Գերագույն դատարանում կարող է ունենալ ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչ:

5. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են մասնակցել դատական նիստին, կարող են դիմել Գերագույն դատարան և նախապես ստանալ քննվող գործին առնչվող նյութերը, իսկ դատաքննության ընթացքում կարող են հրավիրյալների կարգավիճակով պարզաբանումներ տալ Գերագույն դատարանի հարցերին:

(34-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն) 

 

Հոդված 35.

Կողմերի իրավունքները

 

Կողմերն իրավունք ունեն՝

1) ծանոթանալու գործի նյութերին, անելու քաղվածքներ.

2) ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող նյութեր.

3) գործի առնչությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը.

4) հարցեր տալու մյուս կողմին, նրա ներկայացուցչին, փորձագետին, վկային.

5) միջնորդություններ հարուցելու, առաջարկություններ անելու:

 

Հոդված 36.

Կողմերի պարտականությունները

 

Կողմերը պարտավոր են՝

1) ներկայանալ Գերագույն դատարանի հրավերով.

2) բացատրություններ տալ և պատասխանել հարցերին.

3) Գերագույն դատարանի պահանջով ներկայացնել գործին առնչվող նյութեր.

4) ենթարկվել Գերագույն դատարանում գործերի քննության կանոններին և սույն օրենքի այլ պահանջներին.

5) բարեխղճորեն օգտվել իրենց դատավարական իրավունքներից:

 

Հոդված 37.

Նիստի ընթացակարգը

 

1. Դատական նիստերի դահլիճ դատավորների մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը:

2. Նախագահողը նշանակված ժամին հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն և հայտարարում դատաքննության ենթակա գործը:

3. Նախագահողը պարզում է դատավարության մասնակիցների և հրավիրված անձանց ներկայությունը և ստուգում կողմերի ներկայացուցիչների լիազորությունները, այնուհետև քննարկման է դնում գործի դատաքննությունն սկսելու հարցը: Եթե դատարանը հնարավոր չի համարում սկսել գործի դատաքննությունը, ապա որոշում է կայացնում այն հետաձգելու մասին:

4. Նախագահողը նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները:

5. Դատավարության մասնակիցները և հրավիրյալները դատարանին դիմում են «Բարձր դատարան» արտահայտությամբ և իրենց բացատրությունները, պարզաբանումները կամ պատասխանները տալիս են կանգնած: Այլ կերպ դատարանին բացատրություններ, պարզաբանումներ կամ պատասխաններ տալը կատարվում է միայն դատարանի թույլտվությամբ:

6. Գործի դատաքննությունն սկսվում է զեկուցողի զեկույցով: Զեկուցողին կարող են հարցեր տալ դատավորները:

7. Զեկուցման ավարտից հետո Գերագույն դատարանը լսում է գործի նյութերի հետազոտման կարգի մասին դատավորների կարծիքը, կողմերի առաջարկությունները և այդ կապակցությամբ ընդունում է որոշում: Գերագույն դատարանի որոշմամբ գործի նյութերի հետազոտման համար սահմանված կարգը կարող է փոփոխվել: Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ դատավորների առաջարկությունները քննարկվում են անհապաղ:

 

Հոդված 38.

Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

                           (վերնագիրը խմբ. 30.11.2011 ՀՕ-70-Ն)

 

1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում նիստը նախագահողն իրավունք ունի խախտում թույլ տված անձին նախազգուշացնելու, իսկ Գերագույն դատարանը` անհրաժեշտության դեպքում նշանակելու տուգանք կամ կարգը խախտողին հեռացնելու նիստերի դահլիճից:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և դատարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակ հետապնդի:

Դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին բացատրություն տվող վկայի նկատմամբ: Գերագույն դատարան դիմողի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է սանկցիայի կիրառման ժամկետով:

Դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

3. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով:

4. Դատական տուգանքը կիրառվում է դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն, բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող` դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Եթե դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակցող անձը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նախագահողը կարող է ընդմիջել դատական նիստը և դատարանի քննարկմանը դնել սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու և քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելու հարցը: Այդ հարցով Գերագույն դատարանն ընդունում է աշխատակարգային որոշում:

(38-րդ հոդվածը խմբ. 30.11.2011 ՀՕ-70-Ն, փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)  

 

Հոդված 39.

Կողմերի բացատրությունները

 

1. Նախագահողը կողմերին առաջարկում է բացատրություններ տալ քննվող գործի հանգամանքների մասին և ներկայացնել իրենց դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ:

2. Գերագույն դատարանը կողմերի բացատրությունները լսում է ամբողջ ծավալով:

3. Կողմի բացատրություններից հետո նրան կարող են հարցեր տալ դատավորները, մյուս կողմը, իսկ դատարանի թույլտվությամբ՝ նաև փորձագետը:

4. Կողմերն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործելու քաղաքական հայտարարությունների համար:

5. Փաստերի վերաբերյալ կողմերի բացատրություններում ներկայացվող տեղեկությունները ապացուցողական նշանակություն չունեն: Փաստերի վերաբերյալ կողմը կարող է ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել միայն սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված կարգով:

6. Կողմերն իրենց բացատրությունների գրավոր տեքստը բացատրություններ տալուց հետո տրամադրում են Գերագույն դատարանին:

 

Հոդված 40.

Կողմի հանդես գալը որպես վկա

 

1. Եթե կողմին հայտնի է տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա նա կարող է իր նախաձեռնությամբ հանդես գալ որպես վկա:

2. Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործով որոշում կամ եզրակացություն ընդունելու համար, և կողմին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա Գերագույն դատարանի նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ նա պարտավոր է հանդես գալ որպես վկա:

3. Որպես վկա հանդես գալու դեպքում կողմի վրա տարածվում են սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-4-րդ մասերի և 43-րդ հոդվածի կանոնները:

 

Հոդված 41.

Փորձագետի եզրակացությունը, իրավունքներն ու պարտականությունները

 

1. Սահմանադրական դատավարությանն իր համաձայնությամբ որպես փորձագետ կարող է ներգրավվել այն անձը, որը քննվող գործին առնչվող հարցերով օժտված է հատուկ գիտելիքներով և շահագրգռված չէ գործի արդյունքով:

2. Եթե փորձագետն անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին, ապա նա նիստը նախագահողի կարգադրությամբ կարող է բերման ենթարկվել Գերագույն դատարան` օրենքով սահմանված կարգով:

3. Փորձագետը նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու և եզրակացություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

4. Գերագույն դատարանը որոշում է փորձագետի եզրակացություն պահանջող հարցերի շրջանակը:

5. Փորձագետն իրավունք ունի՝

1) Գերագույն դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի նյութերին.

2) Գերագույն դատարանի թույլտվությամբ հարցեր տալու կողմերին և վկաներին, ինչպես նաև դատական նիստում իր եզրակացությունը ներկայացրած այլ փորձագետի.

3) իրեն լրացուցիչ նյութեր տրամադրելու միջնորդություններ հարուցելու:

6. Եզրակացության շարադրումից հետո փորձագետը պարտավոր է պատասխանել դատավորների և կողմերի հարցերին:

7. Եզրակացությունը գրավոր ներկայացվում է Գերագույն դատարան՝ փորձագետի ստորագրությամբ:

8. Փորձագետի եզրակացության` իրավական հարցերին վերաբերող մասը չունի ապացուցողական նշանակություն:

 

Հոդված 42.

Վկաների բացատրությունները

 

1. Կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Գերագույն դատարանը դատական նիստին հրավիրում և որպես վկա լսում է այն անձանց բացատրությունները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ: Վկա հրավիրելու վերաբերյալ կողմի միջնորդությունը Գերագույն դատարանը կարող է մերժել պատճառաբանված որոշմամբ:

2. Եթե վկան անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին, ապա նա նիստը նախագահողի կարգադրությամբ կարող է բերման ենթարկվել Գերագույն դատարան` օրենքով սահմանված կարգով:

3. Վկան նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ բացատրություն տալու և բացատրություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

4. Վկան պարտավոր է դատարանին հայտնել քննվող գործի էությանն առնչվող այն փաստերը, որոնք հայտնի են անձամբ իրեն, պատասխանել դատավորների և կողմերի հարցերին:

5. Դատական նիստին ներկայացած վկաները մինչև իրենց հարցաքննությունն սկսվելը դուրս են հրավիրվում դատական նիստի դահլիճից: Նիստը նախագահողը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հարցաքննված վկաները չհաղորդակցվեն չհարցաքննված վկաների հետ:

 

Հոդված 43.

Փորձագետի, վկայի և թարգմանչի պատասխանատվությունը

 

Գերագույն դատարանում ակնհայտ կեղծ եզրակացություն կամ ակնհայտ կեղծ բացատրություն տալը կամ թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը, ինչպես նաև եզրակացություն և բացատրություն տալուց հրաժարվելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 44.

Գործի վարույթը կասեցնելը

 

1. Գերագույն դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը`

1) եթե նշանակել է փորձաքննություն.

2) եթե տվել է դատական հանձնարարություններ.

3) եթե այլ մարմիններից կամ անձանցից անհրաժեշտ ապացույցներ է պահանջել.

4) եթե դատավարության կողմերից մեկն իր հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով խնդրել է կասեցնել գործի վարույթը.

5) Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ նախատեսված այլ դեպքերում:

2. Գործի վարույթը կասեցնելը հանգեցնում է սույն օրենքով, կանոնակարգով և Գերագույն դատարանի որոշումներով սահմանված դատավարական ժամկետների ընթացքի կասեցմանը:

 

Հոդված 45.

Գործի վարույթի վերսկսումը

 

1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմքերը վերանալուց հետո կամ մինչև այդ հիմքերը վերանալը` Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ:

2. Գերագույն դատարանը կողմերի եզրափակիչ ելույթներից հետո որոշում է կայացնում գործի վարույթը վերսկսելու մասին, եթե անհրաժեշտ է համարում պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ կամ հետազոտել նոր նյութեր:

3. Վերսկսված վարույթից հետո կողմերը եզրափակիչ ելույթների իրավունք ունեն՝ հետազոտված նոր հանգամանքների և նյութերի առնչությամբ:

4. Կողմերի եզրափակիչ ելույթներից հետո նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:

 

Հոդված 46.

Դատական նիստի արձանագրությունը

 

1. Դատական նիստերն արձանագրվում են:

2. Նիստի արձանագրությունն ստորագրում են նախագահողը և արձանագրողը:

3. Կողմերն իրավունք ունեն ծանոթանալու նիստի արձանագրությանը և ներկայացնելու իրենց դիտողությունները, որոնք կցվում են արձանագրությանը:

 

Հոդված 47.

Գործով որոշումների կամ եզրակացությունների ընդունումը

 

1. Գերագույն դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դռնփակ խորհրդակցությունում, որին կարող են ներկա գտնվել միայն գործը քննող դատավորները:

2. Խորհրդակցությունում դատավորն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը քննարկվող հարցերի, ինչպես նաև շարադրելու իր դիրքորոշումը գործի լուծման վերաբերյալ:

3. Խորհրդակցությունում ելույթների թիվը և տևողությունը չեն սահմանափակվում:

4. Խորհրդակցության արդյունքներն արձանագրում է դատավորներից որևէ մեկը՝ Գերագույն դատարանի նախագահի հանձնարարությամբ: Արձանագրությունում նշվում են քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները:

5. Արձանագրությունն ստորագրում են խորհրդակցությանը մասնակցած դատավորները:

6. Քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն:

7. Խորհրդակցությունը շարունակվում է մինչև Գերագույն դատարանի կողմից որոշում կամ եզրակացություն ընդունելը, բացառությամբ ընդմիջումների և հանգստի համար նախատեսված ժամանակի:

8. Խորհրդակցության ավարտից հետո խորհրդակցական սենյակ է հրավիրվում Գերագույն դատարանի աշխատակազմի իրավասու աշխատակիցը, որը գրառում է Գերագույն դատարանի որոշումը և այն փոխանցում համակարգիչ:

9. Մինչև որոշման հրապարակումը դատական նիստում դատավորները և Գերագույն դատարանի աշխատակազմի աշխատակիցը պարտավոր են ձեռնպահ մնալ որոշման մասին որևէ տեղեկություն հայտնելուց:

 

Հոդված 48.

Գործի վարույթը կարճելը

 

Գերագույն դատարանը կարճում է գործի վարույթը՝

1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր.

2) եթե իրավական ակտը կամ դրա դրույթը, որի համապատասխանությունը Սահմանադրությանը վիճարկվում է, վերացվել է կամ ուժը կորցրել գործի դատաքննությունից առաջ կամ դրա ընթացքում և չի կիրառվել.

3) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված այն դեպքերում, երբ կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է.

4) սույն օրենքի 64-րդ, 65-րդ և 67-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում:

(48-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)  

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 49.

Գերագույն դատարանի ակտերը

 

1. Գերագույն դատարանը Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ և 8-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ:

2. Գերագույն դատարանը Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով ընդունում է եզրակացություններ:

2.1. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին:

3. Գերագույն դատարանը գործերը դատաքննության նախապատրաստելու և դատաքննության հարցերով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ՝ դատավորների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

5. Գերագույն դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում:

6. Գերագույն դատարանի աշխատակարգային որոշումները պարտադիր են դատավարության մասնակիցների և դրանց այլ հասցեատերերի համար:

7. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում Գերագույն դատարանի որոշմամբ նշանակվել է տուգանք, և այդ որոշումը կամովին չի կատարվել, ապա այն ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից` օրենքով սահմանված կարգով:

8. Եթե Գերագույն դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննարկումից:

(49-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-20-Ն, խմբ., փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 50.

Որոշումների և եզրակացությունների ընդունման կարգը

 

1. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների անվանական հարցման միջոցով:

2. Նախագահողը քվեարկում է վերջում:

3. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդունվում են Գերագույն դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, իսկ մյուս որոշումներն՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. (մասն ուժը կորցրել է 14.12.2017 ՀՕ-39-Ն)

5. Դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու կամ հրաժարվելու քվեարկությունից:

6. Եթե Գերագույն դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված:

7. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված գործերով որոշում ընդունելիս դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք` որոշման ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որը Գերագույն դատարանի որոշման հետ հրապարակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

(50-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 51.

Որոշումներին և եզրակացություններին ներկայացվող պահանջները

 

1. Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Գերագույն դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան:

2. Գերագույն դատարանը որոշումներ և եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ:

3. Գերագույն դատարանի որոշման և եզրակացության հիմքում չեն կարող դրվել գործի դատաքննության ընթացքում չհետազոտված հանգամանքներ:

4. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները հրապարակվում են դատական նիստում և կցվում գործին:

 

Հոդված 52.

Որոշման կամ եզրակացության շարադրանքը

 

1. Գերագույն դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) որոշման կամ եզրակացության անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) կողմերի և դատավարության այլ մասնակիցների մասին անհրաժեշտ տվյալներ.

3) քննվող հարցը, առիթները և հիմքերը.

4) Սահմանադրության այն հոդվածը, որի համաձայն Գերագույն դատարանն իրավասու է քննելու տվյալ գործը.

5) դիմումի համառոտ բովանդակությունը.

6) փաստական և իրավական հանգամանքներ, որոնք հետազոտվել են Գերագույն դատարանի կողմից.

7) Սահմանադրության և սույն օրենքի այն հոդվածները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կամ եզրակացություն ընդունելիս.

8) Գերագույն դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող իրավական դիրքորոշումները, այդ թվում` նաև այն փաստարկները, որոնք հաստատում կամ հերքում են կողմերի պնդումները.

9) որոշման կամ եզրակացության ձևակերպումը` սույն օրենքով նախատեսված դեպքերում նշելով նաև անվավեր ճանաչված իրավական ակտի կամ դրա դրույթների հետ փոխկապակցված այլ դրույթների անվավերության մասին.

9.1) սույն օրենքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին.

9.2) սույն օրենքի 56-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշումը ընդունելու դեպքում` որոշման եզրափակիչ մասում վիճարկվող ակտի կամ դրա վիճարկվող դրույթի համառոտ սահմանադրաիրավական բովանդակությունը.

10) որոշման կամ եզրակացության վերջնական լինելու մասին նշումը.

11) որոշման՝ հրապարակման պահից ուժի մեջ մտնելու մասին կամ Գերագույն դատարանի կողմից Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելու մասին նշումը:

2. Գերագույն դատարանի` գործով ըստ էության ընդունված որոշումը կամ եզրակացությունն ստորագրում է դատական նիստը նախագահողը:

(52-րդ հոդվածը փոփ., լրաց. 20.04.2015 ՀՕ-20-Ն, փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 53.

Որոշման կամ եզրակացության առաքումը և հրապարակումը

(վերնագիրը փոփ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

1. Գերագույն դատարանի որոշումներն ու եզրակացությունները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են՝

1) դատավարության կողմերին.

2) Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն, Մարդու իրավունքների պաշտպանին և գլխավոր դատախազին:

2. Գերագույն դատարանի որոշումներն ու եզրակացությունները հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում` օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

(53-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 54.

Որոշումը չկատարելու հետևանքները

 

Գերագույն դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարմանն արգելք հանդիսանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 55.

Որոշումների կատարման վիճակի ամփոփումը

 

Գերագույն դատարանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հաղորդում է հրապարակում իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ: Այն ուղարկվում է պետական և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ:

(55-րդ հոդվածը լրաց. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(Գլուխը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 56.

Իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու գործերի քննությունը Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի, կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա (իրավական նորմերի սահմանադրականության վերացական վերահսկողություն)

 

1. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված գործերով կարող է վիճարկվել այդ կետում նշված ինչպես նորմատիվ, այնպես էլ անհատական բնույթ ունեցող իրավական ակտերի սահմանադրականությունը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դիմում ներկայացնելու դեպքերի: Մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը:

2. Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ օրենքների սահմանադրականությունը կարող է վիճարկվել միայն տվյալ օրենքի ընդունման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջների պահպանման տեսանկյունից:

3. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Գերագույն դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, կառավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է վիճարկվող ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը: Օրենքների դրույթների վիճարկման վերաբերյալ գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը` իր ընդունած օրենքների առնչությամբ: Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքների դրույթների վիճարկման վերաբերյալ գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է Ազգային ժողովը:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով:

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերը Գերագույն դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Գերագույն դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:

7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով որոշում ընդունելիս Գերագույն դատարանը պարզում է վիճարկվող ակտի կամ վերջինիս առանձին դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը` մասնավորապես հաշվի առնելով`

1) իրավական ակտի պահանջվող տեսակը.

2) իրավական ակտն ընդունելու և գործողության մեջ դնելու Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածությունը.

3) մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը.

4) Սահմանադրությամբ նախատեսված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման ապահովվածությունը.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները:

8. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը`

1) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.

2) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը՝ Գերագույն դատարանի որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.

3) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին.

4) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու և դրա ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելու մասին:

9. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված որևէ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս Գերագույն դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը: Հավաստիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ ակտի այլ դրույթների` Սահմանադրությանը հակասելու մեջ` Գերագույն դատարանը կարող է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև այդ դրույթները:

10. Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավաբանական ուժը կորցնում է Գերագույն դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված դեպքերի: Այդ ակտերի վրա հիմնված Գերագույն դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն: Չկատարված վարչական և դատական ակտերի կատարումը Գերագույն դատարանի որոշումը հրապարակելուց հետո անհապաղ դադարեցվում է իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ:

11. Անվավեր ճանաչված նորմատիվ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:

12. Սույն հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում նշված որոշումը Գերագույն դատարանն իրավասու է տարածելու նաև այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ: Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմատիվ ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի վրա հիմնված` Գերագույն դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը ենթակա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

13. Քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այդ դրույթն իրավաբանական ուժը կորցնում է իր ուժի մեջ մտնելու պահից: Այդ դրույթի կիրառման վերաբերյալ Գերագույն դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական և վարչական ակտերը օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման:

14. Գերագույն դատարանը սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ գործով ընդունված ըստ էության որոշումից առնվազն յոթ տարի հետո, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա կարող է վերանայել իր հիշյալ որոշումը, եթե`

1) փոփոխվել է Սահմանադրության` տվյալ գործով կիրառված դրույթը.

2) ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված Սահմանադրության դրույթի այնպիսի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել Գերագույն դատարանի այլ որոշում, և եթե տվյալ հարցն ունի սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն:

15. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված դիմումը չի կարող վերաբերել այն իրավական ակտերին (դրանց առանձին դրույթներին), որոնք Գերագույն դատարանի որոշմամբ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր:

16. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումն ընդունվում է դատավորների հինգ ձայնով:

17. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված գործերի քննությունը չի կարող մերժվել սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա, եթե առկա են Գերագույն դատարանի որոշումը վերանայելու` սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված հիմքերը:

18. Սահմանադրության 143-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, եթե Գերագույն դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի` Գերագույն դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա Գերագույն դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը: Այդ դեպքում մինչև ակտի իրավաբանական ուժը կորցնելն ակտը շարունակում է գործել:

19. Նորմատիվ իրավական ակտի ուժը կորցնելու հետաձգումը պետք է համարժեք լինի այն ժամանակահատվածին, որի ընթացքում հնարավոր և անհրաժեշտ է ձեռնարկել սույն հոդվածի 18-րդ մասում նշված հետևանքները կանխելուն ուղղված միջոցառումները:

20. Հետաձգման մասին որոշումը պետք է ընդունվի այն հաշվարկով, որպեսզի դրանով իրապես կանխվեն անխուսափելի և ծանր հետևանքները հանրության և պետության համար և ավելի էական վնաս չպատճառվի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին:

(56-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 57.

Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա (անհատական դիմումների քննություն)

 

1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

2. Սույն հոդվածում նշված գործերով պատասխանող կողմի ներգրավվման հարցը պետք է լուծվի սույն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններին համապատասխան:

3. Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

4. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են Գերագույն դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

5. Անհատական դիմումների քննությունը, ի լրումն սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

6. Անհատական դիմումների քննությունը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված: Այդ հարցով որոշումն ընդունվում է անհատական դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո:

7. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետներում:

8. Անհատական դիմումների ընդունման և նախնական ուսումնասիրման կարգը սահմանվում է կանոնակարգով, իսկ դրանց հիման վրա գործերը քննության ընդունելու կամ գործերի քննությունը մերժելու հատուկ կանոնները սահմանվում են սույն օրենքով:

9. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 56-րդ հոդվածի 6-20-րդ մասերի կանոնները:

10. Սույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Գերագույն դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով նորմատիվ ակտի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

11. Սույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Գերագույն դատարանի տվյալ որոշումը հրապարակելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Գերագույն դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Գերագույն դատարան:

Գերագույն դատարան դիմելու իրավունքի պահպանված լինելու հարցը լուծելիս սույն մասի առաջին պարբերությունում նշված անձանց նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերը:

(57-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 58.

Նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը տեղական ինքնակառավարման մարմինների դիմումների հիման վրա

 

1. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարան դիմում են տեղական ինքնակառավարման մարմինները` Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները Գերագույն դատարան կարող են ներկայացվել այն պահից սկսած, երբ տեղական ինքնակառավարման մարմինն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքների խախտման կամ դրանց խախտման իրական հնարավորության մասին, բայց ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

3. Սույն հոդվածում նշված գործերով տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր, ինչպես նաև սույն օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին:

4. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, իսկ օրենքների վիճարկման դեպքում պատասխանող կողմի ներգրավվման հարցը պետք է լուծվի սույն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:

5. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետներում:

6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 56-րդ հոդվածի 6-20-րդ մասերով նախատեսված կանոնները:

(58-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 59.

Նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը դատարանների և գլխավոր դատախազի դիմումների հիման վրա (իրավական նորմերի կոնկրետ վերահսկողություն)

 

1. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Գերագույն դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

2. Գլխավոր դատախազը Գերագույն դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով:

3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը:

4. Դատարանները Գերագույն դատարան դիմելուց առաջ պարտավոր են, իսկ գլխավոր դատախազը կարող է կասեցնել կոնկրետ գործի վարույթը մինչև Գերագույն դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելը:

5. Դատարանները կարող են դիմել Գերագույն դատարան համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը, իսկ գլխավոր դատախազը` տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո` մինչև այն օրենքով սահմանված կարգով իրավասու դատարան ուղարկելը:

6. Դատարանները և գլխավոր դատախազը վարույթը կասեցնելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Գերագույն դատարան դիմելը ձևակերպվում է համապատասխան դատարանի կամ գլխավոր դատախազի որոշմամբ:

7. Սույն հոդվածում նշված դիմումներում դատարանը և գլխավոր դատախազը պետք է հիմնավորեն իրենց դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ:

8. Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում Գերագույն դատարանի որոշումն ընդունելուց հետո:

9. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, իսկ օրենքների վիճարկման դեպքում պատասխանող կողմի ներգրավվման հարցը պետք է լուծվի սույն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:

10. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է միայն գրավոր ընթացակարգով: Կողմերը մինչև գործի դատաքննությունն սկսվելը Գերագույն դատարան են ներկայացնում իրենց դիրքորոշումն արտահայտող գրավոր բացատրություններ:

11. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետներում:

12. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 56-րդ հոդվածի 7-20-րդ մասերով նախատեսված կանոնները:

(59-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 60.

Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը

 

1. Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը կամ հանրաքվեի դրվելը, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը` Գերագույն դատարան է դիմում Ազգային ժողովը:

2. Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանությունը Սահմանադրությանը պարզելիս Գերագույն դատարանը մասնավորապես հաշվի է առնում դրանց համապատասխանությունը`

1) Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին.

2) Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրության 162-րդ հոդվածով նախատեսված կարգին:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Գերագույն դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

1) նախագիծը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.

2) նախագիծը կամ նախագծի առանձին դրույթը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:

4. Սույն հոդվածով նախատեսված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո։ Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով։

5. Սույն հոդվածով նշված գործերը Գերագույն դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Գերագույն դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արդյունավետ կերպով բացահայտմանը։

(60-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 61.

Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը

 

1. Մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Գերագույն դատարան է դիմում Հանրապետության Նախագահը:

2. Սույն հոդվածում նշված գործերով, իր ծանրաբեռնվածությունից ելնելով, Գերագույն դատարանը կարող է որոշում կայացնել հիշյալ գործերը միմյանց հաջորդող դատական նիստերում քննելու մասին` այդ գործերից յուրաքանչյուրի քննության ավարտից հետո հետաձգելով դրանով ըստ էության որոշման ընդունումը` մինչև բոլոր հիշյալ գործերի քննության ավարտը: Այդ գործերից յուրաքանչյուրով ըստ էության որոշումն ընդունվում է միևնույն դռնփակ խորհրդակցության արդյունքում, և բոլոր որոշումները դատական նիստում հրապարակվում են հաջորդաբար` ըստ քննված գործերի հաջորդականության:

3. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

5. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.

2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչելու մասին:

(61-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 62.

Հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը

 

1. Սույն հոդվածով նշված գործերով Գերագույն դատարան դիմում է Հանրապետության Նախագահը և Ազգային ժողովի խմբակցությունը:

2. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է հանրաքվեների արդյունքներն ամփոփող պետական մարմինը:

3. Սույն հոդվածով նշված գործերով Գերագույն դատարանն իրավասու է իր որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերումը հանձնարարելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ դատարաններին և դատախազության մարմիններին, անհրաժեշտության դեպքում` նաև իր աշխատակազմի աշխատողներին: Այդ կապակցությամբ Գերագույն դատարանն իրավասու է ձևավորելու հանձնախմբեր` ներգրավելով դատավորներից մեկին (որպես հանձնախմբի կամ հանձնախմբերի ղեկավար) և տարբեր կամ միևնույն մարմինների աշխատակիցների, ինչպես նաև իրենց համաձայնությամբ` Ազգային ժողովի պատգամավորների, տեղական և միջազգային դիտորդների: Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Գերագույն դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերով Գերագույն դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

5. Սույն հոդվածով նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

6. Սույն հոդվածով նշված գործերով Գերագույն դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումը մուտքագրվելու պահից 50 օրվա ընթացքում:

7. Գերագույն դատարանի որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով:

8. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով Գերագույն դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը և հանրաքվեի դրված նախագիծը համարել ընդունված կամ չընդունված կամ անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:

(62-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 63.

Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը

 

1. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով Գերագույն դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:

2. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Գերագույն դատարան դիմում են Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

3. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Գերագույն դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

4. Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը: Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, որպես հարակից պատասխանող (պատասխանողներ), Գերագույն դատարանը կարող է ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների:

5. Հանրապետության Նախագահի թեկնածուները, ինչպես նաև կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության ընթացքում կամ դրա արդյունքում ընդունվելիք որոշմամբ, կարող են Գերագույն դատարանի որոշմամբ որպես երրորդ անձինք ներգրավվել դատավարության մեջ` իրենց դիմումի հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ Գերագույն դատարանի որոշումը պարտադիր կերպով տարածվելու է նաև երրորդ անձանց վրա, ապա Գերագույն դատարանն ինքն է պարտավոր այդ անձանց ներգրավել դատավարության մեջ:

6. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել գործի քննության ցանկացած փուլում:

7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների և պարտականությունների, որոնք իրենց էությամբ տարածելի չեն երրորդ անձանց վրա:

8. Գերագույն դատարանում քննվող գործով որոշում ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերման առնչությամբ կիրառվում են սույն օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնները:

9. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

10. Փաստերի վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, եթե պատասխանող կողմը խուսափում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց, և եթե դրանք չեն հերքվում Գերագույն դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներով:

11. Եթե պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա վերջինս ազատվում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունից:

12. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով քննությունը կարող է կասեցվել միայն այն դեպքերում, երբ կասեցումը չի խոչընդոտի տվյալ գործի քննությունը սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված ժամկետում ավարտելուն:

13. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը պարզում է իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ներկայացված բողոքների քննարկումը (քննությունը) անհիմն մերժելու, նման բողոքները սահմանված ժամկետներում չքննարկելու (չքննելու) և քննարկումից (քննությունից) հրաժարվելու կամ խուսափելու հանգամանքները և իրավասու է նման դեպքերում բողոքներում արծարծվող փաստերը գնահատելու որպես հավաստի և անվիճելի, եթե այդպիսի գնահատումը չի հակասում գործի քննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցների:

14. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Գերագույն դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և`

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին (Հանրապետության Նախագահի ընտրությունների դեպքում) կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների (Ազգային ժողովի ընտրությունների դեպքում),

գ. ընտրությունները ճանաչել չկայացած,

դ. նշանակել ընտրության երկրորդ փուլ:

15. Եթե գործի քննության արդյունքում Գերագույն դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն Գերագույն դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս Գերագույն դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները:

16. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Գերագույն դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

(63-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 64.

Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը

 

1. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով Գերագույն դատարան դիմում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

2. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

3. Դիմումում պետք է մատնանշվի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու՝ Սահմանադրության 111-րդ հոդվածով և 113-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը:

4. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև դիմումին պետք է կցվեն պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հիմքը հավաստող ապացույցներ:

5. Սույն հոդվածում նշված գործերով այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա համար նախատեսված պարտականությունները: Պատշաճ ծանուցված պատգամավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

6. Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատարանը կարող է որպես երրորդ անձ դատավարությանը ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող են ներգործել պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելու վրա:

7. Նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

8. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը ստուգում է պատգամավորի լիազորությունները դադարեցնելու Սահմանադրության 111-րդ հոդվածով և 113-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը:

9. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և պատգամավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

10. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:

11. Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցը որոշելու վերաբերյալ գործերով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին.

2) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի բացակայության մասին։

(64-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 65.

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը

 

1. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարան դիմում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:

2. Սույն հոդվածում նշված գործերով Ազգային ժողովը Սահմանադրության 97-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ընդունած իր որոշման մեջ պետք է մատնանշի Հանրապետության Նախագահի այն իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որի ընդունումը կամ իրականացումն իր մեջ պարունակում է պետական դավաճանության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով (այսուհետ` Քրեական օրենսգիրք) նախատեսված այլ ծանր հանցագործության հատկանիշներ:

3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը հավաստող ապացույցներ:

4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

5. Սույն հոդվածում նշված գործերով դատավարությանը որպես դատավարության մասնակից պետք է ներգրավվի Հանրապետության Նախագահը, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները այնքանով, որքանով դա չի կարող վնաս պատճառել իր իրավունքներին և ազատություններին:

6. Հանրապետության Նախագահի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

7. Սույն հոդվածում նշված գործերի վարույթը չի կարող կարճվել Հանրապետության Նախագահի հրաժարականի կամ այլ հիմքով նրա լիազորությունների դադարման դեպքերում:

8. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

9. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից երեք ամիս հետո:

10. Գործը քննության ընդունելուց հետո մինչև գործի դատաքննությունն սկսվելը դիմումը չի կարող հետ վերցվել:

11. Գործը դատաքննության նախապատրաստելիս Գերագույն դատարանը կարող է ձևավորել նախաքննության մարմնի` օրենքով սահմանված լիազորություններով օժտված հատուկ հանձնախումբ, որում ընդգրկում է երկու դատավորների (որից մեկը` որպես հանձնախմբի ղեկավար): Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Գերագույն դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

12. Հատուկ հանձնախմբի ձևավորումը պարտադիր է, եթե դիմող կողմը կամ Հանրապետության Նախագահը միջնորդել է դրա ձևավորման վերաբերյալ:

13. Սույն հոդվածում նշված գործերի քննության ընթացքում Գերագույն դատարանը կամ հատուկ հանձնախումբը մասնավորապես իրավասու է՝

1) դատական, դատախազական, քննչական մարմիններից, պետական այլ մարմիններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու նյութեր, քրեական, քաղաքացիական, վարչական գործեր, դատավճիռներ, վճիռներ, որոշումներ, փորձագիտական եզրակացություններ, տեղեկանքներ և այլ նյութեր: Պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Գերագույն դատարանը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով.

2) հրավիրելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով կայացվելիք եզրակացության համար:

14. Դատական նիստը բացվելուց հետո Ազգային ժողովի ներկայացուցիչը (ներկայացուցիչները) ներկայացնում է (են) դիմող կողմի դիրքորոշումը, որից հետո ներկայացված փաստերի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնում Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչը: Դրանից հետո կատարվում է ապացույցների հետազոտում: Նիստի վերջում եզրափակիչ խոսքով հանդես են գալիս դիմող կողմը, որը կարող է պնդել իր դիմումը կամ հրաժարվել դրանից, և Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչը, որին (որոնց) տրամադրվում է պաշտպանությամբ հանդես գալու հնարավորություն: Այնուհետև Գերագույն դատարանը լսում է տվյալ գործով ձևավորված հանձնախմբի դիրքորոշումը գործի վերաբերյալ: Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչն ունեն վերջին ելույթի իրավունք: Վերջին ելույթից հետո Գերագույն դատարանը կարող է սույն օրենքով նախատեսված կարգով որոշում կայացնել գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ, իսկ այդպիսի որոշում չկայացվելու դեպքում նիստը նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:

15. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Հանրապետության Նախագահը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

16. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ եզրակացություններից մեկը`

1) Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի բացակայության մասին.

2) Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին:

17. Եզրակացություն ընդունելիս Գերագույն դատարանն իրավասու է նաև գնահատելու Քրեական օրենսգրքի` սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներն ամրագրող դրույթների սահմանադրականությունը: Հանգելով այդ դրույթների` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` Գերագույն դատարանն ընդունում է սույն հոդվածի 16-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը:

18. Սույն հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունում Գերագույն դատարանը պետք է նշի`

1) Հանրապետության Նախագահի այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են ծանր հանցագործության հատկանիշներ և այդ հանցագործության ճշգրիտ որակավորումը.

2) սույն մասի 1-ին կետում նշված արարքներում Հանրապետության Նախագահի մեղավորությունը հաստատող ապացույցները և դատարանի պատճառաբանված դիրքորոշումը դրանց հետազոտման վերաբերյալ:

19. Եզրակացությունն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, ուղարկվում է Ազգային ժողով և հայտարարվում հանրային հեռուստատեսությամբ:

(65-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 66.

Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը

 

1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ՝ Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան առաջիկա նիստում քննարկելուց հետո, և կառավարությունը՝ Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան հինգ օր հետո:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի կամ կառավարության որոշմանը պետք է կցվեն Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերը հավաստող ապացույցներ:

3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը Հանրապետության Նախագահին հնարավորություն է ընձեռում արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, եթե դա հնարավոր է:

5. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

6. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանն իրավասու է`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև բժշկական հաստատություններից պահանջելու նյութեր, որոշումներ, փորձագիտական եզրակացություններ, տեղեկանքներ և այլ նյութեր.

2) կանչելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով եզրակացություն ընդունելու համար:

7. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից հինգ օր հետո:

8. Եզրակացությունն ընդունվելուց ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է Ազգային ժողով, կառավարություն և հայտարարվում է հանրային հեռուստատեսությամբ:

9. Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության վերաբերյալ գործով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության մասին.

2) Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի բացակայության մասին։

(66-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 67.

Կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման վերաբերյալ գործերի քննությունը

 

1. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարան դիմում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, և կառավարությունը:

2. Գերագույն դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրության կամ կուսակցությունների մասին համապատասխան օրենքի պահանջների խախտման հատկանիշներ բացահայտելու դեպքում:

3. Այն կուսակցությունը, որի գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ դիմում է ներկայացվել, սահմանադրական դատավարությունում ներգրավվում է որպես պատասխանող, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:

4. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի կամ Կառավարության որոշմանը պետք է կցվեն կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հիմքերը հավաստող ապացույցներ:

5. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

6. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

7. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանն իրականացնում է սույն օրենքի 65-րդ հոդվածով նախատեսված իրավազորությունները:

8. Գերագույն դատարանն իրավասու է նաև որպես դիմումի ապահովման միջոց արգելանք դնելու տվյալ կուսակցության գույքի վրա:

9. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումի մուտքագրման օրվանից` երեք ամսվա ընթացքում:

10. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և տվյալ կուսակցությունը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը կարճվում է:

11. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) դիմումը մերժելու մասին.

2) կուսակցության գործունեությունը որոշակի ժամկետով կասեցնելու մասին, և կարող է այդ ժամկետում կուսակցության վրա դնել կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու պարտականություններ.

3) կուսակցության գործունեությունն արգելելու մասին:

12. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Գերագույն դատարանն իրավասու է գնահատելու նաև կուսակցությունների մասին օրենքի` քննվող գործով կիրառման ենթակա դրույթների սահմանադրականությունը, և հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` որոշում է ընդունում դիմումը մերժելու մասին:

13. Որոշումն ընդունվում է դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

(67-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

(Գլուխը խմբ. 14.12.2017 ՀՕ-39-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 68.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

2. Կանոնակարգն ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

13 հունիսի 2009թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-18-Ն