Համարը 
N 97
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2004
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" մարտի 2004թ.

N 97

 ք.Ստեփանակերտ

 

«Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին

(վերնագիրը փոփ. 12.10.2017 N 47-Ն)

 

 Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

(1-ին կետը փոփ. 12.10.2017 N 47-Ն)

2. Հաստատել`

ա/ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ/ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.

(2-րդ կետը փոփ. 12.10.2017 N 47-Ն)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին` աշխատակազմն ձևավորվելուց հետո երկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կանոնադրությունը և կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 161 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«16» մարտի 2004թ. թիվ 97 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

7. Նախարարության լրիվ անվանումն է՝

հայերեն լրիվ անվանումը՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն,

ռուսերեն լրիվ անվանումը՝ Министерство юстиции Республики Арцах,

անգլերեն լրիվ անվանումը՝ Ministry of Justice of the Republic of Artsakh:

8. Նախարարության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց, N 1, կառավարության շենք:

9. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) Արցախի Հանրապետության օրենսդրության կատարելագործումը.

2) Արցախի Հանրապետության օրենսդրության համակարգումը.

3) իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման ապահովումը.

4) իրավական ակտերի պաշտոնական թարգմանության, հրատարակման և վերահրատարակման ապահովումը.

5) oրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի ապահովումը.

6) նոտարական գործունեության կազմակերպումը.

7) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործառույթների իրականացումը.

8) Արցախի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց՝ բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշվածների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի, հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների պետական գրանցման ու հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.

9) հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

10) դատական ակտերի հարկադիր կատարման ապահովումը.

11) դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողության ապահովումը.

12) դատական փորձաքննությունների կատարման ապահովումը.

13) Արցախի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման և օգտագործման կազմակերպումն ու սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվների) և չափորոշիչների մշակումը.

14) սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպումը.

15) Արցախի Հանրապետության միջազգային կապերի իրավական ապահովման և միջպետական հարաբերություններում Արցախի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցության ապահովումը.

16) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման ապահովումը:

 

2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) օրենսդրության բնագավառում`

ա. օրենքով սահմանված կարգով նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության իրականացում և պետական գրանցում,

բ. Արցախի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու իրավական ակտերի նախագծերի մշակում,

գ. օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական օրինակների հաշվառում, համակարգում և պահպանում,

դ. օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացում,

ե. օրենքով սահմանված կարգով օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացում՝ իրավական տեղեկատվական համակարգում (www.arlexis.am),

զ. օրենքով սահմանված կարգով օրենսդրական, դատական, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական վերահրատարակման կազմակերպում,

է. օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական հրատարակման կազմակերպումը պաշտոնական տեղեկագրում.

2) նոտարիատի բնագավառում`

ա. նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում,

բ. նոտարական գրասենյակին Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի տրամադրում,

գ. նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կազմակերպում և իրականացում.

3) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման բնագավառում`

ա. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման իրականացում, պետական գրանցման գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.

4) պետական ռեգիստրի գործունեության բնագավառում`

ա. Արցախի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշվածների, պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում,

բ. հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

5) դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառում`

ա. դատական ակտերի հարկադիր կատարման ապահովում,

բ. դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակում և մեթոդական ղեկավարում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն.

6) դատական փորձաքննությունների կատարման բնագավառում`

ա. դատական փորձաքննությունների կատարման ապահովում.

7) արխիվային գործի բնագավառում`

ա. պետական քաղաքականության մշակում և իրականացում,

բ. արխիվային հավաքածուի կառավարում,

գ. արխիվային գործի և գործավարության կազմակերպման աշխատանքների համակարգում.

8) սնանկության գործերի բնագավառում`

ա. սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպում.

9) Արցախի Հանրապետության միջազգային կապերի իրավական ապահովման բնագավառում`

ա. Արցախի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված իրավական օգնության մասին պայմանագրերի պահանջներին համապատասխան` դատական հանձնարարությունների կատարմանը մասնակցություն,

բ. օրենքով սահմանված կարգով միջազգային, միջպետական կամ միջկառավարական պայմանագրի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելը,

գ. օրենքով սահմանված կարգով` միջազգային պայմանագրի դրույթների և Արցախի Հանրապետության օրենսդրության միջև հակասության կամ դրա բացակայության մասին կարծիք ներկայացնելը.

10) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման բնագավառում`

ա. քաղաքացիների (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների ու դիմումների` օրենքով սահմանված կարգով քննարկում, ինչպես նաև քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկում,

բ. օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում,

գ. զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովում,

դ. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:

 

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` նախարար) գլխավորում է նախարարությունը և կառավարում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:

Նախարարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:

Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

12. Նախարարն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:

13. Նախարարը`

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության, նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության կառավարություն.

3) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

4) իրականացնում է նախարարության աշխատակազմի կառավարումը` օրենքով և նախարարության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.

5) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.

6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի (տեղակալների), նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

7) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և նախարարության կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) վերահսկողություն է իրականացնում նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.

9) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.

10) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

11) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

12) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականին (խորհրդականներին), օգնականին (օգնականներին) ու մամուլի քարտուղարին.

13) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

14) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

15) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային աստիճաններ, դասային, հատուկ կոչումներ.

16) նախարարությունում հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող և արդարադատության համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց շնորհում է նախարարության հուշամեդալներ, կրծքանշաններ, ինչպես նաև հաստատում է դրանք շնորհելու կարգը և ձևերը.

17) տրամադրում է արձակուրդ նախարարության աշխատակազմի ղեկավարին` Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.

18) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (նախարարի տեղակալներից մեկը):

15. Նախարարի տեղակալը`

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության համակարգի պետական մարմինների և նախարարության կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ.

12) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

16. Նախարարը կարող է ունենալ խորհրդական (խորհրդականներ), օգնական (օգնականներ) և մամուլի քարտուղար:

17. Նախարարի խորհրդականը`

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագրերը.

2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարի կողմից կազմավորած աշխատանքային խմբերի, հանձնաժողովների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

18. Նախարարի օգնականը կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին:

Նախարարի օգնականը`

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

2) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

3) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

4) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

5) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

19. Նախարարի մամուլի քարտուղարը`

1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Արցախի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

20. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից կարող է ստեղծվել կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և Արցախի Հանրապետության կառավարություն է ներկայացնում նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

21. Նախարարի սահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիս` նախարարի խորհրդականը (խորհրդականները), նախարարի օգնականը (օգնականները) և նախարարի մամուլի քարտուղարը համագործակցում են միմյանց, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի և նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:

 

4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

22. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

23. Նախարարության աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

24. Նախարարության աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Արցախի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

25. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Արցախի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

26. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

27. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

28. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

29. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

30. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:

31. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

 

5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

32. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և նախարարության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

33. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

34. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (ծառայություններ, գործակալություններ):

36. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից:

40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

41. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

42. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

43. Արցախի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության ու նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

46. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

47. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան, նախարարի հրամանով, փոխարինում է նրա տեղակալը:

48. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` վերը նշված գործողություններն իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

5) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները.

13) ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

49. Նախարարության աշխատակազմը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

50. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

51. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

9. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

52. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(Հավելված 1-ը լրաց., խմբ., փոփ. 20.12.2005 N 563, խմբ. 23.12.2008 N 929, խմբ. 22.12.2011 N 986-Ն, լրաց. 01.04.2014 N 181-Ն, լրաց., խմբ. 21.09.2017 N 675-Ն, խմբ. 12.10.2017 N 47-Ն) 

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«16» մարտի 2004թ. թիվ 97 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Բաժիններ

 

1) Իրավական ակտերի փորձաքննության և օրենսդրության կատարելագործման բաժին

2) Իրավական ակտերի պաշտոնական հրատարակման բաժին

3) Իրավական տեղեկատվական համակարգի բաժին

4) Ֆինանսատնտեսական բաժին

5) Ընդհանուր բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

2) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալություն

3) Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

(Հավելված 2-ը խմբ. 20.12.2005 N 563, խմբ. 23.12.2008 N 929, խմբ. 22.12.2011 N 986-Ն, խմբ. 01.04.2014 N 181-Ն, խմբ. 12.10.2017 N 47-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ