Համարը 
թիվ 42-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.07.28/10(32)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
05.07.2010
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
05.07.2010
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«06» հուլիսի 2010թ.

Պետական գրանցման համարը 1021070

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«05» հուլիսի 2010թ.

թիվ 42-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 97 որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի 2-րդ ենթակետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 5-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 203 հրամանով հաստատված հրահանգի 192-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել նոտարների կողմից թարգմանիչներ ընտրելու և նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ նոտարական գործողությունների կատարման ժամանակ հայերենին չտիրապետող անձանց սպասարկելու, ինչպես նաև թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելու նոտարական գործողությունը կատարելու համար նոտարը պարտավոր է ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունում որակավորման ստուգում անցած թարգմանիչներ: Մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում աշխատող նոտարները պարտավոր են ունենալ առնվազն ռուսերեն և անգլերեն լեզուներին, իսկ այլ քաղաքներում աշխատողները՝ առնվազն ռուսերեն լեզվին տիրապետող թարգմանիչներ:

 

 

 

Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ արդարադատության նախարարի

«05» հուլիսի 2010թ. թիվ 42-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

1. Նոտարական գործողությունների կատարման ժամանակ հայերենին չտիրապետող անձանց սպասարկել, ինչպես նաև փաստաթղթերի՝ հայերենից օտար լեզվով կամ օտար լեզվից հայերեն թարգմանություն իրականացնել ցանկացող անձանց թարգմանչի որակավորման վկայականները (այսուհետև՝ վկայական) տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետև՝ նախարարություն) կողմից իրականացվող թարգմանչի որակավորման ստուգում (այսուհետև` ստուգում) անցնելուց հետո:

Սույն կարգի համաձայն ստուգվում են նաև թարգմանիչ համարվող՝ համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձանց որպես թարգմանիչ որակավորումը:

2. Վկայականներ ստանալու համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ)՝ բացի համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով վկայական ստանալու համար դիմածներից:

3. Վկայական ստանալու և ստուգման համար դիմողը նախարարություն է ներկայացնում՝

1) դիմում, որտեղ պետք է նշվեն՝

ա. դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).

բ. այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.

գ. դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

դ. դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

2) 2 գունավոր լուսանկար՝ 4x6 չափսի.

3) անձնագիր.

4) բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները:

Սույն կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից կազմված՝ դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում նախարարությունում:

4. Ստուգումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետև՝ նախարար) կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետև՝ հանձնաժողով):

5. Հանձնաժողովը՝

1) կազմակերպում է դիմողների ստուգման աշխատանքները.

2) ընտրում է թարգմանության համար նախատեսվող տեքստերը, որոնք ենթակա չեն հրապարակման.

3) որոշում է ստուգման վայրը, ժամանակը և դրա մասին հայտնում դիմողներին.

4) կարգավորում է ստուգող ու բողոքարկման հանձնաժողովների գործունեությանն առնչվող հարցերը.

5) քննում է դիմողների բողոքները՝ կապված ստուգման կազմակերպման հետ.

6) ընդունում է ստուգման կազմակերպման հետ կապված այլ որոշումներ.

7) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:

6. Դիմողների որակավորումը որոշելու համար ստուգվում են հայերենին և համապատասխան օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու նրանց գիտելիքները: 

7. Ստուգումները կազմակերպվում են առնվազն 2 տարին մեկ անգամ: Ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որոշակի լեզվից թարգմանչի բացակայության դեպքում նախարարի թույլտվությամբ կարող է անցկացվել արտահերթ ստուգում:

9. Ստուգումն անցկացվում է հայերենով և դռնբաց:

10. Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվում են հայերեն և համապատասխան օտար լեզուներով տեքստեր: Թարգմանության համար սահմանվում է երկու ժամ ժամանակ: Դիմողն իրավունք ունի թարգմանությունները կատարելիս օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից:

11. Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձանց որակավորումն ստուգվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

12. Թարգմանությունների ճշտությունն ստուգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ընտրված փորձագետների կողմից, որոնց անանուն են ուղարկվում թարգմանությունները:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որոշակի լեզվից փորձագետի բացակայության դեպքում տվյալ դիմողին հանձնաժողովի կողմից կարող է տրվել տեղեկանք՝ հիմք ընդունելով դիմողի կողմից ներկայացված համապատասխան լեզվին տիրապետելու մասին փաստաթղթերը:

14. Ստուգման արդյունքները գնահատում է փորձագետը: Ստուգման արդյունքները գնահատվում են 20 միավորի համակարգով: Դրական են համարվում 17 և բարձր միավորները:

15. Ստուգման ընթացակարգը չի կարող տևել ամսից ավելի, որը չի ներառում բողոքարկման գործընթացը:

16. Ստուգումների արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով իրազեկվում է ոչ ուշ, քան ստուգման մասին փորձագիտական եզրակացությունը նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:

17. Ստուգմանը չներկայացած դիմողները զրկվում են տվյալ ստուգմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը: Ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմողներին վերադարձվում է նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը՝ բացի դիմումից:

18. Ստուգման արդյունքները կարող են բողոքարկման հանձնաժողով բողոքարկվել ստուգման արդյունքների ստացումից հետո 10-օրյա ժամկետում:

19. Բողոքարկման հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմողի գնահատականը: Եթե բողոքարկման հանձնաժողովը բավարարում է դիմողի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա դիմողի ստացված միավորները համապատասխանաբար ավելացվում են:

20. Դրական միավորներ ստացած անձանց ստուգման մասին փորձագիտական եզրակացությունը նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում նախարարության կողմից տրվում է որակավորման ստուգման փաստի մասին տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք): Սույն կարգի համաձայն տեղեկանք տալով՝ նախարարությունը նոտարներին տեղեկացնում է միայն անձի որակավորման ստուգման փաստի մասին: Նոտարը պարտավոր չէ որպես թարգմանիչ ընտրել իրեն դիմած՝ տեղեկանք ստացած անձին:

21. Նախարարության կողմից վարվում է տեղեկանք ստացած անձանց գրանցամատյան, որտեղ պետք է նշվեն՝

1) տեղեկանքի համարը.

2) տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

3) ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).

4) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) տեղեկանք ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ.

5) տեղեկանք ստացած անձի բնակության և գործունեության վայրերը.

6) տեղեկություններ տեղեկանքի վերաձևակերպման և գործունեության դադարեցման մասին:

Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, իսկ գրանցամատյանը կնքվում է նախարարության կնիքով:

22. Տեղեկանքի հիման վրա թարգմանչին տրվում է վկայական, եթե նա որպես թարգմանիչ ընտրվում է որևէ նոտարի կողմից: Վկայական ստանալու համար թարգմանիչը նախարարություն պետք է ներկայացնի՝

1) դիմում, որտեղ պետք է նշվեն՝

ա. թարգմանչի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում),

բ. այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) թարգմանիչը ստացել է տեղեկանք,

գ. թարգմանչի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).,

դ. թարգմանչի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

2) երկու գունավոր լուսանկար՝ 4x6 չափսի.

3) անձնագրի պատճենը.

4) տեղեկանքի պատճենը.

5) անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականի պատճենը կամ տեղեկանք աշխատանքի վայրից.

6) իր կողմից իրականացվող թարգմանությունների գնացուցակը.

7) որպես իր թարգմանիչ ընտրելու մասին նոտարի կողմից տրված նամակ:

23. Սույն կարգի 22-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում նախարարության կողմից թարգմանչին տրվում է վկայական, որում նշվում են՝

1) վկայական տվող մարմնի անվանումը.

2) վկայականի համարը.

3) վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

4) թարգմանչի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).

5) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) թարգմանիչն իրավունք ունի կատարելու թարգմանությունները.

6) այն նոտարի կամ նոտարների անունները, ազգանուններն ու նոտարական տարածքները, որոնք թարգմանչին ընտրել են.

7) տեղեկություն այն մասին, որ վկայականը չի կարող օգտագործվել այլ նպատակով:

Վկայականի վրա փակցվում է թարգմանչի լուսանկարը: Վկայականը վավերացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի ստորագրությամբ և նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիքով:

24. Վկայական ստացած անձի կողմից իրականացվող թարգմանությունների գնացուցակում գները պետք է նշված լինեն ըստ թարգմանվող բառերի քանակի: Վկայական ստացած անձն իրավունք ունի փոփոխել իր կողմից իրականացվող թարգմանությունների գնացուցակի գները՝ այդ մասին նախարարությանը և նոտարին նախօրոք գրավոր հայտնելուց հետո միայն:

Վկայական ստացած անձի բնակության կամ գործունեության վայրի, հեռախոսի, ֆաքսի համարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխման դեպքում նա պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել նախարարությանը և նոտարին:

25. Վկայական ստացած անձը նոտարին տալիս է պարտավորագիր (ձևը կցվում է), ինչպես նաև նրա ոչ պակաս քան երեք ստորագրությունների օրինակները, նրա կնիքի դրոշմի պատկերը (կնիքի առկայության դեպքում): Եթե վկայական ստացած անձն օգտագործում է ձևաթղթեր, ապա նոտարին տրվում են նաև դրանց նմուշները:

26. Տվյալ լեզվին տիրապետող թարգմանիչ չունեցող նոտարն իրավունք ունի մեկանգամյա նոտարական գործողություններ կատարելու համար հրավիրել նախարարության կողմից ստուգում անցած թարգմանչի: Այս դեպքում թարգմանչից պահանջվում է նոտարին ներկայացնել սույն կարգի 22-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

27. Վկայական ստացած յուրաքանչյուր անձի համար նախարարությունում կազմվում է առանձին անձնական գործ, որում ընդգրկվում են սույն կարգի 22-րդ կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև վկայական ստացած անձի կողմից նոտարին տրված սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի մեկ օրինակը:

28. Նոտարը պարտավոր է նոտարական գրասենյակի տեսանելի տեղում փակցնել իր կողմից ընտրված վկայական ստացած անձանց մասին համապատասխան տվյալներ, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող թարգմանությունների գնացուցակը:

29. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչացնելու և այլն) դեպքում վկայական ստացած անձը դրա մասին դիմում է ներկայացնում նախարարությանը ու նոտարին, ինչպես նաև տալիս հայտարարություն զանգվածային լրատվության միջոցներով:

Նախարարությունը կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 օրվա ընթացքում:

30. Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում վկայական ստացած անձը նախարարությանը ներկայացնում է դիմում՝ վկայականի կրկնօրինակը ստանալու համար:

Նախարարությունը ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն դիմողին տալիս է նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող երրորդ օրը:

31. Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

32. Վկայական ստացած անձի անվան, ազգանվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում նա պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից սկսած 15-օրյա ժամկետում դիմել նախարարությանը՝ վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր վկայական տալու համար:

Վկայականում փոփոխություններ են կատարվում կամ նոր վկայական է տրվում նաև այն դեպքում, երբ տվյալ անձն անցել է այլ լեզվի ստուգում, որով նա իրավունք ունի կատարելու թարգմանություններ:

33. Վկայականը տրվում է անժամկետ:

34. Վկայական չստացած անձը նոր ստուգում անցնելու համար կարող է դիմել սույն կարգին համապատասխան:

35. Վկայական ստացած անձը նոտարական գործողությունների համար կարող է թարգմանություններ կատարել միայն որպես անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպության աշխատող:

36. Վկայականի գործողությունը դադարեցվում է հանձնաժողովի որոշմամբ, եթե՝

1) վկայական ստացած անձը թարգմանություններ կատարելիս պարբերաբար խախտել է նոտարիատի մասին օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջները.

2) վկայական ստացած անձը չի պահպանել նոտարական գաղտնիքը կամ դիտավորյալ սխալ թարգմանություն է կատարել.

3) վկայական ստացած անձի կողմից վկայական ստանալու համար ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.

4) վկայական ստացած անձի դիմումի համաձայն.

5) վկայական ստացած անձի մահվան դեպքում.

6) վկայական ստացած անձը խախտել է իր կողմից ներկայացված գնացուցակի առավելագույն սահմանը.

7) սույն կարգի 22-րդ կետի 7-րդ ենթակետում նշված նոտարը գրավոր հրաժարվում է տվյալ վկայականն ստացած թարգմանչին ընտրելու մասին իր որոշումից:

37. Վկայականի գործողության դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման մասին վկայական ստացած անձին պատշաճ ձևով իրազեկվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին:

Հարցի քննարկմանը վկայական ստացած անձի չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե վկայական ստացած անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում, որը կարող է բավարարվել, եթե նա հարգելի պատճառով չի կարող մասնակցել քննարկմանը:

Նշված հարցը քննարկվում է դռնբաց:

38. Վկայականի գործողության դադարեցման դեպքում նոտարը պարտավոր է հրաժարվել այդ թարգմանչի ծառայություններից:

39. Վկայականի գործողության դադարեցման դեպքում նախարարություն է վերադարձվում վկայականը, որը կցվում է ստուգում անցած անձի անձնական գործին:

40. Վկայականի գործողության դադարեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

 

Ձև 

 

ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ

 

____ ______________20 թ. 

ք.__________________

                         

 

Ես_______________________________________________________________

                                       անունը, ազգանունը, հայրանունը

_________________________________________________________________

                                                  բնակության վայրը

_________________________________________________________________

                          անձնագրի համարը, ե՞րբ և ու՞մ կողմից է տրված

 

պարտավորվում եմ գրավոր կամ բանավոր թարգմանությունները կատարել լրիվ, ճշտորեն և ժամանակին՝ պահպանելով նոտարական գործողությունների գաղտնիությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերի այլ պահանջները:

Իմ կողմից կատարված ոչ լրիվ կամ սխալ թարգմանությունների հետևանքով նոտարին կամ նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասների հատուցման պարտականությունը վերցնում եմ ինձ վրա:

 

____________________

ստորագրություն