ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ № 9
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 69-ՐԴ, 71-ՐԴ ԵՎ 106-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ուսումնասիրելով ԱՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ, 71-րդ և 106-րդ հոդվածների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանում տրամադրելու վերաբերյալ ԱՀ Գերագույն դատարանի նախագահի կողմից ԱՀ դատական օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի հիման վրա ներկայացված դիմումը` ԱՀ դատարանների նախագահների խորհուրդը`
Պ Ա Ր Զ Ե Ց
1. ԱՀ դատարանների նախագահների խորհրդին հասցեագրած իր դիմումում ԱՀ Գերագույն դատարանի նախագահը նշել է, որ քաղաքացիական գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման արդյունքում պարզվել է, որ ծնողից երեխայի օգտին ալիմենտի բռնագանձման գործերով դատական պրակտիկայում առկա է ԱՀ օրենսդրության ոչ միատեսակ կիրառում:
2. ԱՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ և 71-րդ հոդվածները նախատեսում են դատական կարգով երեխայի համար ալիմենտի բռնագանձման 3 եղանակ` ծնողի վաստակից բաժնային հարաբերակցությամբ, կայուն դրամական գումարով, կայուն դրամական գումարով և բաժիններով միաժամանակ:
Կայուն դրամական գումարով կամ կայուն դրամական գումարով և բաժիններով միաժամանակ ալիմենտ դատարանն իրավունք ունի սահմանել, եթե ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերը, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ, վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով, վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի:
Սակայն, դատական պրակտիկայում խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ դատարանի վճռով ալիմենտ սահմանվելուց հետո հանգամանքները փոխվում են, օրինակ` ի հայտ են գալիս ԱՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պարագայում օրենսդրությամբ նախատեսվում է ալիմենտի վճարման այլ եղանակ:
Այս հարցի շուրջ ԱՀ դատական պրակտիկայի ամփոփումը ցույց է տվել, որ վերոնշյալ դեպքերում ալիմենտի վճարման եղանակի փոփոխությունը դիտվում է որպես ալիմենտի չափի փոփոխություն, և այդ հարաբերությունների նկատմամբ կիրառվում է ԱՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածը, համաձայն որի` ալիմենտի սահմանված չափը կարող է փոխվել միայն երկու պայմանների` կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրության միաժամանակյա փոփոխության պարագայում:
Սակայն, ալիմենտի վճարման եղանակի փոփոխությունը և ալիմենտի չափի փոփոխությունը տարբեր հասկացություններ են: Ալիմենտի վճարման եղանակի փոփոխությունը կախված է ալիմենտ վճարողի բնակության վայրի, եկամտի ձևի փոփոխությունից և այլ հանգամանքներից, իսկ չափի փոփոխության համար անհրաժեշտ է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրության միաժամանակյա փոփոխություն:
Ալիմենտի վճարման եղանակի փոփոխությունը երբեմն կարող է հանգեցնել նաև չափի փոփոխության, բայց դա ալիմենտի վճարման եղանակի փոփոխության հետևանք է, այլ ոչ թե ալիմենտի չափի փոփոխություն, քանի որ միշտ չէ, որ վճարման եղանակի փոփոխությունը հանգեցնում է չափի փոփոխության:
Ալիմենտի վճարման եղանակի փոփոխության կարգը ԱՀ ընտանեկան օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրված չէ: Սակայն ԱՀ ընտանեկան օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` եթե ընտանիքի անդամների միջև հարաբերությունները կարգավորված չեն ընտանեկան օրենսդրությամբ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույնպիսի հարաբերությունները կարգավորող ընտանեկան իրավունքի նորմերը: ԱՀ ընտանեկան օրենսգրքի 106-րդ հոդվածում նշված է, որ շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան` ալիմենտի չափը կայուն դրամական գումարով որոշելու կամ այլ եղանակով ալիմենտ վճարելու մասին պահանջով, եթե ալիմենտ վճարելու պարտավոր անձը մշտական բնակության համար մեկնում է օտարերկրյա պետություն:
Այսպիսով, ԱՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ և 71-րդ հոդվածներով նախատեսված ալիմենտի վճարման եղանակների փոփոխության վերաբերյալ իրավական նորմերի բացակայության պայմաններում այդ հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել ԱՀ ընտանեկան օրենսգրքի 106-րդ հոդվածում ամրագրված իրավունքի նորմը, և ալիմենտ վճարելու եղանակը կարող է փոխվել բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պարագայում օրենսդրությամբ նախատեսվում է ալիմենտի վճարման այլ եղանակ:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը, նպատակ ունենալով ապահովելու օրենսդրության ճիշտ և միատեսակ կիրառումը` Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը`
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ Է
Շահագրգիռ անձի դիմումով դատարանն ալիմենտի վճարման եղանակը փոփոխում է ոչ միայն այն դեպքում, երբ ալիմենտ վճարելու պարտավոր անձը մշտական բնակության համար մեկնում է օտարերկրյա պետություն, այլ նաև այն դեպքերում, երբ բաժնով ալիմենտ վճարող ծնողն ազատվում է աշխատանքից կամ կայուն դրամական գումարով ալիմենտ վճարող ծնողն ընդունվում է աշխատանքի կամ էլ ի հայտ են գալիս ԱՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված այլ հանգամանքներ:
ԱՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ |
25 օգոստոսի 2017թ.
ք. Ստեփանակերտ |
|