ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
դեկտեմբերի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2008 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-60-Ն քրեակատարողական օրենսգիրքը (փոփոխություններով և լրացումներով հանդերձ), այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք» (այսուհետ` օրենսգիրք):
Հոդված 2. Օրենսգրքով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քրեակատարողական մարմիններում ծառայությունը համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության մարմիններում ծառայություն:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական մարմնի գործունեության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 4. Օրենսգրքում քրեակատարողական ծառայությանը և նրա ստորաբաժանումներին վերապահված լիազորությունները համապատասխանաբար վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական մարմնին և նրա ստորաբաժանումներին, իսկ արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայության ղեկավարին վերապահված լիազորությունները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական մարմնի ղեկավարին:
Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով սահմանադրական դատարանի և վճռաբեկ դատարանի նախագահներին վերապահված լիազորությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահին:
Հոդված 5. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատժի կատարումը անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենսգրքով կիսաբաց, կիսափակ և փակ տեսակների ուղղիչ հիմնարկներին ներկայացվող պահանջներին:
Բաց և բուժական տեսակի ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների պատժի կատարումը, ինչպես նաև անչափահաս, կին և օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ և ութերորդ կետերով սահմանված դատապարտյալների պատժի կատարումը կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական համաձայնագրով:
Հոդված 6. Օրենսգրքից բխող իրավական ակտերն ընդունվում են մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը:
Մինչև 2008 թվականի հունվարի 1-ն ընդունված քրեակատարողական նորմեր պարունակող իրավական ակտերը կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:
Մինչև 2008 թվականի հունվարի 1-ն ընդունված քրեակատարողական նորմեր պարունակող իրավական ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչև համապատասխան օրենքը գործողության մեջ դնելը:
Հոդված 7. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Տուգանքի դատապարտված անձանց պատժի կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի մայիսի 23-ի ՀՕ-25 օրենքը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
30 դեկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-117 |
|