ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՌԱՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 247-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
ք.Ստեփանակերտ |
14 հունիսի 2017թ. |
Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը՝ կազմով Ն.Նարիմանյանի /նախագահող/, Գ.Արզումանյանի, Ի.Կարապետյանի /զեկուցող/,
մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/՝
դիմող Ռ.Սարգսյանի ներկայացուցիչ Ա.Մադաթյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր մասնագետ Մ.Սաֆարյանի, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետի, 2-րդ մասի 2.6-րդ կետի, «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ և 57-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռայա Սարգսյանի դիմումի հիման վրա՝ ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Ռայա Սարգսյանի` 2017 թվականի մարտի 28-ին Արցախի Հանրապետության Գերագույն դատարան մուտքագրված դիմումն է /որն ուղարկվել է փոստային ծառայության միջոցով 27.03.2017թ./:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, հետազոտելով ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը /այսուհետ՝ նաև Օրենսգիրք/ ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2008 թվականի դեկտեմբերի 17-ին, ԼՂՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2008 թվականի դեկտեմբերի 30-ին /ՀՕ-76 Ն/ և ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 1-ից:
Օրենսգրքի՝ վիճարկվող իրավանորմը լրացվել և շարադրվել է այլ խմբագրությամբ ԼՂՀ Ազգային ժողովի կողմից 20.04.2015թ. ընդունված օրենքով, որը ստորագրվել է ԼՂՀ Նախագահի կողմից 15.05.2015թ. /ՀՕ-18 Ն/ և ուժի մեջ մտել 2016 թվականի հունվարի 1-ից:
Օրենսգրքի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը» վերտառությամբ 247-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Գերագույն դատարանը հանգում է այն հետևության, որ՝
1/ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.
2/ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ
3/ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:»:
Դիմողը գտել է, որ ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ԼՂՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 45-րդ հոդվածի 1-ին մասին, 50-րդ հոդվածի 1-ին մասին, 55-րդ հոդվածի 3-րդ մասին:
Արցախի ժողովուրդը 2017 թվականի փետրվարի 20-ի հանրաքվեով ընդունել է նոր Սահմանադրություն՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, որի 1-3-րդ և 12-րդ գլուխները 2017 թվականի մարտի 10-ին մտել են ուժի մեջ: Ըստ Արցախի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրության 4-11-րդ գլուխները, բացառությամբ «Հանրապետության նախագահի լիազորությունները» վերտառությամբ 93-րդ հոդվածի 11-րդ կետի /նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը…./ և «Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելը» վերտառությամբ 96-րդ հոդվածի, ուժի մեջ են մտնում Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Այսինքն՝ ներկա պահին դեռ գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006թ. Սահմանադրության՝ դատարաններին և սահմանադրական արդարադատություն իրականացնելուն վերաբերող 113-րդ և 114-րդ հոդվածների դրույթները:
Դիմողի կողմից մատնանշված ԼՂՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 45-րդ հոդվածի 1-ին մասը, 50-րդ հոդվածի 1-ին մասը, 55-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում են նոր՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ արդեն իսկ գործող 2-րդ գլխի համապատասխանաբար 61-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ և 39-րդ հոդվածներին:
Արցախի Հանրապետության Սահմանադրության նորմերի բովանդակությունը, որոնց, դիմողի կարծիքով, հակասում է ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը, հետևյալն է.
Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառությամբ 61-րդ հոդվածի համաձայն.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:»:
Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ «Արդար դատաքննության իրավունքը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:»:
Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ «Դատապարտվածի բողոքարկման իրավունքը» վերտառությամբ 69-րդ հոդվածի համաձայն. «Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք:»:
Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ «Մարդու ազատ գործելու իրավունքը» վերտառությամբ 39-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
2013 թվականի դեկտեմբերի 9-ին «Արցախբանկ» ՓԲԸ և «Նոր տեխնոլոգիաների կենտրոն SHOTIA» ՓԲԸ /այսուհետ՝ նաև Ընկերություն/, ի դեմս տնօրեն Աշոտ Մովսեսյանի /դիմող Ռ.Սարգսյանի որդին/, միջև կնքվել է թիվ B/156 վարկային պայմանագիրը, համաձայն որի՝ Ընկերությանը տրամադրվել է 24.700 ԱՄՆ դոլար գումարի չափով չնորացվող վարկային գիծ, 16 տոկոս տարեկան տոկոսադրույքով, մինչև 01.09.2018թ. մարման ժամկետով:
Վերոնշյալ վարկի ապահովման համար 09.12.2013թ. կնքված թիվ B/156 հիփոթեքի պայմանագրով գրավադրվել է Անդրանիկ Մուշեղի Մովսեսյանին, Ռայա Միքայելի Սարգսյանին և Աշոտ Անդրանիկի Մովսեսյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող բնակարանը: Հիփոթեքի պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ գրավով ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գրավի առարկայի վրա տարածվում է բռնագանձում: Աշոտ Մովսեսյանը 23.03.2015թ. մահացել է: Ըստ գործի տվյալների՝ Ընկերության միակ հիմնադիրը և տնօրենը Աշոտ Մովսեսյանն էր: 10.02.2016թ. դրությամբ Ընկերության վարկային պարտավորությունները, ըստ բանկի տվյալների, կազմել են 26.671,47 ԱՄՆ դոլար:
«Արցախբանկ» ՓԲԸ 24.05.2016թ. հայցով դիմել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նշված գումարը, տոկոսներն ու տույժերը բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջով:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հունիսի 10-ի վճռով «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ «Նոր տեխնոլոգիաների կենտրոն SHOTIA» փակ բաժնետիրական ընկերության, Ռայա Միքայելի Սարգսյանի, Անդրանիկ Մուշեղի Մովսեսյանի, Նարինե Հրանտի Հայրիյանի՝ 26.671,47 ԱՄՆ դոլար և 2016 թվականի փետրվարի 10-ից մինչև պարտավորության փաստացի մարումը հաշվեգրվելիք տոկոսներն ու տույժերը բռնագանձելու, բռնագանձումը գրավադրված գույքի՝ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի թիվ 18/27 հասցեում գտնվող բնակարանի վրա տարածելու…պահանջների մասին, բավարարվել է: ԼՂՀ վերաքննիչ դատարանի 2016 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ԼՂՀ Գերագույն դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ պատասխանող Ռայա Սարգսյանի ներկայացուցիչ Ա.Մովսեսյանի՝ ԼՂՀ վերաքննիչ դատարանի 2016 թվականի օգոստոսի 3-ի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Գերագույն դատարանը գտել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար:
3. Դիմող կողմն իր դիրքորոշումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.
Իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է նաև պաշտպանությունը ստորադաս դատարանների անիրավազոր որոշումներից՝ վերադաս դատական ատյան դիմելու միջոցով:
Ըստ դիմողի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչված չլինելու պարագայում, ԼՂՀ Գերագույն դատարանը, որպես վերջնական դատական ատյան, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման կապակցությամբ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի ընդունման հարցը քննարկելիս, չի կարող ունենալ իր կարծիքի իրավունք, այլ պարտավոր է քննել այդ վճռաբեկ բողոքն ըստ էության, եթե դա ձևակերպված է իրավաբանորեն ճիշտ: Եթե Գերագույն դատարանն իր հայեցողությամբ հրաժարվում է քաղաքացու բերած վճռաբեկ բողոքն ընդունել դատական քննության, ապա ի՞նչ պետք է անի քաղաքացին այդ դեպքում, ինչպե՞ս նա կարող է օգտագործել ԼՂՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված իր սահմանադրական իրավունքը:
Դիմողը նշել է, որ ԼՂՀ իրավական դաշտը նույնական է ՀՀ իրավական դաշտին, սակայն ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն դիմելու միջազգային մարմիններին, իսկ ԼՂՀ քաղաքացիները նման հնարավորություն չունեն: ԼՂՀ-ում գոյություն ունի եռաստիճան դատական համակարգ: Եթե քաղաքացին, ելնելով գործող օրենքների նորմերից, կարող է հիմնավորել իր նկատմամբ կայացված դատավճռի անարդարությունը, ապա նա ունի սահմանադրական իրավունք պահանջելու այդ դատավճռի վերանայումը՝ ինչպես դատական երկրորդ ատյանում, այնպես էլ՝ երրորդ ատյանում: Սակայն ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը չի երաշխավորում քաղաքացու՝ իր սահմանադրական իրավունքի իրականացման հնարավորությունը:
Դիմողը, վկայակոչելով ԼՂՀ Սահմանադրության 113-րդ հոդվածի 3-րդ մասը, ԼՂՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և 29-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ Գերագույն դատարանն ապահովում է Սահմանադրության գերակայությունը և պարտավոր է պաշտպանել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, սակայն Գերագույն դատարանն առանց քննելու առերևույթ դատական սխալի հիմքով բերած իր վճռաբեկ բողոքը, իր 27.09.2016թ. որոշմամբ մերժել է բողոքի ընդունումը:
Դիմողի կարծիքով, ստորադաս դատարաններն անօրեն են բռնագանձել իրավաբանական անձի պարտքը և բռնագանձումը տարածել անմեղ տարեց թոշակառուի գույքի վրա: Վկայակոչելով ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ, 248-րդ հոդվածները և 417-րդ հոդվածի 1-ին մասը` դիմողը եզրակացրել է, որ ԼՂՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսում պարտապանի մահվան դեպքում պարտապանի վարկային պարտավորությունների անցումը գրավատուին: Բռնագանձում տարածելը կլինի լեգիտիմ, եթե այն բխի պայմանագրից, իսկ եթե պայմանագրում նախատեսված չէ դրույթ ֆորս-մաժորային իրավիճակների մասին, ապա գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելն անհնար է: Դիմողի համոզմամբ ԼՂՀ ստորադաս դատարանները գրավատուին հարկադրել են կրելու պարտավորություն, որը սահմանված չէ Սահմանադրությամբ կամ այլ օրենքներով: Վերոգրյալի հիման վրա դիմողը եզրակացրել է, որ ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ԼՂՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերին, 45-րդ հոդվածի 1-ին մասին, 50-րդ հոդվածի 1-ին մասին, 55-րդ հոդվածի 3-րդ մասին, քանի որ նրան զրկում է դատական պաշտպանության իրավունքից և քաղաքացուն թույլ չի տալիս իրավաբանորեն վերացնելու իր սահմանադրական իրավունքի խախտումը և ազատվելու ապօրինի հարկադրանքից:
Դիմողը միաժամանակ առաջարկել է ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, որը, իր կարծիքով, չի հակասում ԼՂՀ Սահմանադրությանը, այն է՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե՝ …..2/ վճռաբեկ բողոքում կա հիմնավորում այն մասին, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա…:
4. Պատասխանող կողմը, առարկելով դիմումի դեմ, նշել է, որ դիմումում վկայակոչված ԼՂՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 45-րդ և 50-րդ հոդվածների 1-ին մասերը, 55-րդ հոդվածի 3-րդ մասը չեն համապատասխանում Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, նշված դրույթներն ամրագրված են Սահմանադրության այլ հոդվածներում /39, 61, 63, 69-րդ/: Անընդունելի է դիմող կողմի պնդումն այն մասին, որ ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը հակասահմանադրական է, քանի որ հոդվածում սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնց հիման վրա Գերագույն դատարանը վճռաբեկ բողոքն ընդունում է քննության, իսկ ինչ վերաբերում է «վճռաբեկ բողոքում կա հիմնավորում այն մասին» շարադրանքին, ապա դա չի կարող դատարանի համար ունենալ կանխակալ նշանակություն, քանի որ օրենսգրքի 247-րդ հոդվածի իմաստով դատական սխալ են համարվում նույն օրենսգրքի 230.4-րդ հոդվածով նախատեսված դեպքերը: Պատասխանող կողմը գտնում է, որ դիմումի փաստարկները հիմնավոր չեն, և դիմումը ենթակա է մերժման:
5. Սույն գործի քննության շրջանակում Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը հարկ է համարում արձանագրել, որ միջազգային իրավական փաստաթղթերում, մասնավորապես՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում օգտագործվում են «պետական կամ հանրային անվտանգություն» հասկացությունները, որոնք հիմնականում առնչվում են ժողովրդավարական հասարակության մեջ մարդու իրավունքների հնարավոր սահմանափակումների շրջանակների հստակեցմանը: «Իրավական անվտանգություն» հասկացությունը լայն իմաստով դիտարկվում է որպես իրավունքի սուբյեկտների /անհատ, պետություն, հասարակություն/ կենսականորեն կարևոր շահերի իրավական պաշտպանվածության վիճակ, սուբյեկտիվ և օբյեկտիվ բնույթ կրող ներքին և արտաքին սպառնալիքներին իրավական միջոցներով դիմակայելու և խախտված շահերի ու իրավունքների վերականգնման հնարավորություն:
Նեղ իմաստով իրավական անվտանգությունը դիտարկվում է որպես բուն իրավական համակարգի ներքին կայունության, պաշտպանվածության երաշխիք:
Մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման հիմնական սկզբունքների իրացման հիմնական առաջնահերթություններից է արդյունավետ արդարադատության առկայությունը:
Սահմանադրաիրավական պահանջն այն է, որ արդարադատություն իրականացնելու ճանապարհով դատարանները պետք է.
-հակակշռող և զսպող դերակատարություն ունենան իշխանությունների բաժանման համակարգում՝ կատարելով սահմանադրորեն իրենց վերապահված պետաիշխանական առաքելությունը,
-նպաստեն իրավունքի զարգացմանը, օրենքի բացի հաղթահարմանը, իրավական որոշակիության երաշխավորմանը,
-պաշտպանեն մարդու և քաղաքացու իրավունքներն և հիմնարար ազատությունները,
-երաշխավորեն օրենքի միատեսակ կիրառումը:
Միջազգային իրավական ակտերով սահմանված մարդու իրավունքների դատական պաշտպանության սկզբունքն իր արտացոլումն է ստացել Արցախի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածում:
ԼՂՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետի և 2-րդ մասի 2.6 կետի համաձայն՝ օրենքների,…Սահմանադրությանը համապատասխանության հարցերով Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով Գերագույն դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ ակտի դրույթների սահմանադրականությունը:
«Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 56-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտերի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործերով որոշում ընդունելիս Գերագույն դատարանը պարզում է վիճարկվող ակտի կամ վերջինիս առանձին դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը՝ մասնավորապես հաշվի առնելով՝
…
3/ մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը.
…
6/ Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը:
6. Պարզելու համար, թե որքանով է ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի վիճարկվող դրույթն ապահովում մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, Գերագույն դատարանն անհրաժեշտ է համարում վերլուծել դիմող կողմի վկայակոչած նորմի բովանդակությունը, այն համադրելով Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքներին վերաբերող նորմերի հետ:
Քննարկվող դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դիմողի կարծիքով Գերագույն դատարանը պետք է բոլոր վճռաբեկ բողոքներն ընդունի վարույթ և քննի:
Այսինքն՝ Գերագույն դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե, արդյոք, վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու՝ ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածով նախատեսված հիմքեր սահմանելը խախտու՞մ է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
Գերագույն դատարանը սույն գործով անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատել դատական պաշտպանության և դրա կարևոր տարր հանդիսացող արդարադատության մատչելիության, արդար դատաքննության իրավունքների համատեքստում և ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական ատյանների աստիճանակարգությունը պահպանելու տեսանկյունից, կարևորելով.
-արդարադատության մատչելիության /դատարան դիմելու իրավունքի/՝ որպես Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության իրավունքի իրացման կարևոր նախապայմանի ազատ իրականացման երաշխավորումը, գնահատելով այն այդ իրավունքի իրացման ընթացակարգային գործող կանոնների և դրանց կիրառմամբ առաջացած իրավական հնարավոր հետևանքների շրջանակներում,
-վեճի առարկա կանոնակարգմամբ պայմանավորված՝ իրավական սահմանափակման համադրելիությունն արդարադատության մատչելիության իրավունքի բուն էությանը, ինչպես նաև այդ իրավունքի իրացման միջազգային իրավական չափանիշներին,
-քննության առարկա նորմատիվ կարգավորմամբ հետապնդվող նպատակի և դրան հասնելու իրավական միջոցի համաչափությունը, ինչպես նաև դատական հայեցողության շրջանակները:
Գերագույն դատարանը հարկ է համարում փաստել, որ անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացումը երաշխավորելու տեսանկյունից ընդհանրապես առաջնահերթ կարևոր է, թե որքանո՞վ է մատչելի /հասանելի/ արդարադատությունը, ինչպիսի՞ իրավական պայմաններ են առաջադրված դատարան դիմելու իրավունքն իրացնելու և դատավարական կոնկրետ ընթացակարգի շրջանակներում արդար, հրապարակային դատաքննությամբ անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար:
Պետք է նկատի ունենալ, որ՝
-դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
-ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
-դատարանի մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
-դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
-դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմաններ, բողոքարկման ժամկետ սահմանելիս պետք է գերակայեն մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները,
-դատական ակտի պատճառաբանվածությունը, ըստ որի ընդունվում կամ մերժվում է անձի դիմումը, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման իրավունքը մատչելիության իրավունքի իրացման երաշխիքներ են,
-օրենսդրական կանոնակարգումը չի կարող սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն առաջացնել անձանց համար՝ կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, արդյունքում չապահովելով դատարանի մատչելիության իրավունքը:
7. Ըստ ԼՂՀ Սահմանադրության՝ Արցախի Հանրապետության դատական համակարգը բաղկացած է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններից և Գերագույն դատարանից, ինչպես նաև օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններից: Գործող եռաստիճան դատական համակարգի պայմաններում դատական ատյաններից յուրաքանչյուրն ունի իր գործառույթները՝ առաջին ատյանի դատարանը գործերի ըստ էության քննության և լուծման միջոցով իրականացնում է անձանց խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, վերաքննիչ դատարանը դատական սխալներն ուղղելու գործառույթի միջոցով իրականացնում է անձանց իրավունքների պաշտպանությունը, իսկ Գերագույն դատարանը /վճռաբեկության կարգով գործը քննելիս/ կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
Դատարանների աստիճանակարգությունն առաջին հերթին կոչված է ապահովելու դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության վերահսկողությունը վերադաս դատարանների կողմից, դատական սխալների ժամանակին ուղղումը, որն էլ երաշխավորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց օրինական շահերի և իրավունքների առավել պաշտպանությունը:
8. Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը պետության բարձրագույն դատական ատյանն է: Գործը վճռաբեկության կարգով քննելիս Գերագույն դատարանի գործունեության նպատակն է, ըստ ԼՂՀ Սահմանադրության՝ ներկայումս գործող 113-րդ հոդվածի 3-րդ մասի, ապահովել Սահմանադրության գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառումը:
Գերագույն դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում էապես փոխվել է Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի կարգավիճակը, որի արդյունքում վերջինիս Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածով վերապահվեց ոչ միայն օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման, այլև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացման գործառույթը: Այսպես՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Որպես բարձրագույն դատական ատյան՝ Գերագույն դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝
1/ ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2/ վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:»:
9. Բարձրագույն դատական ատյանի հասկացությունը չի ենթադրում դատական համակարգի տարբեր օղակների միջև ղեկավարման և ենթակայության հարաբերություններ:
Գերագույն դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Գերագույն դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու լիազորությունների իրականացման համար, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը, որը կոչված է ապահովելու անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը: Վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանները սահմանելիս պետք է գերակայեն վճռաբեկ ատյանի մատչելիության և արդյունավետ բողոքարկման իրավունքի ապահովման երաշխիքները: Գերագույն դատարանը պետք է հնարավորություն ունենա լիարժեք իրականացնել իրեն վերապահված իրավասությունները և ղեկավարվել այն սկզբունքով, որ առաջադրված իրավաչափ նպատակը պետք է իրացվի իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման շրջանակներում:
Ինչպես հետևում է ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուսումնասիրությունից, օրենսդիրը սահմանել է դատական ակտերի բողոքարկման տարբեր ընթացակարգեր և սահմանափակումներ՝ կապված դատական ակտերի տեսակների, հայցագնի չափի, բողոքարկման ժամկետների, բողոքի ընդունելիության հիմքերի հետ /Օրենսգրքի 129-րդ, 130-րդ, 217-րդ, 218-րդ, 223-րդ, 235-րդ, 237-րդ, 242-րդ, 244-րդ, 247-րդ հոդվածներ/:
Օրենսգիրքը նախատեսել է վճռաբեկ բողոք բերելու որոշակի սահմանափակումներ: Այսպես, անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկել վճռաբեկության կարգով, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում: Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ /Օրենսգրքի 237-րդ հոդված/: Օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանվում են վճռաբեկ բողոք բերելու ժամկետները:
ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը /244-րդ, 247-րդ հոդվածներ/ սահմանել է նաև վճռաբեկ բողոքի ներկայացման նախապայմանները, որոնք վերաբերում են բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջներին և ներառում են այն տեղեկությունների ցանկը, որոնք պետք է արտացոլվեն վճռաբեկ բողոքում: Ի թիվս այլնի, բողոքում պետք է արտացոլվի բողոք բերող անձի պահանջը՝ օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, ինչպես նաև բողոքում պետք է լինի նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները: Բողոքում պետք է բերվեն նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները:
10. ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ /քննության/ ընդունելը կապված է Գերագույն դատարանի՝ վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերի առկայության մասին հետևության հանգելու հետ: Այսինքն՝ օրենսդիրը Գերագույն դատարանի հայեցողությանն է վերապահել ամեն մի կոնկրետ դեպքում Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված հիմքերի առկայության գնահատումը: Օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասը բացահայտում է 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքերը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է դատական սխալ համարվելու դեպքերը, որոնք կարգավորված են Օրենսգրքի 230.4-րդ հոդվածում, համաձայն որի՝
«1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:
2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե՝
1/ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, որը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.
2/ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.
3/ դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.
4/ դատական ակտը կայացրել է /են/ ոչ այն դատավորը /դատավորները/, որը /որոնք/ մտնում է /են/ գործը քննող դատարանի կազմի մեջ.
5/ գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.
…:»
Գերագույն դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերը նշված նորմերի մեկնաբանությունից հետևում է, որ պատշաճ ձև և բովանդակություն ունեցող վճռաբեկ բողոք ներկայացնելը բավարար չէ վճռաբեկության կարգով գործի քննություն նախաձեռնելու համար. դրա համար անհրաժեշտ է նաև Գերագույն դատարանի՝ օրենքի, դատական պրակտիկայի վրա հիմնված հետևությունը: Սակայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու Գերագույն դատարանի հայեցողության շրջանակն անսահմանափակ չէ: Օրենսդիրն ուղղակի մատնանշում է նաև այն դեպքերը, որոնք վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և դատական ակտը բեկանելու անվերապահ հիմքեր են:
Գերագույն դատարանը փաստում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման փուլում օրենսդիրը նախատեսել է Գերագույն դատարանի չորս լիազորություն. վճռաբեկ բողոքը վերադարձնելու /հոդված 246-րդ/, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու /հոդված 246.1-րդ/, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու /հոդված 246.2-րդ/ և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու /հոդված 247-րդ/: Ընդ որում, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են օրենսգրքի 246-րդ հոդվածով, 246.1-ին հոդվածով և 247-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը: Օրենսգրքի 246.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ Գերագույն դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ նույն օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը:»:
Վերոնշյալ կարգավորումներից հետևում է, որ վերաքննիչ դատարանի դատական ակտերի բողոքարկման իրավական հնարավորությունը չի բացակայում, և վճռաբեկ բողոք բերողը իրացնում է այդ հնարավորությունը, իսկ Գերագույն դատարանը, ելնելով օրենսդրությամբ նախատեսված իր կարգավիճակից, իրականացնում է վերը նշված լիազորություններից որևէ մեկը:
11. Ուսումնասիրելով միջազգային օրենսդրությունը /որտեղ նույնպես ոչ բոլոր վճռաբեկ բողոքներն են ընդունվում քննության/, Գերագույն դատարանը փաստում է, որ համանման կարգավորումներ նախատեսված են նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների քաղաքացիական դատավարության օրենսգրքերով: Այսպես, ՌԴ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ բողոքը, ի թիվս այլնի, պետք է պարունակի նշում այն մասին, թե ինչումն է կայանում գործի ելքի վրա ազդած դատարանների կողմից թույլ տրված նյութական և դատավարական նորմերի էական խախտումը: Իսկ նույն օրենսգրքի 380-րդ, 380.1-ին հոդվածների համաձայն՝ ներկայացված վճռաբեկ բողոքներն ուսումնասիրում են համապատասխան դատարանի նախագահը կամ նրա տեղակալը կամ տվյալ դատարանի դատավորը, որոնք կայացնում են որոշում՝ վճռաբեկ բողոքը քննելու համար վճռաբեկ ատյանին հանձնելու կամ նման հանձնումը մերժելու մասին:
Գերագույն դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատական ակտի բողոքարկման հիմնախնդիրներին անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն:
Դատական ակտի բողոքարկման հիմնախնդիրների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R/95/ 5 հանձնարարականում դրված են հետևյալ պահանջները.
-նախ՝ դատական վեճի հարցերը սկզբունքորեն պետք է լուծվեն առաջին ատյանի դատարանում, իսկ օրենքը պետք է պարտավորեցնի տվյալ դատարանին այնպիսի հստակությամբ և ամբողջական հիմնավորումներով կայացնել որոշում, որ կողմերի համար ակնհայտ լինի հետագա բողոքարկման իրենց իրավունքից օգտվելու նպատակահարմարությունը,
-երկրորդ՝ հստակ պահանջ պետք է առաջադրվի բողոքի հիմքերի և իրավական պաշտպանության միջոցների հիմնավորման հարցում, երկրորդ ատյանի դատարանին վերապահելով լիազորություն՝ պատճառաբանված մերժելու ակնհայտ անհիմն բողոքների քննության ընդունումը,
-երրորդ՝ երկրորդ ատյանի դատարանում շեշտը պետք է դնել հիմնականում բողոքի առարկայի շրջանակներում դատաքննության վրա,
-չորրորդ՝ երրորդ ատյանի դատարանում բողոքները պետք է վերաբերեն այնպիսի գործերի, որոնք բխում են այդ դատական ատյանի դերից, օրինակ, այնպիսի գործեր, որոնք «…կարող են նպաստել իրավունքի զարգացմանը կամ կարող են նպաստել օրենքի միատեսակ մեկնաբանմանը: Այդ շրջանակը կարող է սահմանափակվել այնպիսի գործերով բողոքարկումներով, որոնք առնչվում են ամբողջ հասարակության համար նշանակություն ունեցող իրավունքի հարցերին»: Դիմողից պետք է պահանջվի հիմնավորել, թե ինչով է իր գործը նպաստելու հասնել այդ նպատակներին:
Միջազգային պրակտիկան վկայում է նաև, որ այդ նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն է կազմում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և հատկապես բողոքի ընդունելիության պայմանների կապակցությամբ կարող է ենթարկվել սահմանափակումների:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ արտահայտել է հետևյալ դիրքորոշումները.
1/ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case of Khalfaoui v. Franse, application no.34791/97, 14.03.2000),
2/ սահմանափակումները չեն կարող համապատասխանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, եթե չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ բացակայում է ընտրված միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև պատճառական կապը (Case of Marini v. Albania, application no. 3738/02, 18.12.2007):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում նշել է, որ վճռաբեկ դատարան տրվող գանգատին ներկայացվող պահանջները կոչված են ապահովելու արդարադատության լավագույն կառավարում, սակայն ազգային դատարանների կողմից գանգատների ձևակերպման նկատմամբ չափազանց ձևական մոտեցումը վճռաբեկ գանգատների ընդունման հարցում կարող է հանգեցնել դատարանի մատչելիության իրավունքի խախտման: Վճռաբեկ գանգատի՝ հստակ ձևակերպված չլինելու հիմքով վարույթ չընդունելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման (Case of Reichman v. France, application no. 50147/11, 12.07.2016):
Գերագույն դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից հետևում է նաև, որ պետք է խուսափել ավելորդ ձևականությունից, «բայց միաժամանակ չլինել չափազանց ճկուն, որպեսզի վճռաբեկ գանգատին ներկայացվող պահանջները չդառնան անիմաստ» (Case of Dumitra Gheorghe v.Romania, application 33883/06, 12.04.2016):
12. Այսպիսով, ամփոփելով վերը նշվածը, արդարադատության արդյունավետության տեսանկյունից դիտարկելով օրենսդրի՝ վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքեր սահմանելու մոտեցումը, կարելի է եզրակացնել, որ օրենսդիրը նախատեսել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու այնպիսի կարգավորումներ, որոնք չսահմանափակելով անձի՝ վճռաբեկ բողոք բերելու արդյունավետ հնարավորությունը, միաժամանակ հնարավորություն են տալիս զերծ մնալ քաղաքացիական գործերն անտեղի դատաքննության փուլ տեղափոխելուց: Նշված ինստիտուտը նպաստում է դատական ակտերի շրջապտույտի կանխմանը, դատավարության տնտեսմանը, ողջամիտ ժամկետում գործերի քննությանը:
Ընդգծելով Գերագույն դատարանի սահմանադրական կարգավիճակը, Գերագույն դատարանի դերը Արցախի Հանրապետության արդարադատության համակարգում, Գերագույն դատարանն իրավաչափ է համարում վճռաբեկ բողոքի ընդունելիությանը ներկայացվող պահանջները և գտնում է, որ դա չի խախտում Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Նման մոտեցումը բխում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից, միջազգային իրավական ակտերից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներից, որոնք հանդիսանում են իրավակիրառ պրակտիկայի և, ընդհանրապես, իրավական համակարգի կայուն, դինամիկ զարգացման առանցքային ուղենիշներ: Այլ հարց է, որ իրավակիրառ պրակտիկայում վճռաբեկ բողոքները դատարանի վարույթ ընդունելը չի կարող իրականացնել կամայականորեն: Այն պետք է լինի կանխատեսելի և առավելագույնս ապահովի անձանց խախտված իրավունքների վերականգնումը:
ԼՂՀ Գերագույն դատարանի վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից հետևում է, որ 2015 թվականին քաղաքացիական և վարչական գործերով ԼՂՀ Գերագույն դատարանում ստացվել է 90 վճռաբեկ բողոք, որոնցից վարույթ է ընդունվել և քննվել 35 բողոք, ինչը կազմում է ներկայացված բողոքների մոտ 38 տոկոսը: Նույն կատեգորիայի գործերով 2016 թվականին Գերագույն դատարանում ստացված 102 վճռաբեկ բողոքներից վարույթ է ընդունվել 41 բողոք, ինչը կազմում է ստացված բողոքների 40,2 տոկոսը:
Գերագույն դատարանն անհրաժեշտ է համարում փաստել նաև, որ ինքնին սահմանադրականության խնդիր չի առաջացնում այն իրավիճակը, երբ գործը վարույթ ընդունելու փուլում Գերագույն դատարանի վճռաբեկ ատյանը որոշում է վճռաբեկ բողոքը չընդունել վարույթ: Ընդհանուր կանոնը պետք է լինի այն, որ եթե գործով շոշափվում են անձի հիմնարար իրավունքները, ապա նշված գործով վճռաբեկ բողոքը պետք է ընդունվի վարույթ և իրականացվի դատաքննություն, ապահովելով արդարադատության մատչելիությունը, դատարանում լսվելու, իր գործը հավասարության պայմաններում, հրապարակայնորեն ներկայացնելու, գործի արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունքները: Գերագույն դատարանն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ դատարանները դատական ակտեր կայացնելիս պետք է ղեկավարվեն Արցախի Հանրապետության Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված համաչափության և որոշակիության սկզբունքներով, որոնց համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով, 51-րդ, 52-րդ հոդվածներով, 56-րդ հոդվածի 1-ին, 7-րդ մասերով և 57-րդ հոդվածով, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ Գերագույն դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:
2. ԼՂՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
14 հունիսի 2017 թվականի
ԳԴՈ-16 |
|