ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2015թ. |
N 919-Ն |
ք.Ստեփանակերտ
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՈՒ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 43-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 919-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՈՒ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի օգտագործման կարգը:
2. Սահմանային նշանակության անտառներ ու անտառային հողեր են սահմանային շերտում գտնվող` մինչև 1 կիլոմետր շառավղով տեղակայված անտառներն ու անտառային հողերը:
3. Ռազմական նշանակության անտառներ ու անտառային հողեր են ռազմական օբյեկտների սահմանների շուրջ` մինչև 300 մետր շառավղով տեղակայված անտառներն ու անտառային հողերը:
4. Սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի սահմանների վերաբերյալ եզրակացություն է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և անտառների կառավարման բնագավառների պետական լիազոր մարմինների համապատասխան մասնագետներից կազմված, անտառների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից հաստատված հանձնաժողովը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն:
II. ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառների կառավարման պետական լիազոր մարմինն իրականացնում է վերահսկողություն սահմանային և ռազմական նշանակության` պետական սեփականություն հանդիսացող անտառների ու անտառային հողերի պահպանության և պաշտպանության նկատմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառների պետական լիազոր մարմիններն ապահովում են անտառների կառավարման և անտառների նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինների կողմից կատարվող աշխատանքներում ներգրավված անձանց անվտանգությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառների պետական լիազոր մարմիններն անտառների կառավարման և անտառների նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներին սահմանային և ռազմական նշանակության անտառներում ու անտառային հողերում իրենց լիազորություններն իրականացնելու համար տրամադրում են թույլտվություններ:
8. Սահմանային և ռազմական նշանակության անտառներում ու անտառային հողերում անտառօգտագործումն իրականացվում է անտառաշինական նախագծերին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառներում պետական լիազոր մարմինների հետ համաձայնեցված:
9. Սահմանային և ռազմական նշանակության անտառներն ու անտառային հողերը վարձակալության և անհատույց օգտագործման չեն տրամադրվում:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառների պետական լիազոր մարմինները սահմանային և ռազմական նշանակության անտառներում ու անտառային հողերում, տեղեկացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնին, կարող են իրականացնել այլ հատումներ:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառների պետական լիազոր մարմիններն իրականացնում են սահմանային շերտի ու ռազմական օբյեկտների տարածքներում գտնվող սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի պահպանությունը:
12. Սահմանային և ռազմական նշանակության անտառներում ու անտառային հողերում կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման, մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի ու զբոսաշրջության, ինչպես նաև պետական սահմանի հետ չկապված այլ գործունեության նպատակով անտառօգտագործում չի թույլատրվում:
III. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
13. Սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի մոնիթորինգն ու վերահսկողությունն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
14. Սահմանային և ռազմական նշանակության անտառներում ու անտառային հողերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքով սահմանված իր իրավասություններն իրականացնելիս, յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա 2-րդ տասնօրյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառների պետական կառավարման լիազոր մարմիններ հաստատման է ներկայացնում անտառային միջոցառումների ծրագիրը, ժամանակացույցը և աշխատանքներն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցանկը, որոնց մեջ կատարված փոփոխությունները տասնօրյա ժամկետում ներկայացվում են համապատասխան պետական կառավարման լիազոր մարմիններ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |