Համարը 
ՀՕ-138
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.10.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ  ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի

հոկտեմբերի 20-ին

 ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է զանգվածային լրատվության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, լրագրողի հավատարմագրման, տարածված տեղեկատվության հերքման և պատասխանի իրավունքի իրացման հիմնադրույթներն ու այն հիմքերը, որոնց առկայության դեպքում լրատվական գործունեություն իրականացնողները պատասխանատվության ենթակա չեն:

 

Հոդված 2.

Զանգվածային լրատվության մասին օրենսդրությունը 

 

Զանգվածային լրատվության ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև դրանց հիման վրա և դրանցով սահմանված շրջանակներում այդ հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտերով:

 

Հոդված 3.

Հիմնական հասկացությունները 

 

Ստորև բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ.

1) զանգվածային լրատվություն (այսուհետ՝ լրատվություն)՝ անսահմանափակ թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածում, որի հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը՝ ազատորեն, անկախ պետական սահմաններից՝ փնտրելու, ստանալու և տարածելու տեղեկություններ ու գաղափարներ:

Լրատվությունն իրականացվում է զանգվածային լրատվության միջոցի տարածմամբ.

2) զանգվածային լրատվության միջոց (այսուհետ՝ լրատվության միջոց)՝ լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է՝

- մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով՝ նյութական կրիչի վրա, որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,

- հեռուստառադիոհաղորդմամբ,

- հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)՝ որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար՝ անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից:

Լրատվության միջոց են նաև լրատվական գործակալության և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները՝ ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին՝ անկախ տարածման ձևից, թողարկման օրինակների քանակից կամ որևէ այլ չափանիշից.

3) լրատվական գործունեություն իրականացնող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լրատվական գործունեություն իրականացնողն այդ գործունեության առանձին փուլերն իրականացնում է այլ անձանց (զուտ տարածողը, հրատարակիչը և այլն) հետ կնքած գործարքների հիման վրա, ապա այդ անձինք, սույն օրենքի իմաստով, լրատվական գործունեություն իրականացնողներ չեն.

4) լրագրող՝ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող, խմբագրող:

 

Հոդված 4.

Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները 

 

1. Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:

Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Լրատվության միջոցները թողարկվում և տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման:

Հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորումն իրականացվում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Արգելվում է՝

1) գրաքննությունը.

2) որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ.

3) լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը.

4) խտրականությունը լրատվության համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի քաղաքացիական շրջանառությունում.

5) ցանկացած, այդ թվում՝ այլ երկրներում թողարկված և տարածված լրատվության միջոցներից օգտվելու՝ անձի իրավունքի սահմանափակումը:

 

Հոդված 5.

Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը 

 

1. Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ: 

 

Հոդված 6.

Լրագրողի հավատարմագրումը 

 

1. Լրատվական գործունեություն իրականացնողն իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ:

Պետական մարմինը պարտավոր է, սույն օրենքին և տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան, հնգօրյա ժամկետում հավատարմագրել լրագրողին:

Հավատարմագրման կարգի սահմանված չլինելը լրագրողի հավատարմագրումը մերժելու հիմք չէ:

2. Պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում սահմանվում են՝

1) լրատվության միջոցին ներկայացվող այն պահանջները (լրատվության միջոցի տեսակը, տարածման տարածքը, մամուլի տպաքանակը և այլն), որոնց պարագայում հավատարմագրվում է նրա լրագրողը.

2) հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպման կանոնները, այդ թվում՝ նրա աշխատանքի արդյունավետության ապահովմանն ուղղված պայմանները.

3) տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները:

3. Հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք՝

1) կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը՝ մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի.

2) կբացառեն տվյալ մարմնում անցկացվող միջոցառումների մասին լրագրողների՝ ողջամիտ ժամկետում տեղեկացված լինելը.

3) անհավասար պայմաններ կստեղծեն հավատարմագրված լրագրողների համար.

4) կսահմանափակեն լրագրողի՝ տեղեկատվություն ձեռք բերելու օրենքով սահմանված իրավունքները:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմիններում հավատարմագրման օրինակելի կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

5. Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:

6. Հավատարմագրված լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին և այդ մարմինների աշխատակարգի կանոններին համապատասխան:

7. Որևէ մարմնում հավատարմագրված բոլոր լրագրողների համար աշխատանքի պայմանները պետք է լինեն նրանց աշխատանքին նպաստող և ոչ խտրական:

Լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին պետք է տրամադրվի միաժամանակ, իսկ նախատեսվող միջոցառումների ճշգրիտ ժամանակի և վայրի մասին նրանք պետք է տեղեկացվեն դրանք սկսվելուց առաջ՝ ողջամիտ ժամկետում:

8. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի՝ լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Սույն պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նա հավատարմագրվում է սույն օրենքի և հոդվածի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան կարգով:

9. Հավատարմագրման կարգի սահմանված չլինելը չի կարող հիմք դառնալ օրենքով սահմանված կարգով լրագրողին տեղեկատվության տրամադրումը մերժելու համար:

 

Հոդված 7.

Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները

 

1. Արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը:

2. Արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, և այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար և դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ, երբ տեսաձայնագրումը կատարած անձի տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաև մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար:

 

Հոդված 8.

Հերքման և պատասխանի իրավունքը 

 

1. Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում՝ հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:

2. Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին, նշելով մերժման հիմքերը:

3. Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով:

Հերքումն իրականացվում է դրա պահանջն ստանալու օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի հաջորդ թողարկման մեջ:

Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

4. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեկնածուի մասին տարածված տեղեկատվության հերքումը կատարվում է 24 ժամվա ընթացքում: Եթե մինչև քվեարկության սկիզբը մնացել է ոչ ավելի, քան 24 ժամ, ապա հերքումը կատարվում է դրա մասին պահանջն ստանալուն պես: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը, որին ուղղված է հերքման պահանջը, հնարավորություն չունի նշված ժամկետում տարածել հերքումը, ապա պարտավոր է հերքումը տարածել այլ լրատվական գործունեություն իրականացնողի միջոցով:

5. Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը:

Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով:

6. Պատասխանի հրապարակման պահանջը բավարարվում է սույն հոդվածով հերքման համար սահմանված կանոններով:

Պատասխանը չպետք է հակասի սույն օրենքի պահանջներին և պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ:

Պատասխանի ծավալը չպետք է գերազանցի պատասխանի առարկա տեղեկատվության ծավալը: Եթե պատասխանի առարկա տեղեկատվությունը բազմաբովանդակ նյութի ամբողջ ծավալից հստակ սահմանազատվող ինքնուրույն, առանձին հատված է, ապա պատասխանի ծավալը չպետք է գերազանցի այդ հատվածի ծավալը:

Պատասխանը հրապարակվում է անվճար:

7. Հերքման և (կամ) պատասխանի հրապարակման պահանջը պետք է մերժվի, եթե տվյալ պահանջը`

1) անանուն է.

2) հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտին:

Հերքման պահանջի հետ ներկայացվող պատասխանի հրապարակման պահանջը պետք է մերժվի, եթե այդ պատասխանը չի համապատասխանում սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին:

8. Հերքման կամ պատասխանի հրապարակման պահանջը կարող է մերժվել, եթե`

1) չի պահպանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը.

2) պահանջը վերաբերում է այնպիսի տեղեկատվությանը, որը տարածվել է հրապարակային ելույթին, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերին, լրատվության այլ միջո-ցին կամ հեղինակային որևէ ստեղծագործությանը կատարված հղումով, և սկզբնաղբյուրը հեր-քում չի տարածել:

Հերքման պահանջի հետ ներկայացվող պատասխանի հրապարակման պահանջը կարող է մերժվել, եթե այդ պատասխանը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին:

9. Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու՝ սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան՝ հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով:

 

Հոդված 9.

Լրատվական գործունեություն իրականացնողի պատասխանատվությունը 

 

1. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից այդ գործունեության իրականացումն օրենքի պահանջների խախտմամբ առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2. Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա՝

1) ստացվել է լրատվական գործակալությունից.

2) բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից, կամ պատասխանից, կամ նրանցից ելնող փաստաթղթից.

3) հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին:

3. Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել:

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի՝ օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ:

 

Հոդված 10.

Լրատվության միջոցի անվանումը 

 

1. Լրատվության միջոցի անվանումը պետք է ընդունելի լինի հասարակական բարոյականության տեսանկյունից ու տարբերվի և շփոթության աստիճանի նման չլինի լրատվության այլ միջոցի, այդ թվում՝ վերջին երկու տարիներին տարածումը դադարեցրած լրատվության միջոցի անվանմանը, եթե վերջինիս տարածողը լրատվական գործունեություն իրականացնող նույն անձը չի եղել:

2. Լրատվության միջոցի անվանման մեջ հանրահայտ անձի անունը կամ դրա մի մասը, եթե դա ակնհայտորեն կապվում է այդ հանրահայտ անձի հետ, կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ նրա մահացած լինելու դեպքում՝ ժառանգի գրավոր համաձայնությամբ:

Եթե անձը, իսկ նրա մահացած լինելու դեպքում՝ ժառանգը, գտնում է, որ լրատվության միջոցի գործունեությունն ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է լրատվության միջոցի անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից զրկելու պահանջով դիմել դատարան:

3. Լրատվության միջոցի անվանման մեջ «Լեռնային Ղարաբաղ», «Արցախ» բառերի հոլովաձևերն ու դրանց թարգմանությունները կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Լրատվության միջոցի անվանման իրավական պաշտպանության նպատակով այդ անվանումը կարող է գրանցվել որպես ապրանքային նշան:

5. Լրատվության միջոցի անվանման վերաբերյալ սույն հոդվածի պահանջները տարածվում են լրատվության միջոցի խորագրի, ինչպես նաև ցանցային լրատվության միջոցի հասցեի վրա:

 

Հոդված 11.

Թողարկման տվյալները ներկայացնելը

 

1. Նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկում պետք է ներառի`

1) լրատվության միջոցի անվանումը.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման հաշվառման) վկայականի համարը, տրման օրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը.

3) լրատվության միջոցի տվյալ թողարկման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը (ըստ անձնագրի).

4) տվյալ թողարկման տարին, ամիսը և ամսաթիվը.

5) տվյալ թողարկման հերթական համարը.

6) տվյալ թողարկման օրինակների ընդհանուր քանակը:

2. Թողարկման տվյալների մեջ կարող են ներառվել սույն հոդվածում չնշված այլ տեղեկություններ:

3. Հեռուստառադիոհաղորդմամբ տարածվող լրատվության միջոցի թողարկման տվյալները ներկայացվում են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 12.

Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը

 

Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև 2005 թվականի մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը՝ կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ՝ նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չա-փերը:

 

Հոդված 13.

Պարտադիր օրինակները և լրատվության միջոցների վարչական ռեգիստրը 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տարածվող լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկման երկուական օրինակ անվճար ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն, Լեռնային Ղարաբաղի հանրապետական գրադարան:

2. Լրատվության միջոցները, ըստ ստացված պարտադիր օրինակների և թողարկման տվյալների, հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լրատվության միջոցների վարչական ռեգիստրում, որը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում, և որի վարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 14.

Եզրափակիչ դրույթ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զանգվածային լրատվության միջոցների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-77 օրենքը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

10 նոյեմբերի 2004թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-138