Համարը 
ՀՕ-133
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.10.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

հոկտեմբերի 20-ին

 

ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի հաշվարկման ու հաստատման իրավական հիմքերը, ինչպես նաև կարգավորում է պետական սոցիալական քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենսդրությունը

 

Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) կենսաապահովման նվազագույն զամբյուղ՝ մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ՝ միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի և հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների և ծառայությունների կազմն ու կառուցվածքը սահմանող նվազագույն քանակ.

2) կենսաապահովման նվազագույն բյուջե՝ միջազգայնորեն ընդունված կենսաապահովման նվազագույն զամբյուղի դրամական արժեք.

3) սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբեր՝ աշխատունակ բնակչություն, թոշակառուներ, երեխաներ:

 

Հոդված 4.

Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանման նպատակը

 

Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի՝

1) գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կենսամակարդակը.

2) կենսամակարդակի գնահատված ցուցանիշն օգտագործել պետական սոցիալական քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս.

3) հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը.

4) որոշել չհարկվող եկամտի չափը:

 

Հոդված 5.

Կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկման և սահմանման կարգը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը, սկսած 2005 թվականից, հաշվարկվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած մեթոդական հանձնարարականների հիման վրա:

2. Նշված մեթոդական հանձնարարականների մշակման աշխատանքներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է մասնակցել Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը սահմանվում են օրենքով: Մինչև սույն կետով նախատեսված օրենքի ընդունումը առաջին երեք տարվա համար կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 6.

Կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը, դրա հաշվարկման պարբերականությունը և հաստատման կարգը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ` մինչև հունիսի 30-ը, կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սպառողական գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, և հրապա-րակվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», ինչպես նաև առավելագույն տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7.

Կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության հաշվառումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը սահմանելիս

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում:

 

Հոդված 8.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

2 նոյեմբերի 2004թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-133