Համարը 
N 409-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.07.09/11(173)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.06.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.06.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎՆԱՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 38 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«21» հունիսի 2011թ.

N 409-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎՆԱՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 38 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխի դրույթներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 231-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործատուի մոտ աշխատողին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասը հատուցելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «Գործատուների մոտ (անկախ կազմակերպական իրավական և սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1993 թվականի հունիսի 15-ի թիվ 225 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«21» հունիսի 2011թ.

N 409-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎՆԱՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գործատուն նյութական պատասխանատվություն է կրում իր մեղքով աշխատողին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման համար, եթե այն առաջացել է գործատուի տարածքում կամ գործատուի օգտին որևէ անհրաժեշտ գործողություն կատարելիս:

Նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում.

1) պատճառված է վնաս.

2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով.

3) առկա է պատճառական կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև.

4) առկա է գործատուի մեղքը.

5) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:

2. Գործատուն ազատվում է վնասը հատուցելուց, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապացուցում է, որ աշխատողի խեղումը, մասնագիտական հիվանդությունը կամ առողջության այլ վնասումն իր մեղքով չի պատճառվել:

3. Վնասը հատուցվում է դրամով, որը սահմանված կարգով ու պարբերականությամբ վճարվում է տուժողին` նրա այն աշխատավարձի (եկամտի) կամ դրա համապատասխան մասի չափով, որից նա զրկվել է խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման պատճառով աշխատունակությունը լրիվ կամ մասնակիորեն կորցնելու հետևանքով:

4. Եթե աշխատանքային խեղումը, մասնագիտական հիվանդությունը կամ առողջության այլ վնասումն առաջացել է ոչ միայն գործատուի մեղքով, այլև` տուժողի կոպիտ անզգուշության հետևանքով, ապա վնասը հատուցելու չափը, կախված տուժողի մեղքի աստիճանից, համամասնորեն նվազեցվում:

5. Տուժողի (կերակողի) մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեն`

1) մահացողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք.

2) մահացածի մահվանից հետո ծնված նրա երեխան.

3) ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով.

4) մահացածի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:

Մահացածի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի այլ անդամը, որը չի աշխատում և զբաղված է մահացածի երեխաների, թոռների, եղբայրների ու քույրերի խնամքով և անաշխատունակ է դարձել խնամքի իրականացման ժամանակաշրջանում, այդ անձանց նկատմամբ խնամքի ավարտից հետո պահպանում է վնասի հատուցման իրավունքը:

6. Աշխատանքային խեղման հետևանքով աշխատողի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

2. ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

7. Աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշվում է միջին աշխատավարձից (եկամտից) տոկոսներով, որը նա ստացել է մինչև հաշմությունը կամ առողջության այլ վնասումը կամ աշխատունակության կորուստը: Այդ տոկոսները որոշվում են տուժողի կողմից մասնագիտական աշխատունակության կորստի, իսկ մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան:

8. Տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) կազմում ներառվում են նրա ինչպես հիմնական, այնպես էլ համատեղությամբ կատարված աշխատանքի` եկամտահարկով հարկվող աշխատանքային և քաղաքացիական իրավական պայմանագրերով վարձատրության բոլոր վճարները: Հաշվի չեն առնվում միանվագ բնույթի վճարները, մասնավորապես, չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը և արձակման նպաստը: Ժամանակավոր անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության համար արձակուրդի ժամանակաշրջանի համար հաշվի է առնվում վճարված նպաստը:

Աշխատավարձի (եկամտի) բոլոր տեսակները հաշվի են առնվում մինչև հարկային պահումները եղած չափով:

9. Հատուցվող վնասի գումարը հաշվարկելիս տուժողին հաշմության կամ առողջության այլ վնասի հետ կապված, նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակներն ու նպաստները և այլ նմանօրինակ վճարները, որոնք նշանակվել են առողջության քայքայումից առաջ կամ հետո, հաշվի չեն առնվում ու չեն հանգեցնում վնասի հատուցման չափի նվազեցման (հաշվի չեն առնվում ի հաշիվ վնասի հատուցման): Վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաև տուժողի առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը):

10. Տուժողի (կերակրողի) մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց վնասը հատուցվում է սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` մահացածի աշխատավարձի (եկամտի) այն մասի չափով, որը մահացածի կենդանության օրոք նրանք ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար: Այդ անձանց վնասի հատուցման չափը որոշելիս մահացածի եկամուտների կազմում աշխատավարձի (եկամուտների) հետ միասին ներառվում են կենդանության օրոք ստացած նրա կենսաթոշակը և այլ նմանօրինակ վճարները:

11. Վնասի հատուցման չափը որոշելիս տուժողի (կերակրողի) մահվան հետ կապված անձանց նշանակված կենսաթոշակը և թոշակների այլ տեսակները, որոնք նշանակվել են ինչպես տուժողի (կերակրողի) մահվանից առաջ, այնպես էլ հետո, ինչպես նաև այդ անձանց կողմից ստացվող աշխատավարձը (եկամուտը) և կրթաթոշակը չեն հաշվարկվում նրանց վնասի հատուցման հաշվին:

12. Տուժողի (կերակրողի) մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող յուրաքանչյուր անձի համար սահմանված հատուցման չափը ենթակա չէ վերահաշվարկի, բացառությամբ կերակրողի մահվանից հետո երեխայի ծննդյան, մահացած կերակրողի երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով զբաղված անձանց հատուցման վճարի նշանակման և դադարման, ինչպես նաև սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի:

13. Տուժողի ամսական միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է առողջությանը վնաս պատճառելուն նախորդած ժամանակահատվածի համար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Եթե վնասը հատուցելու համար դիմելու պահին չեն պահպանվել տուժողի այն ժամանակաշրջանի փաստացի աշխատավարձի (եկամտի) վերաբերյալ փաստաթղթերը, որից պետք է հաշվարկվեր վնասը հատուցելու չափը, ապա հատուցման գումարը հաշվարկվում է տուժողի դիմելու պահին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ելնելով, սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:

15. Արտադրական ուսուցման (պրակտիկայի) ժամանակ աշխատանքային խեղում կամ առողջության այլ վնասում ստացած անձանց վնասը հատուցելու չափը հաշվարկվում է` ելնելով այն աշխատանքի (պաշտոնի) տարիֆային (պաշտոնեական) դրույքից, որի գծով անցկացվում է արտադրական ուսուցումը (պրակտիկան), բայց տվյալ պահին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ պակաս:

Տուժողի ցանկությամբ վնասը հատուցելու չափը կարող է հաշվարկվել նաև նրա մինչ արտադրական ուսուցումը (պրակտիկան) ստացած ամսական միջին աշխատավարձից (եկամտից) կամ արտադրական ուսուցման (պրակտիկայի) ընթացքում ստացած վարձատրությունից:

16. Նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու դեպքում կորցրած աշխատավարձի (եկամտի) և տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետ կապված այլ վճարների գումարները մեծանում են աշխատավարձի նվազագույն չափի բարձրացմանը համամասնորեն:

Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված դեպքում կորցրած աշխատավարձի (եկամտի) և տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետ կապված այլ վճարների գումարների վերանայումն իրականացվում է Ա x % x ՆԱ (բ) / ՆԱ (գ) բանաձևով, որտեղ Ա-ն` սույն կարգի 8-րդ կետում նշված` տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտն) է, %-ը` սույն կարգի 7-րդ կետում նշված` տուժողի մասնագիտական կամ ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան որոշված տոկոսը (մահվան ելքով դեպքերում`100 %), ՆԱ(բ)-ն` նվազագույն աշխատավարձի բարձրացված չափն է, ՆԱ (գ)-ն` վնասի հատուցման չափի որոշման սկզբնապահի դրությամբ գործող նվազագույն աշխատավարձի չափը:

 

3. ՎՆԱՍԻ  ՀԱՏՈՒՑՈՒՄ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ԵՎ  ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

17. Վնասը հատուցում է այն գործատուն, որը պատասխանատու է աշխատողին պատճառած խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման համար:

18. Արտասահմանում գործուղմամբ աշխատելու ընթացքում աշխատանքային խեղում, մասնագիտական հիվանդություն կամ առողջության այլ վնասում ստացած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների վնասը հատուցում է այն գործատուն, որը գործուղել է տվյալ քաղաքացուն:

19. Վնասի հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա լիազորած անձը կամ վնասի հատուցման իրավունք ունեցող անձինք գրավոր դիմում են գործատուին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) արտադրությունում դժբախտ պատահարի կամ մասնագիտական հիվանդության մասին համապատասխան ակտը.

2) սույն կարգի 13-րդ կետում նշված ամսական միջին աշխատավարձի մասին տեղեկանքը.

3) աշխատունակության կորստի աստիճանի վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշումը (եզրակացությունը).

4) գործատուի և տուժողի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագիր, աշխատանքային գրքույկ կամ այլ).

5) տուժողի մահվան վկայականը.

6) տուժողի ընտանիքի կազմի մասին տեղեկանքը.

7) մասնագիտական հիվանդության վերաբերյալ բժշկական հաստատության եզրակացությունը.

8) տուժողի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով զբաղված ծնողներից մեկի, ամուսնու կամ ընտանիքի այլ անդամի` զբաղված չլինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը.

9) վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող տուժողի ընտանիքի անդամի` ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատությունում սովորելու մասին` այդ հաստատության կողմից տրված տեղեկանքը.

10) արտադրությունում դժբախտ պատահարի կամ մասնագիտական հիվանդության հետ տուժողի մահվան պատճառական կապի առկայությունը հաստատող` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշումը (եզրակացությունը).

11) տուժողի խնամքի տակ գտնվելու հանգամանքը կամ վնասի հատուցում ստանալու իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր:

Վնասի հատուցում նշանակելու համար սույն կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերի և դրանց պատճենների ցանկը յուրաքանչյուր առանձին դեպքում որոշում է գործատուն:

20. Վնասի հատուցում նշանակելու մասին որոշումը գործատուն ընդունում է սույն կարգի 19-րդ կետում նշված փաստաթղթերն ու դրանց պատճենները ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Որոշման չընդունումը դիտվում է որպես վնասի հատուցում նշանակելու մերժում:

Վնասի հատուցում նշանակելու համար դիմելու օր է համարվում գործատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերով դիմումն ընդունելու օրը: Եթե դիմումն առաքվում է փոստով, և դրան կցվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա վնասի հատուցում նշանակելու համար դիմելու օր է համարվում այդ դիմումն ուղարկող փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:

21. Վնասի հատուցումը կատարվում է ամենամսյա վճարումներով:

22. Վնասը հատուցելու գումարը վճարվում է`

1) տուժողին` աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով աշխատավարձից (եկամտից) զրկվելու օրվանից.

2) տուժողի (կերակրողի) մահվան դեպքում` սույն կարգի 5-րդ կետում նշված անձանց` տուժողի (կերակրողի) մահվան օրվանից:

Վնասի հատուցումը սկսվում է սույն կետում նշված ժամկետներից, եթե սույն կարգի 19-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են վնասի հատուցման իրավունքի ծագման պահից սկսած երեք տարվա ընթացքում: Ավելի ուշ դիմելու դեպքում վնասը հատուցվում է` սկսած դիմելու օրվանից:

23. Վնասը հատուցվում է աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով տուժողի աշխատունակության կորստի` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից որոշված ժամկետում:

24. Տուժողի մահվան դեպքում վնասը հատուցվում է`

1) անչափահասներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.

2) տասնութ տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քսաներեք տարեկան դառնալը.

3) հիսունհինգ տարեկանից մեծ կանանց և վաթսուն տարեկանից մեծ տղամարդկանց` ցմահ.

4) հաշմանդամներին` հաշմանդամության ժամանակ.

5) ծնողներից մեկին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով` մինչև վերջիններիս տասնչորս տարեկան դառնալը:

25. Վնասը հատուցվում է տուժողին կամ այն ստանալու իրավունք ունեցող անձանց լրիվ չափով, անկախ նրանց ստացած աշխատավարձից և այլ եկամուտներից:

26. Տուժողի աշխատունակությունը նվազելու կամ աճելու դեպքում վնասի հատուցման չափը կարող է վերանայվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

 

4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

27. Սույն կարգի ընդունումից հետո նախկինում սահմանված վնասի հատուցման չափերը վերանայման ենթակա են միայն այն դեպքում, եթե 16-րդ կետով սահմանված կարգով վերահաշվարկելու արդյունքում դրանք ավելի ցածր լինեն 14-րդ կետում սահմանված չափերից:

28. Բոլոր այն դեպքերում, երբ ռուբլին Հայաստանի Հանրապետության դրամով փոխարինելու անցումային շրջանում ինդեքսավորման մեխանիզմի բացակայության պատճառով տուժող(ներ)ի աշխատավարձերի համապատասխան վերանայումներ չեն իրականացվել, վնասի հատուցման չափերի վերահաշվարկ կատարելիս որպես բազային նվազագույն աշխատավարձ դիտել 1000 Հայաստանի Հանրապետության դրամը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ