Համարը 
ՀՕ-145
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
12.04.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.05.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է 2002 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի նպատակը և կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքի նպատակն է սահմանել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչները, պետական աջակցության հիմնական ուղղությունները և այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները:

Փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) ոլորտում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Սույն օրենքը չի տարածվում վարկային, ապահովագրական և ներդրումային կազմակերպությունների, գրավատների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև դուստր և կախյալ տնտեսական ընկերությունների վրա:

 

Հոդված 2.

ՓՄՁ-ի սուբյեկտները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՓՄՁ-ի սուբյեկտները դասակարգվում են՝

ա) գերփոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցական թվաքանակը չի գերազանցում հինգ մարդը.

բ) փոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը չի գերազանցում՝

- արդյունաբերության և նյութական արտադրության այլ ճյուղերում - 50.

- շինարարության և էներգետիկայի բնագավառում - 25.

- գիտության և կրթության բնագավառում - 25.

- տրանսպորտի, առևտրի և ծառայությունների բնագավառում - 15 մարդը.

գ) միջին՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը չի գերազանցում՝

- արդյունաբերության և նյութական արտադրության այլ ճյուղերում - 100.

- շինարարության և էներգետիկայի բնագավառում - 50.

- գիտության և կրթության բնագավառում - 50.

- տրանսպորտի, առևտրի և ծառայությունների բնագավառում - 30 մարդը:

2. Միաժամանակ մի քանի ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատկանելությունը ՓՄՁ-ի սուբյեկտներին՝ որոշվում է դրանց կողմից իրականացվող գործունեության գերակշիռ ոլորտի չափորոշիչներով:

3. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 3.

ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղությունները

 

ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝

- իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը.

- ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը.

- աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը.

- տեղեկատվական և խորհրդատվական օգնությունը.

- արտաքին տնտեսական գործունեության խթանումը.

- նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը.

- վիճակագրական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը.

- պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը.

- բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը.

- կադրերի պատրաստումը և վերապատրաստումը:

(3-րդ հոդվածը լրաց. 20.06.2002 ՀՕ-222)

 

 

Հոդված 4.

ՓՄՁ-ի աջակցության պետական ծրագիրը

 

ՓՄՁ-ի պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրը մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Ծրագիրը մշակվում է սույն օրենքով սահմանված հիմնական ուղղություններին համապատասխան՝ ելնելով տվյալ ժամանակահատվածում զարգացման գերակայություններից, ներառյալ ՓՄՁ-ի ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:

Ծրագրի իրականացման ֆինանսավորումը նշվում է պետական բյուջեում առանձին տողով, և բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:

Ծրագիրն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:

 

Հոդված 5.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա 4-րդ հոդվածը՝ 2002 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

18 մայիսի 2001թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-145