Համարը 
ՀՕ-160
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.08.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.08.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքի խնդիրները

 

Սույն օրենքը, հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների և նորմերի վրա, սահմանում է օտարերկրյա քաղաքացու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու, բնակվելու, տեղաշարժվելու, տարանցիկ ուղևորություններ կատարելու, ելքի, կացության կարգավիճակ ստանալու կարգը, ինչպես նա և նրա իրավունքները և պարտականությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

 

Հոդված 2.

Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի սկզբունքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացի է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգտվում է միջազգային իրավունքի նորմերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու ազատություններից:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտավոր է պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները, հարգել նրա ժողովրդի ազգային սովորույթները և ավանդույթները:

 

Հոդված 3.

Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին օրենսդրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու իրավական վիճակը կարգավորվում է սույն օրենքով, ինչպես նա և օտարերկրյա քաղաքացու իրավական վիճակի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքում, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 4.

Քաղաքացիություն չունեցող անձինք

 

Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՐԱՆՑ ԵԼՔԸ

 

Հոդված 5.

Օտարերկրյա քաղաքացիների Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելը

 

Օտարերկրյա քաղաքացին կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմինների, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանակետերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից տրված մուտքի արտոնագրի հիման վրա կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ելքը կարգավորվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 6.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագիր ստանալու կարգը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացին լրացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձևի հարցաթերթիկ, ներկայացնում է անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

 

Հոդված 7.

Մուտքի արտոնագրի տեսակները և ժամկետները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացուն տրվում են հետևյալ մուտքի արտոնագրերը՝

ա) մուտքի կարճաժամկետ արտոնագիր՝ մինչև հինգ օր ժամկետով.

բ) մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր՝ մինչև քսանմեկ օր ժամկետով.

գ) մուտքի երկարաժամկետ արտոնագիր՝ մինչև երեք ամիս ժամկետով.

դ) մուտքի դիվանագիտական արտոնագիր:

 

Հոդված 8.

Մուտքի արտոնագրի ժամկետների երկարաձգման կարգը

 

Դիվանագիտական, զբոսաշրջիկային և կարճաժամկետ մուտքի արտոնագրերը տրվում են միանգամյա, իսկ երկարաժամկետ մուտքի արտոնագիրը՝ նաև բազմակի գործածության համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օտարերկրյա քաղաքացու մուտքի զբոսաշրջիկային և երկարաժամկետ արտոնագրերի ժամկետները կարող են երկարաձգվել ոչ ավելի, քան երկու անգամ՝ յուրաքանչյուր դեպքում մուտքի արտոնագրի ժամկետի մեկ երրորդի չափով:

Մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից:

 

Հոդված 9.

Մուտքի արտոնագրի մերժումը

 

Օտարերկրյա քաղաքացուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալը կարող է մերժվել, որի մասին տեղյակ է պահվում դիմողին:

 

Հոդված 10.

Մուտքի արտոնագրի տրման ձևը

 

Մուտքի արտոնագիրը գրանցվում է օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթում կամ՝ առանձին կցվում է դրան:

 

Հոդված 11.

Մուտքի արտոնագրի տուրքը

 

Մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացուց գանձվում է տուրք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

 

Հոդված 12.

Օտարերկրյա քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու կարգը

 

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանակետում պարտավոր է ներկայացնել մուտքի արտոնագիր, ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելիս պարտավոր է լրացնել հայտարարագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

 

Հոդված 13.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանակետերում օտարերկրյա քաղաքացիների պարտավորությունները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանակետում օտարերկրյա քաղաքացին պարտավոր է կատարել սահմանակետի այն պահանջները, որոնք սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 14.

Պաշտոնական փաստաթղթերին փոխարինող փաստաթղթեր ստանալու կարգը

 

Մուտքի արտոնագիրը, ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթը կամ այլ պաշտոնական փաստաթղթեր կորցնելու կամ փչացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացին պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին, որոնք երկօրյա ժամկետում օտարերկրյա քաղաքացուն տալիս են փաստաթուղթը կորցնելու կամ փչանալու մասին տեղեկանք:

 

Հոդված 15.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների ելքը

 

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից կարող է դուրս գալ ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից տրված՝ դրան փոխարինող փաստաթղթով:

Օտարերկրյա քաղաքացու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ելքը կարող է արգելվել՝

ա) եթե նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ մինչև գործի վարույթն ավարտելը.

բ) եթե դատապարտվել է՝ մինչև պատժի կրումը կամ պատժից ազատվելը.

գ) եթե նրա նկատմամբ կա դատարանի վճիռ կամ որոշում՝ մինչև վճռի կամ որոշման կատարման ավարտը կամ կատարումից ազատվելը:

 

Հոդված 16.

Օտարերկրյա քաղաքացիների հաշվառման կարգը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացու ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացնում են ներքին գործերի նախարարության մարմինները՝ հանրապետությունում նրա բնակության իրավունքը հաստատող, ինչպես նաև բնակելի տարածությունը նրա կողմից զբաղեցնելու մասին փաստաթղթերի հիման վրա:

Հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան կամ զբոսաշրջիկային այլ հանգրվան ժամանած օտարերկրյա քաղաքացու հաշվառումն իրականացնում է տվյալ հիմնարկը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից սահմանված կարգով:

Հաշվառման համար օտարերկրյա քաղաքացուց գանձվում է տուրք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17.

Օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանվում են օտարերկրյա քաղաքացու կացության չորս կարգավիճակներ՝ ժամանակավոր, սովորական, հատուկ և բացառիկ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացին միաժամանակ չի կարող ունենալ կացության մեկից ավելի կարգավիճակ:

 

Հոդված 18.

Կացության ժամանակավոր կարգավիճակ

 

Կացության ժամանակավոր կարգավիճակ տրվում է պայմանագրային հիմքով կամ անձնական նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործած օտարերկրյա քաղաքացիներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական, կրոնական կրթօջախներում սովորող օտարերկրյա ուսանողներին, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև օտարերկրյա լրագրողներին, հետազոտողներին, հասարակական կամ կրոնական ծառայության հրավիրված անձանց:

Կացության ժամանակավոր կարգավիճակ կարող է տրվել նաև քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտրող անձանց, որոնց հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել ներքին գործերի նախարարության որոշմամբ: Այդ անձինք ազատվում են մուտքի արտոնագրի համար տուրքի վճարումից:

Կացության ժամանակավոր կարգավիճակ տրվում է մինչև մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել՝ յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

 

Հոդված 19.

Կացության սովորական կարգավիճակ

 

Կացության սովորական կարգավիճակ կարող է տրվել դիմում ներկայացրած յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացու:

Կացության սովորական կարգավիճակ առաջնահերթ կարգով կարող է տրվել օտարերկրյա այն քաղաքացուն, որը՝

ա) օրինական կարգով երեք տարուց ավելի բնակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին քաղաքացի է կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգական (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).

գ) ավարտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհ.

դ) ունի փախստականի կարգավիճակ:

Կացության սովորական կարգավիճակ տրվում է մինչ և երեք տարի ժամկետով: Այն կարող է երկարաձգվել:

 

Հոդված 20.

Կացության հատուկ կարգավիճակ

 

Կացության հատուկ կարգավիճակ տրվում է ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին:

Կացության հատուկ կարգավիճակ կարող է տրվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական, մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրյա քաղաքացիներին:

Կացության հատուկ կարգավիճակ տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:

 

Հոդված 21.

Կացության բացառիկ կարգավիճակ

 

Կացության բացառիկ կարգավիճակ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին՝ նրանց ծառայության ժամկետով:

Կացության բացառիկ կարգավիճակ կարող է տրվել նաև միջազգային կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ծառայողներին:

 

Հոդված 22.

Կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակ ստանալու կարգը

 

Կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակներն ու դրանք հաստատող փաստաթղթերը ձևակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

Ներքին գործերի նախարարությունը մեկամսյա ժամկետում իր որոշման մասին գրավոր տեղեկացնում է դիմողին:

Դիմումը մերժվելու դեպքում դիմողը կարող է այդ որոշումը գանգատարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին: Գանգատը քննարկվում է մեկամսյա ժամկետում և տրվում գրավոր պատասխան:

Կացության ժամանակավոր կամ սովորական կարգավիճակ ստանալու համար օտարերկրյա քաղաքացին կարող է կրկին դիմել իր նախկին դիմումի մերժումից մեկ տարի հետո:

 

Հոդված 23.

Կացության հատուկ կարգավիճակ ստանալու կարգը

 

Կացության հատուկ կարգավիճակ ստանալ ցանկացող օտարերկրյա քաղաքացիներն արտասահմանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ ներքին գործերի նախարարությանը ներկայացնում են դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի անունով, սահմանված կարգով լրացնում հարցաթերթիկ և ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր:

Կացության հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացուն արտասահմանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ ներքին գործերի նախարարության կողմից տրվում է հատուկ անձնագիր: Հատուկ անձնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացուց գանձվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճար:

Կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար օտարերկրյա քաղաքացին կարող է կրկին դիմել նախկին դիմումի մերժումից մեկ տարի հետո:

 

Հոդված 24.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավունքները և պարտականությունները

 

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունի մտքի, խոսքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավունք ունի պահպանելու իր ազգային լեզուն, մշակույթը և սովորույթները:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չունի ընտրական իրավունք, չի կարող անդամագրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական-քաղաքական որևէ կազմակերպության, չի կարող ընտրվել կամ նշանակվել այնպիսի պաշտոնների կամ զբաղվել այնպիսի գործունեությամբ, որոնց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն:

Օտարերկրյա քաղաքացին ունի անձնական և ընտանեկան կյանքին անօրինական միջամտելուց օրենքով պաշտպանվելու, անձի և բնակարանի անձեռնմխելիության, հաղորդակցության գաղտնիության, պատվի և արժանապատվության, կյանքի և առողջության, անձնական ազատության և գույքի դեմ ոտնձգություններից դատական պաշտպանության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող է ամուսնանալ կամ ամուսնալուծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընտանեկան հարաբերություններում ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ և պարտականություններ:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարում է հարկեր, տուրքեր և կատարում այլ պարտադիր վճարումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայելու պարտականություն չի կրում:

Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից:

Օտարերկրյա քաղաքացուն ձերբակալելիս, կալանելիս, քրեական պատասխանատվության ենթարկելիս կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից նրա ելքն արգելելիս համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին տեղյակ պահել օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտպանող պետության ներկայացուցչությանը, իսկ փախստականների դեպքում՝ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարին:

Օտարերկրյա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագրի կամ կացության ժամկետի լրանալը, հեռանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Օտարերկրյա քաղաքացու՝ իր իրավունքներից և ազատություններից օգտվելը չպետք է վնաս հասցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, այլ անձանց իրավունքներին և ազատություններին, հասարակական կարգին, ընդհանուր բարեկեցությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 25.

Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքները և պարտականությունները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունք ունի ժառանգելու, կտակելու կամ նվիրաբերելու իր սեփականությունը, օգտվելու ապահովագրական, թաղման և այլ ծառայություններից, անդամակցելու բարեգործական, մշակութային, մարզական և այլ հասարակական կազմակերպություններին:

Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին կարող է անդամակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող միջազգային կազմակերպություններին:

Կացության կարգավիճակն օտարերկրյա քաղաքացուն տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ելքի իրավունք:

Կացության ժամանակավոր, սովորական և հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հրավիրել իր մերձավոր ազգականներին: Հրավերի փաստաթղթեր տալու դիմաց գանձնվում է վճար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու՝ այլ անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հրավիրելու իրավունքը կարգավորվում է միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 26.

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

 

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի իրավունք ստանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ելքը չի սահմանափակվում:

Օտարերկրացի ուսանողի արտերկրյա երթևեկության իրավունքը կանոնավորվում է ուսումնական հաստատության կողմից թույլատրված ժամկետով:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին իր կացության ժամկետում կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծել անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլտվության իրավունք չունի խախտել կամ փոխել կացության նպատակը:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին իր ֆինանսական, տնտեսական, առևտրական գործարքները կնքում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 27.

Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

 

Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունի աշխատանքի, սոցիալական ապահովության իրավունք, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օգտվել ապահովագրական ծառայություններից:

Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատում է պայմանագրային կարգով: Օտարերկրյա քաղաքացու աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին:

Օտարերկրյա քաղաքացու աշխատանքի ժամկետը ավարտվում է կացության ժամկետի ավարտման հետ միաժամանակ:

Կացության սովորական կարգավիճակ ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում օտարերկրյա քաղաքացին կարող է առանց տուրք մուծելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծել անհատական գործածության իրեր, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա, տնային գույք: Սեփականություն հանդիսացող այլ գույք ներմուծելիս օտարերկրյա քաղաքացին վճարում է մաքսատուրք՝ օրենքով սահմանված կարգով:

Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին տարին մեկ անգամ ներկայանում է գրանցման, տարվա ընթացքում չի կարող բացակայել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վեց ամսից ավելի ժամկետով, եթե նախօրոք չի ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության գրավոր համաձայնությունը՝ պայմանով, որ այն չի գերազանցում մեկ տարվա անընդմեջ ժամկետը, մուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարեկան վճարը:

Կացության սովորական կարգավիճակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեք տարի բնակված օտարերկրյա քաղաքացին կարող է դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Այս դեպքում նրա կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգվում է մեկ տարով, որի ընթացքում նա առանց ներքին գործերի նախարարության գրավոր թույլտվության չի կարող բացակայել հանրապետությունից:

 

Հոդված 28.

Կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

 

Կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունի աշխատանքի իրավունք, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով:

Նա ազատվում է մուտքի արտոնագրի վճարից:

Կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձը պարտավոր է տարին մեկ անգամ ներկայանալ արտասահմանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմին՝ հաշվառման համար:

 

Հոդված 29.

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

 

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին ունի անձի անձեռնմխելիության իրավունք՝ միջազգային պայմանագրերին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 5

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 30.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների պատասխանատվությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացին օրենքի առջև կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն հավասար պատասխանատվություն, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության սահմանված կարգը խախտելու, առանց կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթերի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու, հաշվառման սահմանված կարգը խախտելու, կացության կամ մուտքի արտոնագրի ժամկետի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից չհեռանալու, մաքսային կանոններին չենթարկվելու դեպքերում օտարերկրյա քաղաքացին ենթարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

 

Հոդված 31.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարումը

 

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից կարող է վտարվել վարչական կարգով, եթե նրա գործունեությունը սպառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգությանը, հասարակական կարգին և բարքերին, քաղաքացիների իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

Հոդված 32.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման կարգը

 

Վարչական կարգով օտարերկրյա քաղաքացու վտարման մասին որոշումը, բացառությամբ կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների, ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարը՝ իր կողմից կազմված հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունի օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտպանող պետության ներկայացուցիչը:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման որոշումն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Վարչական վտարման մասին որոշումը յոթնօրյա ժամկետում կարող է գանգատարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին՝ վտարվող օտարերկրյա քաղաքացու կամ նրա շահերը պաշտպանող պետության ներկայացուցչի կողմից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետն իր որոշման մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնում է գանգատարկողին:

Վարչական կարգով վտարված օտարերկրյա քաղաքացին կարող է վերադառնալ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարի, իսկ կացության բացառիկ կարգավիճակ ունեցողը՝ արտաքին գործերի նախարարի թույլտվությամբ:

 

Հոդված 33.

Օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը

 

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտաքսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանը օտարերկրյա քաղաքացու նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտաքսումը կարող է նշանակել որպես լրացուցիչ պատիժ: Եթե ազատազրկման ժամկետը չի գերազանցում երկու տարին, այն կարող է փոխարինվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտաքսմամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է օտարերկրյա քաղաքացու նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանի նշանակած ազատազրկման պատիժը կամ նրա մի մասը փոխարինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտաքսմամբ:

Օտարերկրյա քաղաքացուն արտաքսելու մասին դատարանը տասնօրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով տեղյակ է պահում օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտպանող ներկայացուցչությանը:

 

Հոդված 34.

Օտարերկրյա քաղաքացիների հանձնումը քրեական հանցագործների փոխանակման համաձայնագրով

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող այն օտարերկրյա քաղաքացին, որը մեղադրվում է որևէ պետության տարածքում հանցագործություն կատարելու մեջ և որի հանձնման պահանջ է ներկայացվում այդ պետության կամ միջազգային կազմակերպության կողմից, հանձնվում է պահանջող կողմին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 35.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

31 օգոստոսի 2001թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-160