Համարը 
N 63
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ընդունման ամսաթիվը 
12.04.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.04.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“12” ապրիլի 2001թ.

N 63

ք.Ստեփանակերտ

 

Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը, որդեգրման հարցերով շրջանային հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին

 

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 6-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 60 որոշման

1. Հաստատել`

ա/ որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը /կցվում են/.

բ/ որդեգրման հարցերով շրջանային հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը /կցվում է/:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովը /այսուհետև` հանձնաժողով/ քննարկում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց /այսուհետև` օտարերկրյա քաղաքացի/ կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա /այսուհետև` երեխա/ որդեգրելու հետ կապված հարցերը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և իր կողմից հաստատված աշխատակարգով:

3. Հանձնաժողովն իր գործունեությամբ հաշվետու և պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

4. Հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

5. Հանձնաժողովն ունի իր անվամբ կլոր կնիք, ձևաթուղթ և դրոշմակնիք:

6. Հանձնաժողովում որդեգրման հետ կապված տեղեկությունները գաղտնի են:

 

II. Հանձնաժողովի խնդիրները և իրավասությունները

 

7. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա/ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու հետ կապված հարցերի քննարկումը.

բ/ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման հնարավորության մասին եզրակացություն տալը.

գ/ որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը.

դ/ սույն կանոնադրությունից բխող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

8. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս պարտավոր է`

ա/ որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով, անցկացնել այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմել համապատասխան ակտ.

բ/ որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց ստացված փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա սահմանված կարգով լրացնել որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացու անձնական քարտը, տալ որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում նրան վերցնել հաշվառման` որպես որդեգրողի թեկնածու.

գ/ որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն կայացնելու դեպքում, մեկշաբաթյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնել դիմողին.

դ/ որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու փաստաթղթերի, կենսապայմանների ուսումնասիրության ակտի ու անձնական քարտի հիման վրա կազմել համապատասխան տեղեկանք հաշվառման պահից 3-օրյա ժամկետում այն փոխանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը.

ե/ որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու պահանջով տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ որդեգրման ենթակա երեխայի և նրա մերձավոր ազգականների մասին.

զ/ կազմակերպել որդեգրման ենթակա երեխայի և որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու հանդիպումը.

է/ սահմանված կարգով իր կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային ընտրելու դեպքում 3-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը.

ը/ կատարել սույն կանոնադրությունից բխող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

9. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունից պարբերաբար ստանալու տեղեկատվություն որդեգրման ենթակա երեխաների մասին.

բ/ 10-օրյա ժամկետում, ըստ անհրաժեշտության, որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց պահանջելու նրա մերձավոր ազգականների համաձայնությունը, ինչպես նաև տվյալ պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության, հայ համայնքի, հայկական եկեղեցու, վստահություն վայելող անձանց /կազմակերպությունների/ երաշխավորագրերը.

գ/ վարչակազմի ղեկավարից ստանալու որդեգրման վերաբերյալ որոշման պատճենը.

դ/ իրականացնելու սույն կանոնադրությունից բխող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

III. Հանձնաժողովի կազմը, աշխատանքների կազմակերպումը և ղեկավարումը

 

10. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից:

11. Հանձնաժողովի կազմի մեջ, ի պաշտոնե, մտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետը /հանձնաժողովի նախագահ/, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը /հանձնաժողովի քարտուղար/:

12. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

13. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի և սույն կանոնադրությամբ նախատեսված գործողությունների միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամսական մեկ անգամ:

15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

16. Հանձնաժողովի նիստերը, նախագահի հանձնարարությամբ, կարող է վարել հանձնաժողովի անդամներից մեկը:

17. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

18. Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

19. Հանձնաժողովի որոշումները և որդեգրման հնարավորության մասին եզրակացությունները /այսուհետև որոշում/ ընդունվում են բաց քվեարկությամբ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

20. Հանձնաժողովի նախագահը`

ա/ ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

բ/ հրավիրում է հանձնաժողովի նիստեր և վարում դրանք.

գ/ ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

դ/ վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

ե/ ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

զ/ հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

է/ իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի քարտուղարը`

ա/ ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի նախագահին ու անդամներին.

բ/ վարում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ/ ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.

դ/ կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

22. Հանձնաժողովի անդամները`

ա/ մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին.

բ/ հարցեր են ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.

գ/ առաջարկություններ են ներկայացնում հանձնաժողովի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

դ/ ծանոթանում են հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

ե/ կատարում են հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

23. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-վերլուծական, կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

24. Հանձնաժողովի անդամների հետ կապված ծախսերը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի հաշվին:

25. Հանձնաժողովի լուծարումից հետո նրա գործունեության հետ կապված նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի

 

Ռ.Հայրապետյան

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Զ.Լազարյան

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար

Լ.Ղուլյան

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար

Հ.Գրիգորյան

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Լ.Ղուլյան

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ.Բալասանյան

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Ա.Ղարամյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ

Ա.Նասիբյան

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչատարածքային կառավարման բաժնի պետ /հանձնաժողովի քարտուղար/

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

որդեգրման հարցերով շրջանային հանձնաժողովների

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Որդեգրման հարցերով շրջանային /Ստեփանակերտ քաղաքային/ /այսուհետև` շրջանային/ հանձնաժողովները քննարկում են իրենց շրջանի /Ստեփանակերտ քաղաքի/ տարածքում բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման հետ կապված հարցերը:

2. Որդեգրման հարցերով շրջանային հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն օրինակելի կանոնադրությամբ, իրենց կանոնադրություններով և հանձնաժողովների կողմից հաստատված աշխատակարգով:

3. Որդեգրման հարցերով շրջանային հանձնաժողովներն իրենց գործունեությամբ հաշվետու և պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին և համապատասխան վարչակազմի ղեկավարին:

4. Որդեգրման հարցերով շրջանային հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

5. Որդեգրման հարցերով շրջանային հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է համապատասխան վարչակազմի ղեկավարը:

Շրջանային հանձնաժողովի կանոնադրությունը կազմվում է սույն օրինակելի կանոնադրության հիման վրա` հաշվի առնելով տվյալ շրջանի առանձնահատկությունները:

6. Որդեգրման հարցերով շրջանային հանձնաժողովներն ունեն իրենց անվամբ կլոր կնիք, ձևաթուղթ և դրոշմակնիք:

7. Որդեգրման հարցերով շրջանային հանձնաժողովներում /այսուհետև` հանձնաժողով/ որդեգրման հետ կապված տեղեկությունները գաղտնի են:

 

II. Հանձնաժողովի խնդիրները և իրավասությունները

 

8. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու հետ կապված հարցերի քննարկումը.

բ/ որդեգրման ենթակա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի /այսուհետև` երեխա/ հաշվառումը.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման հնարավորության մասին եզրակացություն տալը.

դ/ որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.

ե/ սույն օրինակելի կանոնադրությունից բխող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

9. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս պարտավոր է`

ա/ որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալուց հետո սահմանված կարգով լրացնել երեխայի անձնական քարտը` վերցնելով նրան հաշվառման որպես որդեգրման ենթակա երեխա.

բ/ հաշվառման պահից 3-օրյա ժամկետում որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի պատճենը փոխանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը.

գ/ որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուց սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում անցկացնել այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմել համապատասխան ակտ.

դ/ որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուց ստացված փաստաթղթերի ու կազմված ակտի հիման վրա սահմանված կարգով լրացնել որդեգրել ցանկացողի անձնական քարտը, տալ որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում նրան վերցնել հաշվառման` որպես որդեգրողի թեկնածու.

ե/ որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն կայացնելու դեպքում, դրանից հետո 5-օրյա ժամկետում, դրա մասին գրավոր տեղեկացնել դիմողին.

զ/ որդեգրողի թեկնածուի փաստաթղթերի, կենսապայմանների ուսումնասիրության ակտի ու անձնական քարտի հիման վրա կազմել համապատասխան տեղեկանք և հաշվառման պահից 3-օրյա ժամկետում այն փոխանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը.

է/ որդեգրողի թեկնածուի պահանջով նրան տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ որդեգրման ենթակա երեխայի և նրա մերձավոր ազգականների մասին.

ը/ կազմակերպել որդեգրման ենթակա երեխայի և որդեգրողի թեկնածուի հանդիպումը.

թ/ սահմանված կարգով իր կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային ընտրելու դեպքում դրա մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը.

ժ/ կատարել սույն օրինակելի կանոնադրությունից բխող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

10. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`

ա/ 5-օրյա ժամկետում խնամակալության և հոգաբարձության մարմիններից սահմանված կարգով ստանալու տեղեկատվություն առանց ծնողական խնամքի մնացած, ընկեցիկ, ինչպես նաև պետության լրիվ հոգածության ներքո գտնվող այն երեխաների մասին /երեխայի սեռի, տարիքի, առողջական վիճակի և այլնի մասին/, որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունից պարբերաբար ստանալու տեղեկատվություն որդեգրման ենթակա երեխաների մասին.

գ/ վարչակազմի ղեկավարից ստանալու որդեգրման մասին որոշման պատճենը.

դ/ իրականացնելու սույն օրինակելի կանոնադրությունից բխող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

III. Հանձնաժողովի կազմը, աշխատանքների կազմակերպումը և ղեկավարումը

 

11. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից:

12. Հանձնաժողովի կազմի մեջ, ի պաշտոնե մտնում են վարչակազմի ղեկավարի տեղակալը /հանձնաժողովի նախագահ/, վարչակազմի իրավական, կրթության, առողջապահության, սոցիալական հարցերով կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, շրջանի զինվորական կոմիսարը, այլ համապատասխան պաշտոնատար անձինք:

13. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

14. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի և սույն օրինակելի կանոնադրությամբ նախատեսված գործողությունների միջոցով:

15. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամսական մեկ անգամ:

16. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

17. Հանձնաժողովի նիստերը, նախագահի հանձնարարությամբ, կարող է վարել հանձնաժողովի անդամներից մեկը:

18. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

19. Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

20. Հանձնաժողովի որոշումները և որդեգրման հնարավորության մասին եզրակացությունները` /այսուհետև` որոշում/ ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

21. Հանձնաժողովի նախագահը`

ա/ ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

բ/ հրավիրում է հանձնաժողովի նիստեր և վարում դրանք.

գ/ ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

դ/ վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

ե/ ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

զ/ հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

է/ իրականացնում է սույն օրինակելի կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

22. Հանձնաժողովի քարտուղարը`

ա/ ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի նախագահին ու անդամներին.

բ/ վարում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ/ ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.

դ/ կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

23. Հանձնաժողովի անդամները`

ա/ մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին.

բ/ հարցեր են ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.

գ/ առաջարկություններ են ներկայացնում հանձնաժողովի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

դ/ ծանոթանում են հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

ե/ կատարում են հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

24. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-վերլուծական, կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է վարչակազմը:

25. Հանձնաժողովի աշխատանքի հետ կապված ծախսերը կատարվում են վարչակազմի պահպանման ծախսերի հաշվին:

26. Հանձնաժողովի լուծարումից հետո նրա գործունեության հետ կապված նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: