ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական և իրավական հիմքերը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:
Հոդված 1. |
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ հասկացությունը |
Սույն օրենքով՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ՝ վետերաններ) են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների և ստացած վնասվածքների հետևանքով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
(1-ին հոդվածը լրաց. 30.11.2005 ՀՕ-236, լրաց. 26.06.2014 ՀՕ-28-Ն)
Հոդված 2. |
Վետերանների մասին օրենսդրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական այլ ակտերից:
Հոդված 3. |
Միջազգային պայմանագրեր |
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. |
Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը |
Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում:
Վետերաններին տրվում է ամենամսյա պարգևավճար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով։
Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև՝
ա) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
բ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վետերաններին տրվում է ամենամսյա պատվովճար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով և կարգով:
Պատվովճարի և պարգևավճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:
Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
(4-րդ հոդվածը խմբ. 30.11.2005 ՀՕ-236, խմբ., լրաց. 26.06.2014 ՀՕ-28-Ն)
Հոդված 5. |
Վետերանների նկատմամբ պետական քաղաքականության իրականացումը |
Վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝ պետական նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:
Հոդված 6. |
Վետերանների կարգավիճակը հաստատող փաստաթուղթը |
Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 7. |
Պատասխանատվությունն օրենքի պահանջների խախտման համար |
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 8. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 2000 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
3 մարտի 2000թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-96 |
|