Համարը 
ՀՕ-186
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.04.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.05.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼՂՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդունված է 2005 թվականի

ապրիլի 27-ին

 

Հոդված 1. 2005թ. հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնել 2004թ. նոյեմբերի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը (դրա հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ), այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք» (այսուհետ՝ օրենսգիրք):

 

Հոդված 2. Մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, և դրանց նկատմամբ կիրառվում են օրենսգրքի դրույթները:

 

Հոդված 3. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, անհրաժեշտ է օրենսգրքին համապատասխանեցնել աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտեր:

Մինչև աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտեր օրենսգրքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:

Մինչև օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված այլ նորմատիվ իրավական ակտեր, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների այն ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչև համապատասխան օրենքները գործողության մեջ դնելը:

 

Հոդված 4. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, գործատուները պարտավոր են առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբերությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր` օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 5. Գործատուն պարտավոր է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո` երեք տարվա ընթացքում, ապահովել օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի, 243-րդ, 245-րդ, 249-255-րդ հոդվածների պահանջների կատարումը:

 

Հոդված 6. Աշխատանքային վեճերի նկատմամբ օրենսգրքի դրույթները տարածվում են այն դեպքում, եթե աշխատանքային վեճն առաջացել է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո:

 

Հոդված 7. (հոդվածն ուժը կորցրել է 30.05.2013 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 8. 2014 թվականին աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշելու պահանջ առաջանալու դեպքում հաշվարկային ժամանակահատվածի` 2013 թվականի ամիսների աշխատավարձի չափն ավելացվում է 16.65 տոկոսով։

(8-րդ հոդվածը լրաց. 30.05.2013 ՀՕ-27-Ն, խմբ. 26.12.2013 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 9. Մինչև սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում աշխատանքային գրքույկներն Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելը գործատուն պարտավոր է՝

1) աշխատանքային պայմանագիր կնքելու համար աշխատանքի ընդունվողներից պահանջել աշխատանքային գրքույկ՝ բացառությամբ առաջին անգամ կամ համատեղությամբ աշխատանքի ընդունվողների.

2) հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարել աշխատանքային գրքույկ.

3) վերջնահաշվարկի օրը սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

Աշխատանքային գրքույկում լրացվում են`

1) աշխատողի անունը, ազգանունը (նրա ցանկությամբ` հայրանունը).

2) աշխատողի ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.

3) աշխատանքային պայմանագրի համաձայն` աշխատելու ժամանակահատվածը.

4) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը (լրացնում է լիազոր մարմինը).

5) պետական այն ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը, որը, նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, հաշվարկվում է աշխատանքային ստաժում (լրացնում է լիազոր մարմինը).

6) միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո).

7) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի զորացրվելուց հետո).

8) գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարին:

Հատուկ ամրագրվում է նաև այն աշխատանքների կատարման ժամանակահատվածը, որոնք, օրենսդրությանը համապատասխան, հնարավորություն են ընձեռում աշխատողին արտոնյալ պայմաններով անցնելու կենսաթոշակի:

Աշխատողի պահանջով աշխատանքային գրքույկում լրացվում են`

1) աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը.

2) զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները.

3) համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին:

Աշխատանքային գրքույկում սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ չեն գրառվում:

Աշխատանքային գրքույկի ձևը, վարելու կարգը, ինչպես նաև աշխատանքային գրքույկի կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդվածը լրաց. 28.04.22 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 10. Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում հիմնական աշխատավայրի գործատուն Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ներկայացնում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները՝ դրանցում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, որից հետո դրանք հանձնում է աշխատողներին:

(10-րդ հոդվածը լրաց. 28.04.22 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 11. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովների կողմից սահմանված աշխատանքային ստաժը հիմք է աշխատանքի ընդունման համար պահանջվող աշխատանքային ստաժը հաշվարկելու համար:

(11-րդ հոդվածը լրաց. 28.04.22 ՀՕ-13-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

12 մայիսի 2005թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-186