ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմքերը, ինչպես նաև պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը և բարենպաստ պայմաններ ապահովում նրա և ապագա սերունդների կենսունակության համար:
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հիմնադրույթները |
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը իրականացվում է՝
- բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ.
- պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևերից) պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պարտադիր պահպանմամբ, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմամբ.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտման համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ կարգապահական, վարչական, նյութական և քրեական պատասխանատվության սահմանմամբ.
- բնակչության առողջական վիճակի, հիգիենիկ և համաճարակային իրադրության, իրականացվող սանիտարականխարգելիչ միջոցառումների մասին հավաստի լիարժեք տեղեկատվությամբ.
- պետական սանիտարահամաճարակային հսկողության համակարգի, արտադրական և հասարակական վերահսկողության մեխանիզմի արմատավորմամբ:
Հոդված 2. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը կազմված է սույն օրենքից և դրան համապատասխան ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերից:
Հոդված 3. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության տարածումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների վրա |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների վրա:
Հոդված 4. |
Սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները |
Սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (հետագայում՝ սանիտարական կանոններ) սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:
Սանիտարական կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմինների ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:
Սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Սանիտարական կանոնները պարտադիր կարգով հրապարակվում և ազատորեն տարածվում են բնակչության շրջանում:
Գ Լ ՈՒ Խ II
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 5. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իր իրավասության շրջանակներում՝
- իրականացնում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականություն.
- ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների կատարումը.
- մշակում է պետական ծրագրեր՝ ուղղված հիվանդությունների կանխարգելմանը, վթարների, տարերային աղետների հետևանքների, բնակչության զանգվածային հիվանդությունների վերացմանը և թունավորումների կանխարգելման բնագավառում գիտատեխնիկական նվաճումների ներդրմանը.
- սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակչության բնակեցման և տնտեսական գործունեության վարման ապահովմանն ուղղված վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմանները և ռեժիմը.
- կնքում է համապատասխան միջազգային պայմանագրեր.
- բնակչության շրջանում կազմակերպում է հիգիենիկ դաստիարակությունը և ուսուցումը սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ ապահովում է անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական մարմինների միջոցով:
Հոդված 6. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացման նպատակով ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն /ՊՀՀԾ/:
ՊՀՀԾ-ն ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող սանիտարահամաճարակային ծառայության մարմինների և հիմնարկների բազայի վրա:
ՊՀՀԾ-ի ղեկավարումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից:
ՊՀՀԾ-ի կառավարման և ֆինանսավորման կարգը, կառուցվածքը և լիազորությունները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը իրականացնում է՝
- սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը.
- պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում.
- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական ղեկավարումը.
- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների կազմակերպումը.
- վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
- հիգիենիկ գիտելիքների քարոզչությունը:
Հոդված 8. |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանականերում՝
- ապահովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության իրականացումը համապատասխան տարածքում.
- մշակում և հաստատում են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված տեղական ծրագրերը, վերահսկողություն են սահմանում դրանց կատարման նկատմամբ, իրականացնում են սանիտարահիգիենիկ և այլ հատուկ փորձաքննությունների, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը և դրանց ֆինանսավորումը.
- կոորդինացնում են իրենց տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական ենթակայությունից կամ սեփականության ձևերից), քաղաքացիների կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.
- կազմակերպում են օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների կանխարգելման ու վերացման ուղղությամբ.
- ընդունում են որոշումներ զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում իրենց տարածքում կարանտին կամ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու և դրանք չեղյալ հայտարարելու մասին.
- ապահովում են բարենպաստ շրջակա միջավայրի նկատմամբ քաղաքացիների իրավունքների իրացման պայմանները:
Գ Լ ՈՒ Խ III
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 9. |
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպություններն իրավունք ունեն՝
- պետական մարմիններից ստանալ տեղեկություններ սանիտարահամաճարակային իրադրության, շրջակա միջավայրի, բնակչության առողջական վիճակի և սանիտարական կանոնների մասին.
- մասնակցել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական մարմինների որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են՝
- կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները և արտադրական վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ.
- մշակել ու իրականացնել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները շրջակա միջավայրի աղտոտման վերացման և կանխման, բնակչության աշխատանքի, կենցաղի, կրթության և հանգստի պայմանների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման ուղղությամբ.
- տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին վթարային իրավիճակների, արտադրության տեխնոլոգիական այն պրոցեսների մասին, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են սանիտարական կանոնների խախտման.
- կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց որոշումները և կարգադրությունները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը խախտող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կամ դրանց առանձին կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կասեցման վերաբերյալ որոշումները.
- կազմակերպել իրենց աշխատողների սանիտարական կուլտուրայի բարձրացմանը նպաստող հիգիենիկ ուսուցում և դաստիարակություն:
Հոդված 10. |
Քաղաքացիների իրավունքները և պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում |
Քաղաքացիներն ունեն՝
- բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.
- շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության ու իրազեկման իրավունք.
- պետական մարմինների՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդումանը, սահմանված կարգով, մասնակցելու և դրանց իրականացումը վերահսկելու իրավունք.
- սանիտարական կանոնների խախտման հետևանքով իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Քաղաքացիները պարտավոր են՝
- հոգալ իրենց առողջական վիճակի, երեխաների առողջության և հիգիենիկ դաստիարակության մասին.
- կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները.
- կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների և պաշտոնատար անձանց որոշումներն ու կարգադրությունները.
- մասնակցել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը:
Հոդված 11. |
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքների իրացման երաշխիքները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները ունեն պետական մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունները կամ անգործությունը գանգատարկելու իրավունք, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել սույն օրենքի 9 և 10 հոդվածներով նրանց վերապահված իրավունքների սահմանափակմանը:
Գանգատը տրվում է վերադաս պաշտոնատար անձին, որից հետո՝ շրջանային (քաղաքային) դատարան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ IV
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 12. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի հատակագծման և կառուցապատման բնագավառում |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նախագծերը մշակվում են սանիտարական կանոնների պարտադիր պահպանմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Շինարարության նպատակով հողահատկացումները, նախագծման նորմերի, շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային ու նորմատիվային փաստաթղթերի հաստատումը, բնակելի շենքերի, մշակութային-կենցաղային և կոմունալ շինությունների, արդյունաբերական, տրանսպորտային և այլ ձեռնարկությունների շահագործումը թույլատրվում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության համապատասխան մարմնի դրական եզրակացության դեպքում:
Հոդված 13. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները սննդամթերքի և պարենային հումքի արտադրության, փոխադրման, պահպանման և իրացման բնագավառում |
Սննդամթերքի և պարենային հումքի արտադրության տեխնոլոգիան, դրանց փոխադրումը, պահպանումը և իրացումը կատարվում են սանիտարական կանոնների պահպանմամբ: Չհամապատասխանելու դեպքում դրանք անմիջապես հանվում են արտադրությունից, վաճառքից՝ համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշման համաձայն:
Սննդամթերքի և պարենային հումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների և հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծումը, նոր տեխնոլոգիաների կիրառումը, նոր տեսակի սննդամթերքի մշակումը և արտադրությունը, ինչպես նաև պոլիմերային և այլ բնույթի նյութերի, տարաների օգտագործումը, որոնք շփվում են պարենային հումքի և սննդամթերքի հետ, կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության՝ սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնք արտասահմանից սննդամթերքի և պարենային հումքի ներմուծման և իրացման պայմանագրեր են կնքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի պահանջների կատարումը:
Հոդված 14. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման բնագավառում |
Վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ օգտագործվող միջոցների, հանքային պարարտանյութերի, բույսերի աճի կարգավորիչների և դրանց պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, պոլիմերային նյութերի և պլաստմասսաների, օծանելիքային գեղահարդարման արտադրանքի, այլ քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների կիրառումը թույլատրվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության համապատասխան մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:
Հոդված 15. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները նոր հումքի, նյութերի, պատրաստուկների և տեխնոլոգիաների արտադրության մեջ ներդրման և կիրառման, ինչպես նաև այն արտադրատեսակների բնագավառում, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը կարող են անբարենպաստ ազդեցություն գործել մարդու առողջության վրա |
Այն արտադրատեսակները, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը պահանջում են մարդու անմիջական մասնակցություն և կարող են անբարենպաստ ազդեցություն գործել նրա առողջության վրա, իրենց որակական ցուցանիշներով և հատկություններով պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:
Տնտեսության մեջ և կենցաղում օգտագործելու համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը, նյութերը և պատրաստուկները թույլատրվում է արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն սանիտարական կանոններին դրանց համապատասխանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում:
Գործող սանիտարական կանոններին չհամապատասխանող արտադրանքի թողարկման համար պատասխանատու ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշմամբ պարտավոր են կասեցնել դրա արտադրությունն ու իրացումը:
Հոդված 16. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման բնագավառում |
Քաղաքների և այլ բնակավայրերի բնակիչներն ապահովվում են մարդու կենցաղային և ֆիզիոլոգիական կարիքների համար խմելու ջրի անհրաժեշտ քանակությամբ՝ հիգիենիկ նորմատիվների համաձայն:
Խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:
Պետական կառավարման մարմինները իրականացնում են միջոցառումներ ջրամատակարարման համակարգի պահպանման, զարգացման և բնակչությանը բարձրորակ ջրով ապահովելու ուղղությամբ:
Կենտրոնացված և ոչ կենտրոնացված ջրամատակարարման, լողանալու, սպորտով զբաղվելու և բնակչության հանգստի, բուժական նպատակներով օգտագործվող, ինչպես նաև բնակավայրերի սահմաններում գտնվող ջրամբարների ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:
Բնակչության ջրօգտագործման աղբյուրների աղտոտումը կանխարգելելու և վերացնելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանվում են սանիտարական պահպանման գոտիներ՝ հատուկ ռեժիմով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ջրի որակը սանիտարական կանոններին չհամապատասխանելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության որոշմամբ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ջրի աղբյուրների օգտագործումը դադարեցվում է:
Հոդված 17. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի մթնոլորտային օդի և աշխատատեղերի օդի մաքրության պահպանման բնագավառում |
Բնակավայրերի մթնոլորտային օդում և աշխատատեղերի օդում, մարդկանց գտնվելու վայրերում աղտոտող նյութերի քանակությունը և վնասակար ֆիզիկական գործոնների մակարդակները պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:
Բնակավայրերի մթնոլորտային օդը արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական, էներգետիկ) արտանետումների աղտոտումից պաշտպանելու համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում են սանիտարապաշտպանական հատուկ ռեժիմով գործող գոտի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 18. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի պահպանման բնագավառում |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության համաձայն, պահպանում են բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակը: Բնակավայրերի սանիտարական վիճակի պահպանման և հսկողության կարգն ու պայմանները սահմանվում և իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները արտադրական և կենցաղային թափոնների հավաքման, վերամշակման, օգտահանման, վարակազերծման և թաղման ժամանակ պետք է պահպանեն սանիտարական կանոնները:
Հոդված 19. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները շենքերի, կառույցների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների պահպանման ու շահագործման բնագավառում |
Պետական համապատասխան մարմինները բնակելի շենքերը շահագործման հանձնելիս պարտավոր են պահպանել գործող սանիտարական կանոնների պահանջները:
Արգելվում է բնակեցումը այն բնակելի կառույցներում, որոնք չեն համապատասխանում սանիտարական կանոններին:
Բնակելի, արտադրական և մյուս շենքերը, կառույցները, տեխնոլոգիական և մյուս սարքավորումները, տրանսպորտային միջոցները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում, անհրաժեշտ է պահել և շահագործել սանիտարական կանոններին, ստանդարտներին և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովող այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:
Հոդված 20. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս |
Ռադիոակտիվ նյութերի և այլ իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս, ինչպես նաև դրանց արտադրության, օգտագործման, մշակման, պահպանման, փոխադրման, վնասազերծման և թաղման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ճառագայթային անվտանգության նորմերը և համապատասխան նորմատիվային փաստաթղթերի պահանջները:
Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործումը թույլատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և համաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում:
Հոդված 21. |
Հիգիենիկ ուսուցման կազմակերպումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է բնակչության հիգիենիկ կուլտուրայի բարձրացմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանն ու հիվանդությունների կանխարգելմանը նպատակաուղղված ուսուցում՝ հիգիենիկ գիտելիքների տարածում, որի կազմակերպման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 22. |
Բժշկական պարտադիր զննությունը |
Բնակչության համապատասխան սոցիալ-ժողովրդագրական խմբերը, վնասակար արտադրության մեջ աշխատողները ենթակա են նախնական և պարբերական բժշկական զննության, որի համար ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները ստեղծում են համապատասխան պայմաններ: Բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 23. |
Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը |
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարևորության խնդիրների վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագիտական փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
Պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում նաև պետական մարմինների հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության նախաձեռնությամբ, ինչպես նաև հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, բնակչության կողմից բարձրացված սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված հարցերի կապակցությամբ:
Փորձաքննության տվյալների հիման վրա տրված եզրակացությունները քննարկվում և հաշվի են առնվում պետական մարմինների կողմից՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս:
Գ Լ ՈՒ Խ V
ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24. |
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը |
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը սանիտարականխարգելիչ հիմնարկների և մարմինների գործունեությունն է հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը ներառում է՝
- բնակչության առողջական վիճակի զննությունը, կանխատեսումը և գնահատումը՝ ըստ շրջակա միջավայրի վիճակի.
- վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը.
- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.
- հսկողությունը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտման դեպքում պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցառումների կիրառումը.
- վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը:
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության վրա:
Հոդված 25. |
Հասարակական, հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը |
Հասարակական ու հասարակական-քաղաքական կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիների առանձին խմբերը իրավասու են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, հասարակական վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահպանման և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում՝ արդյունքների մասին տեղեկացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությանը:
Գ Լ ՈՒ Խ VI
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 26. |
Պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների համար |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև պաշտոնատար անձինք և քաղաքացիները, պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ VII
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 27. |
Միջազգային պայմանագրեր |
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան սահմանում է սույն օրենքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերը:
Գ Լ ՈՒ Խ VIII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 28. |
Անցումային դրույթ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝
մշակել և ընդունել սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր:
Գ Լ ՈՒ Խ IX
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 29. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
24 դեկտեմբերի 1998թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-36 |
|