Համարը 
N 705-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.07.09/17(437)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.07.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.07.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՀ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԵՎ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, 1-ԻՆ ԽՄԲԻ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2021թ.

N 705-Ն

ք. Ստեփանակերտ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԵՎ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, 1-ԻՆ ԽՄԲԻ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ

ԵՎ (ԿԱՄ) ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր)` համաձայն N1 հավելվածի:

2. Հաստատել Ծրագրի միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն N2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի հուլիսի 2-ի N 705–Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԵՎ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, 1-ԻՆ ԽՄԲԻ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ (ԿԱՄ)

ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նպատակ ունի երեք տարվա ընթացքում լուծել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, ինչպես նաև 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման խնդիրը` նպաստելով Արցախի Հանրապետությունում նրանց հետագա բնականոն կեցությանն ու գործունեությանը:

2. Ծրագրի խնդիրներն են`

1) Ծրագրի շահառուների և նրանց հաշվառման սկզբունքների սահմանումը.

2) ծրագրային միջոցառումների իրականացման հիմնական սկզբունքների, ժամկետների և պատասխանատուների սահմանումը.

3) շահառուներին բնակարանների կամ բնակելի տների հատկացման սկզբունքների և պայմանների սահմանումը.

4) Ծրագրի ֆինանսավորման աղբյուրների սահմանումը:

3. Ծրագրում կիրառվող հասկացություններն են`

1) պատերազմական գործողություններ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողություններ.

2) լիազոր մարմին` Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին.

3) շահառու` Ծրագրի 5-րդ կետով սահմանված` բնակարանային ապահովման կարիք ունեցող անձ կամ ընտանիք.

4) ընտանիք` ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց խումբ, որի անդամները հաշվառված են նույն բնակության հասցեում և (կամ) փաստացի բնակվում են նույն հարկի տակ և վարում են ընդհանուր տնտեսություն.

5) բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածք.

6) բնակելի տուն՝ բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով օժտված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված կառույց.

7) բնակտարածք` բնակարանը և (կամ) բնակելի տունը.

8) բնակարանային ապահովման կարիք ունեցող ընտանիք, որի՝

ա. սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի բնակելի և օժանդակ տարածքների ընդհանուր մակերեսով ապահովվածությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 12 քառ. մետրից պակաս է,

բ. ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք, բացի ամուսիններից, բնակվում են մեկ սենյակում,

գ. անդամը տառապում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի «Անձին առանձին սենյակի կամ լրացուցիչ բնակելի մակերեսի իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 44-Ն հրամանով հաստատված հիվանդություններից որևէ մեկով, որի դեպքում նրա համար պահանջվում է առանձին կամ լրացուցիչ բնակելի մակերես, և որի տրամադրման դեպքում ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրին կմնա 12 քառ. մետրից պակաս մակերես.

9) բնակարանային ֆոնդ` Ծրագրի շրջանակում կառուցված, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից ձեռք բերված բնակտարածք.

10) կառուցում՝ շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր՝ ուղղված բնակտարածքի շինարարությանը.

11) հաշվառում հերթացուցակում` Ծրագրի շրջանակում բնակարանային ապահովման նպատակով շահառուի ընդգրկում հերթացուցակում` հերթական համարի տակ.

12) հերթացուցակ` լիազոր մարմնի կողմից հաշվառման վերցված շահառուների վերաբերյալ տվյալներ պարունակող փաստաթուղթ.

13) արտոնյալ հերթացուցակ` լիազոր մարմնի կողմից հաշվառման վերցված՝ բնակտարածք ստանալու առաջնահերթ իրավունք ունեցող շահառուների վերաբերյալ տվյալներ պարունակող փաստաթուղթ:

 

2. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

2.1. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

4. Ծրագրային միջոցառումները կիրագործվեն Ծրագրի միջոցառումների իրականացման ժամանակացույցին համապատասխան` հաշվի առնելով սույն գլխի կետերով սահմանված սկզբունքներն ու պայմանները:

5. Ծրագրի շահառուներն են`

1) պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձի՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող ընտանիքը.

2) պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը կամ նրա ընտանիքը.

3) պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված բնակավայրերում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ`

ա. հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը կամ նրա ընտանիքը,

բ. առնվազն վերջին երեք տարիներին փաստացի բնակված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը կամ նրա ընտանիքը.

4) 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված և պատերազմական գործողությունների հետևանքով մահացած քաղաքացիական անձի՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող ընտանիքը.

5) պատերազմական գործողությունների պատճառած ավերածությունների հետևանքով սեփականության իրավունքով բնակտարածք կորցրած՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը կամ նրա ընտանիքը, որի անդամները 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և վերջին երեք ամիսներին փաստացի բնակվում էին Արցախի Հանրապետությունում:

6. Շահառուի՝ 5-րդ կետով սահմանված փաստացի բնակության հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության կողմից:

7. Շահառուների ցուցակագրումն իրականացվում է Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտում` քաղաքապետարանի) կողմից` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

8.Շահառուների հաշվառումն իրականացվում և ըստ բնակավայրերի ու հասանելիք մակերեսների ընդհանուր ու արտոնյալ հերթացուցակները կազմվում են լիազոր մարմնի կողմից` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

9.Ստեփանակերտ քաղաքում բնակտարածքով ապահովման նպատակով հերթացուցակում հաշվառվում են Ծրագրի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված շահառուները և 3-րդ ենթակետով սահմանված շահառուներից միայն Շուշի ու Հադրութ քաղաքների բնակիչները` ունենալով նախընտրելու իրավունք ստանալ բնակտարածք շրջանային բնակավայրում` Ստեփանակերտ քաղաքի փոխարեն:

10. Ծրագրի 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված շահառուները բնակտարածքով ապահովվում են իրենց հաշվառման և (կամ) փաստացի բնակության վայրում:

11. Արցախի Հանրապետությունում կառուցապատվող նոր գյուղական բնակավայրերում բնակտարածքով ապահովման նպատակով հերթացուցակում հաշվառումն իրականացվում է վերաբնակեցվող համայնքների ընտանիքները հնարավոր մեկ համայնքում տեղավորելու սկզբունքով` հաշվի առնելով նաև շահառուների ցանկությունը:

 

2.2. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

12. Հաշվառված շահառուներին բնակտարածքով ապահովելու նպատակով ձևավորվում է բնակարանային ֆոնդ`

1) Ստեփանակերտ քաղաքում բազմաբնակարան շենքերի կառուցմամբ` ապահովելով շուրջ 1200 բնակարան.

2) Արցախի Հանրապետության գյուղական բնակավայրերում առնվազն 20 նոր բնակելի թաղամասի կառուցապատմամբ, որի շրջանակում կկառուցվի ավելի քան 2297 բնակելի տուն, որոնք կտրամադրվեն ավելի քան 36 համայնքի տեղահանված բնակիչներին: Այդ բնակելի տներից 1809-ի համար կկառուցվեն հիմքերը, իսկ թեթև կոնստրուկցիաներով դրանց կառուցումը կիրականացվի բարեգործական տարբեր ծրագրերով.

3) Ստեփանակերտ քաղաքի բնակարանների առաջնային շուկայից մոտ 1000 և երկրորդային շուկայից ավելի քան 500 բնակտարածքի գնմամբ: Առաջնային շուկայից բնակտարածքի 1 քառ. մետրի գնման առավելագույն գին է սահմանվում 360 հազար ՀՀ դրամը, իսկ երկրորդային շուկայից բնակտարածքի գնման գինը որոշվում է անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան 1 քառ. մետրի դիմաց`

ա. մինչև 2015 թվականը կառուցված բնակտարածքի համար` 240 հազար ՀՀ դրամ,

բ. 2015 թվականից հետո կառուցված բնակտարածքի համար՝ 300 հազար ՀՀ դրամ.

4) Արցախի Հանրապետության շրջանների բնակարանների առաջնային շուկայից մոտ 70 բնակարանի գնմամբ` 1 քառ. մետրի առավելագույն գինը 360 հազար ՀՀ դրամ, և երկրորդային շուկայից շուրջ 1000 միավոր բնակտարածքի գնմամբ և վերանորոգմամբ: Երկրորդային շուկայից մեկ միավոր բնակտարածքի գնման և վերանորոգման ծախսերի ընդհանուր հանրագումարը շրջաններում չպետք է գերազանցի`

ա. քաղաքային համայնքներում` 15 մլն ՀՀ դրամը,

բ. գյուղական համայնքներում` 10 մլն ՀՀ դրամը:

13. Կառուցապատման նպատակով Արցախի Հանրապետության գյուղական համայնքների ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով համայնքի՝

1) զարգացման հեռանկարային հնարավորությունները.

2) արտադրական և հաղորդակցման (կոմունիկացիոն) ենթակառուցվածքների առկայությունը կամ դրանց ապահովման հնարավորությունները.

3) սոցիալական (առողջապահական, կրթական, մարզական, մշակութային) ենթակառուցվածքների առկայությունը կամ տվյալ համայնքի բնակիչների համար դրանց հասանելիությունը:

14. Ծրագրի շրջանակում ապահովվում է նաև կառուցապատվող բնակավայրերի բարեկարգումը, ենթակառուցվածքների կառուցումը կամ վերանորոգումը (էներգամատակարարում, ջրամատակարարում, ավելի քան 65 կիլոմետր ավտոճանապարհ, ջրատաքացուցիչների տեղադրում և այլն) և բնակտարածքների կահավորումը:

15. Բնակտարածքի կահավորումն իրականացվում է՝ պայմանավորված ընտանիքի անդամների թվաքանակով և գույքի նկատմամբ կարիքով:

 

2.3. ԲՆԱԿՏԱՐԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

16. Բնակտարածքը շահառուին տրամադրվում է տասը տարի անհատույց օգտագործման իրավունքով, որից հետո նույն բնակտարածքը նվիրատվությամբ տրամադրվում է շահառուին Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

17. Ծրագրի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված շահառուներին բնակտարածքը տրամադրվում է մինչև բռնազավթված տարածքների նրանց մշտական բնակության վայրեր վերադառնալը, իսկ դրա անհնարինության դեպքում գործում է 16-րդ կետի պայմանը:

18. Շահառուին տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով շուրջ 16 քառ. մետր ընդհանուր մակերեսով վերանորոգված և կահավորված բնակարան կամ բնակելի տուն` տնամերձ հողամասով: Հատկացվող բնակտարածքի ընդհանուր մակերեսը և սենյակների թիվը, կախված շահառուի ընտանիքի անդամների թվաքանակից, որոշվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան` ելնելով բնակարանային ֆոնդի հնարավորություններից:

19. Շահառուին բնակտարածք տրամադրելու ժամանակ կարող է վերանայվել հերթացուցակում հաշվառման պահին նրան հասանելիք բնակտարածքի մակերեսի չափը` ընտանիքի կազմի և (կամ) կարիքների փոփոխման դեպքում:

20. Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով բնակտարածք ունեցող, սակայն Ծրագրով նախատեսված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով ընդհանուր մակերեսը չբավարարող և հերթացուցակում հաշվառված Շահառուին բնակտարածք տրամադրվում է՝ նրան սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքը Արցախի Հանրապետությանը հանձնելու դեպքում:

21. Համատեղ սեփականության իրավունքով, սակայն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով Ծրագրով նախատեսված բնակտարածքի մակերեսը չբավարարող բնակտարածք ունեցող և հերթացուցակում հաշվառված շահառուին բնակտարածքի տրամադրումը կատարվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պայմաններով:

22. Շահառուին բնակտարածքի տրամադրումն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

3. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

23. Ծրագրի բյուջեն կազմում է ավելի քան 132 մլրդ ՀՀ դրամ, որից ավելի քան 118 մլրդ ՀՀ դրամը նախատեսված է ավելի քան 6000 միավոր բնակտարածքով բնակարանային ֆոնդի ձևավորման և նոր թաղամասերի բարեկարգման ու ենթակառուցվածքների կառուցման համար, ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամը` էներգամատակարարման և ջրամատակարարման ապահովման, մոտ 6 մլրդ ՀՀ դրամը` ճանապարհաշինության, մոտ 6.5 մլրդ ՀՀ դրամը` արևային ջրատաքացուցիչների տեղադրման և բնակտարածքների կահավորման նպատակով գույքի ձեռքբերման համար:

24. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, Արցախի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի հուլիսի 2-ի N 705–Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Հ/Հ

Միջոցառումը

Նպատակը կամ բովանդակությունը

Պատասխանատու կատարողը և համակատարողը

Ժամկետը

1.

Շահառուների ցուցակագրում

Շահառուների փաստաթղթերի հավաքագրում և ցուցակագրում` շահառու ընտանիքների քանակի և նրանց կազմերի վերաբերյալ տեղեկությունների հստակեցում

Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմեր, Ստեփանակերտի քաղաքապետարան, Լիազոր մարմին

Ծրագրի ընթացքում

2.

Կառուցապատվող բնակավայրերի տեղանքների քարտեզագրում

Կառուցվող բնակավայրերի տեղանքների հստակեցում` վերաբնակեցվող բնակավայրերի շահառու ընտանիքների առավելագույն քանակի հաշվի առնմամբ

Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն,

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

Լիազոր մարմին

Մինչև 01.08.2021թ.

3.

Կառուցապատվող նոր բնակավայրերի հատակագծերի հաստատում, կառուցապատման աշխատանքների ընդհանուր ծավալների որոշում

Նոր բնակավայրերում կառուցվող բնակելի տների քանակի, սոցիալական ենթակառուցվածքների հաստատում և տարբեր համայնքներում նոր թաղամասերի կառուցման դեպքում` առկա ենթակառուցվածքների վերակառուցման, վերանորոգման աշխատանքների կամ

նորերի կառուցման անհրաժեշտության հստակեցում

Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն,

Լիազոր մարմին

Մինչև 30.12.2021թ.

4.

Շահառուների հերթացուցակների հաստատում

Շահառուների ընդհանուր ու արտոնյալ հերթացուցակների կազմում, յուրաքանչյուր բնակավայրում կառուցվող կամ գնվող բնակարանների և բնակելի տների քանակի և դրանց մակերեսների հստակեցում

Լիազոր մարմին

Մինչև 30.12.2021թ.

5.

Կառուցապատման տարածքներում մասնավոր սեփականատերերից հողամասերի ձեռքբերում և դրանց նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցում

Կառուցապատման տարածքներում առկա ու սեփականության իրավունքով Արցախի Հանրապետությանը, Արցախի Հանրապետության առանձին համայնքներին չպատկանող հողատարածքների ձեռքբերման հետ կապված բոլոր անհրաժեշտ իրավաբանական և (կամ) այլ գործողությունների իրականացում և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման ապահովում

Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Լիազոր մարմին

Մինչև Ծրագրի ավարտը

6.

Կառուցապատման տարածքներում այլ նպատակային կամ գործառնական նշանակության հողերի (առկայության դեպքում) նշանակությունը` բնակավայրերի կառուցապատման

նշանակության դարձնելը

Կառուցապատման տարածքներում

հողամասերի`

բնակավայրերի կառուցապատման նշանակության ապահովումը

Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Լիազոր մարմին

Մինչև Ծրագրի ավարտը

7.

Կառուցվող բազմաբնակարան շենքերի, բնակելի տների և նոր թաղամասերի նախագծանախա-հաշվային փաստաթղթերի մշակման ապահովում`

Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով

Ծրագրով սահմանվող պայմաններին համապատասխան տիպային բնակելի տների, բնակարանների և նոր թաղամասերի՝ փորձաքննությունն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի ապահովում

Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, ԱՀ քաղաքաշինության նախարարություն, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Լիազոր մարմին

Մինչև 30.09.2021թ.

8.

Ծրագրով սահմանված բնակարանների և բնակելի տների կառուցման աշխատանքների ապահովում` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված կարգով

Ծրագրի շրջանակում անհրաժեշտ քանակով բնակարանների և բնակելի տների կառուցում

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, բարեգործական այլ սուբյեկտներ

Մինչև Ծրագրի ավարտը

9.

Բնակելի տների հիմքերի կառուցում

Թեթև կոնստրուկցիաներով բնակելի տների կառուցման համար հիմքերի շինարարություն

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մինչև Ծրագրի ավարտը

10.

Բնակելի թաղամասերի բարեկարգում, ենթակառուցված-քների կառուցում և (կամ) վերանորոգում

Անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, բարեգործական այլ սուբյեկտներ

Մինչև Ծրագրի ավարտը

11.

Ստեփանակերտում և շրջաններում բնակտարածքի գնում առաջնային և երկրորդային շուկաներից

Բնակարանային ֆոնդի ձևավորում Ստեփանակերտում և շրջաններում՝ գնման միջոցով

Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Լիազոր մարմին

Մինչև Ծրագրի ավարտը

12.

Ստեփանակերտում և շրջաններում երկրորդային շուկայից գնված վերանորոգման ենթակա բնակելի տների վերանորոգում

Գնված բնակարանային

ֆոնդի վերանորոգում

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն,

Լիազոր մարմին

Մինչև Ծրագրի ավարտը

13

Բնակտարածքների կահավորում գույքով և կենցաղային տեխնիկայով

Ձևավորված բնակֆոնդի կահավորում անհրաժեշտ գույքով և կենցաղային տեխնիկայով

Լիազոր մարմին

Մինչև Ծրագրի ավարտը

14.

Բնակտարածքների տրամադրում շահառուներին

Բնակտարածքների տրամադրում շահառուներին՝ կազմված հերթացուցակներին համապատասխան

Լիազոր մարմին

Մինչև Ծրագրի ավարտը

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ