Համարը 
N 273-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.04.19/06(370)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.04.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ, ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2019թ.

N 273-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ, ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական նպաստների համակարգման, հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել՝

1) պետական նպաստների նշանակման և վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) չափահասության նպաստի տրամադրման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝

1) առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիներին տրամադրվում են պետական նպաստներ, որոնք հաշվարկվում են պետական նպաստի բազային չափի և անձի կարգավիճակով պայմանավորված՝ գործակցի արտադրյալով.

2) երեխայի ծննդյան դեպքում ծնողին տրամադրվում է ծննդյան միանվագ նպաստ, որը հաշվարկվում է ծննդյան միանվագ նպաստի բազային չափի և ծնված երեխայի հաջորդականությամբ պայմանավորված՝ գործակցի արտադրյալով.

3) ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային՝ 18 տարին լրանալու դեպքում, տրամադրվում է չափահասության նպաստ.

4) հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի համար գնվում է բնակարան կամ բնակելի տուն կամ կառուցվում բնակելի տուն:

3. Սահմանել՝

1) պետական նպաստի բազային չափը՝ 6 000 ՀՀ դրամ.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի բազային չափը՝ 100 000 ՀՀ դրամ:

4. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին՝ ապահովել սույն որոշման հանրային իրազեկումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

6. Սահմանել, որ.

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող պետական նպաստների նշանակման և վճարման կարգին համապատասխան պետական նպաստի իրավունք ձեռք բերած 18 տարին չլրացած չորս երեխա ունեցող ընտանիքներին պետական նպաստ նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև պետական նպաստի բազային չափի բազմապատիկ գործակիցները կարգավորվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող պետական նպաստների նշանակման և վճարման կարգով.

2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգին համապատասխան ծննդյան միանվագ նպաստի իրավունք ձեռք բերած անձանց ծննդյան միանվագ նպաստ վճարել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգին համապատասխան.

3) մինչև 2019 թվականի հունվարի 1-ը բացված ժամկետային ավանդների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ժամկետային ավանդների բացման կարգով.

4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ժամկետային ավանդների բացման կարգին համապատասխան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ժամկետային ավանդի բացման իրավունքը ծագած անձանց համար ավանդները բացվում են՝ հաշվի չառնելով երեխայի ծնվելու օրվանից վեց ամսվա ընթացքում դիմելու սահմանափակումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» N 15-Ն որոշումը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական նպաստների (այսուհետ՝ նպաստ) նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:

Սույն կարգի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

2. Սույն կարգի իմաստով նպաստի իրավունք ունեն.

1) 18 տարին չլրացած՝

ա. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ երեխայի կարգավիճակ ստացած անձինք (այսուհետ՝ հաշմանդամ երեխա),

բ. ամուսնության մեջ չգտնվող ծնողների երեխաները՝ հայրություն ճանաչված չլինելու դեպքում (այսուհետ՝ միայնակ մոր երեխա),

գ. երեխաներ, որոնց ծնողները կամ միակ ծնողը մահացել են (է) կամ զրկվել են (է) ծնողական իրավունքներից կամ ճանաչվել են (է) անգործունակ կամ խուսափում են (է) երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև oրենքով սահմանված կարգով ճանաչվել են (է) մահացած կամ անհայտ են (է) (այսուհետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխա),

դ. երեխաներ, որոնց ծնողներից մեկը մահացել է կամ սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ զրկվել է ծնողական իրավունքներից կամ ճանաչվել է անգործունակ կամ խուսափում է երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից (այսուհետ՝ միակողմանի ծնողազուրկ երեխա),

ե. դատական կարգով սահմանված՝ ալիմենտ ստացող երեխաները (այսուհետ՝ ալիմենտ ստացող երեխա),

զ. շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի՝ ժամկետային զինծառայողների երեխաները (այսուհետ՝ ժամկետային զինծառայողների երեխա),

է. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից 1-ին խմբի հաշմանդամ (անկախ պատճառական կապից) ճանաչված անձանց երեխաները (այսուհետ՝ 1-ին խմբի հաշմանդամի երեխա),

ը. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից 2-րդ խմբի հաշմանդամ (անկախ պատճառական կապից) ճանաչված անձանց երեխաները (այսուհետ՝ 2-րդ խմբի հաշմանդամի երեխա),

թ. ընտանիքում ծնված 3-րդ, 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան՝ անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից.

ժ. 18 տարին չլրացած չորս երեխա ունեցող ընտանիքների երեխաները (այսուհետ՝ չորս անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ),

ժա. սկսած 2009 թվականի հունվարի 1-ից՝ ընտանիքի ավագ երեխայի 18 տարին լրանալուց հետո, անչափահաս երեք երեխա ունեցող ընտանիքների երեխաները (այսուհետ՝ երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ).

2) մինչև երկու տարեկան երեխա խնամող անձինք:

3. Նպաստի իրավունք ունեցող անձի կարգավիճակից կախված՝ նպաստի գործակիցներն են.

 

Հ/Հ

Կատեգորիաներ

Գործակից

1.

18 տարին չլրացած երեխաներ, այդ թվում`

     

1)

հաշմանդամ երեխաներ

3.0

2)

միայնակ մոր երեխաներ

2.0

3)

առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ

7.0

4)

միակողմանի ծնողազուրկ երեխաներ

3.5

5)

ալիմենտ ստացող երեխաներ

1.3

6)

ժամկետային զինծառայողների երեխաներ

1.5

7)

1-ին խմբի հաշմանդամների երեխաներ

2.5

8)

2-րդ խմբի հաշմանդամների երեխաներ

1.5

9)

ընտանիքում ծնված՝

3-րդ երեխան

4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան

 

0.5

0.7

10)

չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ.

1-ին երեխան

2-րդ երեխան

3-րդ երեխան

4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան

 

1.5

1.5

2.0

2.2

11)

երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ.

2-րդ երեխան

3-րդ երեխան

4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան

 

1.0

1.5

1.7

12)

Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական

գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական

պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների

երեխաներ

7.0

2.

Մինչև երկու տարեկան երեխա խնամող անձինք

4.5

 

Սույն կետի աղյուսակի 1-ին կետի 9-րդ ենթակետում նշված 3-րդ, 11-րդ ենթակետում նշված 3-րդ, 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար նպաստները վճարվում են մինչև նրանց 18 տարին լրանալը:

(3-րդ կետը փոփ. 02.02.21 N 52-Ն)

4. Մինչև 18 տարեկան երեխան նպաստի իրավունք ունի, եթե.

1) երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալն ունի Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում.

2) երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում (բացառությամբ՝ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինծառայողների)՝ անկախ Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում ունենալու հանգամանքից:

5. Նպաստ նշանակում են անձի մշտական հաշվառման վայրի, իսկ սույն կարգի 4-րդ և 6‑րդ կետերի 2-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ ծառայության կամ փաստացի բնակության վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները (այսուհետ՝ գործակալություն):

(5-րդ կետը փոփ. 02.02.21 N 52-Ն)

6. Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձինք նպաստի իրավունք ունեն, եթե.

1) երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալն ունի Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում.

2) երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում (բացառությամբ՝ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինծառայողների)՝ անկախ Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում ունենալու հանգամանքից։

7. Նպաստները նշանակվում և վճարվում են երեխայի ծնողներին կամ միակ ծնողին կամ խնամակալին:

8. Անձնագիր ունեցող 16 տարեկան անձն իրավունք ունի նպաստ նշանակելու համար դիմել անձամբ՝ Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում ունենալու դեպքում:

9. Որդեգրողները նպաստի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները՝ հարազատ զավակներին համահավասար:

10. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող անձը նպաստի իրավունք չունի:

11. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը երկշաբաթյա կտրվածքով էլեկտրոնային եղանակով նախարարություն է ներկայացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգում գրանցված՝ ծնված և մահացած երեխաների վերաբերյալ տեղեկությունները:

12. Գործակալությունը սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկությունների հիման վրա՝

1) նշանակում է մինչև երկու տարեկան երեխա խնամող անձի նպաստը.

2) հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծնողներին գրավոր ծանուցում է 18 տարին չլրացած երեխային նպաստ նշանակելու համար լրացուցիչ փաստաթղթեր գործակալություն ներկայացնելու մասին, բացառությամբ սույն կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

Սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը ծանուցումը ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում գործակալություն ներկայացնելու դեպքում նպաստը նշանակվում է երեխայի ծնվելու ամսվանից, իսկ երեք ամսվա ժամկետը լրանալուց հետո ներկայացնելու դեպքում՝ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Այն դեպքում, երբ անձը նպաստի իրավունքը ձեռք է բերում սույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված ժամկետը լրանալուց հետո, նպաստը նշանակվում և վճարվում է սույն կարգի 13-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերն իր փաստացի բնակության վայրը սպասարկող գործակալություն ներկայացնելու դեպքում, բայց ոչ ավելի, քան դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա համար:

(12-րդ կետը փոփ. 02.02.21 N 52-Ն) 

13. Նպաստ նշանակելու համար սույն կարգի 7-րդ կետում նշված անձն իր փաստացի բնակության վայրը սպասարկող գործակալություն է ներկայացնում գրավոր դիմում, տեղեկանք փաստացի բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին, ինչպես նաև՝

1) հաշմանդամ երեխաների, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքները և դրանց պատճենները.

2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի մահվան վկայականը կամ մահացած կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը, կամ երեխայի (երեխաների) դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու փաստը հաստատող համապատասխան տեղեկանք (տեղեկանքներ) և դրանց պատճենները.

3) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները) կամ մահացած կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի վճիռը (վճիռները) կամ ծնողի (ծնողների) անհայտ լինելու կամ երեխայի (երեխաների) դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու փաստը հաստատող համապատասխան տեղեկանք (տեղեկանքներ) և դրանց պատճենները.

4) միայնակ մոր երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքը և դրա պատճենը.

5) ալիմենտ ստացող երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ ալիմենտ սահմանելու մասին դատարանի վճիռը, ամուսնալուծության կամ հայրության ճանաչման վկայականը և դրանց պատճենները.

6) ժամկետային զինծառայողների երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու մասին զինվորական մասից տրված տեղեկանքը.

7) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի մահվան վկայականը և դրա պատճենը, համապատասխան պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը` ծնողի զոհվելու մասին:

Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում չունեցող, սակայն Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայություն անցնող անձինք ներկայացնում են նաև Արցախի Հանրապետությունում զինծառայության մեջ գտնվելու մասին զինվորական մասից տրված տեղեկանքը:

14. Եթե երեխայի ծնողներից մեկն ունի Հայաստանի Հանրապետությունում մշտական հաշվառում, ապա նպաստը նշանակվում է վերջինիս մշտական հաշվառման վայրի նպաստ նշանակող ստորաբաժանումից նպաստի գործը կամ նմանատիպ նպաստ նշանակված չլինելու մասին տեղեկանք ստանալու դեպքում:

15. Նպաստ նշանակելու համար դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց հետո նպաստ նշանակող ստորաբաժանումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում դրանք քննարկում է և կայացնում որոշում:

16. Դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում գործակալությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է անձին՝ նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը և վերադարձնում բոլոր փաստաթղթերը:

17. Նպաստ նշանակելու դեպքում գործակալությունը անձի համար կազմում է նպաստի գործ, որտեղ պահվում են սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը:

18. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-«ը» պարբերություններում նշված երեխաներին սույն կարգի 7-րդ կետում նշված անձանց ընտրությամբ նշանակվում է մեկ նպաստ:

(18-րդ կետը խմբ. 02.02.21 N 52-Ն) 

19. Ընտանիքում նպաստ ստանալու իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում՝ նպաստ է նշանակվում և վճարվում յուրաքանչյուրի հաշվով:

20. Յուրաքանչյուր ամսվա նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ ըստ Արցախի Հանրապետությունում անձի փաստացի բնակության վայրի, իսկ անձի՝ գրավոր դիմելու դեպքում, վճարող կազմակերպության գրասենյակում:

21. Նպաստ վճարելու ծառայությունների ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:

22. Արցախի Հանրապետության տարածքում հաշվառման կամ բնակության վայրը փոխելու դեպքում անձը գրավոր դիմում է նոր հաշվառման կամ բնակության վայրի գործակալություն՝ ներկայացնելով բնակվելու մասին տեղեկանքը: Նոր հաշվառման կամ բնակության վայրի գործակալությունը նախկին հաշվառման կամ բնակության վայրի գործակալությունից պահանջում է նպաստի գործը: Նպաստի գործը ստանալուց հետո ստուգվում են դրանում առկա փաստաթղթերի ճշտությունը, հաշվարկում նպաստի չափը և նպաստ վճարելը վերսկսվում է անձի նախկին բնակության վայրում նպաստի վճարման դադարեցման օրվանից:

23. Նպաստի գործն ուղարկող գործակալությունը նպաստի գործի հետ ուղարկում է նաև նպաստի վերջին վճարման մասին տեղեկանքը:

24. Նպաստը կարող է վճարվել լիազորագրով: Նպաստը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել 12 ամսից ոչ ավելի՝ սկսած նպաստ չստացած ամսից:

25. Անձը պարտավոր է նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման կամ փոփոխման մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել գործակալությանը:

26. Նպաստից պահումներ կարող են կատարվել՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա.

2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման կամ փոփոխման մասին տեղեկություններ չներկայացնելու հետևանքով անձին ավել վճարված գումարները հետ գանձելու մասին գործակալության որոշման և անձի գրավոր համաձայնության հիման վրա, եթե վճարված նպաստի գումարի չափը չի գերազանցում որոշում կայացնելու ամսվան հաջորդող ամսվա նպաստի գումարի հնգապատիկը:

Անձի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ավել վճարված նպաստի գումարը գերազանցում է սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված չափը, ավել վճարված նպաստի գումարը բռնագանձվում է դատական կարգով՝ նախարարության կողմից ներկայացված հայցի հիման վրա:

27. Նպաստից կատարվող պահումների չափը հաշվարկվում է անձին վճարվելիք ամսական գումարից:

28. Նպաստից կատարվող պահումների ընդհանուր գումարը պետք է չգերազանցի նպաստի 50 տոկոսը:

29. Գործակալության աշխատակցի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) ավել վճարված նպաստի գումարը գործակալության աշխատակցի համաձայնությամբ, գործակալության հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա, պահվում է աշխատակցից, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ բռնագանձվում դատական կարգով:

30. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամների երեխաներին կամ հաշմանդամ երեխաներին նշանակված նպաստը վճարելը կասեցվում է հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում՝ նշված հանգամանքի առաջացման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Կասեցված նպաստի վճարումը վերսկսվում է կասեցման օրվանից, եթե սույն կետի 1-ին պարբերության մեջ նշված անձը հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում կրկին հաշմանդամ ճանաչվելու և նպաստի իրավունքը պահպանելու դեպքում հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` հաշմանդամ ճանաչվելու օրվանից վեց ամսվա ընթացքում, գործակալություն է ներկայացնում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված` հաշմանդամությունը հաստատող տեղեկանքը և դրա պատճենը:

Սույն կետով սահմանված կասեցման ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է մինչև կասեցումն ունեցած հաշմանդամության խմբի համար հաշվարկված նպաստի չափով:

31. Նպաստ վճարելը դադարեցվում է`

1) անձի կամ նպաստի իրավունք ունեցող անձի մահվան, ինչպես նաև մահացած ճանաչվելու դեպքում.

2) անձի կողմից տասներկու ամիս անընդմեջ անձամբ նպաստ չստանալու դեպքում.

3) նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման դեպքում.

4) նպաստի իրավունք ունեցող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամների երեխաների կամ հաշմանդամ երեխաների պարագայում` հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո, երեք ամսվա ընթացքում կրկին հաշմանդամ չճանաչվելու դեպքում.

5) անձի կամ նպաստի իրավունք ունեցող անձի՝ պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում.

6) անձի կամ նպաստի իրավունք ունեցող անձի՝ օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում.

7) նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում:

32. Սույն կարգի 31-րդ կետում նշված դեպքերում նպաստ վճարելը դադարեցվում է դեպքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1‑ից:

33. Նշանակված, սակայն չստացված նպաստի գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, սակայն դիմելու ամսվան նախորդող մեկ տարուց ոչ ավելի:

34. Գործակալության մեղքով չվճարված նպաստի գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

35. Սույն կարգի 33-34-րդ կետերում նշված դեպքերում չստացված նպաստի գումարը վճարվում է միանվագ՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

36. Սույն կարգի 2-րդ կետում չընդգրկված՝ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը դրամական օգնություն ստացող Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում բնակվող 2-16 տարեկան անձանց վճարումները շարունակվում են 2 000 ՀՀ դրամի չափով, իսկ ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտված անձանց երեխաների նպաստների վճարումները՝ մինչև ազատազրկման ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան մինչև երեխայի 18 տարին լրանալը՝ 10 000 ՀՀ դրամի չափով:

(Հավելված N 1-ը փոփ., խմբ. 02.02.21 N 52-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի (այսուհետ՝ միանվագ նպաստ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Միանվագ նպաստը տրվում է Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող՝ երեխայի ծնողներից մեկին կամ միակ ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին՝

1) Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում ունենալու դեպքում.

2) անկախ Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում ունենալու հանգամանքից, եթե երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում՝ բացառությամբ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինվորական ծառայություն անցնողներից:

Երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողները կորցնում են միանվագ նպաստի իրավունքը:

3. Միանվագ նպաստի գործակիցներն են.

1) 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 3.0, իսկ երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկը կամ միակ ծնողը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված լինելու դեպքում՝ 5.0.

2) 3-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 5.0.

3) 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 7.0:

(3-րդ կետը խմբ. 02.02.21 N 52-Ն) 

4. Միանվագ նպաստ ստանալու համար սույն կարգի 2-րդ կետում նշված անձինք գրավոր դիմում են իրենց մշտական հաշվառման վայրի կամ զինվորական ծառայության կամ փաստացի բնակության վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ (այսուհետ՝ գործակալություն)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը, իսկ ծնվելուց հետո չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթուղթը և դրա պատճենը.

2) տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին.

3) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթուղթը և դրա պատճենը.

4) ծնողի կամ խնամակալի կամ որդեգրողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

5) ծնողի կամ խնամակալի կամ որդեգրողի հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.

6) երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթը և դրա պատճենը:

(4-րդ կետը խմբ. 02.02.21 N 52-Ն)

5. Եթե երեխայի ծնողներից մեկն ունի Հայաստանի Հանրապետությունում մշտական հաշվառում, ապա նպաստը նշանակվում է միանվագ նպաստ ստացած չլինելու մասին վերջինիս մշտական հաշվառման վայրի նպաստ նշանակող ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում:

6. Գործակալությունում փաստաթղթերի բնօրինակները համադրվում են պատճենների հետ, պատճենների վրա կատարվում է «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և կնքվում: Ծննդյան վկայականի բնօրինակի դարձերեսը կնքվում է, կատարվում է «Ծննդյան միանվագ նպաստը վճարված է» գրառումը, թվագրվում, ստորագրվում և կնքվում:

7. Միանվագ նպաստը նշանակվում է երեխայի ծնողներից մեկի կամ միակ ծնողի կամ որդեգրողի կամ խնամակալի կողմից սույն կարգի 4-5-րդ կետերում նշված դիմումը և համապատասխան փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում:

8. Միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

9. Միանվագ նպաստի նշանակման-վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պահվում են գործակալությունում և իրականացվում է առանձին հաշվառում:

10. Գործակալության կողմից նախարարությանը ամսական երկու անգամ տրամադրված տեղեկությունների հիման վրա կազմվում է միանվագ նպաստ տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագիր և ներկայացվում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

11. Միանվագ նպաստի վճարումներն իրականացվում են «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի (այսուհետ՝ մասնաճյուղ) միջոցով՝ գործակալության կողմից կազմված վճարման ցուցակներով: Վճարումները կատարելուց հետո մասնաճյուղերը կիսամյակային հաշվետվություն են ներկայացնում գործակալություններ, որոնք էլ, իրենց հերթին՝ նախարարություն:

(Հավելված N 2-ը խմբ. 02.02.21 N 52-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՉԱՓԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային՝ 18 տարին լրանալու դեպքում, չափահասության նպաստի (այսուհետ՝ նպաստ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Նպաստի չափերն են.

1) 3-րդ երեխայի համար 500 000 ՀՀ դրամ.

2) 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 700 000 ՀՀ դրամ:

3. Նպաստը տրամադրվում է 18 տարին լրացած անձին (այսուհետ՝ անձ):

4. Անձը նպաստի իրավունք ունի, եթե հաշվառված է Արցախի Հանրապետությունում և նրա ծնվելու պահին ծնողները ունեցել են Արցախի Հանրապետության հաշվառում:

5. Նպաստ ստանալու համար անձը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն (այսուհետ՝ գործակալություն) է ներկայացնում.

1) դիմում.

2) իր և ծնող(ներ)ի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

3) իր և ծնող(ներ)ի հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշներ չստանալու վերաբերյալ տեղեկանքները և դրանց պատճենները.

4) անհրաժեշտության դեպքում սույն կարգով նախատեսված դրույթներին համապատասխան այլ փաստաթղթեր:

(5-րդ կետը փոփ. 02.02.21 N 52-Ն)

6. Գործակալության կողմից նախարարությանը ամիսը մեկ անգամ տրամադրված տեղեկությունների հիման վրա կազմվում է 18 տարին լրացած անձանց նպաստ տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագիր և ներկայացվում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

7. Նպաստի վճարումներն իրականացվում են «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի (այսուհետ՝ մասնաճյուղ) միջոցով՝ գործակալության կողմից կազմված վճարման ցուցակներով: Վճարումները կատարելուց հետո մասնաճյուղերը կիսամյակային հաշվետվություն են ներկայացնում գործակալություններ, որոնք էլ, իրենց հերթին, նախարարություն:

8. Նպաստը ծնողին կամ խնամակալին տրամադրվում է այն դեպքում, երբ սույն կարգի 1-ին կետում նշված երեխան մահացել է երկու ամիսը լրանալուց հետո: Նպաստը ստանալու համար ծնողը կամ խնամակալը գործակալություն է ներկայացնում երեխայի մահվան վկայականի պատճենը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Գործակալությունը համապատասխան մասնաճյուղի միջոցով ապահովում է նպաստի տրամադրումը ծնողին կամ խնամակալին:

(Հավելված N 3-ը փոփ. 02.02.21 N 52-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ