Համարը 
ՀՕ-78-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.28/25(339)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 1-ին և 2-րդ գլուխների գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԱՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքի նպատակը Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով (այսուհետ՝ մարտական գործողություններ) զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրումն է:

(նախաբանը փոփ., լրաց. 22.01.21 ՀՕ-1-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով կարգավորվում են մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են դրոշմանիշային վճար վճարողների շրջանակը, վճարների չափը, հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները:

 

Հոդված 2.

Շահառուները, հատուցման դեպքերը, հատուցման վճարման հիմքերը և շրջանակները

 

1. Սույն օրենքի համաձայն՝ շահառուներ են համարվում այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով: Սույն հոդվածի իմաստով՝

1) զինծառայողի կյանքին պատճառված վնաս է համարվում զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորչելը.

2) զինծառայողի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով զինծառայողի աշխատունակության կորուստը:

2. Զինծառայող են համարվում`

1) Արցախի Հանրապետության զինված ուժերում և (կամ) այլ զորքերում ժամկետային պարտադիր կամ պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ օրենքով սահմանված կարգով պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ու մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը.

2) տարածքային պաշտպանությանը ներգրավված և մարտական գործողություններին մասնակցած կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը (այսուհետ` կամավորագրված անձ): Զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու փաստը հաստատվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկանքով, որի տրման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության (այսուհետ` Կառավարություն) որոշմամբ:

3. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են համարվում զինծառայողի՝

1) ամուսինը.

2) զավակը (զավակները).

3) ծնողը (ծնողները).

4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու է համարվում նաև այլ անձը, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝

1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ և ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.

2) խնամել է զինծառայողին մինչև նրա 18 տարին լրանալը:

5. Հատուցման դեպք (այսուհետ՝ Հատուցման դեպք) է համարվում 2016 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե՝

1) զինծառայողը զոհվել (մահացել) է մարտական գործողությունների ժամանակ կամ մարտական գործողությունների ավարտի օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, մարտական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով.

2) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորչելու հետևանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, եթե մինչև հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել, կամ

3) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն։

6. Սույն օրենքի համաձայն՝ Հատուցման դեպք չի համարվում այն դեպքը, երբ զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.01.21 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 3.

Հատուցում վճարողը

 

1. Սույն օրենքով նախատեսված հատուցման գումարները վճարում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ):

 

Գ Լ ՈՒ Խ 2

ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 4.

Հատուցման գումարների չափերը և վճարման պայմանները

 

1. Հատուցման գումարները վճարվում են հետևյալ նվազագույն չափերով.

1) զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում`

ա. պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողին՝ 82 000 000 ՀՀ դրամ,

բ. պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձին՝ 70 000 000 ՀՀ դրամ,

գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին՝ 58 000 000 ՀՀ դրամ.

2) առողջությանը պատճառված վնասի հետևանքով՝

ա. պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության դեպքում` 82 000 000 ՀՀ դրամ,

բ. պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի 1-ին խմբի հաշմանդամության դեպքում` 70 000 000 ՀՀ դրամ,

գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության դեպքում` 58 000 000 ՀՀ դրամ,

դ. պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի 2-րդ խմբի հաշմանդամության դեպքում` 53 000 000 ՀՀ դրամ,

ե. պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի 2-րդ խմբի հաշմանդամության դեպքում` 41 000 000 ՀՀ դրամ,

զ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի 2-րդ խմբի հաշմանդամության դեպքում` 29 000 000 ՀՀ դրամ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարները վճարվում են հետևյալ պայմաններով.

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված գումարից 10 000 000 ՀՀ դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված գումարից 5 000 000 ՀՀ դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

3. Եթե Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը, ապա սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարվող ամսական հավասար վճարին ավելացվում է ամսական լրացուցիչ 100 000 ՀՀ դրամ: Սույն մասով սահմանված լրացուցիչ գումարի վճարումը դադարեցվում է սույն մասով սահմանված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքը վերանալու, ինչպես նաև հատուցման գումարների վճարման ժամկետը լրանալու կամ հատուցման գումարների վճարման հիմքը վերանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն մասի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, երբ սույն մասով սահմանված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքը ծագում է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվանից հետո: Սույն մասի կիրառման նպատակով`

1) Կառավարությունը սահմանում է սույն մասում նշված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերը և դրանց փոփոխման մասին տեղեկությունները բացահայտելու, հավաքելու, մշակելու, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան պետական մարմիններին և Հիմնադրամին տրամադրելու կարգը, ինչպես նաև սույն մասի 3-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված փաստերի հաստատման նպատակով ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը և ներկայացման կարգը, ներկայացված փաստաթղթերի հիման վրա որոշում ընդունելու կարգը.

2) Հիմնադրամը սահմանում է սույն մասում նշված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերի վերաբերյալ տեղեկությունների հաշվառման կարգը.

3) եթե զինծառայողի կապակցությամբ տեղի է ունեցել սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված Հատուցման դեպքը, ապա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով այլ բան ապացուցված չլինելու պարագայում համարվում է, որ զինծառայողն ունի 18 տարին չլրացած երեք կամ ավելի երեխա, նաև այն դեպքում, երբ առկա են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված բոլոր հանգամանքները միաժամանակ, կամ առկա է սույն կետի «դ» ենթակետում նշված հանգամանքը`

ա. երրորդ երեխան կենդանի ծնվել է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրը ներառող ամսվան հաջորդող ինն ամսվա ընթացքում,

բ. բժշկական ախտորոշման տվյալներից հետևում է, որ ծնված երեխան սաղմնավորվել է մինչև Հատուցման դեպքը տեղի ունենալու օրը,

գ. Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվան նախորդող` ոչ պակաս, քան ինն ամսվա ընթացքում անընդմեջ երեխայի մայրը հանդիսացել է զինծառայողի կինը, և Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ երեխայի մոր և զինծառայողի միջև ամուսնությունը դադարեցված չի եղել ամուսնալուծության հիմքով, և Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվան հաջորդող ինն ամսվա ընթացքում` որևէ ժամանակահատվածում, երեխայի մայրը կրկին ամուսնացած չի եղել,

դ. եթե առկա են հատուցման գումար վճարելու` սույն օրենքով սահմանված բոլոր այլ հիմքերը, բացակայում են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում կամ դրանցից մեկում նշված հանգամանքները, սակայն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ ծնված երեխան հանդիսանում է զինծառայողի երեխան:

4. Սույն հոդվածում նշված հատուցման գումարների չափերը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) որոշմամբ կարող են ինդեքսավորման արդյունքներով ավելացվել՝ կախված Հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից:

5. Կախված Հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից՝ Խորհուրդը կարող է կայացնել որոշում՝

1) հատուցման գումարների վճարումը նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված 20 տարվա ավարտից հետո շարունակելու վերաբերյալ: Սույն կետում նշված դեպքում վճարման ենթակա հատուցման գումարների չափը և վճարման ժամկետները սահմանում է Խորհուրդը.

2) իր սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձևով օգնություն, այլ եղանակ) և ժամկետներում հատուցում վճարել նաև Հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

6. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո նույն զինծառայողի կապակցությամբ տեղի է ունենում սույն օրենքով սահմանված Հատուցման դեպքի փոփոխություն, ապա շահառուին (շահառուներին) նոր Հատուցման դեպքի հիմքով վճարման ենթակա և նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքի հիմքով արդեն իսկ վճարված գումարների միջև տարբերությունը վերահաշվարկվում է` Խորհրդի սահմանած կարգով: Եթե սույն մասում նշված վերահաշվարկի արդյունքներով պարզվի, որ`

1) նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով շահառուին (շահառուներին) վճարված գումարի չափը հավասար է նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա գումարի չափին կամ գերազանցում է դրան, ապա նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա հատուցման գումարը համարվում է վճարված, և նոր Հատուցման դեպքով վճարում չի կատարվում.

2) նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա գումարի չափը գերազանցում է նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով շահառուին (շահառուներին) արդեն իսկ վճարված գումարի չափը, ապա շահառուին (շահառուներին) վճարվում է նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա և նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով արդեն իսկ վճարված գումարների միջև տարբերությունը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հատուցման դեպքի փոփոխություն է համարվում`

1) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված ժամկետում և պատճառով մահանալը.

2) զինծառայողին անհայտ բացակայող համարելուց դադարելը և այդ զինծառայողին 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը.

3) զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխությունը:

(4-րդ հոդվածը լրաց., փոփ  22.01.21 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 5.

Հատուցման գումարների վճարման կարգը

 

1. Հատուցման դեպք տեղի ունենալու պարագայում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կամ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կամ Արցախի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ համապատասխան պետական մարմին) զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելն օրենքով սահմանված կարգով որոշվելու (հաստատվելու) օրվանից մեկ ամսվա ընթացքում Կառավարության սահմանած կարգով`

1) սույն օրենքի պահանջների համաձայն՝ որոշում է, թե տվյալ Հատուցման դեպքով ով է համարվում շահառու (շահառուներ).

2) Հիմնադրամ է ներկայացնում զինծառայողի, ինչպես նաև շահառուի (շահառուների) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշի տվյալները կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի տվյալները, հասցեն, ինչպես նաև Հատուցման դեպքը և սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքները հաստատող փաստաթղթերը, հատուցման ենթակա գումարի չափը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունների հիման վրա Հիմնադրամը`

1) սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները ստանալու օրվանից հետո՝ Հիմնադրամի գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված ժամկետում՝

ա. սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված միանվագ գումարը փոխանցում է շահառուի (շահառուների) համար բացված բանկային հաշվին,

բ. սույն կետի «ա» ենթակետում նշված բանկային հաշվին կատարում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված ամսական հավասար վճարումներից առաջին վճարումը և սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գումարի առաջին վճարումը, եթե այդ գումարը, սույն օրենքի համաձայն, ենթակա է վճարման.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ` սույն մասի 1-ին կետի «ա» ենթակետում նշված բանկային հաշվին կատարում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված ամսական հավասար վճարումներից` տվյալ ամսվա համար հավասարաչափ վճարումը և սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գումարի` տվյալ ամսվա համար վճարումը, եթե այդ գումարը, սույն օրենքի համաձայն, ենթակա է վճարման:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված վճարման ժամկետները Խորհրդի որոշմամբ կարող են հետաձգվել մինչև երեք ամիս ժամկետով՝ ելնելով Հիմնադրամի ֆինանսական կայունությունն ապահովելու անհրաժեշտությունից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում նշված բանկային հաշիվը`

1) շահառուի (շահառուների) անունով Խորհրդի սահմանած կարգով բացում է Հիմնադրամը` Խորհրդի սահմանած մրցութային կարգով ընտրված բանկերից մեկում: Սույն կետի համաձայն բացված բանկային հաշվին սույն օրենքի համաձայն փոխանցվող դրամական միջոցների տնօրինման իրավունքը պատկանում է այն շահառուին (շահառուներին), որի (որոնց) անունով այդ բանկային հաշիվը բացվել է.

2) օրենսդրությամբ նախատեսված հատուկ բանկային հաշիվ է:

 

Հոդված 6.

Զինծառայողներին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում հատուցման գումարների վճարման առանձնահատկությունները

 

1. Զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում հատուցման գումարները վճարվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով և սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված չափերով:

2. Եթե զինծառայողը դադարել է համարվել անհայտ բացակայող, ապա մինչև զինծառայողին անհայտ բացակայող համարելու դադարումը, սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, միանվագ և ամսական հավասար վճարների ձևով, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վճարված գումարները ենթակա չեն վերադարձման, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված դեպքերի:

3. Եթե զինծառայողը դադարել է համարվել անհայտ բացակայող`

1) դատարանի կողմից այդ զինծառայողին մահացած ճանաչելու հիմքով, ապա՝

ա. զինծառայողին մահացած ճանաչելու հիմքով սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված միանվագ ձևով գումարներ չեն վճարվում,

բ. ամսական հավասար վճարների ձևով վճարման ենթակա գումարների վճարումը շարունակվում է.

2) այդ զինծառայողին հայտնաբերելու հետևանքով և այդ զինծառայողը ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունենալու հիմքով, սույն օրենքի համաձայն, զինծառայողին վճարման ենթակա գումարը վերահաշվարկվում է` սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան.

3) այդ զինծառայողին հայտնաբերելու հետևանքով, և եթե բացակայում են սույն մասի 2-րդ կետում նշված հանգամանքները, ապա հատուցման գումարների, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գումարի վճարումը դադարեցվում է զինծառայողին անհայտ բացակայող համարելուց դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները չեն կիրառվում, եթե առկա է սույն հոդվածի 5-րդ մասում նշված դեպքերից մեկը:

5. Զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու հիմքով շահառուներին միանվագ և (կամ) հավասարաչափ վճարների ձևով վճարված հատուցման գումարները ենթակա են շահառուների կողմից վերադարձման, եթե պարզվի՝

1) զինծառայողն անհայտ կորել է՝

ա. զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ

բ. դասալքության կամ

գ. կամովին գերի հանձնվելու կամ

դ. մարտադաշտն ինքնակամ լքելու հետևանքով, և

2) սույն մասի 1-ին կետում նշված հանգամանքները հաստատվել են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

6. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով հատուցման գումարները վերադարձնելու պարտականությունը կարող է համապարտության կարգով դրվել նաև սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված հանգամանքներում անհայտ կորած և կենդանի համարվող զինծառայողի վրա:

7. Հատուցման գումարները վերադարձվում են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 7.

Հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող անձանց որոշումը

 

1. Զինծառայողի հաշմանդամության դեպքում հատուցման գումարը վճարվում է այդ զինծառայողին կամ իր կողմից համապատասխան պետական մարմին ներկայացված դիմումում նշված անձին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի: Սույն մասում նշված դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում կամ այն դեպքում, երբ մարտական գործողություններում ստացված վնասվածքների հետևանքով առաջացած մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով զինծառայողը չի կարող ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը`

1) հատուցման գումարը վճարվում է շահառուներին՝ շահառուների համաձայնությամբ որոշված շահառուի միջոցով.

2) շահառուների միջև համաձայնության բացակայության դեպքում վճարման ենթակա հատուցման գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով բաժանվում է շահառուների միջև և վճարվում է նրանցից յուրաքանչյուրին առանձին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում հատուցման գումարը բաժանվում է Կառավարության սահմանած կարգով հետևյալ սկզբունքներով.

1) հատուցման ընդհանուր գումարը բաժանվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված շահառուների թվի վրա.

2) եթե շահառուներից մեկը մահանում է, ապա այդ անձին վճարման ենթակա հատուցման գումարը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ և հավասարաչափ բաժանվում է մնացած շահառուների միջև:

4. Եթե բացակայում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված շահառուները, ապա սույն օրենքով սահմանված հատուցման գումարները չեն վճարվում:

5. Եթե մահանում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված միակ շահառուն, ապա այդ շահառուին վճարման ենթակա հատուցման գումարը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ, և այդ գումարի վճարման պարտավորությունը դադարում է:

6. Եթե մահանում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում նշված հիմքով շահառու ճանաչված զինծառայողը, և առկա չեն սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում նշված հանգամանքները, ապա մահացած զինծառայողի` հատուցման գումար ստանալու իրավունքը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ և դադարում է:

7. Սույն հոդվածի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով Կառավարությունը սահմանում է շահառուների շրջանակը որոշելու կարգը, շահառուների միջև համաձայնության առկայությունը, բացակայությունը կամ փոփոխությունը հիմնավորվելու կարգը, շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները համապատասխան պետական մարմիններին և Հիմնադրամին տրամադրելու կարգը:

 

Հոդված 8.

Հարկային արտոնությունները

 

1. Շահառուներին վճարված հատուցման գումարները ենթակա չեն եկամտային կամ որևէ այլ հարկով հարկման կամ պետական կամ համայնքային բյուջե վճարվող որևէ այլ վճարով նվազեցման:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 9.

Սույն գլխում օգտագործվող հասկացությունների նշանակությունը

 

1. Սույն գլխի դրույթների կիրառման նպատակով՝

1) դրոշմանիշ է համարվում Հիմնադրամի՝ էլեկտրոնային եղանակով թողարկած պիտակը.

2) ֆիզիկական անձի ռեզիդենտությունը, ոչ ռեզիդենտությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում են Արցախի Հանրապետության հարկային օրենսդրության համաձայն.

3) սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված ֆիզիկական անձանց համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ օրացուցային տարին.

4) հարկային գործակալ է համարվում սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված ֆիզիկական անձանց՝ նույն կետերում նշված հիմքերով եկամուտ վճարող իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հիմնարկը.

5) դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`

ա. անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը,

բ. հարկման ընդհանուր համակարգում, առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարների համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերի համար տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.01.21 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 10.

«Դրոշմանիշային վճար» հասկացությունը

 

1. Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափով դրոշմանիշ գնելու միջոցով:

 

Հոդված 11.

Դրոշմանիշային վճար վճարողները

 

1. Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում)՝

1) աշխատանքային պայմանագրով Արցախի Հանրապետության տարածքում կամ Արցախի Հանրապետության տարածքից դուրս աշխատող Արցախի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.

2) աշխատանքային պայմանագրով Արցախի Հանրապետության տարածքում աշխատող Արցախի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող (բացառությամբ Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների) ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.

3) Արցախի Հանրապետությունում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» օրենքով սահմանված արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի.

4) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով Արցախի Հանրապետության տարածքում կամ Արցախի Հանրապետության տարածքից դուրս եկամուտ ստացող՝ Արցախի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.

5) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով Արցախի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող՝ Արցախի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող (բացառությամբ Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների) ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց:

2. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում`

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված այն անձինք, որոնք չունեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա (ստացված) եկամուտ.

2)  սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք, եթե բացակայում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները.

3. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են`

1) Արցախի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն` Արցախի Հանրապետության պետական բյուջեից.

2) տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն` համապատասխան համայնքի բյուջեից.

3) այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն` տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից` նրա միջոցների հաշվին:

3.1. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կամ 5-րդ կետում նշված այն անձինք, որոնց աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:

4. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի Հիմնադրամի միջոցով կամ ինքնուրույն, իր նախընտրած չափով վճարելու դրոշմանիշային վճար դրա համար անհրաժեշտ քանակի էլեկտրոնային եղանակով դրոշմանիշեր ձեռք բերելու միջոցով (կամավոր նվիրաբերություն): Հիմնադրամն իրավունք ունի կազմակերպելու հանգանակություններ կամավոր նվիրաբերությունները քաջալերելու նպատակով:

5. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն դիմելու իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Սույն մասի համաձայն` դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:

6. (մասն ուժը կորցրել է 22.01.21 ՀՕ-1-Ն)

7. (մասն ուժը կորցրել է 22.01.21 ՀՕ-1-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 22.01.21 ՀՕ-1-Ն)

(11-րդ հոդվածը լրաց., խմբ.  22.01.21 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 12.

Դրոշմանիշային վճարների չափը

 

1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

 

մինչև 100 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

1 500 ՀՀ դրամ

100 001-ից մինչև 200 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

3 000 ՀՀ դրամ

200 001-ից մինչև 500 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

5 500 ՀՀ դրամ

500 001-ից մինչև 1 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

8 500 ՀՀ դրամ

1 000 001 ՀՀ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

15 000 ՀՀ դրամ

 

2) 3-րդ կետում նշված հարկման ընդհանուր համակարգում, առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարների համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերը դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

 

մինչև 1 200 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

18 000 ՀՀ դրամ

1 200 001-ից մինչև 2 400 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

36 000 ՀՀ դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

66 000 ՀՀ դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

102 000 ՀՀ դրամ

12 000 001 ՀՀ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

180 000 ՀՀ դրամ

(12-րդ հոդվածը խմբ.  22.01.21 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 13.

Դրոշմանիշային վճարների վճարումը

 

1. Եթե սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված անձինք եկամուտներ են ստանում հարկային գործակալից, ապա այդ անձինք դրոշմանիշային վճարը վճարում են բացառապես հարկային գործակալի միջոցով:

2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված` հարկային գործակալ չհամարվող անձից եկամուտներ ստացող անձինք դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն:

3. Սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված անձանց կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված չափով դրոշմանիշային վճար կատարելու պարտականությունը համարվում է կատարված, իսկ համապատասխան չափով դրոշմանիշեր` ձեռք բերված, այդ անձանց կողմից հարկային գործակալի միջոցով կամ ինքնուրույն սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված գումարը պետական բյուջե փոխանցելու օրվանից:

4. Դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը սահմանված կարգով դատարան է ներկայացնում հայցադիմում` դրոշմանիշային վճար վճարողից (եթե դրոշմանիշային վճարը, սույն օրենքի համաձայն, պետք է կատարվի հարկային գործակալի միջոցով, ապա հարկային գործակալից) գույքի բռնագանձման համար: Մինչև գումարի բռնագանձման վերաբերյալ դատարան հայցադիմում ներկայացնելը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում` Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

Հոդված 14.

Հարկային գործակալի միջոցով դրոշմանիշային վճար վճարելը

 

1. Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված չափերով հաշվարկում են տվյալ ամսվա համար դրոշմանիշային վճարների չափը՝ հիմք ընդունելով տվյալ ամսվա համար հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտները:

2. Յուրաքանչյուր ամսվա համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը հարկային գործակալները պետական բյուջե են փոխանցում մինչև դրոշմանիշային վճարների չափի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Յուրաքանչյուր անձի մասով տվյալ ամսվա համար հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը հարկային գործակալը պահում է այդ հարկային գործակալից տվյալ անձի կողմից տվյալ ամսում ստացման ենթակա հաշվեգրված եկամուտներից:

4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի ճշտված ամսական ամփոփ հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում:

(14-րդ հոդվածը փոփ.  22.01.21 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 15.

Դրոշմանիշային վճարը ինքնուրույն վճարելը

 

1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված` հարկային գործակալ չհամարվող անձից եկամուտներ ստացող անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները:

(15-րդ հոդվածը խմբ.  22.01.21 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 16.

Դրոշմանիշային վճար կատարած անձանց ցուցակները և փոխանցման հանձնարարական ներկայացնելը, պետական բյուջեից Հիմնադրամին դրամական միջոցների հատկացումը

 

1. Հարկային մարմինը`

1) յուրաքանչյուր հարկային գործակալի կողմից եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկի ներկայացման և դրա հիման վրա դրոշմանիշային վճարի ամբողջ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամ է փոխանցում տվյալ հարկային գործակալի այն աշխատողների ցուցակը, որոնց համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են դրոշմանիշային վճարներ.

2) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարներ ինքնուրույն վճարողների համար սույն օրենքով սահմանված դրոշմանիշային վճար վճարելու վերջնաժամկետից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Հիմնադրամ է փոխանցում տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար ինքնուրույն վճարողների ցուցակը, որոնք տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ամբողջությամբ կատարել են դրոշմանիշային վճարներ.

3) դրոշմանիշային վճարներ կատարող անձանց կողմից (սույն օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարի ամբողջ գումարը վճարելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, գանձապետարան է ներկայացնում տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար փոխանցման հանձնարարական (այսուհետ` Փոխանցման հանձնարարական)` սույն կետում նշված անձանց վճարած դրոշմանիշային վճարի գումարներից Հիմնադրամ գումար փոխանցելու վերաբերյալ` նշելով փոխանցման ենթակա գումարը: Ընդ որում, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմնի կողմից ներկայացվող Փոխանցման հանձնարարականում հարկային մարմինը նշում է վճարված դրոշմանիշային վճարի այն գումարը, որը հավասար է դրոշմանիշային վճարներ կատարող անձանց` դրոշմանիշային վճարների կատարման գծով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորության չափին:

2. Գանձապետարանը Փոխանցման հանձնարարականը ստանալու օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հիմնադրամի հատուկ հաշվին է փոխանցում Փոխանցման հանձնարարականում նշված գումարը:

3. Եթե տվյալ հարկային գործակալի կամ դրոշմանիշային վճարի վճարումն ինքնուրույն կատարող անձի կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար փաստացի վճարված դրոշմանիշային վճարների գումարի չափը գերազանցում է Փոխանցման հանձնարարականում նշված գումարի չափը, ապա գանձապետարանը տվյալ հարկային գործակալի (դրոշմանիշային վճարի վճարումն ինքնուրույն կատարող անձի) կողմից փաստացի վճարված դրոշմանիշային վճարի` Փոխանցման հանձնարարականում նշված գումարի չափը գերազանցող գումարի կարգավիճակը որոշում է Կառավարության սահմանած կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ցուցակների և Փոխանցման հանձնարարականի ձևը, հարկային մարմնի կողմից այդ փաստաթղթերը համապատասխանաբար Հիմնադրամին և գանձապետարանին փոխանցելու և տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 17.

Դրոշմանիշների թողարկումը

 

1. Դրոշմանիշները թողարկում է Հիմնադրամը՝ էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային համակարգի միջոցով:

2. Թողարկվող դրոշմանիշները կարող են ունենալ տարբեր անվանական արժեք:

3. Դրոշմանիշների թողարկման, հաշվառման, ձեռքբերման կարգը, թողարկման ենթակա դրոշմանիշների անվանական արժեքը, ինչպես նաև դրոշմանիշների թողարկման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործունեության կարգը սահմանում է Խորհուրդը:

 

Հոդված 18.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին և 2-րդ գլուխների գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-78-Ն