Համարը 
N 522-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.09.09/16(150)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.08.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.08.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» օգոստոսի 2010թ.

N 522-Ն

ք.Ստեփանակերտ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 14.03.2012 N 114-Ն)

 

«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32‑րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 14.03.2012 N 114-Ն)

1. Ստեղծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով):

(1-ին կետը փոփ. 14.03.2012 N 114-Ն)

2. Սահմանել, որ`

1) ստաժ սահմանող հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարն է.

2) ստաժ սահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արհեստակցական միությունների ֆեդերացիայի (համաձայնությամբ), ինչպես նաև հասարակական կազմակերպության (համաձայնությամբ) ներկայացուցիչներ:

(2-րդ կետը փոփ., լրաց. 06.05.2013 N 252-Ն, փոփ. 17.11.2017 N 171-Ն, 14.09.20 N 442-Ն)

3. Հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը:

(4-րդ կետը փոփ. 06.05.2013 N 252-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և ստաժը սահմանելու կարգը հաստատելու մասին» թիվ 102 որոշումը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ ստեղծելու մասին» թիվ 86 որոշումը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Քաղաքացիների ապահովագրական ստաժի սահմանման աշխատանքները կանոնակարգելու և ԼՂՀ կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 86 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 91 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«24» օգոստոսի 2010թ. թիվ 522-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը փոփ. 14.03.2012 N 114-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքները կազմակերպելու կարգը:

(1-ին կետը փոփ. 14.03.2012 N 114-Ն)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի լրիվ անվանումն է` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով:

(3-րդ կետը փոփ. 14.03.2012 N 114-Ն)

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի նպատակը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված այն անձանց (փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած անձինք կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականներ) աշխատանքային ստաժը (այսուհետ` ստաժ) սահմանելն է, որոնց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ձեռք բերելն անհնարին է՝ այդ թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:

(4-րդ կետը փոփ. 14.03.2012 N 114-Ն)

5. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) բռնագաղթված անձանց` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող գրավոր դիմում-հայտարարությունները քննարկելը, եթե նրանք ստաժը հիմնավորող փաստաթղթեր չունեն.

2) անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժ սահմանելը` նշելով անձի անունը, հայրանունը, ազգանունը, այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, պաշտոնը, մասնագիտությունը և ժամանակահատվածը.

3) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անհրաժեշտության դեպքում, անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթեր պահանջելը և ստանալը:

 

III. ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

6. Անձն իր գրավոր դիմում-հայտարարությունը հանձնում (կամ փոստով առաքում) է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաև բռնագաղթվելու փաստը հավաստող փաստաթղթի և ստաժը հաստատելու համար նշանակություն ունեցող անուղղակի փաստաթղթերի (առկայության դեպքում) պատճենները:

(6-րդ կետը փոփ. 06.05.2013 N 252-Ն, փոփ. 17.11.2017 N 171-Ն, 14.09.20 N 442-Ն)

7. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է անձի գրավոր դիմում-հայտարարության մեջ նշված տվյալների հավաստիությունը ճշտել այլ անձանց` հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնելու միջոցով, եթե նրանք դիմողին ճանաչում են միևնույն կազմակերպությունում (ձեռնարկությունում, հիմնարկում, կոլտնտեսությունում, սովխոզում կամ միևնույն համակարգում) համատեղ աշխատանքից, ինչպես նաև ստաժը հաստատող այլ փաստաթղթերով:

(7-րդ կետը լրաց. 06.05.2013 N 252-Ն, փոփ. 17.11.2017 N 171-Ն)

8. Անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժը սահմանվում է մինչև Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթվելն աշխատած ժամանակաշրջանի համար:

9. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակ (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի) նշանակելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:

10. Հանձնաժողովը ստաժ սահմանում է սույն կարգի 4-րդ կետում նշված այն անձանց համար, ովքեր օրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստանում կամ կենսաթոշակի են անցել 2004 թվականի հունվարի 1-ից հետո:

(10-րդ կետը փոփ. 14.03.2012 N 114-Ն)

11. Ստաժը սահմանելուց հետո հանձնաժողովն անձին տալիս է իրեն վերաբերող որոշման պատճենը կամ համապատասխան տեղեկանք: Որոշման մեջ կամ տեղեկանքում նշվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ աշխատել է անձը, նրա պաշտոնը, մասնագիտությունը, աշխատած ժամանակահատվածը, հանձնաժողովի նիստի արձանագրության և որոշման համարները, նիստը կայանալու օրը, ամիսը, տարեթիվը, ինչը հաստատվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով, կնքվում նախարարության կլոր կնիքով:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

 

12. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

13. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պատասխանատու է դրանք պատշաճորեն կատարելու համար: Հանձնաժողովի նախագահն աշխատանքները բաշխում է հանձնաժողովի անդամների միջև:

14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից առնվազն 3 օր առաջ:

(14-րդ կետը փոփ. 06.05.2013 N 252-Ն)

15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

16. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

17. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում կարող է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների ու փորձագետների: Նիստերին կարող են մասնակցել հրավիրված անձինք:

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստը գումարվելու օրվա, ժամի և տեղի մասին.

2) նիստի օրակարգի նախագիծը նիստից առնվազն 2 օր առաջ ներկայացնում է հանձնաժողովի անդամներին.

3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.

4) կազմում է հանձնաժողովի որոշման նախագծերը, նիստերի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.

5) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին և դրա մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.

6) հաշվառում է հանձնաժողովի ընդունած որոշումները, դրանց պատճենները տրամադրում հանձնաժողովի անդամներին:

19. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

20. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները կազմվում են 2 օրինակից:

21. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, իսկ նիստերի արձանագրությունները` նաևւ հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները:

22. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի նիստերին և դրանց օրակարգի ձևավորմանը, առաջարկություններ են ներկայացնում նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ:

23. Հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է համարվել հանձնաժողովի անդամ:

24. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր մասնավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում նիստի արձանագրության մեջ:

(հավելվածը փոփ.14.03.2012 N 114-Ն, փոփ., լրաց. 06.05.2013 N 252-Ն, փոփ. 17.11.2017 N 171-Ն, 14.09.20 N 442-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ