Համարը 
N 294
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.06.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.06.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ  ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” հունիսի 2005թ.

N 294

ք.Ստեփանակերտ

 

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 28.11.2017 N 199-Ն)

 

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պայմանների բարելավման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար սահմանել 64 000 ՀՀ դրամի չափով ամենամսյա դրամական օգնություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

(1-ին կետը փոփ. 26.12.2006 N 645, փոփ. 30.10.2007 N 464, փոփ. 27.11.2008 N 805, փոփ. 28.11.2017 N 199-Ն, 30.04.19 N 312-Ն)

2. Հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ամենամսյա դրամական օգնության նշանակման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:

3. (3-րդ կետը փոփ. 26.12.2006 N 645, ուժը կորցրել է 30.10.2007 N 464)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.Դանիելյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 294 որոշման

 

ԿԱՐԳ

 

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Ամենամսյա դրամական օգնություն (այսուհետ՝ դրամական օգնություն) նշանակվում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն առանց ծնողական խնամքի մնացած երեխա համարվող յուրաքանչյուր անձի (այսուհետ՝ երեխա)՝ բացառությամբ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` երկու կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային, սոցիալական կամ զինվորական կենսաթոշակ ստացողների:

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող, որդեգրված, ինչպես նաև 18 տարին լրացած երեխաներին դրամական օգնություն չի նշանակվում:

(1-ին կետը փոփ. 19.01.2012 N 12-Ն, փոփ. 28.11.2017 N 199-Ն)

2. Դրամական օգնությունը նշանակում և վճարում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության երեխայի փաստացի բնակության վայրը սպասարկող տարածքային բաժինը՝ հետևյալ փաստաթղթերի հիման վրա.

ա) դիմում,

բ) երեխայի անձը հաստատող փաստաթուղթ (նաև պատճենը),

գ) որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանք, որը պետք է պարունակի առանց ծնողական խնամքի մնացած երեխա համարվելու հիմքերը:

(2-րդ կետը փոփ. 27.11.2008 N 805, փոփ. 19.01.2012 N 12-Ն, փոփ. 25.04.2014 N 256-Ն, փոփ. 28.11.2017 N 199-Ն, 14.09.20 N 442-Ն)

3. Դրամական օգնություն նշանակվում է դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու ամսվանից (ներառյալ) և յուրաքանչյուր ամիս վճարվում է պետական կենսաթոշակների վճարման հետ զուգահեռ:

4. Վեց ամիս անընդմեջ դրամական օգնություն չստանալու դեպքում դրամական օգնության վճարումը կասեցվում է:

Կասեցված դրամական օգնության վճարումը վերսկսվում է կասեցման օրվանից՝ գրավոր դիմելու և փաստացի բնակության վայրից տեղեկանք ներկայացնելու դեպքում:

5. Դրամական օգնության վճարումը դադարեցվում է.

ա) մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում,

բ) պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում,

գ) 18 տարին լրանալու դեպքում,

դ) առանց ծնողական խնամքի մնացած երեխա համարվելու հանգամանքների վերացման դեպքում,

ե) օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում:

Ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին դրամական օգնություն վճարվում է մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը:

Սույն կետի առաջին և երկրորդ մասերում նշված դեպքերում դրամական օգնություն վճարելը դադարեցվում է այդ հանգամանքների առաջացման ամսվան հաջորդող ամսի 1-ից:

6. Կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև դրամական օգնության վճարումը դադարեցնելու հիմքերը թաքցնելու հետևանքով ավել վճարված գումարները հետ են գանձվում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ կետը փոփ. 30.04.19 N 312-Ն)

(Հավելվածը փոփ. 14.09.20 N 442-Ն)

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ