Համարը 
N 504-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.08.15/13(258)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.08.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«5» օգոստոսի 2014թ.

N 504-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ֆինանսավորման հայտ-պահանջագրի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի օգոստոսի 5-ի N 504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից աշխատանքի տոնավաճառի կազմակերպման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

2. Ծրագրի նպատակն է` գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով ապահովել.

1) աշխատանք փնտրողի զբաղվածությունը.

2) գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրումը:

(2-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

3. Ծրագիրը մեկօրյա միջոցառում է, որն իրականացվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:

4. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

5. Նախարարությունը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ Արցախի Հանրապետության շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ելնելով աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքներից: Ծրագրի իրականացման շրջանի կամ Ստեփանակերտ քաղաքի ընտրությունը պայմանավորված է հետևյալ նվազագույն պայմաններով.

1) Ստեփանակերտ քաղաքում` տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, արտադրական ծավալների ավելացման, ներդրումների իրականացման կանխատեսումների արդյունքում թափուր աշխատատեղերի հայտ ներկայացրած առնվազն 15 գործատուի, իսկ Արցախի Հանրապետության շրջաններում` առնվազն 5 գործատուի առկայության դեպքում.

2) Ստեփանակերտ քաղաքում առնվազն 50, իսկ Արցախի Հանրապետության շրջաններում առնվազն 20 թափուր աշխատատեղի հայտի առկայության դեպքում:

(5-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

6. Ծրագրի իրականացման վայրի, ժամկետի, գործատուների մասնակցության, օգտագործվող սարքավորումների, տպագրական նյութերի, գովազդային ծառայությունների, տրանսպորտային և այլ ծախսերի հետ կապված, ինչպես նաև ծրագրի այլ կազմակերպչական հարցեր կարգավորվում են կազմակերպության հետ կնքված գնման պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):

7. Ծրագրի տեխնիկական բնութագրի և պայմանագրի պատճենները տրամադրվում են նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությանը (այսուհետ՝ գործակալություն):

(7-րդ կետը խմբ. 26.05.2015 N 313-Ն)

8. Կազմակերպությունը ծրագրի իրականացման օրվանից մեկ ամիս առաջ, նախարարության հետ նախապես համաձայնեցնելով, զանգվածային լրատվության, ինչպես նաև տեղեկատվության տարածման այլ միջոցներով (հանդիպումներ, հրավեր-նամակներ, թռուցիկներ, ուղեցույցներ, պաստառներ և այլն) հրապարակում է տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ` նշելով իրականացման վայրը, ժամկետը, կազմակերպության տվյալները (անվանումը, հեռախոսը): Տոնավաճառի մասին տեղեկատվությունն արտացոլվում է նախարարության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում՝ «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան: Այդ տեղեկատվությունը փակցվում է նաև գործակալության տեսանելի վայրում:

(8-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

9. Գործակալությունը ծրագրի տեխնիկական բնութագրի և պայմանագրի պատճենները ստանալուց հետո, որպես ծրագրի նախապատրաստական աշխատանք, կազմում է աշխատանք փնտրողների հետ հանդիպումների և խորհրդատվական աշխատանքների իրականացման ժամանակացույց և նշանակում ծրագրի պատասխանատու:

(9-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

10. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը` նախարարության աշխատակազմ է ներկայացնում սույն ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը, որի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարը:

(10-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն,11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

11. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

(11-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն, խմբ. 26.04.2017 N 286-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

12. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը ստանալուց հետո զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում ծրագրի դիմաց վճարվող գումարը:

(12-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

13. Ծրագրի ձեռքբերման դիմաց վճարման ենթակա գանձապետական հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է կազմակերպության բանկային հաշվին:

14. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(12-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

(Հավելվածը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ