Համարը 
N 262-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.28/08(253)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 539 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» ապրիլի 2014թ.

N 262-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 539 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները սահմանելու մասին» N 539 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 25-ի N 262-Ն որոշման

 

ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն) հաշվառված անձին առաջարկվող հարմար աշխատանքի պայմանները բնութագրող, այդ թվում` առաջարկվող աշխատանքի վայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները:

(1-ին կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն,11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

2. Գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրող անձին գործակալության կողմից առաջարկվող հարմար աշխատանքի վարձատրության պայմանները բնութագրող չափանիշներն են`

1) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի մեկուկես չափը գերազանցող վարձատրություն` «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դեպքերում` մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող անձանց համար, ինչպես նաև այն անձի համար, ով անցել է մինչև վեց ամիս ժամկետով` գործակալության կողմից կազմակերպված մասնագիտական կամ վարպետային ուսուցում.

2) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով վարձատրություն` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված` մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող անձանց համար:

(2-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն, փոփ. 29.08.2016 N 503-Ն)

3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում` մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կրթության և որակավորման համապատասխանությունը որոշվում է հիմք ընդունելով`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 12-ի N 18-Ն հրամանով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբաղմունքների դասակարգիչը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 12-ի N 19-Ն հրամանով հաստատված աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դասակարգիչը.

3) Համապատասխան մասնագիտական կրթություն և որակավորում ունենալու վերաբերյալ կրթական հաստատության կողմից տրված վկայականը:

4. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրող անձին գործակալության կողմից առաջարկվող աշխատանքը հարմար է համարվում, եթե`

1) այդ աշխատանքը բավարարում է սույն չափանիշների 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմաններին.

2) այդ աշխատանքի վայր մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության):

(4-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

(Հավելվածը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ