Համարը 
N 259-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.28/08(253)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 334 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» ապրիլի 2014թ.

N 259-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 334 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական մարմին դիմող անձանց կողմից ներկայացվող և գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» N 334 որոշումը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում հաստատել անհատական ծրագրի օրինակելի ձևը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 25-ի N 259-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կարգավորվում են այդ փաստաթղթերի ներկայացման, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը և հաշվառումից հանելն իրականացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն):

(2-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն, 07.05.2018 N 338-Ն, 14.09.20 N 439-Ն)

 

II. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌԵԼԸ

 

3. Գործակալությունում հաշվառվելու համար, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով սահմանված դեպքի, աշխատանք փնտրող անձը ներկայացնում է՝

1) անձնագիր կամ նույնականացման քարտ.

2) նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ Արցախի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ իրավասու մարմին) կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք.

3) կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում.

4) աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ՝ եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել է կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ.

5) զինվորական գրքույկ՝ զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները և ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք.

6) հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե).

(3-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն, փոփ. 07.05.2018 N 338-Ն)

4. Հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող անձը, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, գործակալություն է ներկայացնում նաև նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից տրված՝ հաշմանդամության փաստը հավաստող տեղեկանքը և վերականգնողական անհատական ծրագիրը:

(4-րդ կետը խմբ. 26.05.2015 N 313-Ն)

5. Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացնել օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի մասին փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

(5-րդ կետը փոփ. 07.05.2018 N 338-Ն)

6. Աշխատանք փնտրող անձի հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային ձևով՝ նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում համապատասխան տեղեկատվությունը մուտքագրելու, ներկայացված փաստաթղթերն էլեկտրոնային պատկերատպման ենթարկելու և դրանք տեղեկատվական շտեմարանում ներբեռնելու միջոցով:

7. Աշխատանք փնտրող անձին հաշվառելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը գործակալության կողմից ստանալու օր է համարվում սույն կարգով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը չի ներկայացնում որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու նպատակով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կամ ներկայացնում է անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը, ապա նույն օրը գործակալությունը աշխատանք փնտրող անձին տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին: Եթե աշխատանք փնտրող անձը տեղեկացվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում գործակալություն սկզբնական դիմելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում, գործակալության կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

(7-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

8. Աշխատանք փնտրող անձը համարվում է հաշվառված՝ սույն կարգով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալության կողմից ստանալու օրվանից:

(8-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

9. Աշխատանք փնտրող՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած և «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձանց, որոնք պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և հաշվառված են գործակալությունում, տրվում է գործազուրկի կարգավիճակ՝ սույն կարգով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

10. Հաշվառման նպատակով աշխատանք փնտրող անձի կողմից գործակալություն ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են սույն կարգի 6-րդ կետով սահմանված գործողությունների իրականացումից հետո:

(10-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

 

III. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

11. Աշխատանք փնտրող անձը հաշվառումից հանվում է, եթե՝

1) ներկայացրել է դիմում իրեն հաշվառումից հանելու մասին.

2) տեղավորվել է հարմար աշխատանքի.

3) երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից.

4) անհարգելի պատճառով գործակալության հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար.

4.1) լրացել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Արցախի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը կամ դադարել է բնակվելու իրավունքը.

4.2) հանվել է Արցախի Հանրապետությունում հաշվառումից.

5) դատական կարգով ճանաչվել է անգործունակ.

6) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման և պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման.

7) մահացել է:

(11-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն, լրաց. 26.04.2017 N 286-Ն, փոփ. 07.05.2018 N 338-Ն)

12. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում գործազուրկի կարգավիճակը կասեցնելիս, գործազուրկը հաշվառումից չի հանվում և համարվում է հաշվառված, որպես աշխատանք փնտրող անձ: Ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտելու դեպքում գործազուրկի կարգավիճակը վերականգնելու օրվանից՝ տվյալ գործազուրկը համարվում է հաշվառված, որպես աշխատանք փնտրող գործազուրկ:

13. Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձի կողմից ներկայացված գրավոր դիմումի կամ իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի կամ բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգում (ռեգիստրում) ներառված տվյալների համաձայն աշխատանք փնտրող անձը տեղափոխվել է իր բնակության վայրից դուրս գտնվող Արցախի Հանրապետության այլ շրջան, ապա տեղափոխվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում գործակալություն է ներկայացնում սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Աշխատանք փնտրող անձը համարվում է նոր բնակության վայրում հաշվառված և նախկին բնակության վայրում հաշվառումից հանված՝ փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու օրը:

(13-րդ կետը խմբ. 26.05.2015 N 313-Ն, փոփ. 07.05.2018 N 338-Ն)

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքում, աշխատանք փնտրող անձը գործակալություն է ներկայացնում միայն անձնագիրը կամ նույնականացման քարտը, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքը փաստացի բնակության վայրի մասին: Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն անձնագրի կամ նույնականացման քարտի փոխարեն կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի մասին փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

(14-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն, փոփ. 07.05.2018 N 338-Ն)

15. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետի ուշացման դեպքում, աշխատանք փնտրող անձը հաշվառվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

(15-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 26.05.2015 N 313-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 26.05.2015 N 313-Ն)

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

18. Աշխատանք փնտրող անձը մինչև գործակալությունում հաշվառվելը կարող է առցանց եղանակով նախնական գրանցվել՝ նախարարության պաշտոնական կայքէջում: Նախնական գրանցման արդյունքում, աշխատանք փնտրող անձը, սույն կարգի իմաստով չի համարվում հաշվառված: Նախնական գրանցման էլեկտրոնային համակարգի միջավայրում գրանցված՝ աշխատանք փնտրող անձի համար հասանելի են դառնում իր կողմից տրամադրված տեղեկատվությանը համապատասխան, իր համար հարմար աշխատանք համարվող թափուր աշխատատեղերի ցանկը, ինչպես նաև զբաղվածության պետական համապատասխան ծրագրերի մասին տեղեկատվությունը:

(18-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

(Հավելվածը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ