Համարը 
N 143-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.03.13/03(367)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.03.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.03.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.03.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2019թ.

N 143-Ն

  ք. Ստեփանակերտ

 

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել գյուղացիական տնտեսության աջակցության գործարար ծրագրի, աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձևերը և գյուղացիական տնտեսության աջակցության պայմանագրի օրինակելի ձևը:

3. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին ու Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման զբաղվածության պետական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) համատեղ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները՝ ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի, և գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների արժեքները:

4. Ծրագրի ուղեկցման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել Արցախի Հանրապետության պետական բյուջեի «Պետական աջակցություն գործազուրկներին» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

5. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին`

1) աջակցել ծրագրի կազմակերպման և իրականացման աշխատանքներին.

2) մինչև 2019 թվականի ապրիլի 15-ը, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մինչև տվյալ տարվա փետրվարի 15-ը`

ա. գյուղական համայնքների ղեկավարներից ստանալ ծրագրում ընդգրկման ենթակա աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց (այսուհետ՝ հող օգտագործող) վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան համայնքի ղեկավարի պատշաճ հիմնավորմամբ,

բ. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն ներկայացնել ծրագրում ընդգրկման ենթակա և ծրագրից օգտվելու ցանկություն հայտնած հող օգտագործողների հաստատված ցուցակները:

(5-րդ կետը փոփ. 14.09.20 N 438-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի մարտի 11-ի N 143-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց (այսուհետ՝ հող օգտագործող), սեզոնային զբաղվածության խթանման միջոցով, գյուղացիական տնտեսությունների աջակցության տրամադրման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով գյուղական բնակավայրերի բնակչության ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծման և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքման միջոցով՝ գյուղացիական տնտեսություններին աջակցելն է:

3. Ծրագրում ընդգրկման ենթակա են՝

1) հող օգտագործողը, որը որպես գործազուրկ հաշվառվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն).

2) գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրող անձը, որն աշխատանքային պայմանագրով՝ որպես վարձու աշխատող, կամ քաղաքացիաիրավական պայմանագրով՝ որպես որոշակի ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ներգրավվում է ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներում:

(3-րդ կետը փոփ. 14.09.20 N 438-Ն)

4. Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է գյուղացիական տնտեսության՝ բնական պատճառներով ստացած վնասների վերականգնման համար:

5. Հող օգտագործողին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա՝

1) ընտանիքում առկա են երկու և ավելի անչափահաս.

2) ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է:

6. Ծրագրի առավելագույն տևողությունը որոշվում է գյուղատնտեսական մշակաբույսի մշակման համար սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված կատարման ենթակա աշխատանքների և (կամ) ծառայությունների իրականացման ժամկետներին համապատասխան:

7. Մեկ ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 700 000 ՀՀ դրամը:

8. Ծրագիրը ֆինանսավորվում է՝

1) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Գործակալության աշխատողը, Արցախի Հանրապետության շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության համապատասխան ստորաբաժանման աշխատողի (այսուհետ՝ խորհրդատու) և գյուղական համայնքի ղեկավարի հետ միասին՝

1) այցելում են հող օգտագործողին.

2) հող օգտագործողին իրազեկում են ծրագրի վերաբերյալ.

3) փաստագրում են մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրը, չափը.

4) գնահատում են հող օգտագործողի կողմից հողի մշակման կարիքներն ու հնարավորությունները.

5) հող օգտագործողին տրամադրում են խորհրդատվություն՝ գյուղացիական տնտեսության աջակցության գործարար ծրագիր (այսուհետ՝ գործարար ծրագիր) կազմելու համար:

10. Գործարար ծրագիրը կազմվում է երեք օրինակից, որում նշվում են՝

1) գործարար ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը (այսուհետ՝ պլան-ժամանակացույց)՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հաստատած ձևին համապատասխան.

3) պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը.

4) գործարար ծրագրում ընդգրկվող անձանց կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը:

(10-րդ կետը փոփ.14.09.20 N 438-Ն)

11. Սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետում նշված գործարար ծրագրի ձևը հաստատում է նախարարը:

12. Հող օգտագործողի ներկայացրած գործարար ծրագիրը գործակալության կողմից հավանության արժանանալու դեպքում, գործակալության պետը երկու օրինակից հող օգտագործողի հետ կնքում է գյուղացիական տնտեսության աջակցության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր), որի անբաժանելի մաս է կազմում գործարար ծրագիրը: Պայմանագրի օրինակներից մեկը տրվում է հող օգտագործողին, իսկ մյուսը՝ մնում գործակալությունում: Պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է նախարարը:

13. Հող օգտագործողը, որպես գործատու, ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատողի հետ կնքում է աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագիր՝ հիմք ընդունելով պայմանագրի և գործարար ծրագրի պայմանները և ծրագրով նախատեսված ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով դրանց պատճենները տրամադրում գործակալությանը:

14. Գործակալությունն աջակցում է հող օգտագործողին ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի, պարտադիր դրոշմանիշային և սոցիալական վճարների հաշվարկման, վճարման, գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ձևավորման և հարկային մարմին ներկայացման գործառույթների իրականացմանը:

(14-րդ կետը փոփ. 07.10.2019 N 837-Ն)

15. Նախարարությունը ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստացող հող օգտագործողների հաստատված ցուցակները ներկայացնում է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ հող օգտագործողների հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:

(15-րդ կետը փոփ. 14.09.20 N 438-Ն)

16. Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված դեպքերում պայմանագրի գործողությունը դադարեցվելու դեպքում նախարարությունն այդ մասին երկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

(16-րդ կետը փոփ. 14.09.20 N 438-Ն)

 

III. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Հող օգտագործողը պայմանագիրը կնքելուց հետո բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում բացում է բանկային հաշիվ և գործակալություն ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

18. Գործակալության աշխատողը, խորհրդատուն և գյուղական համայնքի ղեկավարը գնահատում են պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և (կամ) ծառայությունների կատարողականը (այսուհետ՝ կատարողական) ու ֆինանսավորման նպատակով մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 3-ը ներկայացնում գործակալություն:

19. Պայմանագրով նախատեսված գումարը հող օգտագործողին վճարվում է՝ հիմք ընդունելով գնահատված ամսական կատարողականը:

20. Գործակալությունը սույն կարգի 19-րդ կետում նշված ամսական կատարողականի հիման վրա, ֆինանսավորման նպատակով, երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի շրջանակներում հաշվետու ամսում իրականացված աշխատանքների մասին ամփոփ տեղեկություն:

21. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ամփոփ տեղեկությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ծրագրի ֆինանսավորման հայտ:

22. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ծրագրի ֆինանսավորման հայտը ստանալուց հետո զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշվին է փոխանցում ծրագրի դիմաց վճարման ենթակա գումարը:

23. Ծրագրի դիմաց վճարման ենթակա գանձապետական հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է հող օգտագործողի բանկային հաշվին:

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

24. Պայմանագրի գործողությունը դադարեցվում է՝

1) կողմերի համաձայնությամբ.

2) հող օգտագործողի դիմումի համաձայն.

3) գործակալության պետի կողմից, եթե ամսական կատարողականը երկու անգամ գնահատվել է ոչ բավարար:

25. Սույն կարգի պահանջներին համապատասխան տրամադրված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

26. Տվյալ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին տեղեկատվությունն արտացոլվում է նախարարության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում:

27. Ծրագիրը կազմակերպում և իրականացնում է գործակալությունը, իսկ ծրագրի մոնիթորինգը և գնահատումն իրականացնում է նախարարությունը:

(Հավելվածը փոփ. 07.10.2019 N 837-Ն, 14.09.20 N 438-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ