ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի
ապրիլի19-ին
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
(1-ին հոդվածը լրաց. 12.12.2007 ՀՕ-119)
Հոդված 2. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը տարածվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև երբ այն նպաստում է սպառողների շահերին:
2. Սույն օրենքը չի տարածվում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(2-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-119, փոփ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 3. |
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը |
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության վրա և բաղկացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:
Հոդված 4. |
Հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն՝ ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները.
ապրանք՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման համար.
փոխադարձ փոխարինելի ապրանքներ՝ ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց գործածության նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշներով այնպես, որ ձեռքբերողը փոխարինում է կամ պատրաստ է փոխարինելու դրանք մեկը մյուսով.
ապրանքային շուկա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ սահմանված` որոշակի տարածքում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման տնտեսական հնարավորություններով և նպատակահարմարությամբ: Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմաններով, դրա սուբյեկտների կազմով և ծավալով.
ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջություն.
ապրանքային շուկայի աշխարհագրական սահման` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված որոշակի աշխարհագրական տարածք (այդ թվում` ճանապարհ, երթուղի` օդային, ջրային, ցամաքային և այլն), որի շրջանակներում գնորդի համար տնտեսապես հնարավոր ու նպատակահարմար է ձեռք բերել տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքները և առկա չէ այդ հնարավորությունն ու նպատակահարմարությունը տվյալ տարածքից դուրս: Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը կարող է ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքը կամ դրա մի մասը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (կամ դրա մի մասի) և այլ պետության (կամ դրա մի մասի) տարածքը.
ապրանքային շուկայի սուբյեկտներ` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնողը (վաճառողը, մատակարարը, օտարողը, մատուցողը, կատարողը) և ձեռքբերողը (գնորդը, ստացողը, ընդունողը, սպառողը).
ապրանքային շուկայի ծավալ` ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ընդհանուր ծավալը` բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ.
իրացում` վաճառք, մատակարարում, օտարում, մատուցում, կատարում.
ձեռքբերում` գնում, ստացում, ընդունում.
պետական մարմին` պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնարկ.
տնտեսավարող սուբյեկտ՝ արտոնագրային վճար վճարող, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցիչ, ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ,առևտրային ցանց.
առևտրային օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է իրացման ոլորտում ապրանքները վերջնական սպառողին հասցնելու համար.
առևտրային ցանց` երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համալիր, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.
տնտեսական պայմաններ (գործոններ)` ապրանքի ձեռքբերման, արտադրության, իրացման (ծառայության մատուցման, աշխատանքի կատարման) հետ կապված ծախսեր, հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ.
գնի չհիմնավորված բարձրացում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված բարձրացում.
գնի չհիմնավորված իջեցում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված իջեցում.
գնի չհիմնավորված պահպանում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը (ներառյալ` այդ գնի մինչև հինգ տոկոս փոփոխությունը) այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.
անձանց խումբ՝ իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ, որոնք գործում են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից և (կամ) որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը և (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները և (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին և (կամ) ընտրվել են այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին,
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները,
- կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միևնույն ֆիզիկական անձինք են,
- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առևտրային օբյեկտները գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո,
- ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, երեխան, եղբայրը, քույրը,
- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով անձանց խումբ է կազմում միևնույն անձի հետ, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով տվյալ անձանցից որևէ մեկի հետ անձանց խումբ են կազմում,
- կազմակերպությունը, ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձը, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին:
Իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց խումբը սույն օրենքի իմաստով անձանց խումբ է համարվում Հանձնաժողովի որոշմամբ.
վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում` թղթակցությունը հասցեատիրոջ գտնվելու, բնակվելու կամ գործունեության վայրի կամ փոստային հասցեով կամ նրա նշած այլ հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձևով հանձնելը: Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված (հանձնված) թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված անկախ այն հանգամանքից, թե ում է այն տրամադրվել: Ոչ ճիշտ հանձնված թղթակցության պատճառով հասցեատիրոջը պատճառված վնասի համար նրա առջև պատասխանատվություն է կրում փոստային կապի ծառայություն մատուցող կազմակերպությունը: Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, եթե հասցեատերը հրաժարվում է թղթակցությունը ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունն առնվազն երկու անգամ հետ է վերադարձվում.
ակտիվի արժեք՝ ակտիվի հաշվեկշռային արժեք.
փայաբաժին՝ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության իրավունք (բաժնեմաս, բաժնետոմս, այլ արժեթուղթ).
դիտանցում` տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացվող կամ ձեռքբերվող ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսավարող սուբյեկտի գործունեության վայրում (այդ թվում` առևտրի օբյեկտում) իրականացվող դիտարկում:
2. Սույն հոդվածով սահմանված հասկացությունները կիրառվում են միայն սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով:
3. Սույն օրենքում նշված մյուս հասկացությունները կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստով:
(4-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-119, լրաց., փոփ., խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն, խմբ. 26.12.2012 ՀՕ-49-Ն)
ԳԼՈՒԽ 2
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 5. |
Հակամրցակցային համաձայնությունները, դրանց արգելումը |
1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսավարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`
ա) միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն).
բ) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսավարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն).
գ) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների միջև (խառը համաձայնություն):
3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`
ա) շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքով կամ այլ եղանակով.
բ) այլ տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.
գ) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.
դ) իրացման կամ ձեռքբերման գների, դրույքաչափերի, զեղչերի, հավելաճի, արտոնությունների կամ առևտրի այլ պայմանների համաձայնեցված ուղղակի կամ անուղղակի սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը.
ե) արտադրանքի, մատակարարման, տեխնիկական զարգացման կամ արդիականացման, ներմուծման, առևտրի կամ ներդրումների սահմանափակմանը կամ վերահսկմանը.
զ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրմանը կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծմանը կամ պահպանմանը.
է) պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը).
ը) առանց հիմնավոր պատճառի առևտրային գործունեությունը որևէ տնտեսավարող սուբյեկտի հետ կազմակերպելու պայմանավորվածությանը.
թ) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.
ժ) պայմանագրի կողմին, ներառյալ` առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորություններ պարտադրելուն, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.
ժա) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:
4. Ուղղահայաց կամ խառը հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`
ա) ապրանքների իրացման սահմանափակումներին` տարածքային, գնային կամ այլ հատկանիշներից ելնելով.
բ) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.
գ) այլ տնտեսավարող սուբյեկտներից (սուբյեկտներին) ապրանք ձեռք բերելուց (իրացնելուց) հրաժարվելուն.
դ) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.
ե) գործարքներում այնպիսի դրույթ(ներ) սահմանելուն, որը (որոնք) իր(իրենց) բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի (չեն) առնչվում գործարքի բուն առարկայի հետ.
զ) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:
5. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`
ա) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.
բ) այդ մասին են վկայում տնտեսավարող սուբյեկտների` սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված գործողությունները կամ վարքագիծը:
6. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:
7. Հակամրցակցային չեն համարվում տնտեսավարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, տեխնիկական կամ տնտեսական առաջընթացին, արտադրության խթանմանը, ապրանքների կատարելագործմանը, ապրանքների արտահանման խթանմանը, նպաստում են սպառողների շահերին:
8. Մինչև համաձայնություն կնքելը (կայացնելը)՝ եզրակացություն ստանալու համար, տնտեսավարող սուբյեկտները կարող են դիմել Հանձնաժողովին:
(5-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-119, խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
(2-րդ գլուխը խմբ. 12.12.2007 ՀՕ-119)
ԳԼՈՒԽ 3
ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ
Հոդված 6. |
Մենաշնորհ կամ գերիշխող դիրքը |
1. Սույն օրենքի իմաստով տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող չունի մրցակից:
2. Տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`
ա) տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող չի հանդիպում էական մրցակցության և (կամ) իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով` հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսավարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, կամ
բ) որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ չորրորդը, կամ
գ) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող ոչ ավելի, քան երեք տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ
դ) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող ոչ ավելի, քան չորս տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի «բ», «գ» կամ «դ» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է(են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:
Սույն հոդվածում նշված տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը կարող է (են) ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր(իրենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:
4. Տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանում է Հանձնաժողովը:
5. Առևտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է երեք կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ:
6. Տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող է համարվում Հանձնաժողովի որոշմամբ:
7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի լուծարման (պետական հաշվառումից հանելու) համար պարտադիր է Հանձնաժողով ներկայացնել լուծարման (պետական հաշվառումից հանելու) վերաբերյալ տեղեկանք:
(6-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-119, խմբ. 23.12.2010 ՀՕ-80-Ն, խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 7. |
Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը |
1. Արգելվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսուհետ` գերիշխող դիրք) չարաշահումը:
2. Գերիշխող դիրքի չարաշահում է համարվում՝
ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.
բ) այլ տնտեսավարող սուբյեկտի առևտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը.
գ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասուրդի ստեղծումը կամ պահպանումը.
դ) այլ տնտեսավարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառումը.
ե) պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ՝ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.
զ) տնտեսավարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը.
է) այլ տնտեսավարող սուբյեկտի շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետևանքով այլ տնտեսավարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար կամ որի հետևանքով այլ տնտեսավարող սուբյեկտը կարող էր մուտք չգործել շուկա կամ դուրս մղվել շուկայից կամ կատարել լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.
ը) այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսավարող սուբյեկտներին.
թ) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփոխումը կամ պահպանումը, եթե դրանք նպատակաուղղված են մրցակցության սահմանափակմանը.
ժ) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը:
3. Բացի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողություններից (վարքագծից), առևտրային ցանցի կողմից գերիշխող դիրքի չարաշահում է համարվում նաև`
1) պայմանագրի կողմին պայմանների պարտադրումը, որոնք վերաբերում են`
ա) այլ տնտեսավարող սուբյեկտի հետ պայմանագիր կնքելու արգելքին.
բ) այլ տնտեսավարող սուբյեկտի հետ կնքվող պայմանագր(եր)ի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը.
գ) տնտեսավարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը, եթե մատակարարում իրականացվելու է նաև տվյալ առևտրային ցանցի մեջ մտնող նոր առևտրային օբյեկտին.
դ) տնտեսավարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը` կապված մատակարարվող ապրանք(ներ)ի տեսականու փոփոխության հետ.
ե) մատակարարված և առևտրային ցանցի սեփականությունը համարվող ապրանք(ներ)ի փչացման, վնասվածքի, կորստի կամ ոչնչացման դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից վնասների փոխհատուցմանը, բացառությամբ այն դեպքի, երբ դա տեղի է ունեցել վերջինիս մեղքով.
զ) տնտեսավարող սուբյեկտի կողմից այն ծախսերի փոխհատուցմանը, որոնք կապված չեն ապրանք(ներ)ի մատակարարման պայմանագրի կատարման կամ ապրանք(ներ)ի հետագա իրացման հետ.
է) այն ապրանք(ներ)ի վերադարձման պարտավորության սահմանմանը, որոնք չեն իրացվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների վերադարձման պահանջը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ.
ը) այլ հանգամանքների, որոնք պարունակում են սույն կետով սահմանված պայմանների էական տարրեր.
2) առանց գրավոր պայմանագիր կնքելու մատակարարում իրականացնելուն պարտադրելը:
(7-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-119, փոփ., լրաց. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
(3-րդ գլուխը խմբ. 12.12.2007 ՀՕ-119)
ԳԼՈՒԽ 4
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ
Հոդված 8. |
Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը |
1. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`
ա) տնտեսավարող սուբյեկտների միացումը.
բ) տնտեսավարող սուբյեկտների միաձուլումը.
գ) տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.
դ) տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.
ե) տնտեսավարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսավարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
2. Միացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսավարող սուբյեկտները:
3. Միաձուլման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսավարող սուբյեկտները:
4. Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտները:
5. Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը և այն տնտեսավարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:
6. Միավորման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են միավորվող տնտեսավարող սուբյեկտները:
7. Սույն օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`
ա) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսավարող սուբյեկտների միջև (հորիզոնական համակենտրոնացում).
բ) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսավարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համակենտրոնացում).
գ) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների միջև (խառը համակենտրոնացում):
(8-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-119, խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 9. |
Համակենտրոնացման հայտարարագրումը |
1. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
ա) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).
բ) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:
2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը, նպատակը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը՝
ա) անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) և գործունեության վայրը.
բ) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ.
գ) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների նկարագիրը.
դ) Հանձնաժողովի` համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը հաստատելու մասին որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:
3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը:
(9-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-7, խմբ. 12.12.2007 ՀՕ-119, խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 10. |
Համակենտրոնացման պետական կարգավորումը |
1. (մասն ուժը կորցրել է 27.12.2011 ՀՕ-101-Ն)
2. Հայտարարագրման ենթակա կամ տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:
3. Արգելվում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գործողության մեջ դնելը՝ մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը:
4. Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-119, փոփ., խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
(4-րդ գլուխը խմբ. 12.12.2007 ՀՕ-119)
ԳԼՈՒԽ V
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 11. |
Անբարեխիղճ մրցակցությունը |
1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:
2. Անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:
3. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ, այդ թվում՝ սպառողը, որն անբարեխիղճ մրցակցության հետևանքով վնաս է կրել, իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով դիմելու դատարան: Սույն իրավունքը վերապահվում է նաև շահագրգիռ անձերի տնտեսական շահերը պաշտպանելու իրավասություն ունեցող կազմակերպություններին:
(11-րդ հոդվածը փոփ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 12. |
Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը |
1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով շփոթության առաջացում է համարվում`
ա) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.
բ) առավել վաղ օգտագործվող չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.
գ) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին նույնական ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության.
դ) ֆիրմային անվանմանը շփոթության աստիճանի նման ֆիրմային անվանման օգտագործումը կամ ֆիրմային անվանման ապօրինի օգտագործումը.
ե) ապրանքի արտաքին տեսքի, օրինակ՝ ապրանքի փաթեթավորման, գույնի կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.
զ) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ՝ գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.
է) ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում՝ գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.
ը) հռչակավոր մարդկանց, գրականության, արվեստի կամ սպորտի հանրաճանաչ գործիչների, հանրաճանաչ այլ անձանց անունների, այլ տվյալների, պատկերների օգտագործումը, ստեղծագործությունների, դրանց անվանումների, տեքստերի կամ պատկերների ամբողջական կամ մասնակի արտատպումը, պատճենումը կամ այլ կերպ օգտագործումն առանց համապատասխան համաձայնության (թույլտվության):
(12-րդ հոդվածը խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 13. |
Տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկումը |
1. Ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսավարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով վարկաբեկումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում և, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքների՝
- արտադրության գործընթացի,
- որոշակի նպատակի համար դրանց պիտանիության,
- որակի, քանակի կամ այլ բնութագրերի,
- առաջարկման կամ մատուցման պայմանների,
- գնի կամ դրա հաշվարկման եղանակի նկատմամբ:
Հոդված 14. |
Հասարակության մոլորեցումը |
1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով մոլորեցումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքի աշխարհագրական ծագման, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված առանձնահատկությունների նկատմամբ: Մոլորեցում է համարվում նաև ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ: Հասարակության մոլորեցում է համարվում նաև ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսավարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:
(14-րդ հոդվածը փոփ. 12.12.2007 ՀՕ-119, լրաց. 27.12.2011 ՀՕ-101)
Հոդված 15. |
Տնտեսավարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը |
1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը շփոթություն առաջացնելուց անկախ վնասում է կամ կարող է վնասել տնտեսավարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը), համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով տնտեսվարող սուբյեկտի համբավի կամ վարկարժեքի վնասումը կարող է հիմնականում լինել սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված օբյեկտների հետ կապված համբավի կամ վարկարժեքի թուլացման արդյունք:
Համբավի կամ վարկարժեքի թուլացում է համարվում սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված տարբերակիչ բնութագրերի կամ գովազդային նշանակությունների (իմաստի) նվազեցումը, մասնավորապես որոշակի ապրանքների համար գրանցված կամ ճանաչում ձեռք բերած ապրանքային նշանին նման կամ նույնական նշան կիրառելով՝ միանգամայն տարբեր այլ ապրանքների համար:
(15-րդ հոդվածը փոփ. 12.12.2007 ՀՕ-119)
Հոդված 16. |
Անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ |
1. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված են համարվում տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունները, այդ թվում` արտադրության գաղտնիքները (նոու-հաու), եթե դրանք՝
ա) որպես ամբողջություն կամ իր մասերի ճշգրիտ փոխդասավորվածությամբ և համախմբությամբ ընդհանրապես հայտնի կամ դյուրամատչելի չեն տվյալ կարգի տեղեկատվության հետ սովորաբար առնչվող անձանց համար.
բ) երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունեն իրական կամ հնարավոր որոշակի առևտրային արժեք, բայց բացակայում են օրինական հիմքերով դրանց ազատորեն ստանալու հնարավորություները.
գ) օրինականորեն տնօրինող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ձեռնարկվել են տեղեկատվությունն առկա հանգամանքներում գաղտնի պահելու ողջամիտ քայլեր, որոնք կարող են արտահայտված լինել համապատասխան պայմանագրի կնքման և (կամ) դրա պայմանների ապահովման, նախազգուշական այլ միջոցների ձեռնարկման տեսքով՝ պահպանելով այն նույնականացման տեղեկակիրներում՝ փաստաթղթերի, համակարգչային ֆայլերի, տեսագրման և ձայնագրման ժապավենների, տվյալ տեղեկատվությունը մարմնավորող իրի տեսքով և այլն:
Չբացահայտված տեղեկատվության առարկա կարող են լինել արտադրության եղանակները, քիմիական բանաձևերը, գծագրերը, փորձնական նմուշները, ապրանքի վաճառքի և բաշխման եղանակները,
պայմանագրի ձևերը, գործարար ծրագրերը, պայմանագրային գների մանրամասնությունները, սպառողների մասնագիտական գործունեության ոլորտները (պրոֆիլները), գովազդման ռազմավարությունը, մատակարարների կամ հաճախորդների ցուցակները, համակարգչային ծրագրային ապահովումները, տվյալների հիմնապաշարները (բազաները) և այլն:
Չբացահայտված տեղեկատվություն չեն համարվում վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը և տեղեկությունները:
2. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հանգեցնում է չբացահայտված տեղեկատվության ձեռքբերմանը, օգտագործմանը կամ բացահայտմանը՝ առանց դրա օրինաչափ տիրապետողի համաձայնության կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող ձևերով, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
3. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում նշված իրավունքները ծագում են անկախ չբացահայտված տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն) և գործում են այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանները:
4. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված տեղեկատվության ձեռքբերման, օգտագործման կամ բացահայտման գործարար շրջանառության սովորույթներին հակասող եղանակներից են՝
ա) արդյունաբերական, առևտրային լրտեսությունը կամ դրան հարկադրումը.
բ) չբացահայտված տեղեկատվությանն առնչվող պայմանագրի խախտումը, լուծումը կամ դրան հարկադրումը.
գ) խորհրդապահության խախտումը կամ դրան հարկադրումը.
դ) չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձի կողմից, որը գիտեր կամ կարող էր իմանալ, որ դա ենթադրում է վերոհիշյալ կետերում նշված գործողությունների կատարում:
5. Չբացահայտված տեղեկատվության օգտագործում է համարվում դրա կիրառումը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, ինչպես նաև դրա կիրառմամբ ստացված կամ մշակված (վերամշակված) ապրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը:
6. Չբացահայտված տեղեկատվության բացահայտում է համարվում ինչպես դրա հրապարակումը, այնպես էլ փոխանցումը մեկ այլ անձի, որը, գաղտնի պահելով այն, կարող է նյութական կամ այլ օգուտ ստանալ:
7. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն, եթե այն հանդիսանում է կամ դրան հետևում է՝
ա) նոր քիմիական խառնուրդի, բաղադրության կամ միացության օգտագործմամբ դեղագործական կամ գյուղատնտեսական քիմիական ապրանքների հավանություն ստանալու նպատակներով իրավասու մարմին ներկայացված և զգալի ջանքերի արդյունք հանդիսացող փորձարկման կամ այլ չբացահայտված տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում.
բ) սույն մասի «ա» կետում նշված տվյալների բացահայտում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հասարակության շահերի պաշտպանության համար, կամ եթե արդեն ստեղծված են անբարեխիղճ առևտրային օգտագործումից տվյալների պաշտպանության երաշխիքներ:
Սույն մասի իմաստով տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում է համարվում դրանց վաճառքն այլ անձանց, օգտագործումը նույն կամ նման ապրանքներ արտադրելու համար և այլն:
8. Եթե չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործող անձն այն ստացել է դա տարածելու (հրապարակելու) իրավունքը չունեցող անձից, որի մասին ինքը չգիտեր և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա չբացահայտված տեղեկատվության օրինական տիրապետողն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից պահանջել չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ իրեն պատճառված վնասի հատուցում՝ սկսած այն պահից, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել է, որ դրա օգտագործումն ապօրինի է:
9. Հաշվի առնելով չբացահայտված տեղեկատվության օգտագործման հետ կապված բարեխիղճ ձեռք բերողի կատարած ծախսերը՝ դատարանը կարող է թույլատրել դրա հետագա օգտագործումը մինչև կատարված ծախսերի փոխհատուցումը:
10. Չբացահայտված տեղեկատվության բովանդակություն ունեցող տեղեկություններն ինքնուրույն և օրինաչափ ստացած անձն իրավունք ունի դրանք օգտագործել՝ անկախ համապատասխան չբացահայտված տեղեկատվության տիրապետողի իրավունքներից և վերջինիս հանդեպ դրա օգտագործման համար պատասխանատվություն չի կրում:
11. Չբացահայտված տեղեկատվությունն օրինականորեն տնօրինող անձը կարող է դրա բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն տրամադրել այլ անձի՝ համապատասխան պայմանագրի հիման վրա:
12. Համապատասխան պայմանագրի հիման վրա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել դրա գաղտնիության պահպանման համար և չբացահայտված տեղեկատվության օրինաչափ տիրապետողի հետ հավասար որպես այդպիսին ունի երրորդ անձանց ապօրինի օգտագործումից այն պաշտպանելու իրավունք: Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը դրա գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կրում է նաև լիցենզային պայմանագիրը դադարելուց հետո, եթե այդ տեղեկությունը շարունակում է պահպանել իր չբացահայտված բնույթը:
(16-րդ հոդվածը փոփ. 12.12.2007 ՀՕ-119)
Գ Լ ՈՒ Խ 51
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 161. |
Պետական օժանդակությունը, դրա արգելումը |
1. Սույն օրենքի իմաստով պետական օժանդակություն է համարվում պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի կամ տնտեսավարող սուբյեկտների որոշակի խմբի տրամադրվող ցանկացած օժանդակությունը (ներառյալ` ֆինանսական միջոցներ, այդ թվում` օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ կամ այլ պայմաններ):
2. Պետական օժանդակությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը կամ վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված օժանդակությունը նախատեսված է օրենքով:
3. Սույն հոդվածը չի տարածվում պետական այն օժանդակությունների վրա, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը:
4. Պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմինը (կազմակերպությունը) կամ դրա ստացման համար դիմող տնտեսավարող սուբյեկտը, համապատասխանաբար մինչև պետական օժանդակություն տրամադրելը կամ դրա ստացման համար դիմելը, եզրակացություն ստանալու համար իրավասու է դիմելու Հանձնաժողով:
5. Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել այն` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:
(161-րդ հոդվածը լրաց. 12.12.2007 ՀՕ-119, փոփ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
(51-րդ գլուխը լրաց. 12.12.2007 ՀՕ-119)
Հոդված 162. |
Իրավական ակտերի ու ստորագրված պայմանագրերի փորձաքննությունը |
Հանձնաժողովն իրականացնում է պետական մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և ստորագրված պայմանագրերի փորձաքննություն` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը դրանց համապատասխանության վերաբերյալ: Փորձաքննությունը կատարվում է Հանձնաժողովի կողմից` իր նախաձեռնությամբ կամ յուրաքանչյուր ֆիզիկական ու իրավաբանական անձի կամ իրավական ակտն ընդունող կամ պայմանագիր ստորագրող մարմնի դիմումի համաձայն: Նման մարմինները կարող են փորձաքննություն իրականացնելու խնդրանքով դիմել Հանձնաժողովին մինչև իրավական ակտն ընդունելը կամ պայմանագիրն ստորագրելը` համապատասխան դրական եզրակացություն ստանալու նպատակով:
Հանձնաժողովն իրավական ակտի կամ պայմանագրի վերաբերյալ փորձաքննության արդյունքների մասին եզրակացությունը ներկայացնում է դիմումի ստացման օրվանից հետո` տասն օրվա ընթացքում: Եթե պետական մարմինը համաձայն չէ իրավական ակտի վերաբերյալ Հանձնաժողովի փորձագիտական եզրակացության հետ, իսկ Հանձնաժողովի եզրակացության համաձայն` իրավական ակտը հնարավոր է բացասաբար անդրադառնա որևէ ապրանքային շուկայում տնտեսական մրցակցության վրա, ապա իրավական ակտի ընդունումը նախաձեռնող մարմինը պարտավոր է համապատասխան իրավական ակտն ընդունող մարմին ներկայացնել նաև իր դիրքորոշման հիմնավորումը:
(162-րդ հոդվածը լրաց. 23.12.2010 ՀՕ-80-Ն, փոփ., լրաց. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 163. |
Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի արգելումը |
1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությունները կամ վարքագիծը կամ ակտերը, որոնք սահմանափակում, կանխում կամ արգելում են տնտեսական մրցակցությունը, արգելվում են:
2. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող գործողություն կամ վարքագիծ է համարվում`
ա) տնտեսավարող սուբյեկտ(ներ)ի նկատմամբ խտրական պայմանների սահմանումը և (կամ) կիրառումը.
բ) ձեռնարկատիրական գործունեության արգելումը կամ սահմանափակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
գ) տնտեսավարող սուբյեկտներին հրահանգներ, հանձնարարություններ, ցուցումներ, խորհուրդներ կամ հրամաններ տալը` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ (ապրանքների, կնքվող գործարքների կամ այլ հարցերի վերաբերյալ), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
դ) սպառողների համար պարտականություն նախատեսելը, որով սահմանափակվում է ապրանքների ազատ ընտրության նրանց իրավունքը:
3. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր իրավասությունների սահմաններում իրականացված, օրինական նպատակ հետապնդող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կամ վարքագիծը չպետք է համարվեն հակամրցակցային, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է այդ նպատակի իրագործման` տնտեսական մրցակցությունն ավելի պակաս սահմանափակող` օրենքով չարգելված այլ միջոց:
(163-րդ հոդվածը լրաց. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
ԳԼՈՒԽ VI
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 17. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը |
1. Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված Հանձնաժողովը:
2. Հանձնաժողովը գործում է սույն օրենքի, «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
(17-րդ հոդվածը խմբ. 06.12.2006 ՀՕ-7, փոփ. 12.12.2007 ՀՕ-119)
Հոդված 18. |
Հանձնաժողովի խնդիրները և գործառույթները |
1. Հանձնաժողովի խնդիրներն են՝
ա) ձեռնարկատիրության զարգացման և սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը և խրախուսումը.
բ) բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը.
գ)հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը և նախազգուշացումը.
դ) տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
2. Իր խնդիրներն իրականացնելու համար հանձնաժողովը կատարում է հետևյալ հիմնական գործառույթները՝
- վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ.
- քննարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերը և ընդունում է որոշումներ.
(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 27.12.2011 ՀՕ-101-Ն)
- դիմում է դատարան՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ.
- մասնակցում է տնտեսական մրցակցության զարգացումը և այդ բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը և դրանց սահմանված կարգով ներկայացմանը.
- մասնակցում է իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ միջպետական համաձայնագրերի կնքմանը.
- համագործակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ կնքում է իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավում է մասնագետներ, փորձագետներ նշված մարմիններից և կազմակերպություններից` այդ մարմինների և կազմակերպությունների ղեկավարների գրավոր համաձայնությամբ.
- մշակում և իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ.
- ամփոփում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը և առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.
- ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը.
- իրականացնում է միջոցառումներ` տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի, այդ թվում` սույն օրենքի դրույթների մասին հանրությանն իրազեկելու ուղղությամբ.
- իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
(18-րդ հոդվածը լրաց., փոփ. 12.12.2007 ՀՕ-119, փոփ., լրաց., խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 19. |
Հանձնաժողովի լիազորությունները |
1. Հանձնաժողովն իրավունք ունի՝
ա) ընդունելու որոշումներ՝
- սույն օրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների,
- ապրանքային շուկաների ուսումնասիրության,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված առաջին անհրաժեշտության (ռազմավարական) պարենային և ոչ պարենային ապրանքային շուկաներում իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների կարգավորման,
- վարչական վարույթ հարուցելու ստուգում, ուսումնասիրություն իրականացնելու,
- ապրանքային շուկաների սահմանների, այդ շուկայում տնտեսավարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաև դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման,
- գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսավարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման),
- տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետևանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, սույն օրենքին հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հետ պայմանագրերի կնքման,
- պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի (կազմակերպված մրցույթների վերաբերյալ որոշումների, արձանագրությունների և այլն)՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, կնքվող համաձայնությունների, պետական օժանդակությունների, ինչպես նաև համակենտրոնացումների մասին եզրակացություններ տալու,
- համակենտրոնացումը կամ պետական օժանդակությունը, պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը կասեցնելու, լուծարելու (լուծելու, դադարեցնելու), ակտերը ոչ իրավաչափ, ուժը կորցրած ճանաչելու,
- տնտեսավարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու.
- տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ զգուշացումներ տալու.
- պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատելու վերաբերյալ.
բ) իրականացնելու վերահսկողություն` Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ.
գ) տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացնելու ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) և (կամ) դիտանցում.
դ) դիմելու դատարան սույն օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերը, տնտեսավարող սուբյեկտների` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև այդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով.
ե) դիմելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ.
զ) տալու նախազգուշացում` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու և տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ.
է) ընդունելու հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության, պետական օժանդակության, դիտանցումների, հսկիչ գնումների, ինչպես նաև ապրանքային շուկայի որոշման հետ կապված համապատասխան կարգեր.
ը) տալու պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.
թ) կատարելու օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված` ապախոշորացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը ենթակա է կատարման տնտեսավարող սուբյեկտների կողմից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում:
3. Եթե որևէ տնտեսավարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման, վարույթի, ստուգման, ուսումնասիրության և (կամ) դիտանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է դրանց ընթացքը կամ բացակայում են դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկատվությունը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսավարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սույն մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունից:
4. Սույն օրենքով սահմանված խնդիրները և գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից:
(19-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-119, լրաց. 23.12.2010 ՀՕ-80-Ն, փոփ., լրաց., խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 20. |
Պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների պարտականությունները հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում |
(վերնագիրը խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
1. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:
2. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:
3. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն պահանջելիս Հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետևանքների մասին:
4. Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները Հանձնաժողովի սահմանած կարգով պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ ամսական կտրվածքով Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն ապրանքների մնացորդների, ձեռքբերումների, արտադրության և իրացման ցուցանիշների վերաբերյալ` բնեղեն և արժեքային արտահայտությամբ: Տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվում է մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը:
(20-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-119, խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 201. |
Դիտանցումների իրականացումը, հանձնաժողովին վերապահված իրավունքների և պարտականությունների կատարմանը խոչընդոտելու անթույլատրելիությունը |
1. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանում նշվում են դիտանցում իրականացնող մարմնի անվանումը, տնտեսավարող սուբյեկտ(ներ)ի լրիվ անուն(ներ)ը կամ անվանում(ներ)ը, դիտանցումն իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտանցման նպատակը, դիտանցման ժամանակահատվածը և իրավական հիմքերը: Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը դիտանցումն սկսելուց առաջ հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին կամ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (փոխարինող անձին) կամ իրավասու այլ անձի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչ): Դիտանցման արդյունքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի ներկայացուցչի պահանջով, վերջինիս կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են Հանձնաժողովի և տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչները: Դիտանցման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Եթե տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է դիտանցման իրականացմանը, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաև դիտանցման իրականացմանը խոչընդոտած տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը:
2. Հանձնաժողովի նախագահի հրամանով դիտանցման կամ ուսումնասիրության (այդ թվում` հսկիչ գնման) կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ Հանձնաժողովի նախագահի հրամանով ստուգման իրականացմանը խոչընդոտելը դիտվում է որպես տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում և առաջացնում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն:
(201-րդ հոդվածը լրաց. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 21. |
Աշխատանքների կազմակերպման կարգը |
(21-րդ հոդվածն ուժը կորցրել է 06.12.2006 ՀՕ-7)
Հոդված 22. |
Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների, ինչպես նաև զգուշացում տալու իրավասությունը և կիրառման կարգը |
(վերնագիրը խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
1. Սույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:
2. Պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) պատմությունը:
Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, խառը):
3. Սույն օրենքի հնարավոր խախտումների կանխման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու զգուշացում տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների և (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը կամ վնասել սպառողների շահերը:
(22-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-119, խմբ. 27.12.2011 ՀՕ-101-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-49-Ն)
Հոդված 23. |
Կարգադրությունը |
(23-րդ հոդվածն ուժը կորցրել է 12.12.2007 ՀՕ-119)
Հոդված 24. |
Հանձնաժողովի պարտավորություններն առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիքի պահպանման գործում |
(վերնագիրը լրաց. 12.12.2007 ՀՕ-119)
1. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:
2. Հանձնաժողովի աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողական տեղեկատվությունը:
3. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսավարող սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման հանրապետական բյուջեի միջոցների հաշվին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(24-րդ հոդվածը լրաց 12.12.2007 ՀՕ-119)
Հոդված 25. |
Հանձնաժողովի կողմից սույն օրենքի խախտումների քննարկման հիմքերը |
Հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և սպառողների դիմումների, տեղեկատվության, զանգվածային լրատվական միջոցների հաղորդումների և իր տրամադրության տակ գտնվող այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք վկայում են սույն օրենքի խախտման մասին:
(25-րդ հոդվածը փոփ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 26. |
Հանձնաժողովի որոշման կատարման կարգը |
1. Հանձնաժողովի որոշումը տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց կողմից ենթակա է կատարման՝ որոշման մեջ նշված ժամկետում:
2. Հանձնաժողովն իր որոշման չկատարման դեպքում իրավասու է հայցով դիմել դատարան:
3. Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը):
(26-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 12.12.2007 ՀՕ-119, փոփ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
ԳԼՈՒԽ VII
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. |
Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող տուգանքի չափերը |
(վերնագիրը խմբ. 26.12.2012 ՀՕ-49-Ն)
1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսավարող սուբյեկտները, պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
2. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակցելը) առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելու (կայացնելու, դրան մասնակցելու) նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:
Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) միջոցով գների չհիմնավորված բարձրացման հետևանքով տնտեսավարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե: Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսավարող սուբյեկտը, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցումը, օրենքով սահմանված կարգով, իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու համար: Տնտեսավարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է հետևյալ ապացույցները`
- դիմողի անվանումը և հասցեն,
- հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսավարող սուբյեկտների անվանումները և այլ տեղեկություններ,
- հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսևորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տևողությունը, վայրը, այլ տվյալներ,
- բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում,
- հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ գտնվող այլ ապացույցներ:
Հանձնաժողով դիմած տնտեսավարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետևյալ պայմանները կամ դրանցից որևէ մեկը`
- տնտեսավարող սուբյեկտը դիմումը ներկայացնելու պահից սկսած Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում պատշաճ կերպով չի օժանդակում համաձայնության փաստի բացահայտմանը, մասնավորապես, չի ներկայացնում հակամրցակցային համաձայնությանն առնչվող` իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը (ապացույցները) և (կամ) օպերատիվ կերպով չի տրամադրում դրանք, չի ապահովում իր աշխատակիցներից համապատասխան տեղեկատվություն ստանալու հնարավորության ընձեռումը: Դիմող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է նաև ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությանն առնչվող տեղեկատվության (ապացույցների) ոչնչացումից, կեղծումից, դրանց կամ իր դիմումում առկա տվյալների տարածումից, հրապարակումից` մինչև Հանձնաժողովի կողմից որոշման կայացումը կամ Հանձնաժողովի համաձայնությունը և այլն,
- տնտեսավարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:
Սույն մասի երրորդ պարբերությունում սահմանված դեպքում Հանձնաժողով դիմած տնտեսավարող սուբյեկտի` սույն օրենքի խախտմամբ ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
3. Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:
Գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ տնտեսավարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
4. Սույն օրենքով նախատեսված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելն առաջացնում է տուգանքի նշանակում` համակենտրոնացման մասնակից տնտեսավարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի մինչև չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ համակենտրոնացման մասնակից տնտեսավարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:
5. Անբարեխիղճ մրցակցության գործողությունն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև հինգ հարյուր հազար դրամի չափով:
Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ միլիոն դրամի չափով:
6. Արգելված պետական օժանդակություն ստանալն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի մինչև երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:
7. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր հազար դրամի չափով:
Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև երկու միլիոն դրամի չափով:
8. Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր հազար դրամի չափով:
9. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ միլիոն դրամի չափով:
(27-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-119, լրաց. 27.12.2011 ՀՕ-101-Ն, խմբ. 26.12.2012 ՀՕ-49-Ն)
Հոդված 28. |
Հանձնաժողովի որոշումը չկատարելը |
(28-րդ հոդվածը փոփ. 12.12.2007 ՀՕ-119, ուժը կորցրել է 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 29. |
Վնասների փոխհատուցումը |
Եթե սույն օրենքը խախտելու միջոցով տնտեսավարող սուբյեկտի գործողությունների (անգործության) հետևանքով այլ տնտեսավարող սուբյեկտներին կամ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են հատուցման խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե անօրինական որոշումներով, գործողություններով կամ վարքագծով) պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են փոխհատուցման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(29-րդ հոդվածը փոփ. 12.12.2007 ՀՕ-119, փոփ. 27.12.2011 ՀՕ-101-Ն)
Հոդված 30. |
Հանձնաժողովի պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
Հանձնաժողովի պաշտոնատար անձը սույն օրենքի խախտման համար կրում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 31. |
Սույն օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
(վերնագիրը փոփ. 12.12.2007 ՀՕ-119)
Սույն օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:
(31-րդ հոդվածը փոփ. 12.12.2007 ՀՕ-119)
ԳԼՈՒԽ VIII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 32. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
2. Մինչև 2007 թվականի հունվարի 1-ը` սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հանձնաժողովի ստեղծումը, տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
12 մայիսի 2006թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-279 |
|