ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Բռնադատված է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող այն քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1921 թվականի հուլիսի 5-ից) նախկին ԽՍՀՄ տարածքում քաղաքական շարժառիթներով՝
ա) դատապարտվել է հակախորհրդային ագիտացիային և պրոպագանդային, հակախորհրդային կազմակերպությանը մասնակցելու, ազգային և ռասայական իրավահավասարությունը խախտելու, խորհրդային պետական հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելու հոդվածներով և հետագայում արդարացվել է.
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.
ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:
Բռնադատված է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող այն քաղաքացին, որը սկսած 1988 թվականի փետրվարից արցախահայության ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի Հանրապետության դատական իշխանությունների կողմից կամ հետաքննական և նախաքննական մարմինների կողմից պահվել է անազատության մեջ:
Սույն հոդվածով նախատեսված անձանց իրավիճակը հավաստող փաստաթղթերի բացակայության դեպքում, այդ փաստը հաստատվում է դատական կարգով:
(1-ին հոդվածը փոփ., լրաց. 15.09.2004 ՀՕ-131)
Հոդված 2. Բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների պահանջով պետական լրատվական միջոցները պարտավոր են 10-օրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչև բռնադատվելը զբաղմունքի տեսակը, բռնադատող մարմինը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ազատ արձակելու և արդարացման որոշումը և ժամկետները:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող բռնադատվածներին տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստանալու իրավունք:
Հոդված 4. Բռնադատվածի զինվորական, գիտական և այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետևանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից՝ բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումի հիման վրա:
Հոդված 5. Բռնադատվածի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(2-րդ մասն ուժը կորցրել է 19.12.2012 ՀՕ-29-Ն)
(3-րդ մասն ուժը կորցրել է 19.12.2012 ՀՕ-29-Ն)
(5-րդ հոդվածը փոփ. 15.02.2000 ՀՕ-95, խմբ. 23.03.2005 ՀՕ-179, փոփ. 19.12.2012 ՀՕ-29-Ն)
Հոդված 6. Բնակտարածությունը կորցրած բռնադատվածին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում իր նախկին բնակության վայրում, սեփականության իրավունքով, տրամադրվում է սահմանված չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար՝ օժտելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու իրավունքով:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է բռնադատվածին ազատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձից, եթե բռնադատման ժամանակ բռնագրավվել է նրա բնակտարածությունը:
Բնակարանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:
Հոդված 8. Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնադատված քաղաքացին օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված արտոնություններից:
Հոդված 9. (հոդվածն ուժը կորցրել է 26.11.2008 ՀՕ-59-Ն)
Հոդված 10. Գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման ծառայություններից ու տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև աղբահանության, ջրահեռացման և հեռախոսի վարձերը վճարելու համար բռնադատվածին տրվում է ամենամսյա դրամական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով:
Բռնադատվածն ունի դեղորայքի արժեքի (ըստ դեղատոմսի) վճարի 50 տոկոս զեղչի իրավունք:
(10-րդ հոդվածը խմբ. 26.11.2008 ՀՕ-59-Ն)
Հոդված 11. Բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրվում է միանվագ դրամական փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուպատիկի չափով:
Հոդված 12. Մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 6 և 7 հոդվածներով նախատեսված արտոնություններից:
Հոդված 13. Բռնադատվածների հարցերով զբաղվող հանձնաժողովը ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով:
Հոդված 14. Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
31 դեկտեմբերի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-82 |
|