Համարը 
N 467
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.11.12/27(68)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.10.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 2-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի և դրանք որպես այդպիսիք որակելու կարգը հաստատելու մասին» թիվ 209 և 2000թ. հունիսի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման միջոցառումների մասին» թիվ 114 որոշումները:


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» հոկտեմբերի 2007թ.

N 467

ք.Ստեփանակերտ

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. «Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերությամբ, 13-րդ հոդվածի երկրորդ մասով, 15-րդ հոդվածի յոթերորդ պարբերությամբ, 18-րդ հոդվածի առաջին մասով, 19-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 29-րդ կետով և 391 -րդ հոդվածով, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետով, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:

(1-ին կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

2. Հաստատել`

ա) Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի,

գ. Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կազմը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ., լրաց. 25.01.2018 N 24-Ն)

3. Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

Արցախի Հանրապետության օրենքներին, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրականացվող բարեգործական ծրագրերի, դրանց կատարման ընթացքի ու դրանց շրջանակներում իրականացված գործարքների մասին ստացված տեղեկատվությունը, եթե այն չի տրված Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից, այն ստացվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում ուղարկել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով:

(3-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

31. Սահմանել, որ Արցախի Հանրապետության հասցեով Հայաստանի Հանրապետություն բարեգործության կարգով մուտք գործած ապրանքները ստանալու և այդ գործընթացի մեջ ներառվող գործողություններն իրականացնելու իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը և  Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությանը, որոնք պարտավոր են երեք օրվա ընթացքում պատշաճ կերպով այդ մասին իրազեկել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:

(31-ին կետը լրաց. 16.09.2008 N 616, փոփ. 11.10.2012 N 713-Ն, փոփ. 25.01.2018 N 24-Ն, 27.07.20 N 255-Ն)

3.2. Առաջարկել բարեգործական ծրագրեր իրականացնողներին՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ն Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով ներկայացնել տեղեկություններ նախորդ տարում բարեգործական ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ ամփոփ տեղեկություն ծրագրի արդյունքների մասին:

(3.1-ին կետը լրաց. 25.01.2018 N 24-Ն, փոփ. 06.08.19 N 641-Ն)

(3.2-րդ կետը խմբ. 06.08.19 N 641-Ն)

4. Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը հրապարակել նախորդ տարում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հաղորդումը:

(4-րդ կետը խմբ. 25.01.2018 N 24-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 2-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի և դրանք որպես այդպիսիք որակելու կարգը հաստատելու մասին» թիվ 209 և 2000թ. հունիսի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման միջոցառումների մասին» թիվ 114 որոշումները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«30» հոկտեմբերի 2007թ.

թիվ 467 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմակերպման և գործունեության կարգը:

(1-ին կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

(2-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

3. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Արցախի Հանրապետության պետական մարմինների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում բարեգործական մասնակիցներ հանդիսացող օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարեգործության մասնակից անձինք:

Հանձնաժողովի անդամներ են նաև հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը:

(3-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

4. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

5. Հանձնաժողովի աշխատակազմի գործառույթների իրականացումն ապահովում է  Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը:

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարը ի պաշտոնե հանդիսանում է հանձնաժողովի նախագահը:

(5-րդ կետը փոփ. 11.10.2012 N 713-Ն, փոփ. 25.01.2018 N 24-Ն, 27.07.20 N 255-Ն)

6. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին  Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության միջոցով:

(6-րդ կետը փոփ. 11.10.2012 N 713-Ն, փոփ. 25.01.2018 N 24-Ն, 27.07.20 N 255-Ն)

7. Հանձնաժողովն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն, ռուսերեն, անգլերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(7-րդ կետը խմբ. 16.09.2008 N 616, փոփ. 25.01.2018 N 24-Ն)

71. Հանձնաժողովի անվանումն է`

հայերեն լրիվ` ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

հայերեն կրճատ` ԱՀԿԲԾՀՀ

ռուսերեն լրիվ` КОМИССИЯ ПРАВИТЕЛЬСТВА РЕСПУБЛИКИ АРЦАХ ПО КООРДИНАЦИИ БЛАГОТВОРИТЕЛЬНЫХ ПРОГРАММ

ռուսերեն կրճատ` КПРАКБП

անգլերեն լրիվ` CHARITABLE PROGRAMS COORDINATING COMMISSION OF THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARTSAKH

անգլերեն կրճատ` CPCCG OF THE RA:

(71-ին կետը լրաց. 27.12.2008 N 972, խմբ. 25.01.2018 N 24-Ն)

8. Հանձնաժողովն իր գործունեության համար հաշվետու է Արցախի Հանրապետության կառավարությանը:

(8-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Հանձնաժողովի նպատակը Արցախի Հանրապետությունում բարեգործական ծրագրերի համակարգումն է:

(9-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

10. Հանձնաժողովի գործառույթներն են`

ա) ծրագրերը բարեգործական որակելը.

բ) ծրագրի` բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը, կասեցնելը), իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին միջնորդություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին.

գ) բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների (այսուհետ` հարակից գործարքներ) շրջանակը որոշելը.

դ) բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը վարելը, ներառյալ բարեգործական ծրագրերը գրանցելը, բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը վարելը.

ե) բարեգործական ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, դրանց ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը.

զ) դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները սահմանված ժամկետներում չօգտագործվելու դեպքում դրանց օգտագործման ժամկետների երկարաձգումը մինչև վեց ամիս ժամկետով.

է) բարեգործական ծրագրերի իրականացման փորձի ուսումնասիրությունը, դրանց արդյունավետության բարձրացման միջոցներ ձեռնարկելը, այդ թվում` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ներառյալ ստուգում անցկացնելու վերաբերյալ համապատասխան պետական մարմիններ միջնորդություններ ներկայացնելը.

ը) բարեգործական ծրագրերի ավարտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության քննարկումը և ծրագրի իրականացման հավաստումը.

թ) բարեգործության կարգով Արցախի Հանրապետություն ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները կազմակերպելը` Արցախի Հանրապետության կառավարության` տվյալ ապրանքների տնօրինման մասին որոշմամբ սահմանված լիազորություններին համապատասխան.

ժ) բարեգործության բնագավառում հրապարակայնություն ապահովելը.

ժա) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ իրականացնելը:

(10-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

11. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում համագործակցում է Արցախի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև բարեգործության մասնակիցների հետ:

Իր գործառույթների իրականացման նպատակով հանձնաժողովն իրավասու է օրենքով սահմանված կարգով պահանջելու և Արցախի Հանրապետության պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստանալու իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր և այլ փաստաթղթեր:

(11-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

12. Հանձնաժողովը կարող է հրավիրել համաժողովներ` հանձնաժողովի կատարած աշխատանքների և Արցախի Հանրապետությունում իրագործվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցերի քննարկման նպատակով:

(12-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր իրավասությունների սահմաններում, նիստերի, հարցման կարգով (հեռակա քվեարկությամբ) որոշումների ընդունման, հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի աշխատակազմի, ինչպես նաև որոշակի խնդիրների լուծման նպատակով իր լիազորություններին համապատասխան և իր կողմից ստեղծված աշխատանքային խմբերի միջոցով:

Հանձնաժողովի աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է հանձնաժողովի հաստատած աշխատակարգին համապատասխան:

Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել Արցախի Հանրապետության պետական մարմինների աշխատողների և մասնագետների:

(13-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն, 06.08.19 N 641-Ն)

14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նախագահի հրավերով կամ հանձնաժողովի որոշմամբ խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձինք:

15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների, իսկ հարցման կարգով քննարկում կազմակերպելու դեպքում` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում ընդունված որոշման մասին նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

16. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի քարտուղարը:

17. Ծրագրերը բարեգործական որակելու, այդպիսի որակումը փոփոխելու, ինչպես նաև հարակից գործարքների շրջանակը որոշելու մասին հարցերը քննարկվում, դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(17-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

18. Հանձնաժողովի նախագահը`

ա) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը, ապահովում նրա բնականոն աշխատանքը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը.

գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը, իսկ անհրաժեշտության դեպքում առանձին հարցերի քննարկումը կազմակերպում է հարցման միջոցով, ընդ որում, եթե ծրագիրը բարեգործական որակելու կամ հարակից գործարքների շրջանակը որոշելու վերաբերյալ հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին կամ դրանց պարունակած տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների, ապա 10 օրացուցային օրվա ընթացքում ծրագիրն իրականացնողին տեղեկացվում է դրա մասին, և եթե 30 օրացուցային օրվա ընթացքում չի ստացվում պատասխանը, ապա հայտը հանվում է քննարկումից.

դ) վարում է հանձնաժողովի նիստերը.

ե) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.

զ) հանձնաժողովի կազմի փոփոխման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն.

է) հանձնաժողովի նախագահի տեղակալի ներկայացմամբ` մակագրությամբ հավաստում կամ անհրաժեշտության դեպքում ծրագրի ավարտի հավաստման հարցը ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը.

ը) կազմում է հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվություններ և դրանք ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն.

թ) բարեգործական ծրագրերի իրականացման փորձի ուսումնասիրության հիման վրա միջոցներ է ձեռնարկում այդ փորձը կատարելագործելու, ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու համար, ինչպես նաև հայտնաբերված խախտումների կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություններ և առաջարկություններ ներկայացնում համապատասխան պետական մարմիններ.

ժ) անհրաժեշտության դեպքում միջնորդություն ներկայացնելու խնդրանքով դիմում է բարեգործության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին միջնորդություն ներկայացնելու համար` բարեգործական ծրագրերի իրականացման համար ներմուծվող ապրանքների` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծումը թույլատրելու վերաբերյալ.

ժա) կազմակերպում է բարեգործության կարգով Արցախի Հանրապետության անունով ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները.

ժբ) հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ` հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերի լուծման համար.

ժգ) ապահովում է հանձնաժողովի աշխատանքի լուսաբանումն ու հրապարակայնությունը.

ժդ) ներկայացնում է հանձնաժողովը Արցախի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, տալիս է հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր.

ժե) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(18-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն, 06.08.19 N 641-Ն)

19. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

ա) կատարում է հանձնաժողովի նախագահի` հանձնաժողովի աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հանձնարարականները.

բ) հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

գ) համակարգում է հանձնաժողովի աշխատանքային խմբերի աշխատանքը.

դ) ստանում և ուսումնասիրում է`

ծրագրերն իրականացնողներից բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի և ավարտի մասին տեղեկությունները, ծրագրի կատարման արդյունքների հանձնման-ընդունման վերաբերյալ փաստաթղթերը, եթե հանձնման-ընդունման կարգ է սահմանված ծրագրով կամ ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ, կամ այլ իրավական ակտով,

ծրագրի կատարման արդյունքների նկատմամբ հսկողություն իրականացնող անձի հաշվետվությունը, եթե ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ նշանակված է այդպիսի անձ,

ծրագիրն իրականացնողի, այլ շահագրգիռ անձանց` սեփական նախաձեռնությամբ ներկայացրած փաստաթղթերը, իր կամ այլոց նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործություն ստացողների հարցման արդյունքում ձեռք բերված տվյալները,

«Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջին համապատասխան, բարեգործական կազմակերպության` հանձնաժողով ներկայացված իր գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան կատարված ստուգումների արդյունքները,

բարեգործական ծրագրերի, դրանց ընթացքի և արդյունքների մասին ձեռք բերված այլ տեղեկություններ.

ե) ստացված տեղեկությունների հիման վրա վարում է բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը.

զ) բարեգործական ծրագրերի ընթացքի ու ավարտի մասին տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկություն`

ծրագրի ավարտը հավաստելու վերաբերյալ,

ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու, այդ թվում` ծրագրի բարեգործական որակումը կամ հարակից գործարքների շրջանակը փոփոխելու վերաբերյալ` համապատասխան հիմնավորմամբ (չեն իրականացվել (չեն իրականացվում) ծրագրի նպատակները կամ ծրագիր իրականացնող կազմակերպությունը հանձնաժողովին չի տրամադրել սահմանված տեղեկությունները, կամ ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, կամ ծրագիրն իրականացնող կազմակերպության գործունեության մեջ առկա են Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների էական խախտումներ),

անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար համապատասխան պետական մարմիններ միջնորդություններ ներկայացնելու վերաբերյալ,

ծրագրի իրականացման պրակտիկան կատարելագործելու, ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ.

է) քննարկում է դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները սահմանված ժամկետներում չօգտագործվելու դեպքում դրանց օգտագործման ժամկետները մինչև վեց ամիս ժամկետով երկարաձգելու մասին դիմումները և առաջարկություն ներկայացնում հանձնաժողովի նախագահին` հարցը հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

ը) իր իրավասությունների սահմաններում իրականացնում է բարեգործության կարգով Արցախի Հանրապետության անունով ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները.

թ) հանձնաժողովի նախագահին ներկայացնում է անհրաժեշտ տեղեկատվություն` բարեգործության բնագավառում հրապարակայնության ապահովման նպատակով զանգվածային լրատվության միջոցներին տրամադրելու համար.

ժ) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(19-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

20. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը, անհրաժեշտ նյութերը և որոշումների նախագծերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

բ) ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստից 2 օր առաջ հանձնաժողովի անդամներին է ուղարկում նիստի օրակարգի նախագիծն ու նախատեսված հարցերին առնչվող նյութերը.

գ) կազմակերպում է հանձնաժողովի նիստի նախապատրաստումը.

դ) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները և հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

ե) սահմանված ժամկետում համապատասխան կազմակերպություններ է ուղարկում հանձնաժողովի որոշումները.

զ) կազմակերպում է հանձնաժողովի գործավարությունը.

է) հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության դեպքում վարում է հանձնաժողովի նիստերը.

ը) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(20-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

21. Հանձնաժողովի անդամները`

ա) պարտավոր են սահմանված կարգով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

բ) պատասխանատու են հանձնաժողովի որոշմամբ իրենց տրված հանձնարարականների կատարման համար.

գ) իրավունք ունեն ծանոթանալու ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի աշխատակազմում առկա նյութերին ու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

դ) հանձնաժողովի նիստից առաջ կարող են առաջադրել հարցեր հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև հայտնել իրենց կարծիքն օրակարգի մասին:

Հանձնաժողովի անդամներն իրականացնում են նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված այլ լիազորություններ:

(21-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

(Հավելված 1-ը փոփ. 06.08.19 N 641-Ն, 27.07.20 N 255-Ն)

 

 

    ԼՂՀ կառավարության աշխատակազմի

    ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«30» հոկտեմբերի 2007թ.

թիվ 467 որոշման

 

ԿԱՐԳ

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է ծրագիրը բարեգործական որակելու, այդպիսի ծրագրերի հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների (այսուհետ` հարակից գործարքներ) շրջանակը որոշելու վերաբերյալ հայտը (այսուհետ` հայտ) ներկայացնելու, քննարկելու, որոշում ընդունելու, բարեգործական որակում ունեցող ծրագրերը գրանցելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև նշված որակումը փոփոխելու ընթացակարգերը:

2. Ծրագրերը բարեգործական որակելու և հարակից գործարքների շրջանակը որոշելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

(2-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

3. Ծրագիրը սույն կարգով սահմանված ընթացակարգով բարեգործական որակելու հարցը կարող է դրվել այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացնող անձինք (բարեգործներ, կամավորներ)`

ա) ակնկալում են խրախուսում («Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված).

բ) նախատեսում են ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Արցախի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից (այսուհետ` հարկային արտոնություններ), եթե նշված հարկային արտոնությունները կամ հիշյալ որակումն ուղղակիորեն չեն բխում Արցախի Հանրապետության օրենսդրությունից, այդ թվում` Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերից («Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մաս).

գ) ակնկալում են Արցախի Հանրապետության կառավարությունից կամ համապատասխան համայնքից ստանալ նյութատեխնիկական աջակցություն և դրամական օժանդակություն («Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մաս):

(3-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

4. Բարեգործական որակման ենթակա չէ շահառություն ենթադրող, կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ միջոցների հատկացում ներառող կամ կազմակերպության` իր աշխատողների կամ իր առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի, կամ դրանց աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարման ծրագիրը:

Բարեգործական որակման ենթակա չէ բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման` ապրանքների առուվաճառքի գործարք (դրամայնացում) ներառող ծրագիրը:

5. Հարկային արտոնությունների ստացման նկատառումով բարեգործական կարող են որակվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Արցախի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից և նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին:

(5-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

6. Բարեգործական որակման ներկայացվող ծրագրում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվում են դրանց կատարողները և ստացողները: Ծրագիրը ներառում է նաև կանխատեսվող մուտքերի և ծախսերի («Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդված) նախահաշիվը, սահմանում է ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները: Ծրագիրը կարող է ներառել այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն, այլ հիմնավորումներ, որոնք կարևոր կհամարվեն ծրագիրն իրականացնողների կողմից:

Հարակից գործարքների շրջանակը որոշելու համար հայտում պետք է նկարագրվեն ծրագրի շրջանակներում նախատեսվող գործարքները, որոնցով ծրագիրն իրականացնողները նախատեսում են հարկային արտոնությունների, դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը ծրագրի իրականացման համար և դրանցից յուրաքանչյուրի առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները և արժեքը: Հարակից գործարքները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի արդյունավետ կատարումն ապահովելուն, մասնավորապես, ապրանքների ներմուծումը, ձեռքբերումը, ստացումը, մաքսային ձևակերպումը, փոխադրումը, բեռնաթափումը, սերտիֆիկացումը, պահպանումը, պահեստավորումը և (կամ) բաշխումը, ինչպես նաև ծառայությունների մատուցումն ու աշխատանքների կատարումն ապահովելուն և (կամ) կազմակերպելուն: Այդ գործարքների կողմ պետք է հանդիսանա ծրագիրն իրականացնող անձը: Ընկերությունը, որի հիմնադիրն է կամ որին մասնակից է ծրագիրն իրականացնող անձը, այդ գործարքները կատարող կողմ չի կարող հանդիսանալ:

Ծրագրի իրականացման ընթացքում կարող է կնքվել նաև ենթակապալի պայմանագիր, եթե կապալի պայմանագրից չի բխում պայմանագրում նշված աշխատանքն անձամբ կատարելու՝ կապալառուի պարտականությունը: Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից նշված գործարքը բարեգործական որակվելու դեպքում ենթակապալառուն օգտվում է հարկային արտոնություններից:

Հանձնաժողովը ծրագիրը կարող է նաև բարեգործական որակել՝ հիմք ընդունելով բարեգործության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշումը, եթե ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում, որի կատարող կողմ է հանդիսանում Արցախի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը:

(6-րդ կետը լրաց. 04.03.2014 N 109-Ն, փոփ. 25.01.2018 N 24-Ն, 06.08.19 N 641-Ն)

7. Ծրագիրն իրականացնողը հայտը ներկայացնում է հանձնաժողով:

Ծրագիրն իրականացնողը հայտը կարող է ներկայացնել պետական կառավարման այն մարմին, որի գործունեության ոլորտին առնչվում է ծրագիրը: Վերջինս, տաս օրացուցային օրվա ընթացքում, կցելով իր կարծիքը ծրագրի վերաբերյալ, հայտը ներկայացնում է հանձնաժողով:

(7-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

8. Յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ հանձնաժողով պետք է ներկայացվի առանձին հայտ:

Բացի ծրագրի և (կամ) հարակից գործարքների` սույն կարգի 6-րդ կետում նշված նկարագրությունից, հայտին կարող են կցվել ծրագրին առնչվող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, նյութեր, այլ հիմնավորումներ, այդ թվում` ծրագրի մասին համապատասխան պետական մարմինների կարծիքները, եթե այդպիսիք ստացվել են ծրագիրն իրականացնողի նախաձեռնությամբ:

9. Հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվությունը կրում է ծրագիրն իրականացնողը:

10. Եթե հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում կամ չեն բավարարում սույն կարգի պահանջներին կամ դրանց պարունակած տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների, ապա հանձնաժողովը 10 օրացուցային օրվա ընթացքում ծրագիրն իրականացնողին տեղեկացնում է դրա մասին: 30 օրացուցային օրվա ընթացքում պատասխանը չստացվելու դեպքում հայտը հանվում է քննարկումից:

11. Հայտը պետք է ներկայացվի վաղօրոք` մինչև ծրագրի իրականացումը նախաձեռնելը, որպեսզի ծրագրի իրականացումն սկսելու պահին որոշակի լինեն դրա բարեգործական որակումը և դրա շրջանակներում իրականացվող հարակից գործարքները: այս կանոնից շեղում կարող է լինել, եթե ծրագիրն իրականացնողը կհիմնավորի հայտն ավելի վաղ ներկայացնելու անհնարինությունը:

12. Հայտը և կից ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:

13. Հայտը հանձնաժողովում ստացվելուց հետո, մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելը, պետք է ստացվեն Արցախի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների կարծիքները հայտի վերաբերյալ:

Արցախի Հանրապետության շահագրգիռ նախարարությունները և պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմիններն իրենց կարծիքները ծրագրի վերաբերյալ պետք է հայտնեն համապատասխան նյութերն ստացվելուց հետո` ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(13-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

14. Հանձնաժողովում հայտի քննարկման առավելագույն ժամկետը 30 օրացուցային օր է:

Հանձնաժողովում հայտը քննարկվում է ծրագիրն իրականացնողի մասնակցությամբ: Քննարկման օրվա, ժամի և վայրի (հասցե, սենյակ) մասին ծրագիրն իրականացնողը պետք է տեղեկացվի առնվազն 2 օր առաջ: Պատշաճ տեղեկացված ծրագիրն իրականացնողի բացակայությունը խոչընդոտ չէ քննարկման համար, սակայն կարող է հայտի քննարկումը հետաձգելու մասին որոշում ընդունելու հիմք հանդիսանալ:

Հայտի քննարկումը կարող է հետաձգվել նաև այն դեպքում, երբ որոշում ընդունելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ:

Հայտի քննարկումը հետաձգելու մասին հանձնաժողովի որոշած ժամկետը չի կարող 30 օրացուցային օրից ավելի լինել:

(14-րդ կետը լրաց. 25.01.2018 N 24-Ն)

15. Հանձնաժողովը հայտի քննարկման արդյունքում ծրագիրը բարեգործական որակելու և (կամ) հարակից գործարքների շրջանակի մասին իր որոշումը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ծրագիրն իրականացնողին:

Հայտի մերժումը կամ հայտի քննարկման հետաձգումն արձանագրվում են` նշելով համապատասխան հիմնավորումը: Արձանագրությունից համապատասխան քաղվածքը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծրագիրն իրականացնողին:

16. Ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ, ծրագիրն իրականացնողի համաձայնությամբ, կարող են փոփոխվել ծրագրի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև սահմանվել ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգ և այդ արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձ:

17. Հանձնաժողովի որոշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) որոշման անվանումը (մարմնի անվանումը, որոշման վերնագիրը, ընդունման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և հերթական համարը).

բ) ծրագրի գրանցման համարը.

գ) ծրագիրն իրականացնողը.

դ) ծրագրի մասին կարծիքներ տված մարմինների անվանումները.

ե) ծրագիրը որակելու նպատակը` ըստ սույն կարգի 3-րդ կետի.

զ) հարակից գործարքների վերաբերյալ որոշման մեջ պետք է հղում կատարվի հանձնաժողովի այն որոշմանը, որով հարակից գործարքներին առնչվող ծրագիրը (ծրագրերը) որակվել է բարեգործական.

է) ծրագիրը որակելու և (կամ) հարակից գործարքների մասին դրույթները.

ը) ծրագրի իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունները (եթե հանձնաժողովը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան սահմանել է այդպիսի փոփոխություններ).

թ) ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգը, այդ արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը (եթե այդպիսիք սահմանվել են).

ժ) ծրագիրն իրականացնողի կողմից հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների ծավալն ու պարբերականությունը.

ժա) այն պետական մարմինները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք (բացի ծրագիրն իրականացնողից), ում պետք է ուղարկվի որոշման օրինակը:

18. Հանձնաժողովի որոշմանը պետք է կցվի ծրագիրը կամ որոշումը, որը պետք է բովանդակի սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների համառոտ շարադրանքը: Որոշմանը կցված ծրագրի բոլոր էջերին պետք է լինի հանձնաժողովի պաշտոնատար անձի ստորագրությունը` վավերացված հանձնաժողովի կնիքով:

19. Յուրաքանչյուր ծրագրի որակման վերաբերյալ ընդունվում է առանձին որոշում, որը գրանցվում է հանձնաժողովի կողմից վարվող վարչական ռեգիստրում:

20. Ծրագրի որակման և հարակից գործարքների վերաբերյալ հայտը կարող է մերժվել, եթե`

ա) հայտում և կից փաստաթղթերում ներկայացված տվյալներն ու տեղեկությունները չեն բավարարում սույն կարգի պահանջները կամ հիմնավորված կամ հավաստի չեն.

բ) քննարկման արդյունքում աննպատակահարմար է դիտվում տվյալ ծրագրի որակումը կամ հարակից գործարքներին հարկային արտոնությունների տրամադրումը:

21. Ծրագիրն իրականացնողը ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին տեղեկությունները հանձնաժողով է ներկայացնում հանձնաժողովի որոշմամբ սահմանված ծավալով ու պարբերականությամբ:

Բարեգործական կազմակերպությունը, «Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջին համապատասխան, հանձնաժողով է ներկայացնում իր գործունեության մասին տարեկան հաշվետվությունը:

22. Հանձնաժողովը ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում`

ա) ծրագրի կատարման արդյունքների հանձնման-ընդունման միջոցով, եթե նման կարգ է սահմանված ծրագրով կամ ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ.

բ) ծրագրի կատարման արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձի միջոցով, եթե ծրագրով կամ ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ նշանակված է այդպիսի անձ.

գ) ծրագիրն իրականացնողի, այլ շահագրգիռ կողմերի` սեփական նախաձեռնությամբ կամ սույն կարգին համապատասխան հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև բարեգործական աջակցություն ստացողների հարցման արդյունքում ձեռք բերված տվյալների ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան կատարված ստուգումների արդյունքների ուսումնասիրության միջոցով:

23. Սույն կարգի 21-րդ կետում նշված տեղեկությունները ծրագիր իրականացնողի կողմից հանձնաժողով չներկայացվելու, ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնաբերվելու, ծրագիրն իրականացնողի գործունեության մեջ Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների էական խախտումների առկայության կամ ծրագրի նպատակները չիրականացվելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է գրավոր զգուշացնելու ծրագիրն իրականացնողին, ինչպես նաև վերանայել ծրագիրը բարեգործական որակելու և (կամ) հարակից գործարքների մասին իր որոշումները, իսկ եթե նման որակում տրված է այլ իրավական ակտերով, ապա վերջինս իրավասու է այդ որակումը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը սահմանված կարգով ներկայացնել տվյալ իրավական ակտն ընդունած մարմին:

(23-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

24. Հանձնաժողովը ծրագիրը բարեգործական որակելու կամ նման որակումը փոփոխելու, ինչպես նաև հարակից գործարքների մասին որոշումների մեկական օրինակը ուղարկում է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, որտեղից այն երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանում:

(24-րդ կետը փոփ. 12.10.2015 N 660-Ն, փոփ. 25.01.2018 N 24-Ն, 27.07.20 N 255-Ն)

(Հավելված 2-ը փոփ. 06.08.19 N 641-Ն, 27.07.20 N 255-Ն)

 

 

     ԼՂՀ կառավարության աշխատակազմի

     ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված թիվ 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 30-ի N 467 որոշման

 

Կ Ա Զ Մ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ

ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատակազմի բարեգործական ծրագրերի համակարգման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար):

(Հավելված թիվ 3 լրաց. 25.01.2018 N 24-Ն, փոփ. 06.08.19 N 641-Ն, խմբ. 27.07.20 N 255-Ն)