Համարը 
N 285
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.04/17(89)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.04.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» ապրիլի 2008թ.

N 285

ք.Ստեփանակերտ

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 ԼՂՀ կառավարության

«15» ապրիլի 2008թ.

թիվ 285 որոշման

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

Սույն չափորոշիչները կիրառվում են Արցախի Հանրապետության երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից):

(նախաբանը փոփ. 26.11.19 N 982-Ն)

 

Չափորոշիչ I. Տեղեկատվությունը

1. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն անձնակազմին և այցելուներին ապահովում է հետևյալ տեղեկատվությամբ`

ա) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության կանոնադրական նպատակների, խնդիրների, գործառույթների, անձնակազմի աշխատանքային առանձնահատկությունները սահմանող և աշխատողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող աշխատանքային կարգապահական ներքին կանոնների, ինչպես նաև գտնվելու վայրի (հասցե), հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի, տեղեկատվության համար պատասխանատու պաշտոնատար անձի (անունը, ազգանունը, պաշտոնը) մասին.

բ) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության գործունեության, այդ թվում` մանկատան հիմնադրման, նրա պատմության, ավանդույթների, հիշարժան իրադարձությունների, անձնակազմի, մանկատանը խնամվող երեխաների խնամքի ու դաստիարակության իրականացման առանձնահատկությունների, այլ կազմակերպությունների և առանձին բարերարների կողմից ցուցաբերվող աջակցության ու համագործակցության մասին:

2. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը երեխաներին ապահովում է կարևոր տեղեկատվությամբ` մատուցվող ծառայությունների, շենքի պայմանների, հատուկ դեպքերում տարահանման հնարավորությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությանը հարող տարածքի, արտակարգ իրավիճակներում ժամանակին օգնություն ցուցաբերելու, պաշտպանելու և այլնի մասին` հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները:

Չափորոշիչ II. Երեխայի իրավունքների պաշտպանությունը

3. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են Արցախի Հանրապետության սահմանադրության, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, «Երեխայի իրավունքների մասին» օրենքի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 26.11.19 N 982-Ն)

4. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի և նրա շահերից հանդես եկող անձանց (ծնողական իրավունքից չզրկված ծնողներ կամ oրինական ներկայացուցիչներ, հարազատներ)` երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության անձնակազմի անօրինական գործողությունները բողոքարկելու իրավունքի իրացումը, սահմանում է օրենքին համապատասխանող բողոքարկման ներքին կարգ և պահում հատուկ արկղ` բողոքների և առաջարկությունների համար:

5. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի անվտանգությունը` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության կանոններին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 26.11.19 N 982-Ն)

6. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է երեխայի պաշտպանությունը`

ա) հոգեբանական և ֆիզիկական բռնությունից, այդ թվում` սեռական շահագործումից և այլասերումից,

բ) դաժան վերաբերմունքից,

գ) աշխատանքի շահագործումից,

դ) հանցագործություններից,

ե) անուշադրությունից և անարդարությունից,

զ) առողջությունը վտանգող նյութերից և կյանքը վտանգող պայմաններից:

Երեխայի շահերից հանդես եկող անձանց (ծնողական իրավունքից չզրկված ծնողներ կամ օրինական ներկայացուցիչներ, հարազատներ)` երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության անձնակազմի անօրինական գործողությունները բողոքարկելու դեպքում մանկատունն իրականացնում է երեխայի իրավունքի պաշտպանության համարժեք միջոցառումներ:

(6-րդ կետը փոփ. 26.11.19 N 982-Ն)

7. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ունենա երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյան:

8. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը տրամադրում է հարմարավետ, անվտանգ, հուսալի ավտոտրանսպորտային միջոցներ` երեխաների փոխադրումները կազմակերպելու համար:

Չափորոշիչ III. Երեխայի մուտքը երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն և նրա ինտեգրումը

9. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է նոր ընդունված երեխայի ծանոթությունը մանկատան անձնակազմի և խնամվող երեխաների հետ: Երեխային թույլատրվում է իր հետ բերել շրջապատի համար վտանգ չներկայացնող իրեր և ընտանի կենդանիներ, եթե երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության պայմանները թույլ են տալիս: Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի անձնական թանկարժեք իրերի պահպանությունը:

Երեխայի ինտեգրումը երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն ապահովվում է` հաշվի առնելով նրա նոր սոցիալական միջավայրին հարմարվելու անհատական առանձնահատկությունները, հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամ երեխայի միջավայրին հարմարվելու, նրան անկախ և ինքնուրույն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

10. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններն երեխաների խնամքն ու նրանց հետ աշխատանքն իրականացնում են սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրին համապատասխան:

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը մշակում, իրականացնում և պարբերաբար վերանայում են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության համապատասխան աշխատողները (մանկավարժ, հոգեբան, սոցիալական աշխատող, բժիշկ): Ծնողական իրավունքներից չզրկված ծնող (ծնողներ) կամ օրինական ներկայացուցիչներ կամ հարազատներ ունեցող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը կազմելիս` հաշվի է առնվում նրանց կարծիքը:

Չափորոշիչ IV. Խնամքը

11. Մանկատունը (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը (այսուհետ` գիշերօթիկ հաստատություն)` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասով) կազմակերպում է երեխայի խնամքը մանկատանը գտնվելու ամբողջ ժամանակահատվածում` մինչև նրա չափահաս դառնալը կամ մինչև երեխային հարազատ ընտանիք վերադարձնելը կամ այլընտրանքային ընտանիքում (որդեգրողի, խնամատարի, խնամակալի, հոգաբարձուի) տեղավորելը` ապահովելով խնամքի շարունակականության սկզբունքը, ստեղծելով հնարավորինս ընտանեկանին մոտ պայմաններ և առաջնորդվելով անհատական մոտեցմամբ:

Չափորոշիչ V. Սնունդը

12. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում երեխան ապահովվում է առողջ, անհրաժեշտ քանակի և տարիքին համապատասխան սննդով:

13. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում` բժշկի ցուցումով, ապահովվում է անհատական մոտեցում հիվանդ, թերսնվող և գերսնվող երեխաների նկատմամբ:

Չափորոշիչ VI. Հագուստը

14. Մանկատունը և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերoթիկ հաստատությունն երեխային ապահովում է հագուստով և անձնական օգտագործման պարագաներով` ելնելով երեխայի տարիքային առանձնահատկություններից: Վեց տարին լրացած երեխան մանկատան և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տվյալ տարվա համար սահմանված բյուջեի սահմաններում կարող է մասնակցել իր հագուստի և անձնական օգտագործման պարագաների ընտրությանը:

Չափորոշիչ VII. Կարիքները և պահանջմունքները

15. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում` աշխատողների օգնությամբ:

Չափորոշիչ VIII. Երեխայի մանր ծախսերը

16. Մանկատունը (գիշերօթիկ հաստատությունը) դպրոցում սովորող երեխային ապահովում է անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով, սովորեցնում է խելամիտ և արդյունավետ օգտագործել ունեցած գումարը:

Անձնական մանր ծախսերի համար`

7-12 տարեկան երեխաներին տրվում է ամսական 4 000 ՀՀ դրամ,

13-18 տարեկան երեխաներին տրվում է ամսական 5 000 ՀՀ դրամ:

Պետական մանկատներում (գիշերօթիկ հաստատություններում), խնամվող երեխայի անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարը տրամադրվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ոչ պետական մանկատներում խնամվող երեխայի անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարները տրամադրվում են տվյալ մանկատան սեփական միջոցների հաշվին:

(16-րդ կետը փոփ. 22.12.2009 N 823-Ն, 26.11.19 N 982-Ն)

Չափորոշիչ IX. Տարածքը, տարածքի անվտանգությունը

17. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը երեխային ապահովում է կյանքի համար անվտանգ, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան բնակելի տարածությամբ` հաշվի առնելով նրա սեռը, տարիքը և առողջական վիճակը:

(17-րդ կետը փոփ. 26.11.19 N 982-Ն)

18. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ունենա տարահանման պլան, մանկատան անձնակազմը պետք է անցնի քաղաքացիական պաշտպանության ուսուցում` արտակարգ իրավիճակներում համապատասխան կերպով գործելու նպատակով` առանձնակի ուշադրություն դարձնելով հաշմանդամ երեխաների տարահանման նախապատրաստմանը:

19. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության տարածքը պետք է ապահովված լինի հրդեհից փրկվելու համար նախատեսված հատուկ ելքերով, ազդանշանային համակարգով և հակահրդեհային համապատասխան սարքավորումներով:

20. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է կառուցված լինի առողջության համար անվտանգ շրջակա միջավայրում:

21. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ունենա երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ և բարեկարգ խաղահրապարակներ:

Չափորոշիչ X. Առողջությունը

22. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ապահովված լինի առաջին բժշկական օգնության ծառայությամբ և բժշկական սարքավորումներով:

Ֆիզիկական և մտավոր զարգացման շեղումներ ունեցող երեխաների` հատուկ մասնագիտացված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ապահովված լինի հոգեբանական, կանխարգելիչ, դեղորայքային, վերականգնողական ծառայություններով:

23. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի առողջ ապրելակերպի (սնունդ, ֆիզկուլտուրա և սպորտ, անձնական հիգիենա, ազատ ժամանց) համար անհրաժեշտ պայմաններ:

24. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը երեխային ապահովում է սեռական հասունացման, անվտանգ սեռական կյանքի, ինչպես նաև ալկոհոլամոլության, թմրամոլության և թունամոլության բացասական հետևանքների մասին խորհրդատվությամբ:

25. Յուրաքանչյուր երեխա համապատասխան բժշկական հաստատության կողմից ենթարկվում է բազմամասնագիտական բժշկական հետազոտման` համաձայն անհատական ցուցումների:

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության բուժօգնության կազմակերպման գործընթացի մեթոդական և խորհրդատվական օգնությունն իրականացնում է տվյալ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության տարածքն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը:

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը յուրաքանչյուր երեխայի համար լրացնում է երեխայի բժշկական քարտ:

Չափորոշիչ XI. Կրթությունը և դաստիարակությունը

26. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը` հաշվի առնելով նրա հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, անձի նախասիրությունները, հետաքրքրությունները, ընդունակություններն և պահանջմունքները:

27. Մանկատունն և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունն ապահովում է երեխայի հանրակրթությունը, որպես կանոն, համայնքի հանրակրթական դպրոցներում, անհրաժեշտության դեպքում` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղավորում հատուկ հանրակրթական դպրոցներում:

(27-րդ կետը փոփ. 26.11.19 N 982-Ն)

28. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի, նրա ծնողական իրավունքից չզրկված ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կամ հարազատների (նրանց առկայության դեպքում) մասնակցությունը երեխայի կրթության հարցերին վերաբերող որոշումների ընդունման գործընթացին:

29. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում մշակվում և իրականացվում է երեխայի անձի զարգացման հատուկ ծրագիր, որում նախատեսվում են անհատական պարապմունքներ, տնային հանձնարարությունների կատարում, ընթերցանություն, ակտիվ խաղեր, մասնագիտական կողմնորոշում, մանկատան տնտեսական (սննդի պատրաստում և ընտրություն, սանիտարական մաքրություն և այլն) աշխատանքներին և լրացուցիչ, արտադասարանային խմբակներին (սպորտային, գեղարվեստական, տեխնիկական) մասնակցություն` ըստ երեխայի հակումների, հետաքրքրությունների, որոնք կարող են կազմակերպվել ինչպես երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության ներսում, այնպես էլ մանկատնից դուրս:

Չափորոշիչ XII. Ազատ ժամանցը

30. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի ներգրավումն իր ազատ ժամանցի` զբաղմունքի տեսակների ընտրությանը և պլանավորմանը:

31. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխաների մասնակցությունն էքսկուրսիաներին, սպորտային և մշակութային միջոցառումներին:

Չափորոշիչ XIII. Հաղորդակցումը մշակութային արժեքներին

32. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի ազգային պատկանելության գիտակցության ձևավորումը` ազգային ավանդույթների, սովորույթների, ծեսերի և ծիսակատարությունների իմացությունը:

33. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի` ընտանիքին պատկանելության գիտակցության ձևավորումը, սեռային դերերի գիտակցումը:

34. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը նպաստում է երեխայի մարդասիրական արժեքների ձևավորմանը, նրա մտքի և խղճի ազատության պահպանմանը:

Չափորոշիչ XIV. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները

35. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի ինքնուրույնության, անկախության և սեփական արժանապատվության գիտակցության ձևավորումը` հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության բարյացակամության, փոխoգնության և համագործակցության վրա:

36. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի ինքնաճանաչմանը, ինքնագիտակցության զարգացմանը և ինքնահաստատմանը նպաստող մոտեցումներ:

37. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն անհրաժեշտության դեպքում հետևողական աշխատանք է տանում երեխաների օրինավոր վարքագծի ձևավորման համար:

38. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն անհնազանդ, անկառավարելի երեխայի նկատմամբ կիրառում է համապատասխան մանկավարժական մոտեցում` մեթոդներ, հնարներ` հաշվի առնելով նրա տարիքը և զարգացման աստիճանը: Արգելվում է որևէ պատժամիջոցի (ներառյալ նաև սննդի, հանգստի և անձնական հիգիենայի պայմանների, ծնողական իրավունքից չզրկված ծնողների, օրինական ներկայացուցիչների, հարազատների հետ տեսակցության սահմանափակումների) կիրառումը:

39. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը երեխայի ծնողներին կամ նրա օրինական ներկայացուցիչներին (նրանց առկայության դեպքում) 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է երեխայի կատարած իրավախախտումների և նրա նկատմամբ իրավասու մարմինների կիրառած պատասխանատվության միջոցների մասին:

40. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության ղեկավարությունը երեխայի կողմից մանկատունն ինքնակամ լքելու (երբ անհայտ է երեխայի գտնվելու վայրը) և անհարգելի բացակայության (երբ երեխան գնացել է տուն և ժամանակին չի վերադարձել) դեպքերում ահազանգում է նրա ծնողներին կամ oրինական ներկայացուցիչներին (նրանց առկայության դեպքում) և ոստիկանության համապատասխան մարմիններին:

41. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն իր անձնակազմին, ծնողական իրավունքից չզրկված ծնողներին և երեխաներին ապահովում է հոգեբանական խորհրդատվությամբ` նրանց միջանձնային հարաբերությունները շտկելու, հարթելու համար:

Չափորոշիչ XV. Երեխայի կապն ընտանիքի, հարազատների հետ

42. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի կապն ընտանիքի և հարազատների հետ: Երեխայի խնամքը, նրա սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, ընտանիքի հետ հարաբերությունները պլանավորվում, կազմակերպվում և իրականացվում են` ելնելով երեխայի շահերից:

43. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի կապն ընկերների, շրջապատի հետ, եթե դա բխում է նրա շահերից:

Չափորոշիչ XVI. Երեխայի հետ տեսակցությունը

44. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է ծնողական իրավունքից չզրկված ծնողների, oրինական ներկայացուցիչների կամ հարազատների տեսակցությունը երեխայի հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողները, oրինական ներկայացուցիչները կամ հարազատները գտնվում են ոչ սթափ կամ հակահիգիենիկ վիճակում:

Չափորոշիչ XVII. Կապի միջոցները

45. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ապահովված լինի կապի անհրաժեշտ միջոցներով, ինչպես նաև հանդիպումների առանձնասենյակով:

Չափորոշիչ XVIII. Հետագա կյանքի անհատական զարգացման ծրագիրը

46. Մանկատունը և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերoթիկ հաստատությունը շրջանավարտի համար կազմում է նրա հետագա կյանքի անհատական զարգացման ծրագիրը:

Չափորոշիչ XIX. Խորհրդատվություն, տեղեկատվություն` շրջանավարտին

47. Մանկատունն և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերoթիկ հաստատությունն ապահովում է 14-18 տարեկան երեխաների մասնագիտական կողմնորոշումը, աջակցումը նրանց աշխատանքի տեղավորմանը` համագործակցելով զբաղվածության տարածքային մարմինների և գործատուների հետ:

Մանկատունը և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերoթիկ հաստատությունը շրջանավարտին տրամադրում է տեղեկատվություն սոցիալական աջակցություն տրամադրող կառույցների մասին (սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, զբաղվածության կենտրոններ, հասարակական կազմակերպություններ և այլն):

Չափորոշիչ XX. Մանկատնից և գիշերօթիկ հաստատությունից դուրս գրվող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի փաստաթղթերը

48. Մանկատունը, գիշերօթիկ հաստատությունը շրջանավարտներին կամ հարազատ ընտանիք վերադարձող, որդեգրվող, խնամակալության (հոգաբարձության), խնամատար ընտանիք հանձնվող բոլոր երեխաներին ապահովում է համապատասխան փաստաթղթերով (ծննդյան վկայական/ անձնագիր, բժշկական քարտ, կերակրողին կորցնելու կենսաթոշակի իրավունք ունեցող երեխային` երեխայի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին տեղեկանք, ինչպես նաև նրա գույքային իրավունքները հավաստող փաստաթղթեր` եթե այդպիսիք կան):

49. Մանկատան (գիշերօթիկ հաստատության` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասով) շրջանավարտներին Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվում է միանվագ դրամական օգնություն` 50 հազ. դրամի չափով:

(49-րդ կետը փոփ. 26.11.19 N 982-Ն)

Չափորոշիչ XXI. Աշխատողների ուսուցումը և վերապատրաստումը

50. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն աշխատակազմի յուրաքանչյուր աշխատողի համար ապահովում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության ղեկավարի կողմից հաստատված` սույն չափորոշիչներին համապատասխանող աշխատանքի նկարագիրը:

51. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխաների հետ անմիջական աշխատողների պարբերական մասնագիտական վերապատրաստումը և բժշկական ստուգումը:

(Հավելվածը փոփ. 26.11.19 N 982-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան