Համարը 
N 797-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.10.11/20(384)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.09.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.09.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2019թ.

N 797-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին՝ միջոցներ ձեռնարկել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի հիման վրա ձևավորված անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայի 2004-2013 թվականների տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու և այդ ժամանակահատվածում վարձու աշխատողի համար պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարներ կատարած լինելու մասին տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով օգտագործելու նպատակով՝ ծրագրային ապահովում ստեղծելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

    

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 25-ի N 797-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ` շտեմարան) վարելու հետ կապված հարաբերությունները:

2. Շտեմարանը վարելը ներառում է՝

1) կենսաթոշակ նշանակելու մասին դիմումի հիման վրա կամ սույն կարգով սահմանված դեպքերում կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելը.

2) կենսաթոշակ նշանակելուց հետո` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառելը (ըստ անհրաժեշտության` շտեմարանում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը).

3) շտեմարանում ներառված` կենսաթոշակառուին վերաբերող տվյալների հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը:

3. Շտեմարանը վարում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

 

2. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՈՐԾ ԿԱԶՄԵԼԸ

 

4. Կենսաթոշակի էլեկտրոնային գործը շտեմարանում ներառված` անձի կենսաթոշակային ապահովության իրավունքի իրականացումն ապահովող տեղեկատվության և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ամբողջություն է:

5. Կենսաթոշակի էլեկտրոնային գործը կազմվում է կենսաթոշակ նշանակելու մասին դիմումի հիման վրա` անձին կենսաթոշակ նշանակելու դեպքում:

6. Եթե անձին կենսաթոշակ է նշանակվել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, ապա կենսաթոշակի էլեկտրոնային գործը կազմվում է նաև՝

1) դիմումի հիման վրա կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում.

2) կենսաթոշակի գործը կենսաթոշակառուի հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում տեղափոխելու կամ Արցախի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) հիման վրա այլ պետություն ուղարկելու դեպքում.

3) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո կենսաթոշակի թղթային գործերը ոչնչացնելու դեպքում:

7. Կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելիս`

1) փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները շտեմարան են մուտքագրվում՝

ա. սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում` դիմումին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները տեսաներածելու (սկանավորելու) միջոցով,

բ. սույն կարգի 6-րդ կետի 1-2-րդ ենթակետերում նշված դեպքերում` դիմումին կից ներկայացված կամ կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերի բնօրինակները, իսկ բնօրինակների բացակայության դեպքում` փաստաթղթի «իսկականի հետ ճիշտ է» գրառումը պարունակող և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կնիքով կնքված պատճենը տեսաներածելու միջոցով,

գ. սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում` կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերի բնօրինակները, իսկ բնօրինակների բացակայության դեպքում` փաստաթղթի «իսկականի հետ ճիշտ է» գրառումը պարունակող և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կնիքով կնքված պատճենը տեսաներածելու միջոցով.

2) ինքնաշխատ եղանակով շտեմարան են մուտքագրվում՝

ա. կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, բնակության վայրի հասցեն` բնակչության պետական ռեգիստրի համակարգից,

բ. կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամ ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշմանդամության ժամկետը և հերթական վերափորձաքննության ժամկետը` հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգից,

գ. գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը` գործազուրկների հաշվառման տեղեկատվական համակարգից.

3) շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա ինքնաշխատ եղանակով ճշտվում են 2004-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում վարձու աշխատողի համար պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարներ կատարած լինելու մասին տեղեկատվությունը:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները պետք է տեսաներածված լինեն փիդիէֆ (PDF) ֆորմատի ֆայլերով, իսկ փաստաթղթերի բնօրինակները` գունավոր, առնվազն 300 ՀՏՎ (դիփիայ DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի փաստաթուղթն ամբողջությամբ (մեկ փաստաթուղթը, անկախ էջերի թվից, տեսաներածվում է որպես առանձին ֆայլ):

 

3. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԱԾ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ

ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԵԼԸ

 

9. Կենսաթոշակ նշանակելուց հետո` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառվում է՝

1) կենսաթոշակառուի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի (այսուհետ՝ դիմում) հիման վրա.

2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված վարչական ակտի (այսուհետ` վարչական ակտ) հիման վրա.

3) ինքնաշխատ եղանակով:

10. Կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը դիմումի, վարչական ակտի հիման վրա և ինքնաշխատ եղանակով շտեմարանում ներառելու ընթացակարգը սահմանում է նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն):

11. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումի հիման վրա կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարան ներառվելու դեպքում`

1) դիմումին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները, էլեկտրոնային պատճենները կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելու համար սահմանված կանոններով տեսաներածելու միջոցով կցվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործին.

2) շտեմարանում արձանագրվում են տվյալները մուտքագրող մասնագետի «օգտվողի անունը», տվյալները մուտքագրելու ժամը, օրը, ամիսը, տարեթիվը:

12. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումի հիման վրա կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառվելու դեպքում տեղեկատվությունը համադրվում է գործակալության տնօրինության տակ գտնվող (Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման այլ մարմիններից ինքնաշխատ եղանակով ստացված) տվյալների հետ: Ընդ որում, անճշտությունների (անհամապատասխանությունների) առկայության դեպքում՝

1) հիմք է ընդունվում (շտեմարան է մուտքագրվում) դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա ներկայացված տեղեկատվությունը.

2) գործակալությունը, տեղեկատվության հավաստիության համար պատասխանատու պետական կառավարման մարմնի հետ համատեղ, փոխհամաձայնեցված կարգով, միջոցներ է ձեռնարկում անճշտությունները (անհամապատասխանությունները) շտկելու ուղղությամբ:

13. Վարչական ակտի հիման վրա կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառվելու դեպքում վարչական ակտի բնօրինակը, էլեկտրոնային պատճենը տեսաներածելու միջոցով կցվում է կենսաթոշակի էլեկտրոնային գործին, իսկ շտեմարանում արձանագրվում են վարչական ակտի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, վարչական ակտը մուտքագրող մասնագետի «օգտվողի անունը», տվյալները մուտքագրելու ժամը, օրը, ամիսը, տարեթիվը: Տեսաներածումը կատարվում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելու համար սահմանված կանոններով:

14. Վարչական ակտի հիման վրա շտեմարանում ներառվում է հետևյալ տեղեկատվությունը (եթե դիմումի հիման վրա այդ տեղեկատվությունը չի մուտքագրվել շտեմարան)՝

1) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված` կենսաթոշակառուի, անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը.

2) Արցախի Հանրապետության ոստիկանությունից ստացված`

ա. կենսաթոշակառուի, անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի` Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը,

բ. կենսաթոշակառուի, անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի` Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը,

գ. օտարերկրյա քաղաքացի կենսաթոշակառուի` օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը,

դ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-5.1-ին կետերի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի կամ նույն կետերով սահմանված` 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հաշվառման հասցեն փոխվելու (կենսաթոշակառուի` մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելը դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.

3) Արցախի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն) իրավասու մարմնից ստացված` կենսաթոշակառուին այդ պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.

4) օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված` օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կենսաթոշակառուին այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) բժշկասոցիալական փորձաքննության մարմնի՝ հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգից ստացված`

ա. կենսաթոշակառուին փորձաքննության (վերափորձաքննության) ենթարկելու և հաշմանդամ ճանաչելու դեպքում` հաշմանդամ ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամության ժամկետը և հերթական վերափորձաքննության ժամկետը,

բ. կենսաթոշակառուին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը, կամ, մինչև հերթական վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերափորձաքննության ենթարկելու և հաշմանդամ չճանաչելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը,

գ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուին վերափորձաքննության ենթարկելու և վերափորձաքննության արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը,

դ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի ծնողներին վերափորձաքննության ենթարկելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամ ճանաչելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը, հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամության ժամկետը և հերթական վերափորձաքննության ժամկետը,

ե. կենսաթոշակառուի ծնողներին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը,

զ. կենսաթոշակառուի ծնողներին, մինչև հերթական վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերափորձաքննության ենթարկելու և վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը,

է. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի ծնողներին մինչև հերթական վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերափորձաքննության ենթարկելու և վերափորձաքննության արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը.

6) բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունից ստացված` բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունվելու (կազմակերպությունից դուրս գալու) օրը, ամիսը, տարեթիվը.

7) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակառուի աշխատանքի ընդունվելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակը նշանակվել է չաշխատելու պայմանի առկայությամբ՝ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-5.1-ին կետերի, կամ պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու) օրը, ամիսը, տարեթիվը, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա).

8) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` զինվորական ծառայության անցնելու, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու օրը, ամիսը, տարեթիվը.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 906-Ն որոշմամբ սահմանված կարգով բանկերից ստացված` կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի` օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով բանկ ներկայանալու օրը, ամիսը, տարեթիվը:

15. Ինքնաշխատ եղանակով շտեմարանում ներառվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) Արցախի Հանրապետության ոստիկանությունից ստացված՝

ա. կենսաթոշակառուի, իսկ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը փոխվելու մասին տեղեկատվությունը (նոր տվյալը),

բ. 16 տարին չլրացած կենսաթոշակառուին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր հատկացնելու դեպքում` անձնագրի սերիան և համարը.

2) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված` 16 տարին չլրացած կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը փոխվելու մասին տեղեկատվությունը (նոր տվյալը).

3) հարկային մարմնից ստացված` օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները:

16. Կենսաթոշակառուի` սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը շտեմարան մուտքագրվելու դեպքում ինքնաշխատ եղանակով հաշվարկվում է սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունվելուն հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարը`

1) եթե կենսաթոշակառուն ստանում է զինվորական կենսաթոշակ` հաշվարկված զինվորական կենսաթոշակի 50 տոկոսը.

2) եթե կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային կենսաթոշակ` հաշվարկված կենսաթոշակի աշխատանքային մասը:

17. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անչափահաս կենսաթոշակառուի` երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը շտեմարան մուտքագրվելու դեպքում` ընդունվելուն հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակի վճարման ցուցակով կենսաթոշակի գումար չի վճարվում: Սույն կետով սահմանված դեպքում, ընդունվելուն հաջորդող ամսվա 1-ից, շտեմարանում կենսաթոշակառուի անվամբ հաշվեգրվում է (կուտակվում է) հաշվարկված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի գումարի 50 տոկոսը:

18. Կենսաթոշակառուի` սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը շտեմարան մուտքագրվելու դեպքում ինքնաշխատ եղանակով վերահաշվարկվում է սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունից դուրս գալուն հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարը` հաշվարկված կենսաթոշակի չափով։

 

4. ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԿԱՄ

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

19. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում և վերսկսվում է օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով:

20. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում:

21. Կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է, եթե սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումի կամ վարչական ակտի հիման վրա շտեմարան են մուտքագրվել՝

1) կենսաթոշակառուի մահվան, մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) կենսաթոշակառուի` Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.

3) կենսաթոշակառուի` Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը.

4) օտարերկրյա քաղաքացի կենսաթոշակառուի` օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը.

5) օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կենսաթոշակառուի կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը.

6) համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմնից ստացված` կենսաթոշակառուին այդ պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.

7) օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կենսաթոշակառուին այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.

8) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի ծնողներին, ամուսնուն հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև հերթական վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերափորձաքննության ենթարկելու և վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանվելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը.

9) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև հերթական վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերափորձաքննության ենթարկելու և վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանվելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը.

10) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-5.1-ին կետերի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի կամ նույն կետով սահմանված` 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հաշվառման հասցեն փոխվելու (կենսաթոշակառուի` մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելը դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.

11) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի` սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը.

12) կենսաթոշակառուի աշխատանքի ընդունվելու, (զինվորական ծառայության) անցնելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը, եթե կենսաթոշակը նշանակվել է չաշխատելու պայմանի առկայությամբ` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-5.1-ին կետերի, կամ պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու) օրը, ամիսը, տարեթիվը «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա.

13) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու օրը, ամիսը, տարեթիվը:

22. Կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է նաև հետևյալ դեպքերում՝

1) լրացել է հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի հաշմանդամության ժամկետը.

2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի 18 տարին չլրացած երեխային (եղբորը, քրոջը, թոռանը), և լրացել է նրա 18 տարին.

3) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի 18 տարին չլրացած եղբորը, քրոջը, թոռանը, և լրացել է նրանց ծնողների հաշմանդամության ժամկետը.

4) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի ցերեկային ուսուցմամբ սովորող զավակին (եղբորը, քրոջը, թոռանը), և լրացել է նրա 23 տարին.

5) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի 18 տարին լրացած հաշմանդամ զավակին, և լրացել է նրա հաշմանդամության ժամկետը.

6) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն և լրացել է կենսաթոշակառուի հաշմանդամության ժամկետը.

7) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած (կենսաթոշակի իրավունք ունեցող) երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված անձին, և լրացել է մահացած (զոհված) կերակրողի երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան 14 տարին.

8) լրացել է կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Արցախի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը.

9) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակ վճարելը դադարեցվել է անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան, Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու կամ Արցախի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու պատճառով:

23. Մահացած կերակրողի՝ ցերեկային ուսուցմամբ սովորող զավակին (եղբորը, քրոջը, թոռանը) նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ից:

24. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելիս՝ շտեմարանում ինքնաշխատ եղանակով արձանագրվում են կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը և կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու պատճառը` ըստ գործակալության սահմանած դասակարգման:

25. Կենսաթոշակը վճարելն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է՝

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում.

2) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի` մահվան օրը, ամիսը, տարեթիվը կամ Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը՝ դիմումի կամ վարչական ակտի հիման վրա շտեմարան մուտքագրվելու դեպքում.

3) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Արցախի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու դեպքում.

4) կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

5) օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն չտալու (բանկ չայցելելու) դեպքում:

26. Կենսաթոշակ վճարելը դադարեցնելիս՝ շտեմարանում ինքնաշխատ եղանակով արձանագրվում են կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու պատճառը` ըստ գործակալության սահմանած դասակարգման:

27. Կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով վերականգնվում է, եթե՝

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է հաշմանդամության ժամկետը լրանալու պատճառով, և վարչական ակտի հիման վրա շտեմարան են մուտքագրվել հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգից կամ բժշկասոցիալական փորձաքննության մարմնից ստացված՝

ա. հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում կրկին հաշմանդամ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը,

բ. մահացած կերակրողի՝ 18 տարին չլրացած (կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող) եղբոր, քրոջ, թոռան` ծնողների հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում կրկին աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը,

գ. մահացած կերակրողի՝ 18 տարին լրացած հաշմանդամ զավակի հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում կրկին աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը,

դ. կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող` մահացած կերակրողի հաշմանդամ ճանաչված ծնողների, ամուսնու հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 12 ամսվա ընթացքում կրկին հաշմանդամ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումի հիման վրա շտեմարան են մուտքագրվել՝

ա. կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը,

բ. օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի` աշխատանքից ազատվելու կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու պետական հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է աշխատանքի ընդունվելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պատճառով), կամ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքից ազատվելու (պետական և համայնքային պաշտոն չզբաղեցնելու) օրը, ամիսը, տարեթիվը,

գ. զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի` զինվորական ծառայությունից արձակվելու, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնից ազատվելու օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու պատճառով),

դ. օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող կենսաթոշակառուի` Արցախի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալուց հետո, 3 ամսվա ընթացքում, կրկին բնակվելու իրավունք ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Արցախի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու պատճառով).

3) լրացել է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է աշխատանքի անցնելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու պատճառով):

28. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում շտեմարանում ինքնաշխատ եղանակով արձանագրվում են կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու օրը, ամիսը, տարեթիվը, պատճառը` ըստ ծառայության սահմանած դասակարգման, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը շտեմարան մուտքագրելու հիմքը (դիմում կամ վարչական ակտ):

29. Կենսաթոշակ վճարելն ինքնաշխատ եղանակով վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելուն հաջորդող ամսվա 1-ից՝

1) վարչական ակտի (շտեմարան մուտքագրված տեղեկատվության) հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դեպքում.

2) դիմումի (շտեմարան մուտքագրված տեղեկատվության) հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դեպքում, եթե դիմումը ներկայացրել է անձամբ կենսաթոշակառուն կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի` շտեմարանում հաշվառված օրինական ներկայացուցիչը.

3) օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ