Համարը 
N 1004-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.12.21/21(361)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.12.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի Հ.344 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2018թ.

N 1004-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի Հ. 344 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 73-րդ հոդվածներին, Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 135-Ն որոշման հավելվածի 36-րդ կետին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման և նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման կամ բնակարանների կամ բնակելի տների վերանորոգման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների դիմումների գրանցման, քաղաքացիներին հաշվառման վերցնելու, հաշվառումից հանելու, քաղաքացիների դիմումները մերժելու մասին որոշումների, քաղաքացիներին ուղարկված ծանուցումների հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացուն հաշվառման վերցնելու մասին ծանուցման ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացու դիմումը մերժելու մասին ծանուցման ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացուն հաշվառումից հանելու մասին ծանուցման ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:

2. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի գործունեության կարգի օրինակելի ձևը:

3. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հանձնաժողովի գործունեության կարգի օրինակելի ձևը հաստատվելու պահից տասնօրյա ժամկետում հաստատել շրջանի վարչակազմի, Ստեփանակերտի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի գործունեության կարգը:

4. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հետ իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ 2019 թվականի հունվարի 1-ից հերթացուցակները ձևավորելու համար:

Ստեփանակերտի քաղաքապետին՝ սույն որոշմամբ սահմանված կարգով ձևավորվող՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողների ընտանիքների և Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամների հերթացուցակներում ներառել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1993 թվականի դեկտեմբերի 9-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգի մասին» կանոնադրության հաստատման և կիրարկման մասին» հ. 344 որոշմամբ հաստատված կանոնադրությամբ նախատեսված կարգով հաշվառված քաղաքացիներին՝ պահպանելով հաշվառման հաջորդականությունը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1993 թվականի դեկտեմբերի 9-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգի մասին» կանոնադրության հաստատման և կիրարկման մասին» հ. 344 որոշմամբ հաստատված կանոնադրությամբ նախատեսված կարգին համապատասխան հաշվառված, սակայն սույն որոշմամբ սահմանված առանձին սոցիալական խմբերում չընդգրկված քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ հարաբերությունների ծագման պահին գործող իրավական ակտերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1993 թվականի դեկտեմբերի 9-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգի մասին» կանոնադրության հաստատման և կիրարկման մասին» հ. 344 որոշումը:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ   

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 7-ի N 1004-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ

 

I. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կարգի նպատակը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիներին հաշվառելն է, նրանց բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրելը կամ բնակարաններ կամ բնակելի տներ վերանորոգելն է:

2. Սույն կարգը կարգավորում է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիներին հաշվառելու, հաշվառումից հանելու, բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրելու կամ բնակարաններ կամ բնակելի տներ վերանորոգելու իրավական հիմքերի, մեխանիզմների և վերահսկողության հետ կապված հարաբերությունները:

3. Սույն կարգով բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրվում կամ բնակարաններ կամ բնակելի տներ վերանորոգվում են՝

1) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողների ընտանիքներին.

2) Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամներին:

4. Հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքների հաշվառումն ու նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 16-ի «Հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի համար բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու կարգը հաստատելու մասին» N 194-Ն, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումն ու նրանց բնակարանների տրամադրումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 274 որոշումներով հաստատված կարգերով:

5. Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամները, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, փախստականները, սույն կարգի իմաստով բազմազավակ, միածնող ընտանիքների անդամները բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն ստանում են Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 1-ի «Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար Արցախի Հանրապետության քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի N 101 ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն որոշմամբ հաստատված կարգով:

(5-րդ կետը խմբ. 14.05.19 N 358-Ն)

 

II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Սույն կարգի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող անձ, որի՝

ա. բնակելի մակերեսով ապահովվածությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով յոթ քառակուսի մետրից պակաս է,

բ. ընտանիքում ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք, բացի ամուսիններից, բնակվում են մեկ սենյակում,

գ. ընտանիքի անդամները տառապում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հիվանդություններով, որոնց դեպքում հիվանդին առանձին կամ լրացուցիչ բնակելի մակերես է պահանջվում և որի տրամադրման դեպքում ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրին կմնա յոթ քառակուսի մետրից պակաս բնակելի մակերես.

2) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիներ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողի, միածնող, բազմազավակ ընտանիքների անդամներ, Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, փախստականներ.

ա. Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողի ընտանիք՝ 18 տարին չլրացած երեխան, 18 տարին չլրացած եղբայրը, քույրը և թոռը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, զինծառայողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը՝ անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) զինծառայողի 14 տարին չլրացած՝ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում), ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամ՝ անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) զինծառայողի 14 տարին չլրացած՝ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող՝ երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում),

բ. միածնող ընտանիք՝ ամուսիններից մեկը մահացած կամ ամուսնալուծված կամ երեխա որդեգրած միայնակ անձ, կամ ամուսնության մեջ չգտնվող, երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկությունների բացակայության կամ երեխայի հոր մասին գրանցումը սահմանված կարգով մոր ցուցումով կատարված լինելու դեպքում առանց հոր մեծացնող մայր կամ ամուսնության մեջ չգտնվող առանց մոր երեխա մեծացնող հայր,

գ. բազմազավակ ընտանիք՝ Արցախի Հանրապետությունում բնակվող ընտանիք, որտեղ ծնվել և (կամ) որդեգրվել և խնամվում են չորս և ավելի անչափահաս երեխաներ,

դ. Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող հաշմանդամ՝ առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն ունեցող անձ,

ե. առանց ծնողական խնամքի մնացած երեխայի թվին պատկանող անձ՝ 18-23 տարեկան անձ, ում ծնողները կամ միակ ծնողը մինչև նրա 18 տարին լրանալը մահացել են (է), զրկվել են (է) ծնողական իրավունքներից, ճանաչվել են (է) անգործունակ, խուսափել են (է) երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են (է) մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են,

զ. փախստական՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ և քաղաքացիություն ստացած անձ՝ այդ թվում, վերջինիս փախստականի վկայականում նշված ընտանիքի անդամ.

3) ընտանիք՝ միևնույն բնակության վայրում հաշվառված և փաստացի բնակվող քաղաքացիների սոցիալական խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և ունեն ընդհանուր բյուջե.

4) ընտանիքի ժամանակավորապես բացակա անդամ՝ Արցախի Հանրապետության զինված ուժեր զորակոչված և պարտադիր զինվորական ծառայություն անցնող, իրենց հաշվառման վայրից դուրս ուսումնական հաստատություններում սովորող, գործուղման մեկնած, բուժում ստացող անձինք, ժամկետային ընտրովի կամ նշանակովի պաշտոններ զբաղեցնող անձինք.

5) բնակարան՝ բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածք.

6) բնակելի տուն՝ բնակվելու համար նախատեսված, բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի և օժանդակ մասերից բաղկացած, կոմունալ հարմարություններով օժտված և կից տնտեսական և օժանդակ բակային կառույցներով կառույց.

7) բնակելի սենյակ՝ բնակարանի կամ կառույցի մեջ ամեն մի առանձին բաժանմունք, մյուսներից անջատված խուլ պատերով կամ միջնորումներով, դռնով և պատուհանով ու նախատեսված աշխատելու, բնակվելու, ճաշելու, քնելու, հանգստի համար.

8) բնակարանի օժանդակ մակերես՝ օժանդակ տարածքների (նախասենյակ, միջանցք, խոհանոց, լողարան, զուգարան, բաց պատշգամբ և այլ տարածքներ) մակերեսների գումարը.

9) բնակարանի ընդհանուր մակերես՝ բնակելի և օժանդակ մակերեսների գումարը.

10) վերանորոգում՝ շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր՝ ուղղված շենքի կամ կառուցվածքի, դրա առանձին մասերի, կոնստրուկտիվ տարրերի, ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների աշխատունակության և շահագործողական ցուցանիշների վերականգնմանը՝ չկապված վերակառուցման հետ.

11) կառուցում՝ շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր՝ ուղղված բնակելի տան շինարարությանը.

12) բնակարանային պայմանների վատթարացում՝ քաղաքացուն հաշվառման վերցնելու օրվա դրությամբ նրա կողմից վերջին տասը տարիների ընթացքում նրան սեփականության իրավունքով պատկանող բնակարանի կամ բնակելի տան օտարում.

13) հերթացուցակ՝ հաշվառման վերցված քաղաքացու և նրա ընտանիքի վերաբերյալ տվյալներ պարունակող փաստաթուղթ.

14) լիազոր մարմին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն.

15) իրավասու մարմին՝ Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմեր, Ստեփանակերտի քաղաքապետարան:

 

III. ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողի ընտանիքի և Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամի (այսուհետ՝ քաղաքացիներ) հաշվառումը և նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրումը կամ բնակարանների կամ բնակելի տների վերանորոգումն իրականացվում է հասարակական վերահսկողության ներքո՝ հրապարակայնության ապահովմամբ:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերում, Ստեփանակերտի քաղաքապետարանում ստեղծվում են բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովներ, որոնց կազմի մեջ մտնում են ներկայացուցիչներ՝ չորս անդամ Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերից, Ստեփանակերտի քաղաքապետարանից, մեկ անդամ լիազոր մարմնից, մեկ անդամ արհեստակցական միություններից, մեկ անդամ առողջապահական, մեկ անդամ հասարակական կազմակերպություններից (համաձայնությամբ): Բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովների անհատական կազմերը հաստատում են Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերը, Ստեփանակերտի քաղաքապետը:

9. Բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովների առաջարկությունները հիմք են հանդիսանում քաղաքացիներին հաշվառելու և բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրելու կամ բնակարաններ կամ բնակելի տներ վերանորոգելու դեպքում:

10. Քաղաքացին, որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, հաշվառվում է, եթե համապատասխան բնակավայրում ունի տասը տարվա անընդմեջ հաշվառում, բացառությամբ սույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

Գյուղական բնակավայրերում քաղաքացու համար սահմանվում է հինգ տարվա անընդմեջ հաշվառման ժամկետ: Արցախի Հանրապետության շրջանի մեկ գյուղական բնակավայրում հաշվառումից դուրս գալու և նույն շրջանի այլ գյուղական բնակավայրում հաշվառվելու դեպքում պահպանվում է սույն պարբերությունում նշված հաշվառման անընդմեջությունը:

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում հաշվառումից դուրս գալու և այլ բնակավայրում հաշվառվելու դեպքում հաշվառման ժամկետ չի սահմանվում:

11. Քաղաքացուն բնակարան կամ բնակելի տուն տրամադրելիս բնակելի մակերեսը որոշվում է՝ ելնելով հետևյալ պահանջների բավարարումից.

1) ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով առնվազն ինը քառակուսի մետր.

2) ընտանիքում 20 շաբաթական հղիություն ունեցող անձի դեպքում, որը հաստատվում է բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքով, լրացուցիչ մեկ անդամի հաշվով առնվազն ինը քառակուսի մետր.

3) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հիվանդություններով տառապող անձինք, որոնք իրավունք ունեն ստանալու առանձին սենյակ կամ լրացուցիչ բնակելի մակերես:

12. Քաղաքացուն տրամադրվող բնակարանի կամ բնակելի տան բնակելի մակերեսի չափը կարող է վերանայվել՝ քաղաքացուն իրավասու մարմնում հաշվառելու պահից մինչև նրան բնակարան կամ բնակելի տուն տրամադրելն ընկած ժամանակաշրջանում ընտանիքի կազմի փոփոխման դեպքում:

13. Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողի ծնողը, ամուսինը, երեխան համատեղ բնակվելու դեպքում բնակարանը կամ բնակելի տունը տրամադրվում է նրանց միասին, իսկ այն դեպքում, երբ զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողի ծնողը բնակվում է զոհված զինծառայողի ամուսնուց և երեխաներից առանձին՝ բնակարանը կամ բնակելի տունը տրամադրվում է ամուսնուն և երեխաներին:

14. Սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն ունեցող, սակայն սույն կարգով նախատեսված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը չբավարարող և իրավասու մարմնում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված քաղաքացուն բնակարան կամ բնակելի տուն տրամադրվում է՝ նրան սեփականության իրավունքով պատկանող բնակարանը կամ բնակելի տունը նվիրատվության կարգով Արցախի Հանրապետությանը հանձնելու դեպքում:

Համատեղ սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն ունեցող, սակայն սույն կարգով նախատեսված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը չբավարարող և իրավասու մարմնում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված քաղաքացուն բնակարան կամ բնակելի տուն տրամադրելու պայմանները որոշում է սույն կարգի 8-րդ կետում նշված բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովը:

Բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ բաժնային սեփականության իրավունք ունենալու դեպքում սույն կարգով նախատեսված բնակելի մակերեսը հաշվարկվում է բնակարանի կամ բնակելի տան բնակելի մակերեսը ընտանիքի անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված քաղաքացուն բնակարան կամ բնակելի տուն տրամադրվում է, եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը չի բավարարում սույն կարգով նախատեսված չափը:

15. Հաշվառման մեջ գտնվելու իրավունքը պահպանվում է՝

1) այն քաղաքացիների համար, ովքեր սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն հանդիսանում են ընտանիքի ժամանակավորապես բացակա անդամ.

2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

16. Քաղաքացու մահվան դեպքում նրա ընտանիքի համար պահպանվում է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, եթե ընտանիքը շարունակում է համարվել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող:

17. Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողի ընտանիքը բնակարանի կամ բնակելի տան վերանորոգման նպատակով իրավասու մարմնում հաշվառվում է, եթե ընտանիքում՝

1) զոհվել (մահացել) է ամուսինը.

2) զոհվել (մահացել) է միակ աշխատող զավակը.

3) անհայտ կորել է ամուսինը կամ միակ աշխատող զավակը:

18. Պետական աջակցությամբ բնակարան կամ բնակելի տուն ստացած քաղաքացիները բնակարան կամ բնակելի տուն վերանորոգելու իրավունքից չեն օգտվում:

Բնակարան կամ բնակելի տուն ունեցող քաղաքացիներն օգտվում են բնակարան կամ բնակելի տուն վերանորոգելու իրավունքից, բացառությամբ սույն կետի 1-ին պարբերությամբ նախատեսված դեպքի:

19. Նախքան քաղաքացուն բնակարան կամ բնակելի տուն տրամադրելն իրավասու մարմինը նորից ստուգում է քաղաքացու կողմից սույն կարգին համապատասխան ներկայացված տեղեկությունները:

20. Քաղաքացիներին բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրվում են համամասնորեն՝ ելնելով ազատ բնակարանային ֆոնդում առկա բնակարանների և բնակելի տների քանակից:

21. Քաղաքացին սույն կարգով նախատեսված բնակարան կամ բնակելի տուն ստանալու իրավունքից կարող է օգտվել մեկ անգամ:

Սույն կարգի 18-րդ կետի 2-րդ պարբերությունում նշված քաղաքացիները բնակարան կամ բնակելի տուն վերանորոգելու իրավունքից բացի կարող են, ընտանիքի կազմի ավելացման դեպքում, օգտվել նաև բնակարան կամ բնակելի տուն ստանալու իրավունքից՝ ապահովելով սույն կարգի 14-րդ կետի պահանջները, բացառությամբ այն դեպքի, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը բավարարող համապատասխան բնակարան կամ բնակելի տուն ազատ բնակարանային ֆոնդում առկա չէ: Այս դեպքում ընտանիքին տրամադրվում է լրացուցիչ բնակարան կամ բնակելի տուն:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

22. Որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու համար քաղաքացին, իսկ սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված ընտանիքի դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը իր հաշվառման վայրի իրավասու մարմին է ներկայացնում՝

1) դիմումը.

2) իր և իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

3) ընտանիքի կազմի մասին տեղեկանքը.

4) զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը.

5) հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

6) իր և իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մասին տեղեկանքը.

7) անհրաժեշտության դեպքում սույն կարգով նախատեսված դրույթներին համապատասխան այլ փաստաթղթեր:

23. Իրավասու մարմինը սույն կարգի 22-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո լիազոր մարմնի միջոցով բնակչության պետական ռեգիստրից ստանում է քաղաքացու բնակության վայրի հասցեի վերաբերյալ տեղեկությունները և կցում նրա անձնական գործին:

24. Սույն կարգի 22-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հավաստիության համար պատասխանատվությունը կրում է քաղաքացին:

25. Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը համարվում է ընդունված միայն այն դեպքում, երբ սույն կարգի 22-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացված են ամբողջությամբ և ստուգված է դրանցում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը: Իրավասու մարմինը քաղաքացու դիմումին կից ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով կարող է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ կառույցներից ու կազմակերպություններից ստանալ օրենքով չարգելված տեղեկություններ:

26. Իրավասու մարմին դիմած յուրաքանչյուր քաղաքացու համար կազմվում է անձնական գործ, որտեղ պահվում են սույն կարգով պահանջվող փաստաթղթերը: Քաղաքացու անձնական գործի համարը պետք է համընկնի հատուկ հաշվառման մատյանում (այսուհետ՝ մատյան) նրա ազգանվան դիմաց նշված համարին:

27. Մատյանը վարում է իրավասու մարմինը, որում գրանցվում են քաղաքացիների դիմումների ստացման, դրանց քննարկման արդյունքների հիման վրա ընդունված որոշումների, քաղաքացիներին ուղարկված ծանուցումների մասին բոլոր տվյալները: Մատյանը պետք է համարակալված, ժապավենավորված և ստորագրված լինի իրավասու մարմնի ղեկավարի կողմից: Իրավասու մարմնի կնիքով կնքված մատյանը պահվում է որպես խիստ հաշվառման փաստաթուղթ և չի թույլատրվում դրանում կատարել ուղղումներ:

28. Քաղաքացիների դիմումները քննարկվում են ըստ մատյանում գրանցված համարների հերթականության՝ մեկամսյա ժամկետում: Իրավասու մարմինը դիմումի քննարկման արդյունքների մասին քաղաքացուն գրավոր ծանուցում է ոչ ուշ, քան քաղաքացուն հաշվառման վերցնելու կամ նրա դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

29. Քաղաքացին հաշվառումից հանվում է՝

1) դիմումի համաձայն.

2) բնակարանով կամ բնակելի տնով ապահովվելու դեպքում.

3) Արցախի Հանրապետությունում հաշվառումից դուրս գալու դեպքում.

4) Արցախի Հանրապետությունում նույն շրջանի հաշվառումից դուրս գալու դեպքում.

5) մահանալու դեպքում.

6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

30. Հաշվառումից հանված քաղաքացու փոխարեն նույն համարի տակ նոր հաշվառում չի իրականացվում, բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքի:

31. Նոր հաշվառման վերցված քաղաքացին հերթացուցակում ընդգրկվում է հերթական համարով:

32. Քաղաքացին հաշվառումից հանվում է իրավասու մարմնի որոշմամբ: Իրավասու մարմինը եռօրյա ժամկետում ընդունած որոշման մասին գրավոր ծանուցում է քաղաքացուն, բացառությամբ սույն կարգի 29-րդ կետի 5-րդ ենթակետի:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՐԹԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ

 

33. Քաղաքացիների հաշվառումն իրականացվում է՝

1) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողների ընտանիքներին բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրելու հերթացուցակով.

2) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողների ընտանիքների բնակարանների կամ բնակելի տների վերանորոգման հերթացուցակով.

3) Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամներին բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրելու հերթացուցակով.

4) Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամների բնակարանների կամ բնակելի տների վերանորոգման հերթացուցակով:

34. Սույն կարգի 33-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված հերթացուցակներից առանձնացվում են առաջնահերթ և արտահերթ բնակարաններ կամ բնակելի տներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակները:

Բնակարանները կամ բնակելի տներն առաջնահերթ տրամադրվում են այն քաղաքացիներին, որոնց ընտանիքներում առկա են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հիվանդություններով տառապող անձինք:

Բնակարանները կամ բնակելի տներն արտահերթ տրամադրվում են այն քաղաքացիներին, որոնց բնակարանը կամ բնակելի տունը տարերային աղետի, հրետակոծության կամ ռմբակոծության հետևանքով դարձել է բնակության համար ոչ պիտանի:

35. Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամներին բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրելու հերթացուցակում հաշվառված Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամի՝ ռազմաճակատում գտնվելու կամ զինվորական ծառայության ժամանակ տարած հիվանդության պատճառով մահանալու դեպքում, եթե նրա ընտանիքը շարունակում է համարվել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, նրա հերթը տեղափոխվում է Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողների ընտանիքներին բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրելու հերթացուցակ, եթե նոր հերթացուցակում նրա հերթն ավելի առաջ է՝ ընտանիքի համար պահպանելով Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամներին բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրելու հերթացուցակում հաշվառման տարեթիվը:

36. Իրավասու մարմինը պարտավոր է սույն կարգի 37-րդ կետում նշված հերթացուցակներում կատարվող ընթացիկ փոփոխությունների մասին տեղեկությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել լիազոր մարմնին:

37. Իրավասու մարմինը հերթացուցակները, սույն կարգին համապատասխան ձևավորելուց հետո, եռօրյա ժամկետում ներկայացնում է լիազոր մարմին՝ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

38. Բնակարանները կամ բնակելի տները քաղաքացիներին տրամադրում են Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերը, Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ իրավասու մարմնում առկա հերթացուցակներին համապատասխան:

(Հավելված N 1-ը խմբ. 14.05.19 N 358-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 7-ի N 1004-Ն որոշման

 

 

ՁԵՎ

 

Մ Ա Տ Յ Ա Ն

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հ/Հ

Քաղա-քացու դիմումի գրանցման օրը, ամիսը, տարին

Անձնա-կան գործի համարը

Քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը

Հաշվառ-ման հասցեն

Քաղա-քացուն հաշվառ-ման վերցնելու մասին որոշման օրը, ամիսը, տարին

Քաղաքացու դիմումը մերժելու մասին որոշման օրը, ամիսը, տարին

Քաղա-քացուն հաշվա-ռումից հանելու մասին որոշման օրը, ամիսը, տարին

Քաղաքացուն հաշվառման վերցնելու կամ հաշվա-ռումից հանելու կամ քաղաքացու դիմումը մերժելու մասին ծանուցման օրը, ամիսը, տարին

Իրավասու մարմնի աշխատողի ստորա գրությունը

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 7-ի N 1004-Ն որոշման

 

 

ՁԵՎ

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի____________________________________________________________________

                                                                           (անունը, հայրանունը, ազգանունը)

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք, որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, հաշվառվել եք Արցախի Հանրապետության _______ շրջանի վարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի)

աշխատակազմի

______________________________________________________________

 

(նշել ստորաբաժանման անվանումը)

________________________ հերթացուցակում _______________________ համարի տակ:

Արցախի Հանրապետության ______________________ շրջանի վարչակազմի ղեկավար

 

(Ստեփանակերտի քաղաքապետ)

_______________________

___________________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 4

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 7-ի N 1004-Ն որոշման

 

 

ՁԵՎ

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի ____________________________________________________________________

                                                                      (անունը, հայրանունը, ազգանունը)

Սույնով տեղեկացնում ենք, որ Ձեր դիմումը, որպես բնակարանային պայմանների բարելավման

կարիք ունեցող հաշվառվելու մասին, մերժվել է՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության

կառավարության 2018 թվականի____________________ -ի N____Ն որոշման N 1 հավելվածով

հաստատված կարգի

________________________________:

 

(նշել կետը, ենթակետը, պարբերությունը)

Արցախի Հանրապետության ______________________ շրջանի վարչակազմի ղեկավար

 

(Ստեփանակերտի քաղաքապետ)

_______________________

___________________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 5

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 7-ի N 1004-Ն որոշման

 

 

ՁԵՎ

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի ____________________________________________________________________

                                                          (անունը, հայրանունը, ազգանունը)

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք, համաձայն Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի _____________-ի N_____Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 29-րդ կետի ______________ ենթակետի, հանվել եք հաշվառումից:

Արցախի Հանրապետության ______________________ շրջանի վարչակազմի ղեկավար

 

(Ստեփանակերտի քաղաքապետ)

_______________________

___________________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ