Համարը 
N 224
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.04/14(86)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.03.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ՄԱՆԿԱՏՈՒՆ, ԳԻՇԵՐOԹԻԿ) ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» մարտի 2008թ.

N 224

ք.Ստեփանակերտ

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ՄԱՆԿԱՏՈՒՆ, ԳԻՇԵՐՕԹԻԿ) ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաների տեղավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների տեղավորման կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում`

ա) հաստատել երեխային մանկատանը տեղավորելու և դուրս գրելու մասին եզրակացության ու երեխային երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու և դուրս գրելու մասին եզրակացության ձևերն ու երեխաների հաշվառման մատյանի ձևը.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ հաստատել երեխաներին մանկատանը տեղավորելու բժշկական ժամանակավոր հակացուցումների ցանկը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«18» մարտի 2008թ.

 թիվ 224 որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ (ԱՆԿԱԽ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԻՑ) ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ

 

1. Մանկատունը (անկախ կազմակերպական-իրավական ձևից) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն ապահովում է մինչև 18 տարեկան` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների (այսուհետ` երեխա) սոցիալական վերականգնումը` նրանց մշտական խնամքն ու դաստիարակությունը, ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` մինչև նրանց կենսաբանական ընտանիք վերադարձնելը կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը:

2. Երեխաները մանկատանը տեղավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու մասին» թիվ 39 որոշմամբ սահմանված ընդունելության չափանիշներին համապատասխան:

3. Մանկատանը չեն կարող տեղավորվել բժշկական ժամանակավոր հակացուցումներ ունեցող երեխաները:

4. Մանկատանը տեղավորվում են երեխաներ`

ա) բժշկական հաստատություններից,

բ) Արցախի Հանրապետության ոստիկանության մարմիններից (այսուհետ՝ ոստիկանություն),

գ) ընտանիքներից,

դ) երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններից:

(4-րդ կետը խմբ. 05.02.19 N 36-Ն)

5. Խնամակալության և հոգաբարձության մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները համապատասխան կազմակերպություններից ստանալուց հետո 3 օրվա ընթացքում անցկացնում է երեխայի կյանքի պայմանների հետազոտություն, երեխայի ծնողների կամ ազգականների կողմից երեխայի խնամքի բացակայության փաստի բացահայտման դեպքում ապահովում է երեխաների ժամանակավոր տեղավորումը` դրա մասին տեղեկացնելով շրջանի վարչակազմին (Ստեփանակերտի քաղաքապետարանին):

6. Խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայի կյանքի պայմանների հետազոտության ընթացքում նախապատրաստում և շրջանի վարչակազմ (Ստեփանակերտի քաղաքապետարան) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) ծննդյան վկայականը (բնօրինակը) կամ երեխայի հայտնաբերման մասին արձանագրությունը,

բ) բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին (առկայության դեպքում),

գ) բնակության վայրից տեղեկանք ընտանիքի անդամների մասին (առկայության դեպքում),

դ) ծնողների մահվան վկայականը կամ ծնողներին ծնողական իրավունքից զրկելու կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող, կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը, կամ ծնողների` կալանավայրում կամ նախնական քննության ընթացքում կալանքի տակ կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու մասին տեղեկանքը (տրված համապատասխան մարմինների կողմից), կամ ծնողական իրավունքներից ինքնակամ հրաժարվելու և որդեգրության հանձնելու մասին ծնողների (կամ միակ ծնողի) գրավոր հայտարարագիրը` վավերացված նոտարի կողմից` պահպանելով դրա գաղտնիությունը (առկայության դեպքում),

ե) ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անձը և ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում),

զ) տեղեկանք դպրոց հաճախելու մասին` դպրոցահասակ երեխաների համար,

է) տեղեկանք երեխայի բնակության վայրի շրջապատի համաճարակային վիճակի մասին (բնակության վայրը հայտնի լինելու դեպքում):

7. 3 ամսվա ընթացքում ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարը հայտնաբերված երեխայի ծնողներին (կամ ծնողին) հայտնաբերելու կամ չհայտնաբերելու մասին գրավոր տեղեկացնում է այն հաստատությանը, որտեղ գտնվում է երեխան:

(7-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

8. Շրջանի վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) սույն կարգի 5-րդ կետով սահմանված տեղեկությունները և 6-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 5 oրվա ընթացքում իրականացնում է երեխայի բժշկական և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն և տալիս եզրակացություն երեխային մանկատանը տեղավորելու մասին:

9. Շրջանի վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացության մեկ օրինակը ներկայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), իսկ մյուս օրինակը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն (այսուհետ` նախարարություն):

(9-րդ կետը փոփ. 20.06.13 N 393-Ն, 05.02.19 N 36-Ն)

10. Նախարարությունը շրջանի վարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) կողմից տրված եզրակացության և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հիման վրա` եռօրյա ժամկետում երեխային ուղեգրում է համապատասխան մանկատուն: սույն կարգի 8-րդ կետում նշված եզրակացությունն օրենսդրորեն հիմնավորված չլինելու դեպքում նախարարությունը երեխայի փաստաթղթերը հետ է ուղարկում շրջանի վարչակազմ (Ստեփանակերտի քաղաքապետարան):

11. Մանկատանը տեղավորման ենթակա նույն ընտանիքի երեխաները (քույրեր և եղբայրներ) տեղավորվում են միևնույն մանկատանը` բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական ժամանակավոր հակացուցումներով այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունն անհնար է իրականացնել միասին:

12. Բժշկական հաստատություններից և երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններից երեխաներն անմիջապես տեղավորվում են մանկատան համապատասխան խմբում, իսկ ընտանիքներից և ոստիկանության մարմիններից` մանկատան մեկուսարանում: Ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերված երեխան մանկատանը տեղավորվում է հայտնաբերման օրը, որի մասին տեղեկացվում է երեխայի հայտնաբերման վայրի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին:

(12-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

13. Երեխայի ընդունելությունը մանկատուն ձևակերպվում է տնօրենի հրամանով:

14. Մանկատանը տեղավորված երեխաների մասին տեղեկությունները գրանցվում են մանկատան հաշվառման մատյանում, որը համարակալվում, թելակարվում և հաստատվում է մանկատան կնիքով:

15. Մանկատան հաշվառման մատյանում գրանցվում են երեխայի մասին հետևյալ տեղեկությունները`

ա) անունը, ազգանունը, հայրանունը (ընկեցիկ երեխայի համար` ընկեցիկ երեխայի հայտնաբերման մասին արձանագրության համարը, տարեթիվը, ամիսը, օրը),

բ) ծննդյան տարեթիվը, վայրը,

գ) սեռը,

դ) երեխայի վերջին բնակության վայրը (եթե հայտնի է),

ե) մինչև մանկատանը տեղավորելը` երեխայի հայտնաբերման վայրը,

զ) տեղեկություններ երեխայի ծնողների կամ ազգականների մասին (առկայության դեպքում),

է) երեխային մանկատանը տեղավորելու պատճառները,

ը) երեխային մանկատուն ընդունելու և դուրս գրելու ամսաթվերը,

թ) երեխային բացահայտած խնամակալության և հոգաբարձության մարմնի մասին տվյալները:

16. Երեխայի մասին տվյալները մանկատան հաշվառման մատյանում լրացվում են անձը հաստատող փաստաթղթի, իսկ դրա բացակայության դեպքում` երեխայի բանավոր հայտարարության հիման վրա: Երեխայի մասին տվյալների գրանցման ժամանակ նշվում է տվյալների աղբյուրը:

17. Երեխայի մասին տվյալները նրա բանավոր հայտարարության կամ ընկեցիկ երեխայի հայտնաբերման մասին արձանագրության հիման վրա գրանցելու դեպքում նշվում են նաև երեխայի անհատականացման հնարավոր նշանները` սեռը, մոտավոր տարիքը, մազերի ու աչքերի գույնը և այլ անհատականացման նշաններ:

18. Մանկատուն ընդունված երեխայի համար լրացվում է բժշկական քարտ, որում գրանցվում են նրա անձնական տվյալները, կատարված առաջին բուժզննության հիման վրա իրականացված կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև մանկատանը գտնվելու ժամանակաընթացքում ցույց տրված բժշկական օգնությունը:

19. Մանկատուն ընդունված յուրաքանչյուր երեխայի համար ստեղծվում է գործ, որում պահվում են մանկատան ղեկավարի հրամանը, բժշկական քարտը, երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, երեխայի փաստաթղթերի բնoրինակները: Գործերի համարները պետք է համընկնեն մանկատան հաշվառման մատյանում գրանցված երեխաների հաշվառման համարներին: Երեխայի դուրս գրվելուց կամ այլ մանկատուն տեղափոխվելուց, կամ որդեգրվելուց հետո գործերը պահվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով:

(19-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

20. Մանկատանը տեղավորված յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիր, և հետագայում երեխայի խնամքը կազմակերպվում է ծրագրին համապատասխան, որը վերանայվում է յուրաքանչյուր տարի:

21. Երեխաները մի մանկատնից այլ մանկատուն տեղափոխվում են տվյալ պահին երեխայի գտնվելու մանկատան ղեկավարության առաջարկությամբ` հաշվի առնելով երեխայի տարիքը և առողջական վիճակը: Երեխան մի մանկատնից այլ մանկատուն տեղափոխվում է նախարարության վերաուղեգրման միջոցով:

22. Երեխային մի մանկատնից այլ մանկատուն տեղափոխելիս` համապատասխանաբար փոխանցվում են երեխային վերաբերող բոլոր փաստաթղթերը:

23. Մանկատանը տեղավորված երեխային ծնողներին են վերադարձնում նրանց դիմումի և ծնողների բնակության վայրի շրջանի վարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) եզրակացության հիման վրա, որի մեկական օրինակը տրվում է նախարարությանը և երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

24. Շրջանի վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) կամ խնամակալության և հոգաբարձության մարմինը մանկատանը ժամանակավոր տեղավորվող երեխայի ծնողներին նախազգուշացնում է այն մասին, որ, եթե երեխային մանկատանը տեղավորելու հիմքերը վերանալուց հետո նրանք խուսափեն իրենց երեխային ընտանիք վերադարձնելուց, ապա երեխան կարող է հանձնվել որդեգրության, խնամակալության կամ խնամատար ընտանիք` օրենքով սահմանված կարգով:

25. Մանկատանը տեղավորված երեխային բուժման նպատակով հիվանդանոցում կամ առողջարանում տեղավորելիս` մանկատան տնօրինությունը դրա մասին գրավոր տեղեկացնում է նրա ծնողներին կամ հարազատներին, եթե կան:

26. Երեխան կարող է մանկատնից դուրս գրվել` մինչև նրա 18 տարին լրանալը` նրան կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու, կամ այլ մանկատուն տեղափոխելու, կամ նրան խնամատար ընտանիք` դաստիարակության հանձնելու դեպքերում:

27. Մանկատնից երեխայի դուրսգրման մասին համապատասխան գրառումներ են կատարվում մանկատան հաշվառման մատյանում:

28. Որդեգրման հանձնված երեխայի դուրսգրման դեպքում մանկատան հաշվառման մատյանում նշվում է միայն «որդեգրված» բառը, իսկ նրան վերաբերող փաստաթղթերը (երեխայի առողջության մասին բժշկական փաստաթղթերը, անձնական գործը, երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի պատճենը և այլն) պահվում են չհրկիզվող պահարանում` առանձին կնքված ծրարով, և հրապարակման ենթակա չեն:

29. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(29-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

 

 

      ԼՂՀ կառավարության աշխատակազմի

      ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«18» մարտի 2008թ.

թիվ 224 որոշման

 

ԿԱՐԳ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ

 

1. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը (այսուհետ` գիշերօթիկ հաստատություն) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների` մինչև 18 տարեկան երեխաների խնամքը և դաստիարակությունը:

2. Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների տեղավորումը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում իրականացվում է սույն կարգի 3-14-րդ կետերի համաձայն, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորումը` մանկատներում երեխաների տեղավորման կարգի համաձայն:

3. Երեխաները գիշերօթիկ հաստատությունում տեղավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու մասին» թիվ 39 որոշմամբ սահմանված ընդունելության չափանիշներին համապատասխան:

4. Գիշերօթիկ հաստատությունը կազմակերպում է երեխայի կրթությունը մոտակա հանրակրթական դպրոցում:

5. Երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու համար երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը երեխայի բնակության վայրի շրջանի վարչակազմին (Ստեփանակերտի քաղաքապետարանին) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) ծննդյան վկայական (բնօրինակը և պատճենը),

գ) բժշկական տեղեկանքներ երեխայի առողջական վիճակի մասին,

դ) բնակության վայրից տեղեկանք ընտանիքի անդամների մասին,

զ) ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

է) տեղեկանք երեխայի բնակության վայրի շրջապատի համաճարակային վիճակի մասին:

6. Շրջանի վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերի հիման վրա 5 օրվա ընթացքում կատարում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն և տալիս եզրակացություն երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու մասին:

7. Շրջանի վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու մասին եզրակացությունը և սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն (այսուհետ` նախարարություն):

(7-րդ կետը փոփ. 20.06.13 N 393-Ն, 05.02.19 N 36-Ն)

8. Նախարարությունը շրջանի վարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) կողմից ստացված եզրակացության և փաստաթղթերի հիման վրա եռօրյա ժամկետում երեխային ուղեգրում է գիշերօթիկ հաստատություն` կցելով երեխային վերաբերող բոլոր փաստաթղթերը: սույն կարգի 6-րդ կետում նշված եզրակացությունն օրենսդրորեն հիմնավորված չլինելու դեպքում նախարարությունը երեխայի փաստաթղթերը հետ է ուղարկում շրջանի վարչակազմ (Ստեփանակերտի քաղաքապետարան):

9. Գիշերօթիկ հաստատությունում տեղավորման ենթակա նույն ընտանիքի երեխաները (քույրեր և եղբայրներ) տեղավորվում են միևնույն հաստատությունում` բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական հակացուցումներով այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունն անհնար է իրականացնել միասին:

10. Երեխայի ընդունելությունը գիշերօթիկ հաստատություն ձևակերպվում է տնօրենի հրամանով:

11.Գիշերօթիկ հաստատությունում տեղավորված երեխայի ծնողները ունեն իրենց երեխային այցելելու կամ հանգստյան և տոն օրերին կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահելու իրավունք:

12. Գիշերօթիկ հաստատությունում տեղավորված երեխային բուժման նպատակով հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության դեպքում տնօրինությունը դրա մասին անհապաղ տեղեկացնում է երեխայի ծնողներին:

13. Գիշերօթիկ հաստատությունում տեղավորված երեխան գիշերօթիկ հաստատությունից դուրս է գրվում ծնողների դիմումի և երեխայի տեղավորման պայմանների և հանգամանքների վերացումը հաստատող փաստաթղթերի հիման վրա` ծնողների բնակության վայրի շրջանի վարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) դրական եզրակացությամբ և նախարարության համաձայնությամբ:

(13-րդ կետը խմբ. 20.06.13 N 393-Ն)

14. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(14-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

 

 

       ԼՂՀ կառավարության աշխատակազմի

       ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան