Համարը 
N 10-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.01.25/01(191)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.01.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.01.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մասով՝ 2011 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«19» հունվարի 2012թ.

N 10-Ն  

ք.Ստեփանակերտ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 341-րդ, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4‑րդ հոդվածների համաձայն և զինվորական կենսաթոշակ չստացող՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձանց սոցիալապես աջակցելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել՝

1) զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճարը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու (սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ., լրաց. 28.11.2014 N 810-Ն)

1.1. Սույն որոշման դրույթները չեն տարածվում «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն որոշման մեջ նշված անձինք ձեռք են բերում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ամենամսյա պարգևավճարի իրավունք:

(1.1-ին կետը լրաց. 03.05.2018 N 323-Ն)

2. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին, Արցախի Հանրապետության ոստիկանության պետին, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենին՝

1) ընդունել ի գիտություն, որ մինչև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի գործողությունը տարածվելը Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքին նշանակված դրամական օգնությունը շարունակվում է վճարվել սույն որոշմամբ սահմանված` զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի հիման վրա.

2) միջոցներ ձեռնարկել սույն որոշմամբ սահմանված` զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը մեկամսյա ժամկետում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներին տրամադրելու (կենսաթոշակի, պարգևավճարի գործերին կցելու) և կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազայում համապատասխան տեղեկատվությունն արտացոլելու համար.

3) սույն որոշմամբ սահմանված պարգևավճար ստացողների և վճարված գումարների մասին կիսամյակային տեղեկատվություն ներկայացնել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 03.05.2018 N 323-Ն)

3. Սահմանել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշանակվող ամենամսյա պարգևավճարի գումարները ֆինանսավորվում են՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված ամենամսյա պարգևավճարի չափերով, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետի «բ» կետում նշված դեպքի.

2) Արցախի Հանրապետության պետական բյուջեից՝

ա. սույն կետի 1-ին ենթակետում նշված չափերը գերազանցող գումարների մասով,

բ. սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում նշված անձանց մասով:

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 26.05.2015 N 312-Ն)

(3-րդ կետը խմբ. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 26.05.2015 N 312-Ն, փոփ. 03.05.2018 N 323-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

5. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մասով՝ 2011 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

(5-րդ կետը փոփ. 03.05.2018 N 323-Ն)

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 10-Ն որոշման

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճար (այսուհետ` պարգևավճար) նշանակելու և վճարելու կարգը, ինչպես նաև պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների:

(2-րդ պարբերությունը հանվել է 17.05.2016 N 251-Ն)

(3-րդ պարբերությունը հանվել է 17.05.2016 N 251-Ն)

1.1. Սույն կարգի իմաստով զինծառայողը համարվում է Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե՝

1) զոհվել (մահացել) է Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ Արցախի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության (ներքին գործերի), ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում (այսուհետ՝ համապատասխան պետական մարմիններ) զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս.

2) եղել է Արցախի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայող (կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորող կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ՝ բացառությամբ զորամասն ինքնակամ լքելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում, կանխամտածված օրինազանցություն չի համարվում Արցախի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողի ինքնասպանությունը).

3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո հինգ տարվա ընթացքում, սակայն Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հինգ տարի հետո, սակայն Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.

4) անհայտ կորել է Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հատուկ պարտականություններ կատարելու ժամանակ։

(1.1-ին կետը փոփ. 03.05.2018 N 323-Ն)

1.2. Սույն կարգի իմաստով զինծառայողը համարվում է Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե`

1) զոհվել է Հայրենական մեծ պատերազմում.

2) զոհվել է ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով.

3) եղել է ԽՍՀՄ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ.

4) զոհվել (մահացել) է ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս.

5) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո հինգ տարվա ընթացքում, սակայն Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության պատճառով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հինգ տարի հետո, սակայն Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով:

(1-ին կետը փոփ., խմբ. 28.02.2013 N 82-Ն, փոփ., լրաց. 28.11.2014 N 810-Ն, փոփ., լրաց. 17.05.2016 N 251-Ն)

2. Պարգևավճարը նշանակում են՝

1) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության (այսուհետ՝ լիազոր մարմին) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները.

2) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմին) համապատասխան իրավասու ստորաբաժանումները (այսուհետ՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում):

(2-րդ կետը փոփ. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 25.04.2014 N 256-Ն, փոփ. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 03.05.2018 N 323-Ն)

 

II. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

(վերնագիրը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

 

3. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`

1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 32000 դրամ,

բ.  2-րդ խմբի հաշմանդամը` 28000 դրամ,

գ.  3-րդ խմբի հաշմանդամը` 23000 դրամ.

2)  ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 5000 դրամ,

բ.  2-րդ խմբի հաշմանդամը` 3000 դրամ.

3) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 55000 դրամ,

բ.  2-րդ խմբի հաշմանդամը` 48000 դրամ,

գ.  3-րդ խմբի հաշմանդամը` 36000 դրամ.

4) համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 19000 դրամ,

բ.  2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամ,

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամ.

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները՝ 12 000 դրամ.

6) Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ.

7) Արցախի հերոսները` 150000 դրամ.

8) Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15000 դրամ.

9) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝

ա. յուրաքանչյուր երեխան՝ 16000 դրամ,

բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ.

Սույն կետի 1-6-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

(3-րդ կետը փոփ. 28.12.2013 N 966-Ն, փոփ. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 23.12.2014 N 905-Ն, լրաց., փոփ. 17.05.2016 N 251-Ն, փոփ. 03.05.2018 N 323-Ն)

4. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող` ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները՝ 12 000 դրամ:

(4-րդ կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.11.2014 N 810-Ն, լրաց. 14.07.2015 N 460-Ն, խմբ. 17.05.2016 N 251-Ն)

5. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության սոցիալական կենսաթոշակ, կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝

1) յուրաքանչյուր երեխան՝ 38 000 դրամ.

2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31 000 դրամ:

(5-րդ կետը փոփ. 28.02.2013 N 82-Ն, խմբ. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 23.12.2014 N 905-Ն, փոփ. 14.07.2015 N 460-Ն, խմբ. 17.05.2016 N 251-Ն)

5.1. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության սոցիալական կենսաթոշակ, կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)՝ հետևյալ չափերով՝

1) յուրաքանչյուր երեխան՝ 38 000 դրամ.

2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31 000 դրամ:

(5.1-ին կետը լրաց. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 23.12.2014 N 905-Ն, փոփ. 14.07.2015 N 460-Ն, խմբ. 17.05.2016 N 251-Ն, փոփ. 03.05.2018 N 323-Ն)

6. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն պետական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող (կենսաթոշակ չստացող)՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ:

(6-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն, լրաց. 17.05.2016 N 251-Ն)

7. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն (անկախ ընտանիքում կենսաթոշակառու լինելու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝

1) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած (դատական կարգով խնամած անձ ճանաչված) անձը, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 30000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի (առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 23 տարին չլրացած զավակի) համար՝ լրացուցիչ 20000 դրամ.

2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 7000 դրամ:

(7-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն, լրաց. 17.05.2016 N 251-Ն, փոփ. 03.05.2018 N 323-Ն)

8. Սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 5.1-ին կետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

Եթե սույն կարգով սահմանված պարգևավճարի չափը փոքր է նախկինում (մինչև սույն կարգի գործողությունը տարածվելը) տվյալ անձին կամ ընտանիքին նշանակված (վճարվող) պարգևավճարին և զինվորական կենսաթոշակին տրվող հավելման հանրագումարից՝ ապա պարգևավճարը վճարվում է նախկինում վճարվող պարգևավճարին և զինվորական կենսաթոշակին տրվող հավելման հանրագումարի չափով:

(8-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

 

III. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

 

 9. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց պարգևավճար է նշանակվում լիազոր կամ համապատասխան այն մարմնի կողմից, որտեղ գտնվում է անձի կենսաթոշակի գործը:

(9-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

10. Սույն կարգի 5-րդ կետում նշված անձանց և 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված ընտանիքներին պարգևավճար է նշանակվում համապատասխան այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը, իսկ 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ընտանիքներին՝ լիազոր մարմնի կողմից:

(10-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 17.05.2016 N 251-Ն)

10.1. Սույն կարգի 5.1-ին կետում նշված պարգևավճարը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, նշանակվում է համապատասխան այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը, իսկ Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին՝ լիազոր մարմնի կողմից։

(10.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 251-Ն, փոփ. 03.05.2018 N 323-Ն)

11. Սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց դրամական օգնություն է նշանակվում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

(11-րդ կետը փոփ. 03.05.2018 N 323-Ն)

12. Սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճարը նշանակվում է զոհված զինծառայողի ընտանիքի՝ այդ պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անդամներից մեկին՝ ընտանիքի համար:

(12-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

13. Ընտանիքի՝ սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անդամի պահանջով նրա պարգևավճարի բաժինն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի պարգևավճարի բաժինը հաշվարկվում է ընտանիքին տրվող պարգևավճարի գումարը (առանց սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ երեխաների համար տրվող պարգևավճարի գումարի) ընտանիքի՝ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Զոհված զինծառայողի երեխայի (զավակի) պահանջով նրա պարգևավճարի բաժինն առանձնացնելու դեպքում նրան վճարվում է այդ բաժինը և այդ երեխայի (զավակի) համար լրացուցիչ ավելացվող պարգևավճարի գումարը:

(13-րդ կետը փոփ., լրաց. 28.11.2014 N 810-Ն, խմբ. 17.05.2016 N 251-Ն)

13.1. Ընտանիքի՝ սույն կարգի 13-րդ կետում նշված պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան դեպքում ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է այդ անդամի դիմումի հիման վրա, ընդ որում՝

1) եթե սույն կետով սահմանված դիմումը ներկայացվել է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում, ապա ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) եթե սույն կետով սահմանված դիմումը ներկայացվել է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվանից 12 ամիս հետո, ապա ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է պարգևավճարը բաժնով ստացող անձի դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից:

(13.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 251-Ն)

14. Պարգևավճարը նշանակվում է`

1) պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակելու դիմումի հետ ներկայացվելու դեպքում` կենսաթոշակ նշանակելու օրվանից.

2) պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակելու դիմումի հետ չներկայացվելու դեպքում`

ա. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,

բ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,

գ. սույն կարգի 3-րդ կետի 9-րդ ենթակետում, 5-րդ և 5.1-ին կետերում նշված դեպքերում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան զինվորական կենսաթոշակ նշանակելու օրվանից), եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) կամ մահանալու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

3) սույն կարգի 6-րդ կետում և 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից.

4) սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

5) դիմելու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված ժամկետներից հետո:

(14-րդ կետը խմբ. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 17.05.2016 N 251-Ն)

15. Պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում, վերականգնվում, պարգևավճար վճարելը դադարեցվում և վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ չվճարված պարգևավճարի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

16. Պարգևավճարը նշանակվում, վճարվում, պարգևավճարի գործը (փաստաթղթերը) վարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշմամբ զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

(16-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն, խմբ. 14.07.2015 N 460-Ն)

16.1. Պարգևավճարի ավելի վճարված գումարների հետգանձումն իրականացվում է ավելի վճարված կենսաթոշակի գումարների հետգանձման համար սահմանված կարգով:

(16.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.11.2014 N 810-Ն)

17. Եթե պարգևավճար ստանալու համար դիմող անձը կենսաթոշակ նշանակող տվյալ ստորաբաժանումում ունի կենսաթոշակի գործ, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում է պարգևավճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե պարգևավճար ստանալու համար դիմող անձը կենսաթոշակ նշանակող տվյալ ստորաբաժանումում կենսաթոշակի գործ չունի, ապա կազմվում է պարգևավճարի գործ:

(17-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

18. Յուրաքանչյուր ամսվա պարգևավճարը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Պարգևավճարի գումարները վճարվում են կենսաթոշակների վճարման հետ միասին:

(18-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 28.11.2014 N 810-Ն)

20. (20-րդ կետը փոփ., լրաց. 28.11.2014 N 810-Ն, ուժը կորցրել է 14.07.2015 N 460-Ն)

21. (21-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն, ուժը կորցրել է 14.07.2015 N 460-Ն)

22. (22-րդ կետը խմբ. 28.02.2013 N 82-Ն, կետն ուժը կորցրել է 28.12.2013 N 966-Ն)

22.1. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով, ինչպես նաև 4-րդ և 6-րդ կետերով սահմանված պարգևավճարը նշանակվում և վճարվում է, եթե տվյալ անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի N 34 որոշմամբ սահմանված ամենամսյա դրամական օգնություն նշանակված չէ։

(22.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.11.2014 N 810-Ն)

 

IV. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

(վերնագիրը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

 

23. Պարգևավճարը նշանակելու համար անձը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝

1) դիմումը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշմամբ հաստատված N 10 հավելվածում նշված` անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.

4) կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը).

4.1) գրավոր հայտարարություն՝ կենսաթոշակ նշանակող այլ ստորաբաժանումների կողմից սույն որոշմամբ սահմանված պարգևավճար, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի N 34 որոշմամբ սահմանված ամենամսյա դրամական օգնություն նշանակված լինելու կամ չլինելու մասին.

5) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մարմինների տված տեղեկանքը՝ զինծառայողի զոհվելու մասին կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին տեղեկանքը։

(23-րդ կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.12.2013 N 966-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 17.05.2016 N 251-Ն)

24. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամն ընտանիքի համար սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճար ստանալու նպատակով կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝

1) դիմումը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշմամբ հաստատված N 10 հավելվածում նշված` անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.

4) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մարմինների տված տեղեկանքը՝ զինծառայողի զոհվելու մասին,

5) անհրաժեշտության դեպքում՝ նաև.

ա.  կերակրողի երեխայի, հաշմանդամ զավակի, ամուսնու, ծնողի անձնագրերը կամ նույնականացման քարտերը (մինչև 16 տարեկան անչափահասների համար՝ ծննդյան վկայականները) և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքները և դրանց պատճենները,

բ. ամուսնության վկայականը,

գ. զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը,

դ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը,

ե. զոհված զինծառայողին անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած լինելու (խնամած անձ ճանաչված լինելու) մասին դատարանի վճիռը,

զ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին:

(24-րդ կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ., խմբ. 28.12.2013 N 966-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 17.05.2016 N 251-Ն)

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 10-Ն որոշման

 

Ձև

 ____________________

 (մարմնի անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Զինծառայող_______________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 Ծնվել է ___________________________________________________________________________

 (օրը, ամիսը, տարեթիվը)

 Բնակվել է _________________________________________________________________________

 (հասցեն)

 __________________________________________________________________________________
 __________________________________________________________________________________

 (զոհվելու (մահանալու, անհայտ կորչելու) օրը, ամիսը, տարեթիվը, պատճառը)

 __________________________________________________________________________________

 (կազմը և զինվորական կոչումը)

Տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012

թվականի______ -ի N______ -Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար`

զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից մեկին:

  Տեղեկանքը տրամադրող

  ստորաբաժանման անվանումը __________________________________________________________

  Ստորաբաժանման ղեկավար ___________________________________________________________
                                                                         (ստորագրությունը, անունը, ազգանունը)
 ___ ___________
 ____ _______________20__ թ.
 Կ.Տ.

(Հավելված N 2-ը փոփ. 28.11.2014 N 810-Ն)

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 10-Ն որոշման

 

 

Ձև

 ___________________________________________________

 (մարմնի անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ՝ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՍԱԿԱՅՆ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՉՍՏԱՆԱԼՈՒ

 

Տրվում է _____________________________________________________________________________

              (մահացած զինծառայողի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը)

առ այն, որ նա _________________________________________-ի ___________________________։

                                (մահացած զինծառայողի անունը, ազգանունը)                                  (ընտանիքի անդամի ազգակցական կապը)

«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի

 ______ -րդ և 22-րդ հոդվածի _______________________________ 

   (կետը)                                              (հղում համապատասխան մասին և (կամ) կետին)

համաձայն՝ ___________________________________________ունի կերակրողին կորցնելու

                                            (ընտանիքի անդամի անունը և ազգանունը)

դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չի վճարվում:

Տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 10-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար (համաձայն Արցախի Հանրապետության օրենսդրության՝ նշանակվում է մահացած զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող (չաշխատող), սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անդամին) նշանակելու համար:

Ստորաբաժանման ղեկավար____________________________________________________

                                                                             (ստորագրությունը, անունը, ազգանունը)

«____ »_____________________20____թ.

 

Կ.Տ.

(Հավելված N 3-ը լրաց. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 03.05.2018 N 323-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ