Համարը 
N 722
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.14/02(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2007թ.

N 722

 ք.Ստեփանակերտ

 

Չաշխատող անձին մայրության նպաստ, մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին

(վերնագիրը փոփ. 29.08.2016 N 504-Ն)

 

Արցախի Հանրապետությունում ծնելիության աճի խթանման և չաշխատող անձանց սոցիալական վիճակի բարելավման նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.08.2016 N 504-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն)

1. Սահմանել, որ Արցախի Հանրապետությունում հաշվառված չաշխատող անձին Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին նշանակվում և վճարվում է մայրության նպաստ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա:

(1-ին կետը փոփ. 29.08.2016 N 504-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն)

2. Սահմանել չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 29.08.2016 N 504-Ն)

3. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարին՝ միջոցներ ձեռնարկել միևնույն անձին մեկից ավելի ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ տրամադրելը բացառելու համար:

(3-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 27.11.2008 N 807)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 722 որոշման

 

Կ Ա Ր Գ

ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են չաշխատող անձին Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մայրության նպաստ (այսուհետ՝ նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները։

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

2. Նպաստ նշանակվում է Արցախի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝

1) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող (նաև՝ հանրային ծառայող) կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձին.

2) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձին.

2.1) մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած անհատ ձեռնարկատիրոջը.

3) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող հանդիսացած անձին, եթե «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված մայրության նպաստը վճարվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի ոչ բոլոր օրերի համար (կամ վճարված մայրության նպաստը վերահաշվարկվել և հետ է պահվել)՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու (որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելու) հիմքով, բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու դեպքի.

4) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնված անձին, եթե նա քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանվել է մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածն ավարտվելը՝ 65 տարին լրանալու կամ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու, կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու, կամ «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու հիմքով։

(2-րդ կետը լրաց. 26.04.2017 N 284-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն)

3. Սույն կարգի իմաստով հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում՝

1) հղիության 210-րդ օրից հետո ծննդաբերած անձի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը, որը կազմում է 140 օր (70 օր՝ հղիության, 70 օր՝ ծննդաբերության), անկախ ծնված երեխաների թվից և ծննդաբերությունը բարդ լինելուց.

2) հղիության 154-րդ օրը և 154-րդ օրից հետո՝ մինչև հղիության 210-րդ օրը, վաղաժամ ծննդաբերած (ներառյալ այն դեպքը, երբ երեխան ծնվել է մահացած) անձի համար՝ ծննդաբերելու օրվանից 70 օր, անկախ ծնված երեխաների թվից և ծննդաբերությունը բարդ լինելուց.

3) նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված անձի համար՝ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը՝ անկախ որդեգրված կամ խնամարկյալ նորածինների թվից։

4. Չաշխատող փոխնակ (սուրոգատ) մորը նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով, իսկ փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի չաշխատող կենսաբանական մորը նպաստ չի վճարվում։

5. Նպաստ նշանակելու և վճարելու համար Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության` սույն կարգի 2-րդ կետում նշված անձի (այսուհետ՝ շահառու) հաշվառման կամ փաստացի բնակության վայրը սպասարկող տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին) է ներկայացվում՝

1) գրավոր դիմում, որում պարտադիր նշվում են շահառուի ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, հաշվառման և փաստացի բնակության վայրի հասցեն.

2) բժշկական կազմակերպության կողմից շահառուին տրված՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում՝ անաշխատունակության թերթիկի պատճենը՝ ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) գործատուի կողմից.

3) շահառուի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշմամբ հաստատված N 10 հավելվածում նշված անձը հաստատող փաստաթուղթը (այսուհետ՝ անձը հաստատող փաստաթուղթ) և դրա պատճենը.

4) շահառուի հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

5) շահառուի կողմից ստորագրված՝ սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց թվին պատկանելու մասին հայտարարություն, որում պարտադիր նշվում են չաշխատող անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հայտարարությունը ստորագրելու օրը, ամիսը, տարին։

(5-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

5.1. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում ներկայացվում է նաև Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից անհատ ձեռնարկատիրոջը տրված` արտոնագրային վճար վճարող հանդիսանալու մասին արտոնագիրը և դրա պատճենը:

(5.1-ին կետը լրաց. 26.04.2017 N 284-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն)

6. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում ներկայացվում է նաև գործատուի տված տեղեկանքը, որում նշվում է՝

1) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում տվյալ վարձու աշխատողի համար աշխատավարձ կամ օրենքով սահմանված նպաստ չհաշվարկելու, կամ հաշվարկած աշխատավարձի, օրենքով սահմանված նպաստի և դրանից հաշվարկված եկամտային հարկի չափերի մասին.

2) աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերի մասին.

3) պետական բյուջեի նկատմամբ տվյալ վարձու աշխատողին պարտավորություններ չունենալու կամ ունեցած պարտավորություններն ամբողջությամբ կատարված լինելու մասին։

(6-րդ կետը փոփ. 26.04.2017 N 284-Ն)

7. Սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում ներկայացվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի տված տեղեկանքը՝ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամկետների, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանվելու հիմքերի, ինչպես նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում շահառուին վճարված վարձատրության և դրանից հաշվարկված եկամտային հարկի չափերի մասին։

8. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում ներկայացվում է նաև վաղաժամ ծննդաբերելու մասին փաստաթուղթ։

9. Շահառուին նպաստ նշանակելու համար կարող է գրավոր դիմում ներկայացնել նաև այլ անձ։ Այս դեպքում, սույն կարգի 5-րդ կետի 2-5-րդ ենթակետերում և 6-8-րդ կետերում նշված փաստաթղթերից բացի դիմող անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը։

10. Նպաստը նշանակվում է, եթե գրավոր դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում։

11. Սույն կարգի 5-8-րդ կետերում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, տարածքային բաժինը որոշում է`

1) մերժել նպաստ նշանակելը, կամ,

2) նշանակել և վճարել նպաստը:

12. Տարածքային բաժինը մերժում է նպաստ նշանակելը, եթե`

1) անձը չունի նպաստի իրավունք, կամ,

2) գրավոր դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, կամ գրավոր դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ,

3) անձին պետք է նշանակվի և վճարվի օրենքով սահմանված մայրության նպաստ, կամ,

4) գրավոր դիմումը ներկայացվել է սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետից հետո, կամ,

5) անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Արցախի Հանրապետության բնակության վայրի հասցեով:

(12-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

13. Տարածքային բաժինը, սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում, որոշումն ընդունելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է շահառուին: Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է բնակչության պետական ռեգիստրում առկա` Արցախի Հանրապետությունում շահառուի բնակության վայրի հասցեով:

(13-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

14. Սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում տարածքային բաժինը նպաստը վճարում է շահառուին՝ հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուի մոտ վարձու աշխատողներին օրենքով սահմանված մայրության նպաստի վճարման համար սահմանված ժամկետում և կարգով՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության հետ միանվագ դրամական հատուցումների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկի միջոցով։

(14-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

15. Նշանակված, սակայն շահառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

16. Նպաստի չափը հաշվարկվում է Ն=ՆԱ-ԳԱ բանաձևով, որտեղ՝

Ն-ն՝ նպաստի չափն է,

ՆԱ-ն՝ նպաստի առավելագույն չափն է, որը կազմում է 253 000 ՀՀ դրամ, իսկ հղիության 154-րդ օրը և 154-րդ օրից հետո՝ մինչև հղիության 210-րդ օրը, վաղաժամ ծննդաբերած անձի, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված անձի համար՝ 126 500 ՀՀ դրամ,

ԳԱ-ն՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի հաշվարկած աշխատավարձի (դրան հավասարեցված եկամուտների), օրենքով սահմանված նպաստի, քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի հաշվարկած վարձատրության և դրանցից հաշվարկված եկամտային հարկի տարբերությունն է՝ պետական բյուջեի նկատմամբ տվյալ անձի պարտավորություններն ամբողջությամբ կատարվելուց հետո։

17. Բարդ ծննդաբերության, ինչպես նաև միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքերում նպաստի չափը հաշվարկելու բանաձևը չի փոխվում։

(Հավելվածը խմբ. 29.08.2016 N 504-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ