Համարը 
ՀՕ-78
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի

նոյեմբերի 26-ին

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության հիմնական սկզբունքները, կարգը, պայմանները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնները և զինվորական կոչումները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց պաշտոնական երաշխիքները, ծառայության և հանգստի ժամանակը, արձակուրդը, զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և վերականգնելու, ծառայությունից արձակելու, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:

Ռազմական դրության ժամանակ ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

(փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը և ծառայության իրականացման սկզբունքները

 

1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության, հասարակական միավորումների գործունեությունից անկախության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդների կիրառման համակցմամբ:

3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորվում է սույն օրենքով, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Արցախի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով և կանոնագրքերով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությամբ:

5. Ազգային անվտանգության մարմիններում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայության անցնելու կարգը սահմանվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքով:

(1-ին հոդվածը խմբ., փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 2.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայող է համարվում Արցախի Հանրապետության այն քաղաքացին, ով տվել է ազգային անվտանգության մարմինների ծառայողի երդում և զբաղեցնում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի տրամադրության տակ:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը պետական ծառայող է:

(2-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 3.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների խմբերը և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկը

                      (վերնագիրը լրաց. 29.10.2014 ՀՕ-44-Ն)

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի՝

1) ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն պաշտոններ՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի (այսուհետ՝ պետական լիազոր մարմին) ղեկավար,

բ) լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ.

2) ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններ՝ պետական լիազոր մարմնի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների (դեպարտամենտ, գլխավոր վարչություն, վարչություն, բաժին և այլն) պետեր և նրանց տեղակալներ.

3) ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ պաշտոններ՝ ոչ ինքնուրույն ստորաբաժանումների (վարչություն, բաժին, բաժանմունք, վարչության բաժին և այլն) պետեր և նրանց տեղակալներ.

4) ազգային անվտանգության մարմինների ծառայողների միջին պաշտոններ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ և 5-րդ կետերում չընդգրկված պաշտոններ.

5) ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր պաշտոններ՝ ենթասպաներով համալրվող պաշտոններ:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի:

3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Արցախի Հանրապետության Նախագահը:

4. Արցախի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(3-րդ հոդվածը լրաց., խմբ. 29.10.2014 ՀՕ-44-Ն, փոփ., խմբ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 4.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների զինվորական կոչումները

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին, որպես զինծառայողների, շնորհվում են զինվորական կոչումներ (այսուհետ՝ կոչումներ): Ազգային անվտանգության մարմիններում սահմանվում են սպաների և ենթասպաների հետևյալ կազմերն ու կոչումները.

 

Ծառայողների կազմերը

Կոչումները

Ենթասպայական

ենթասպա

ավագ ենթասպա

Սպայական

 

կրտսեր սպաներ

լեյտենանտ

ավագ լեյտենանտ

կապիտան

ավագ սպաներ

մայոր

փոխգնդապետ

գնդապետ

բարձրագույն սպաներ

գեներալ-մայոր

գեներալ-լեյտենանտ

 

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գնդապետի և բարձրագույն զինվորական կոչումները շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը:

3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների՝ մայորի, փոխգնդապետի, կրտսեր սպայական և ենթասպայական կոչումները շնորհում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

4. Ազգային անվտանգության մարմինների կոչումները շնորհվում են անհատական կարգով:

(4-րդ հոդվածը փոփ. 20.12.2006 ՀՕ-328, փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 4.1.

Բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը

 

Բարձրագույն զինվորական կոչումներ շնորհում է Արցախի Հանրապետության նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

(4.1-ին հոդվածը լրաց. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 5.

«Ենթասպա» և «ավագ ենթասպա» կոչումը շնորհելը

 

1. «Ենթասպա» կոչումը շնորհվում է ենթասպայական պաշտոնի նշանակված այն ծառայողներին, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն:

2. «Ավագ ենթասպա» կոչումը շնորհվում է այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա ծառայել են հինգ և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին՝ ավագ ենթասպաներով կամ սպաներով համալրման ենթակա պաշտոններում:

«Ավագ ենթասպա» կոչումը շնորհվում է նաև ենթասպայական պաշտոններում տասը և ավելի տարի ծառայության համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:

 

Հոդված 6.

«Կրտսեր լեյտենանտ» կոչումը շնորհելը

                     (6-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.12.2006 ՀՕ-328)

 

Հոդված 7.

«Լեյտենանտ» կոչումը շնորհելը

 

«Լեյտենանտ» կոչումը շնորհվում է՝

1) ռազմաուսումնական հաստատություններ ավարտած, բարձրագույն կրթություն ունեցող և սպայական կոչում չունեցող ծառայողներին.

2) սպայական պաշտոնի նշանակված ենթասպաներին, եթե ստացել են բարձրագույն կրթություն և ունեն բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ.

3) սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և ստացել են բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ.

4) հինգ և ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած՝ բարձրագույն կրթություն ունեցող և դրական բնութագրվող ենթասպաներին և ավագ ենթասպաներին ազգային անվտանգության մարմիններից արձակելու դեպքում:

5) (կետն ուժը կորցրել է 20.12.2006 ՀՕ-328)

(7-րդ հոդվածը փոփ. 20.12.2006 ՀՕ-328)

 

Հոդված 8.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների խմբերին համապատասխանող կոչումները

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-լեյտենանտի կոչումն է:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գնդապետի կոչումն է:

3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը փոխգնդապետի կոչումն է:

4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների միջին պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը մայորի կոչումն է:

5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը ավագ ենթասպայի կոչումն է:

6. Պետական լիազոր մարմնի ղեկավարը, կախված ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ենթախմբերից, սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները:

7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբերի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները սահմանում է Արցախի Հանրապետության Նախագահը:

(8-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 9.

Ազգային անվտանգության մարմիններում ծառայողներին հերթական կոչումը շնորհելը

 

1. Ազգային անվտանգության մարմիններում հերթական կոչումը շնորհվում է հաջորդական կարգով, եթե ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է շնորհվող կոչմանը հավասար կամ բարձր կոչում:

2. Հերթական կոչումը շնորհվում է նախորդ կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ ռազմաուսումնական) ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր կամ դոկտորանտ սպաներին հերթական կոչումը, մինչև գնդապետը ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական կոչումը համապատասխանում է մինչև ուսումնական հաստատություն ընդունվելն զբաղեցրած պաշտոնով նախատեսված կոչմանը:

4. Հերթական կոչումը վաղաժամկետ շնորհվում է ազգային անվտանգության մարմիններում անբասիր ծառայության համար՝ նախորդ կոչումը կրելու ժամկետի կեսը լրանալուց հետո, սակայն ոչ բարձր զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչումից:

5. Զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած ծառայողներին որպես խրախուսանք կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում:

6. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ գտնվող ազգային անվտանգության մարմինների ծառայողներին հերթական կոչումը շնորհելը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

7. Նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվող արձակուրդն ազգային անվտանգության մարմինների կին ծառայողների կոչումը կրելու ժամկետում չի հաշվարկվում: Նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է կին ծառայողների կողմից ծառայության անցնելուց հետո:

8. Ազգային անվտանգության մարմինների ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով զրկվել կոչումից:

9. Ազգային անվտանգության մարմիններում կոչում շնորհելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 10.

Ազգային անվտանգության մարմիններում կոչումներ շնորհելու ժամկետները

 

1. Ազգային անվտանգության մարմիններում տվյալ կոչումով ծառայության անցնելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները՝

1) ենթասպա՝ 5 տարի.

2) (կետը հանվել է 20.12.2006 ՀՕ-328)

3) լեյտենանտ, ավագ լեյտենանտ՝ 2 տարի.

4) կապիտան՝ 3 տարի.

5) մայոր՝ 3 տարի.

6) փոխգնդապետ՝ 4 տարի:

«Ավագ ենթասպա», «գնդապետ» և ավելի բարձր կոչումների համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Տվյալ կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է ծառայության ժամկետում, որում հաշվի է առնվում նաև անհիմն քրեական պատասխանատվության ենթարկվելու, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններից անօրինական արձակվելու և հետագայում վերականգնվելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը:

3. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց ունեցած հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում՝ ատեստավորման արդյունքում, իսկ հերթական կոչումները շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով:

Պետական այլ մարմնում շնորհված հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի), ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը փոփ. 20.12.2006 ՀՕ-328, փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 11.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողի կոչումն իջեցնելը և վերականգնելը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի կոչումը, որպես կարգապահական տույժ, կարող է տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնել մեկ աստիճանով՝ կարգապահական կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Մինչև ծառայողների նախկին կոչումը վերականգնելը և հերթական կոչումը շնորհելը կոչման կրկնակի իջեցում չի թույլատրվում:

3. Հերթական կոչումը շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվառվում:

4. Հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև մինչև կոչումը իջեցնելն ունեցած կոչումով ծառայության ժամկետը:

 

Հոդված 12.

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում՝ պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված(տեղափոխված) և սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին հերթական կոչման ներկայացնելու ժամկետները

(վերնագիրը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

1. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում՝ պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) և սպայական պաշտոնի նշանակված ծառայողները հերթական կոչման ներկայացվում են կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալուց և ազգային անվտանգության մարմիններում ստորև բերված ժամկետներում ծառայելուց հետո.

 

Կոչումը

Պահեստազորից (այդ թվում՝ ազգային անվտանգության մարմինների պահեստազորից)

Զինված ուժերից, այլ զորքերից և այլ մարմիններից

Լեյտենանտից՝ կապիտանը ներառյալ

6 ամիս

3 ամիս

Մայորից՝ գնդապետը ներառյալ

1 տարի

6 ամիս

 

2. Ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերի պահեստազորից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված սպաների՝ տվյալ կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամանակահատվածը:

3. Զինված ուժերից և այլ զորքերից ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև զինված ուժերում կամ այլ զորքերում տվյալ կոչումով զինվորական ծառայության ժամկետը:

(12-րդ հոդվածը փոփ. 20.12.2006 ՀՕ-328, փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 13.

Ազգային անվտանգության մարմիններում կոչում ստանալուն խոչընդոտելը

 

Ազգային անվտանգության մարմինների ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

 

 

Հոդված 14.

Ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

 

1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Արցախի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:

2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.

4) չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

5) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 15.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողի երդումը

 

1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող քաղաքացիները Արցախի Հանրապետության պետական դրոշի և պետական լիազոր մարմնի դրոշի առջև, պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում՝ երդվում եմ.

հավատարիմ լինել Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:

Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս, անմնացորդ նվիրվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման վսեմ գործին»:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը երդում տալիս է մեկ անգամ՝ անկախ նախկինում զինված ուժերում կամ պետական այլ մարմիններում ծառայելու (աշխատելու) ընթացքում երդում տալու հանգամանքից:

3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

(15-րդ հոդվածը փոփ., 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 16.

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետները

 

1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանվում են հետևյալ տարիքային սահմանափակումները.

 

Կոչումը

Ծառայության սահմանային տարիքը

Ենթասպայական կազմ

ենթասպա, ավագ ենթասպա

50

Սպայական կազմ Կրտսեր սպայական կազմ

լեյտենանտ,

ավագ լեյտենանտ, կապիտան

50

 

Ավագ սպայական կազմ

մայոր, փոխգնդապետ,

գնդապետ

 

50

 55

Բարձրագույն սպայական կազմ

գեներալ-մայոր,

գեներալ-լեյտենանտ

 

60

 

2. Սահմանային տարիքի հասած ծառայողների՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 (ազգային անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասախոսական կազմինը և հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը՝ մինչև 10) տարի ժամկետով:

(16-րդ հոդվածը փոփ. 20.12.2006 ՀՕ-328, լրաց. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 17.

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբը և ավարտը, ծառայության ժամկետի հաշվարկման կարգը

 

1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է համարվում ծառայողին պաշտոնի նշանակելու մասին հրաման տալու օրը:

Արցախի Հանրապետության զինված ուժերից և այլ զորքերից, ինչպես նաև ոստիկանության մարմիններից ազգային անվտանգության մարմիններ տեղափոխված և մինչև համապատասխան պաշտոնի նշանակվելը կադրերի տրամադրության տակ թողնված ծառայողների համար ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է համարվում կադրերի տրամադրության տակ թողնելու օրը:

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ավարտ է համարվում ծառայողին ազգային անվտանգության մարմիններից արձակելու մասին հրամանում նշված օրը:

2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով:

Սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով կարող է սահմանվել ծառայության ժամկետի հաշվարկի արտոնյալ կարգ:

(17-րդ հոդվածը փոփ., 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ

 

Հոդված 18.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողին պաշտոնի նշանակելը

 

1. Ազգային անվտանգության մարմինների գործունեության ղեկավարումն իրականացնում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

2. Պետական լիազոր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության նախագահը, իսկ լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներին՝ Արցախի Հանրապետության նախագահը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողներին պաշտոնների նշանակումները կատարվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

(18-րդ հոդվածը լրաց., խմբ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 19.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն երեք տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, ովքեր մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն:

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման:

6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է միմիայն բարձրագույն կրթության առկայության դեպքում:

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:

6.1. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, քննչական կոմիտեի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, քննիչներ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

6.2. Սույն հոդվածի 6.1-ին մասով նախատեսված պետական մարմինների և ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

7. Ազգային անվտանգության մարմիններում ծառայողը կարող է նշանակվել առաջին պաշտոնի, բարձր պաշտոնի, հավասար պաշտոնի և ցածր պաշտոնի:

(2-րդ պարբերությունը հանվել է 26.12.2013 ՀՕ-76-Ն)

(3-րդ պարբերությունը հանվել է 26.12.2013 ՀՕ-76-Ն)

(4-րդ պարբերությունը հանվել է 26.12.2013 ՀՕ-76-Ն)

(19-րդ հոդվածը լրաց. 20.12.2006 ՀՕ-328, փոփ. 26.12.2013 ՀՕ-76-Ն, փոփ., խմբ., լրաց. 27.03.2019 ՀՕ-14-Ն, լրաց. 14.06.2019 ՀՕ-40-Ն)

 

Հոդված 20.

 Բարձր պաշտոնի նշանակելը

 

Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի ծառայության մեջ առաջխաղացման կարգով՝ իր համաձայնությամբ:

 

Հոդված 21.

Հավասար պաշտոնի նշանակելը

 

Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է հավասար պաշտոնի՝

1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.

2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.

3) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).

4) առողջական վիճակի պատճառով՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն:

 

Հոդված 22.

Ցածր պաշտոնի նշանակելը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի՝

1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասար պաշտոնի.

2) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).

3) առողջական վիճակի պատճառով՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (իր համաձայնությամբ).

4) իր դիմումի համաձայն.

5) «Պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ ստանալու դեպքում.

6) եթե «Նախազգուշացում ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ծառայողը չի ուղղվել՝ օրինակելիորեն կատարելով պարտականությունները:

2. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել տույժը հանելուց հետո:

3. Կին ծառայողը հղիության շրջանում իր ցանկությամբ նշանակվում է ծառայության ավելի դյուրին պայմաններ ունեցող պաշտոնի՝ բժշկական եզրակացության համաձայն: Այդպիսի դեպքերում պահպանվում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

(22-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 23.

Պաշտոնի և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելը

 

1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է նշանակվել հավասար կամ բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող:

2. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի հետևյալ ժամկետները՝

1) 6 ամիս՝ թափուր պաշտոնի պարտականությունների կատարումը.

2) 4 ամիս՝ զբաղեցված պաշտոնի պարտականությունների կատարումը:

Ծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են ոչ թափուր պաշտոնի պարտականությունների կատարող՝ պաշտոնն զբաղեցնողի՝ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի ընթացքում:

3. Ծառայողին ժամանակավոր պաշտոնի նշանակում և պաշտոնեական պարտականությունների կատարումից ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Թափուր և զբաղեցված պաշտոնների պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են՝

1) ենթասպաները՝ այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են ենթասպայական և կրտսեր սպայական կոչումներ.

2) կրտսեր սպաները՝ այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են կրտսեր և ավագ սպայական կոչումներ.

3) ավագ սպաները՝ այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են ավագ և բարձրագույն սպայական կոչումներ.

4) բարձրագույն սպաները՝ այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են բարձրագույն սպայական կոչումներ:

 

Հոդված 24.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է հետևյալ դեպքերում՝

1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.

2) առաջխաղացման կարգով.

3) առողջական վիճակի պատճառով՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.

4) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).

5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:

2. Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության նոր վայր, հավասար կամ բարձր պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց ծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, խնամքի տակ գտնվող անձ) համար, համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է:

3. Ծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է նաև առաջխաղացման կարգով՝ իր համաձայնությամբ բարձր պաշտոնի նշանակմամբ:

4. Ընտանեկան պայմաններից ելնելով՝ ծառայողին ծառայության նոր վայր փոխադրելը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասում նշված հիմքերի առկայությամբ:

5. Ազգային անվտանգության մարմիններում միաժամանակ ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում որոշում է կայացվում նույն բնակավայր ծառայության տեղափոխել նաև ամուսնուն (կնոջը) նրա (նրանց) համաձայնությամբ, եթե փոխվում է մշտական բնակության վայրը: Դրա անհնարինության դեպքում ծառայության նոր վայր տեղափոխումը չի կատարվում:

6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը, ատեստավորման արդյունքում՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում, տեղափոխվում է այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան մեկ աստիճանով ցածր:

7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը հետագա ծառայությունը շարունակելու համար կարող է տեղափոխվել Արցախի Հանրապետության զինված ուժեր, կամ պետական այլ մարմին, որտեղ նախատեսված է զինվորական կամ դրան հավասարեցված այլ ծառայություն:

Ազգային անվտանգության մարմինների ծառայողի տեղափոխությունը կատարվում է պետական լիազոր մարմնի և համապատասխան պետական մարմնի հետ համաձայնեցված և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(24-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 25.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին այլ պետական մարմիններ գործուղելը

 

Ազգային անվտանգության մարմինների ծառայողները, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, կարող են գործուղվել պետական այլ մարմիններ և կազմակերպություններ՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

(25-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 26.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ հետևյալ դեպքերում.

1) կազմակերպչական հաստիքային միջոցառումների կապակցությամբ՝ մինչև 2 ամիս ժամանակով.

2) ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշում կայացնելը.

3) Արցախի Հանրապետության զինված ուժերից և այլ զորքերից ազգային անվտանգության մարմիններ տեղափոխելիս՝ մինչև 3 ամիս ժամանակով.

4) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս՝ մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.

5) գերության մեջ գտնվելիս՝ մինչև ազատվելը.

6) նախածննդյան և հետծննդյան կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին ծառայողի զբաղեցրած պաշտոնը կրճատվելիս՝ մինչև արձակուրդի ավարտը:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ծառայողի վարձատրությունն իրականացվում է նշված խոչընդոտները վերանալուց հետո, եթե պարզվում է, որ ծառայողի գործողություններում հանցակազմ չկա: Այդ դեպքում վարձատրությունն իրականացվում է կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար` զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով:

4. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս կին ծառայողին տրվում են միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վճարները:

5. Ծառայողը կադրերի տրամադրության տակ է վերցվում սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներն ի հայտ գալու կամ դրանց մասին հայտնի դառնալու օրվանից:

6. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին՝ նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակվում է ծառայությունից:

(26-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 26.12.2013 ՀՕ-76-Ն, փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 27.

Պաշտոնից ազատելը

 

1. Ծառայողներն զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝

1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում ազգային անվտանգության մարմնում այլ պաշտոնի նշանակվելիս.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմնի հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում) համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.

5) իր դիմումի համաձայն.

6) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված.

7) ազգային անվտանգության մարմիններից արձակվելիս:

2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:

 

Հոդված 28.

 Ծառայողների ատեստավորումը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում:

2. Ատեստավորում անցկացնելու համար պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):

3. Ազգային անվտանգության մարմինների սպաներն ատեստավորվում են ծառայության յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ (ենթասպաները՝ 3 տարին մեկ անգամ), բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Ծառայողին բարձր պաշտոնի նշանակելու, իջեցված կոչումը վերականգնելու դեպքում անցկացվում է ատեստավորում:

4. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները.

2) ազգային անվտանգության մարմինների բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները կամ բարձրագույն կոչում ունեցողները.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ծառայողները:

Նախածննդյան, հետծննդյան կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ծառայողները ենթակա են ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց մեկ տարի հետո:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5. Ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և վերադասության կարգով բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում:

6. Ատեստավորման ենթակա ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

7. Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 29.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողի իրավունքները

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր գործունեության գնահատականներին ու ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և դրանց առնչությամբ բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

5) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը՝ իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման նպատակով.

6) առողջության պահպանությունը.

6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.

7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը.

9) պաշտոնի և կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.

10) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

11) ատեստավորման արդյունքները բողոքարկելը:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ունենալ նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:

(29-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.2013 ՀՕ-76-Ն, փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 30.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականություններն են՝

1) Արցախի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Արցախի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով իր վրա դրված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տրված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

5) զինվորական և ծառայողական կարգապահության կանոնները պահպանելը.

6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելիս Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունից արձակվելուց հետո.

7) եկամուտների հայտարարագիրը սահմանված կարգով ներկայացնելը:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի համար Արցախի Հանրապետության այլ օրենքներով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

(30-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն) 

 

Հոդված 31.

Ազգային անվտանգության մարմիններում ծառայողի վարձատրությունը

                       (վերնագիրը խմբ. 26.12.2013 ՀՕ-76-Ն)

 

1. Ազգային անվտանգության մարմինների յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև կադրերի տրամադրության տակ գտնվողները) ունի վարձատրության իրավունք:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Արցախի Հանրապետության օրենքով:

(31-րդ հոդվածը խմբ. 26.12.2013 ՀՕ-76-Ն, փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 32.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողի սոցիալական պաշտպանությունը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ ծառայողին հասցված գույքային վնասը հատուցվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(32-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

Հոդված 33.

Աշխատաժամանակի տևողությունը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների համար սահմանվում է 40-ժամյա հնգօրյա աշխատանքային շաբաթ:

2. Ազգային անվտանգության այն ծառայողների համար, ովքեր ծառայողական պարտականությունները կատարում են առողջության համար վնասակար պայմաններում, սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն:

Ազգային անվտանգության մարմինների այն պաշտոնների ցանկը, որոնց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն, սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(33-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 34.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողի արտաժամյա ծառայությունը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝

1) պետության անվտանգության ապահովման համար.

2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.

3) հավաքների և հանրային միջոցառումների անվտանգության ապահովման համար.

4) ազգային անվտանգության մարմինների վրա դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.

5) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ազգային անվտանգության մարմինների ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:(վերջին նախադասությունը հանվել է 26.12.2013 ՀՕ-76-Ն)

(34-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-76-Ն, փոփ. 28.06.2018 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 35.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայության ներգրավելը հանգստյան և տոն օրերին

 

1. Սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին:

2. Հանգստյան և տոն օրերի ծառայության համար տրվում է հավելավճար՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

3. Հանգստյան և տոն օրերին, ինչպես նաև արտաժամյա ծառայության հաշվարկման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

(35-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 36.

Հերթապահության ժամանակը

 

1. Հերթապահության ժամանակի տևողությունը յուրաքանչյուր ամսվա համար չպետք է գերազանցի 150 ժամը:

2. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-76-Ն)

3. Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

(36-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 37.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին վարձատրության պահպանմամբ տրվում են՝

1) հերթական (ամենամյա) արձակուրդ.

2) ուսումնական արձակուրդ.

3) լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.

4) հիվանդության պատճառով արձակուրդ.

5) կին ծառայողներին՝ նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդ:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին տրվում է նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ արձակուրդ:

3. Սույն հոդվածի առաջին մասի 2-5-րդ կետերում նշված արձակուրդները ծառայողի հերթական արձակուրդում չեն հաշվվում:

4. Սույն հոդվածի առաջին մասում սահմանված արձակուրդների տրամադրման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

(37-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 38.

Հերթական արձակուրդը

 

1. Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է՝

1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 30 օր .

2) 15-25 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 40 օր.

3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 45 օր:

1.1. Հերթական արձակուրդը ծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով:

2. Հերթական արձակուրդից ծառայողին հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպ-քերում՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով: Այդ դեպքում արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են նույն տարում, եթե դրանք կազմում են 15 օր և ավելի: Արձակուրդի չօգտագործած օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:

3. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելիս նախապատվությունը տրվում է՝

1) մարտական գործողությունների մասնակիցներին.

2) մինչև 16 տարեկան 3 և ավելի երեխա ունեցողներին.

3) հաշմանդամ կին կամ երեխա ունեցողներին:

4. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:

Սույն մասում նշված տեղեկանքն այլ բուժհիմնարկի կողմից տրվելու դեպքում հավաստվում է համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից:

5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը տասներկուսի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են ավելացման եղանակով:

6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի՝ նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի արձակուրդի:

(38-րդ հոդվածը լրաց. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 39.

Ուսումնական արձակուրդը

 

Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սույն օրենքով սահմանված կարգով սովորող ազգային անվտանգության մարմինների ծառայողներին (այդ թվում՝ ասպիրանտներին, դոկտորանտներին) տրվում է ուսումնական արձակուրդ՝ ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:

 

Հոդված 40.

Լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը

 

Լրացուցիչ արձակուրդը տրվում է՝

1) ծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ու տևողությամբ.

2) ընտանեկան պայմաններից ելնելով և հարգելի այլ պատճառներով՝ մինչև 10 օր տևողությամբ:

 

Հոդված 41.

Հիվանդության պատճառով արձակուրդը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին հիվանդության պատճառով արձակուրդ տրվում է համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

2. Ծառայողին հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ մինչև 60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի:

3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակը, ընդհանուր առմամբ, չպետք է անցնի 4 ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին հիվանդությունների բուժման համար օրենսդրությամբ սահմանվում են ավելի երկար ժամկետներ:

Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգել պետական լիազոր մարմնի ղեկավարը՝ բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա:

4. Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո ծառայողը ենթակա է համապատասխան բժշկական հանձնաժողովի հետազոտման՝ հետագա ծառայությունը շարունակելու հնարավորությունը որոշելու համար:

 

Հոդված 42.

Նախածննդյան, հետծննդյան և երեխայի խնամքի համար արձակուրդը

 

1. Ազգային անվտանգության մարմինների կին ծառայողին նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին ծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահմանելու, միանվագ դրամական պարգևատրման և կենսաթոշակ հաշվարկելու համար:

Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին ծառայողի պաշտոնը պահպանվում է:

3. Նախածննդյան և հետծննդյան տարում կին ծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար, մինչև օրացուցային տարվա ավարտը՝ ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկուսուկես օր հաշվարկով:

(42-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-76-Ն, փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 43.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի՝

1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.

3) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

4) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

5) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ազգային անվտանգության մարմինների նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) լինել որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.

9) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.

10) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.

11) կազմակերպել հավաքներ:

2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ազգային անվտանգության մարմինների ծառայողը, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ և պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի ծառայությունից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության անդամ, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր ծառայության վերջին մեկ տարվա ընթացքում:

5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունից արձակման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական կամ ծառայողական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող հեռակա ուսումնական հաստատություններում` միայն պետական լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ:

(43-րդ հոդվածը խմբ., լրաց. 28.06.2018 ՀՕ-17-Ն, փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 44.

Ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները

 

1. Ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք`

1) հակասում են Արցախի Հանրապետության օրենսդրությանը.

2) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Ծառայողը սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

(44-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 45.

Ուսումնական ծախսերի փոխհատուցումը

 

1. Ուսումնական հաստատություն սովորելու կամ վերապատրաստվելու գործուղված ծառայողը պարտավոր է փոխհատուցել իր սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

1) առանց հարգելի պատճառների, ինքնակամ դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

2) սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ, 6-10-րդ, 12-14-րդ կետերով նախատեսված հիմքերով արձակվել է ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից.

3) այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ արձակվել է ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինների ծառայողը չի հատուցում սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

1) ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ազգային անվտանգության մարմիններում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի կամ վերապատրաստումն անցնելուց հետո ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.

2) ծառայությունից արձակվել է սույն օրենքով նախատեսված հիմքերով (բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսվածների):

3. Սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(45-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆեՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 46.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակելը

 

Ազգային անվտանգության մարմինների ծառայողն արձակվում է՝

1) պետական լիազոր մարմնի պահեստազոր` պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով և դեպքերում.

2) զինված ուժերի պահեստազոր, եթե զինված ուժերի պահեստազորում գտնվելու սահմանային տարիքի չի հասել և պիտանի կամ սահմանափակ պիտանի է զինվորական ծառայությանը.

3) պաշտոնաթողության դեպքում, եթե հասել է զինված ուժերի պահեստազորում գտնվելու սահմանային տարիքի, կամ համապատասխան բժշկական հանձնաժողովը նրա առողջության վիճակի պատճառով նրան ճանաչել է ծառայության համար ոչ պիտանի:

 

Հոդված 47.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակելու հիմքերը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ենթակա է ծառայությունից արձակման`

1) տարիքի կապակցությամբ` ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքի հասնելու դեպքում.

2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում.

3) Արցախի Հանրապետության քաղաքացիության դադարեցման՝ ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

4) առողջական վիճակի պատճառով՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում.

5) համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից զբաղեցրած պաշտոնում ծառայությունը շարունակելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի.

6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

7) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոչումից զրկվելու դեպքում.

8) իր նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

9) հաստիքների կրճատման դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի.

10) ծառայողական անհամապատասխանության պատճառով` ատեստավորման կարգով.

11) իր հիմնավորած զեկուցագրով` այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ.

12) կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու առաջարկվող պաշտոնին.

13) համապատասխան կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

14) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:

Ազգային անվտանգության մարմիններից արձակվող ծառայողն արձակվելու օրը ստանում է վերջնահաշվարկ:

3. Ազգային անվտանգության մարմիններում 20 և ավելի տարի (արտոնյալ հաշվարկով) անբասիր ծառայած, ինչպես նաև Արցախի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած սպաներին և ենթասպաներին, անկախ ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդհանուր ծամկետից, արձակելու իրավունք ունեցող ղեկավարի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք:

Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն կոչում ունեցող ծառայողները ծառայությունը դադարեցնելուց հետո իրավունք ունեն կրելու զինվորական համազգեստ:

(47-րդ հոդվածը խմբ. 20.12.2006 ՀՕ-328, խմբ. 26.12.2013 ՀՕ-76-Ն, խմբ., փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 48.

Ծառայությունից արձակված ծառայողներին տրվող վճարումները, արտոնությունները և կենսաթոշակի ապահովումը

 

Ազգային անվտանգության մարմինների՝ ծառայությունից արձակված ծառայողներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Արցախի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

(48-րդ հոդվածը լրաց. 26.12.2013 ՀՕ-76-Ն, փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հոդված 49.

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կամ պաշտոնում վերականգնումը

 

Ազգային անվտանգության մարմինների այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն կամ անօրինական տեղափոխված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաև ծառայությունից արձակված, ենթակա են ծառայության, կոչումի կամ պաշտոնում վերականգնման` դիմելու պահից մեկամսյա ժամկետում:

 

Հոդված 50.

Ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո

 

1. Ծառայությունից անհիմն կամ անօրինական արձակված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական արձակումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը:

2. Ծառայությունից անհիմն կամ անօրինական արձակված ծառայողներին մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրա՝ չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար:

Այն ծառայողներին, ովքեր արձակման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, փոխհատուցումը վճարվում է նրանց՝ զբաղեցրած վերջին պաշտոնի աշխատավարձի և ծառայությունից արձակված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար:

3. Կոչումը կամ պաշտոնն անհիմն կամ անօրինական իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրանց չվճարված աշխատավարձի չափով:

(50-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.12.2013 ՀՕ-76-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 51.

Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը

 

1. Լիազոր մարմնի համակարգում կարող է գործել ուսումնական հաստատություն (ուսումնական կենտրոն):

2. Ուսումնական հաստատությունում ծառայությունն իրականացվում է սույն օրենքին և զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:

3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողները պայմանագրային հիմունքներով սովորելու կամ վերապատրաստվելու են ուղարկվում ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ (այդ թվում` ռազմաուսումնական):

(51-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 52.

Ազգային անվտանգության մարմիններում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող քաղաքացիները

 

Ազգային անվտանգության մարմիններում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող անձինք ծառայողներ չեն և աշխատանքի են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 53.

Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսումը

 

1. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Հանրապետության նախագահի սահմանած կարգով և չափով:

2. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են պարգևատրվել պետական պարգևներով՝ օրենքով սահմանված կարգով:

(53-րդ հոդվածը խմբ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 54.

Ազգային անվտանգության մարմինների վետերանները

 

Ազգային անվտանգության մարմինների վետերաններ են համարվում սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հիմքերով ազգային անվտանգության մար-միններից արձակված անձինք:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 55.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 56.

Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

 

Արցախի Հանրապետության կառավարությունը սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: Մինչև համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործող իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

(56-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 57.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների առաջին ատեստավորումը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո և ավարտվում է 2007թ. հուլիսի 1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ծառայողների 1/3-ը:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության՝ ազգային անվտանգության մարմինների ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:

Առանց բարձրագույն կրթության՝ ազգային անվտանգության մարմինների ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի` ուսումնական հաստատությունում համապատասխան ուսուցում անցնելուց հետո:

 

Հոդված 58.

Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

 

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ նախկինում կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:

 

Հոդված 59.

Նախկինում շնորհված կոչումները

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ազգային անվտանգության մարմիններում առանց բարձրագույն կրթության սպայական կոչումներ ստացած ծառայողներին հերթական կոչումներ չեն շնորհվում մինչև սահմանված կարգով բարձրագույն կրթություն ստանալը:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված և հետագայում բարձրագույն կրթություն ստացած ծառայողներին հերթական կոչում շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով նախորդ կոչումով ծառայության ժամկետը:

 

Հոդված 60.

Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(60-րդ հոդվածը փոփ. 27.03.2019 ՀՕ-14-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

27 դեկտեմբերի 2003թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-78