Համարը 
ՀՕ-36-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.07.20/12(352)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.06.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.07.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

հունիսի 27-ին

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Դատախազությունը

 

1. Արցախի Հանրապետության դատախազությունը (այսուհետ՝ նաև դատախազություն) միասնական համակարգ է, որը ղեկավարում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ նաև գլխավոր դատախազ):

2. Դատախազությունն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ նաև Սահմանադրություն) իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազների, իսկ սույն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում՝ քննիչների միջոցով:

 

Հոդված 2.

Դատախազության մասին օրենսդրությունը

 

1. Դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

2. Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է սույն օրենքով և այլ օրենքներով:

 

Հոդված 3.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) դատախազ՝ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ հատուկ քննչական բաժնի պետի), Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազների տեղակալները, զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազների տեղակալները, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները, Ստեփանակերտ քաղաքի, շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներն ու դատախազները.

2) քննիչ` հատուկ քննչական բաժնի պետը, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչը և հատկապես կարևոր գործերի քննիչը.

3) դատախազություն` Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը, զինվորական կենտրոնական դատախազությունը, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազությունները, կայազորների զինվորական դատախազությունները.

4) դատախազության կառուցվածքային ստորաբաժանում՝ գլխավոր դատախազության կազմում գործող վարչություն և բաժին.

5) դատախազական ակտ՝ որոշում, հրաման, կարգադրություն, միջնորդագիր, հանձնարարական, ցուցում:

 

Հոդված 4.

Դատախազության լիազորությունները

 

1. Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝

1) հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ.

6) օրենքով սահմանված բացառիկ դեպքերում իրականացնում է մինչդատական քրեական վարույթ:

2. Սահմանադրության 146-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

 

ԳԼՈՒԽ 2

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 5.

Դատախազության գործունեության հրապարակայնությունը

 

1. Դատախազությունը հանրությանը տեղեկացնում է իր իրականացրած գործունեության մասին այնքանով, որքանով դա չի խախտում մարդու և քաղաքացու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը:

2. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Արցախի Հանրապետության Ազգային ժողով (այսուհետ՝ Ազգային ժողով) և Արցախի Հանրապետության Նախագահին (այսուհետ՝ Հանրապետության նախագահ) է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված լիազորություններից յուրաքանչյուրի առնչությամբ նախորդ տարվա ընթացքում դատախազության իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ՝ վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 115-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հաղորդումն Ազգային ժողով ներկայացվելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է դատախազության կայքէջում:

4. Գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, հրապարակում է հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները ներկայացվում են առանձին:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ և վիճակագրական տվյալներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունների և վիճակագրական տվյալների ներկայացման մեթոդական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 6.

Դատախազի և քննիչի ինքնուրույնությունը ու նրանց գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը, դատախազի և քննիչի օրինական պահանջների կատարման պարտադիր լինելը

 

1. Յուրաքանչյուր դատախազ և քննիչ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա, և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար:

2. Դատախազի և քննիչի գործունեությանն օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Դատախազի և քննիչի օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայողների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:

4. Հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) կողմից դատախազի և քննիչի օրինական պահանջները չկատարելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում՝ գլխավոր դատախազը, իսկ մյուս հանրային ծառայողների (պաշտոնատար անձանց) դեպքում՝ վերադաս դատախազը տվյալ հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ տվյալ հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) վերադասին: Կարգապահական վարույթ հարուցելու գլխավոր դատախազի կամ վերադաս դատախազի միջնորդությունը ողջամիտ ժամկետում ենթակա է պարտադիր քննության հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Միջնորդության քննարկման արդյունքների մասին համապատասխան իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը եռօրյա ժամկետում տեղեկացնում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմած գլխավոր դատախազին կամ վերադաս դատախազին:

5. Դատախազի և քննիչի օրինական պահանջները չկատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

6. Սույն հոդվածի իմաստով հանրային ծառայող է հանդիսանում «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձը:

 

Հոդված 7.

Դատախազի և քննիչի ապաքաղաքականացվածությունը

 

1. Դատախազը և քննիչը չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը և քննիչը ցանկացած հանգամանքներում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին դատախազը և քննիչը կարող են մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող): Դատախազը և քննիչը չեն կարող մասնակցել նախընտրական, ինչպես նաև հանրաքվեի նախապատրաստելիս իրականացվող քարոզչությանը:

 

ԳԼՈՒԽ 3

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 8.

Դատախազության համակարգը

 

1. Դատախազությունը կազմված է`

1) գլխավոր դատախազությունից.

2) Ստեփանակերտ քաղաքի դատախազությունից.

3) Ասկերանի շրջանի դատախազությունից.

4) Հադրութի շրջանի դատախազությունից.

5) Մարտակերտի շրջանի դատախազությունից.

6) Մարտունու շրջանի դատախազությունից.

7) Շահումյանի շրջանի դատախազությունից.

8) Շուշիի շրջանի դատախազությունից.

9) Քաշաթաղի շրջանի դատախազությունից.

10) զինվորական դատախազությունից:

 

Հոդված 9.

Գլխավոր դատախազությունը

 

1. Գլխավոր դատախազությունը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից, կառուցվածքային ստորաբաժանումների (բացառությամբ հատուկ քննչական բաժնի) ավագ դատախազներից և դատախազներից, գլխավոր դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:

2. Գլխավոր դատախազության ավագ դատախազները և դատախազները գործում են գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ:

3. Գլխավոր դատախազության կազմում գործում է հատուկ քննչական բաժին, որը կազմված է բաժնի պետից, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչից (քննիչներից) և հատկապես կարևոր գործերի քննիչից (քննիչներից):

4. Գլխավոր դատախազության նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:

 

Հոդված 10.

Գլխավոր դատախազը

 

1. Գլխավոր դատախազը ղեկավարում և վերահսկում է դատախազության գործունեությունը ու պատասխանատու է դատախազության բնականոն գործունեության ապահովման համար:

2. Գլխավոր դատախազը՝

1) սահմանում է դատախազության լիազորությունների իրականացման ուղղությունները.

2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների, գլխավոր դատախազության ավագ դատախազների ու դատախազների միջև.

3) հաստատում է գլխավոր դատախազության կառուցվածքը, սահմանում է գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների, գլխավոր դատախազության ավագ դատախազների ու դատախազների լիազորությունների շրջանակը.

4) սահմանում է օրենքով նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում դատախազության հաստիքների քանակը և հաստիքացուցակը.

5) օրենքով նախատեսված կարգով նշանակում և ազատում է դատախազներին և քննիչներին.

6) Հանրապետության նախագահին առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազի տեղակալների նշանակման և ազատման վերաբերյալ.

7) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր, իսկ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ նորմատիվ իրավական ակտեր.

8) իրականացնում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ նաև՝ դատախազության աշխատակազմ) հիմնադրին օրենքով վերապահված լիազորություններ.

9) հաստատում և փոփոխում է դատախազության աշխատակազմի կանոնադրությունը և դատախազության աշխատակազմի կառուցվածքը.

10) հաստատում և փոփոխում է հայեցողական պաշտոնների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը, հաստիքների քանակը և հաստիքացուցակը.

11) ստեղծում է գլխավոր դատախազին առընթեր խորհուրդներ, աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, սահմանում դրանց գործունեության կարգը.

12) հսկողություն է իրականացնում քննիչների կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի նկատմամբ կամ դրա համար լիազորում է այլ դատախազի.

13) հաստատում է «Արցախի Հանրապետության դատախազության կանոնակարգը».

14) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

3. Գլխավոր դատախազն իրավասու է իրականացնելու Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորություններն Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում:

4. Գլխավոր դատախազը դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով օրենքով սահմանված կարգով դիմում է Գերագույն դատարան, Գերագույն դատարանում մասնակցում է գործի քննությանը կամ գործի քննությանը մասնակցելու համար նշանակում է ներկայացուցիչ:

5. Գլխավոր դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով գլխավոր դատախազի տեղակալներից մեկը փոխարինում է գլխավոր դատախազին: Նման հրաման ընդունելու անհնարինության դեպքում, ինչպես նաև գլխավոր դատախազի պաշտոնն օրենքով սահմանված կարգով թափուր մնալու դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի՝ դատախազության համակարգում առավել երկար փորձառություն ունեցող տեղակալը:

 

Հոդված 11.

Գլխավոր դատախազի տեղակալը

 

1. Գլխավոր դատախազի տեղակալը՝

1) համակարգում է գլխավոր դատախազի կողմից դատախազության համակարգում իրեն հանձնարարված ոլորտի (այսուհետ՝ իր համակարգման ոլորտ) աշխատանքները.

2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր.

3) միջնորդություններ է ներկայացնում գլխավոր դատախազին՝ դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

4) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Գլխավոր դատախազի տեղակալն իր համակարգման ոլորտի սահմաններում իրականացնում է Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված բոլոր լիազորությունները:

 

Հոդված 12.

Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը

 

1. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը կազմված է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարից, կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներից և դատախազներից, բացառությամբ հատուկ քննչական բաժնի:

2. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ նաև ստորաբաժանում) ղեկավարը՝

1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում է իր ղեկավարած ստորաբաժանման գործունեությունը.

2) ապահովում է գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարականների կատարումը.

3) առաջարկություն է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ նաև ստորաբաժանման դատախազներ) միջև աշխատանքի բաժանում կատարելու վերաբերյալ.

4) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ իր ղեկավարած ստորաբաժանման դատախազներին կամ քննիչներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

5) առաջարկներ է ներկայացնում դատախազության աշխատակազմի ղեկավարին` իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) վերահսկողություն է իրականացնում ստորաբաժանման աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

3. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը իր ղեկավարած ստորաբաժանման գործունեության համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի առջև:

4. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ավագ դատախազները և դատախազներն իրականացնում են սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները:

 

Հոդված 13.

Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազությունը

 

1. Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազությունը Ստեփանակերտ քաղաքում (շրջանում) ապահովում է Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված լիազորությունների իրականացումն այնքանով, որքանով դրանց իրականացումը վերապահված չէ զինվորական դատախազությանը:

2. Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազությունը կազմված է Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազից, որը կարող է ունենալ տեղակալ: Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազությունում կարող են գործել Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազության ավագ դատախազներ և դատախազներ:

3. Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազության նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում (շրջանի կենտրոնում):

 

Հոդված 14.

Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազը

 

1. Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազը՝

1) ղեկավարում և կազմակերպում է Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազության գործունեությունը.

2) կատարում է իր տեղակալների, Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազության ավագ դատախազների և դատախազների միջև աշխատանքի բաժանում.

3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազության ավագ դատախազներին և դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

4) առաջարկներ է ներկայացնում դատախազության աշխատակազմի ղեկավարին Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

5) վերահսկողություն է իրականացնում Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

6) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.

7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 15.

Զինվորական դատախազությունը

 

1. Զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված լիազորությունների իրականացումը զինված ուժերում:

2. Զինվորական դատախազությունը կազմված է զինվորական կենտրոնական դատախազությունից և կայազորների զինվորական դատախազություններից:

 

Հոդված 16.

Զինվորական կենտրոնական դատախազությունը

 

1. Զինվորական կենտրոնական դատախազությունը կազմված է զինվորական դատախազի տեղակալներից, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:

2. Զինվորական կենտրոնական դատախազության նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:

 

Հոդված 17.

Զինվորական դատախազը

 

1. Զինվորական դատախազը`

1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում է զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը.

2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազների միջև.

3) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր.

4) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին՝ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, կայազորների զինվորական դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

5) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով նախատեսված լիազորությունները համապատասխան ոլորտում.

6) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Զինվորական դատախազն ի պաշտոնե գլխավոր դատախազի տեղակալն է:

 

Հոդված 18.

Կայազորի զինվորական դատախազությունը

 

1. Կայազորի զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված լիազորությունների իրականացումը զինվորական կայազորում:

2. Կայազորի զինվորական դատախազությունը կազմված է կայազորի զինվորական դատախազից, նրա տեղակալից, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:

3. Կայազորի զինվորական դատախազության նստավայրը որոշում է գլխավոր դատախազը` ըստ կայազորի տեղաբաշխման:

 

Հոդված 19.

Կայազորի զինվորական դատախազը

 

1. Կայազորի զինվորական դատախազը`

1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում է կայազորի զինվորական դատախազության գործունեությունը.

2) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով նախատեսված լիազորությունները:

 

ԳԼՈՒԽ 4

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ԵՎ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Հոդված 20.

Դատախազության կոլեգիան

 

1. Դատախազության գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելու համար դատախազությունում գլխավոր դատախազի նախագահությամբ գործում է կոլեգիա:

2. Դատախազության կոլեգիան կազմված է գլխավոր դատախազից, նրա տեղակալներից, Ստեփանակերտ քաղաքի դատախազից, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից, գլխավոր դատախազի հրամանով նշանակվող այլ դատախազներից: Դատախազության կոլեգիայի նիստին առանց ձայնի իրավունքի կարող են մասնակցել գլխավոր դատախազի կողմից հրավիրված այլ դատախազներ:

3. Դատախազության կոլեգիայի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք վարում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ գլխավոր դատախազի տեղակալներից մեկը: Դատախազության կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են կոլեգիայի անդամների կեսից ավելին:

4. Դատախազության կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է չընդունված:

5. Դատախազության կոլեգիայի որոշումները կենսագործվում են գլխավոր դատախազի հրամաններով:

6. Դատախազության կոլեգիայի գործունեության կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 21.

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի և որակավորման հանձնաժողովները

 

1. Գլխավոր դատախազին առընթեր գործում են էթիկայի և որակավորման հանձնաժողովներ:

2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմի մեջ մտնում են գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, երկու դատախազ և Հանրապետության նախագահի կողմից նշանակվող չորս իրավաբան անդամ: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:

3. Որակավորման հանձնաժողովը կազմված է ինն անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի մեկ տեղակալ, չորս դատախազ, չորս իրավաբան: Հանձնաժողովի անդամներին նշանակում է գլխավոր դատախազը: Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:

4. Սույն հոդվածով սահմանված հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործունեության առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:

5. Յուրաքանչյուր դատախազ կարող է լինել միայն մեկ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովների անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով:

6. Որակավորման հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սույն հոդվածով սահմանված կարգով կատարվում են գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան հաջորդող օրը:

7. Սույն հոդվածով սահմանված հանձնաժողովների գործունեության, ինչպես նաև դատախազ անդամների նշանակման կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

ԳԼՈՒԽ 5

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

Հոդված 22.

Քրեական հետապնդում հարուցելը

 

1. Քրեական հետապնդման հարուցման կարգն ու հիմքերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

 

Հոդված 23.

Հսկողությունը մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ

 

1. Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն (այսուհետ՝ նաև հսկողություն), որպես կանոն, իրականացնում է վերադաս դատախազի կողմից նման հանձնարարություն ստացած դատախազը կամ հսկողությունը ստանձնում է անձամբ վերադաս դատախազը: Ի սկզբանե հսկողություն իրականացնող վերադաս դատախազը կարող է տվյալ քրեական գործով հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի:

2. Հսկողություն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է և գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության և համաձայնության:

3. Գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող են դիմել մինչդատական քրեական վարույթ իրականացնող համապատասխան մարմնին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ: Միջնորդությունն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունը և արդյունքների մասին տեղեկացնել համապատասխան միջնորդությամբ դիմած դատախազին:

4. Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

 

Հոդված 24.

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում

 

1. Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը կամ վերադաս դատախազի հանձնարարությամբ՝ այլ դատախազ:

2. Վերադաս դատախազն իրավունք ունի մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը ներգրավել նաև այլ դատախազների: Եթե տվյալ քրեական գործով հսկողությունն իրականացրել է գլխավոր դատախազը, ապա մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ՝ այլ դատախազ:

3. Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը կոչվում է մեղադրող:

 

Հոդված 25.

Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը

 

1. Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որն իր կարծիքով հիմնավոր չէ կամ ապօրինի է:

2. Դատարանների՝ քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած մեղադրող դատախազը կամ վերադաս դատախազը:

3. Դատարանների՝ քաղաքացիական կամ վարչական գործերով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:

4. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է վերադաս դատախազը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ` այլ դատախազ:

5. Քրեական գործերով դատական ակտը քաղաքացիական հայցի մասով դատախազի կողմից կարող է բողոքարկվել, եթե այն վերաբերում է պետական շահերին:

6. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները:

7. Պետական շահերին վերաբերող քաղաքացիական կամ վարչական այն գործերով, որոնցում դատախազությունը մասնակցություն չի ունեցել, օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն այն դեպքում, եթե նշված գործերով ներգրավված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները` ի պատասխան դատախազության հարցմանը հայտնել են, որ չեն բողոքարկելու համապատասխան դատական ակտերը: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները դատախազության՝ սույն մասով նախատեսված հարցմանը պարտավոր են պատասխանել հարցումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

8. Վերադաս դատախազը վերաքննիչ կամ վճռաբեկ վարույթին մասնակցությունը կարող է հանձնարարել այլ դատախազի (դատախազների):

9. Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:

10. Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու գործի նյութերին և անվճար ստանալու գործի նյութերի պատճենը:

 

Հոդված 26.

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը

 

1. Դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

2. Սույն հոդվածի իմաստով պատիժ են համարվում քրեական օրենքով սահմանված պատժի տեսակները:

3. Սույն հոդվածի իմաստով հարկադրանքի այլ միջոց է համարվում Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դեպքերում ազատությունից զրկումը:

4. Սույն հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի՝

1) ցանկացած ժամանակ անարգել այցելելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերը, ինչպես նաև դրանց կատարումն ապահովող իրավասու մարմիններ.

2) ծանոթանալու այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների.

3) ստուգելու պատիժները և հարկադրանքի միջոցներ կիրառող մարմինների, դրանց կազմում գործող ստորաբաժանումների, ինչպես նաև պատիժները և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին, պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրենքով սահմանված կարգին, հիմքերին ու պայմաններին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած մարմնին կամ ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում ակտն ընդունած մարմնի համապատասխան վերադաս մարմնին կամ պաշտոնատար անձին, իսկ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը՝ նաև իրավասու հանրապետական գործադիր մարմնի ղեկավարին.

4) հարցման ենթարկելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց.

5) անհապաղ ազատելու ազատությունից զրկելու վայրերում, ինչպես նաև այդ վայրերի պատժախցերում ապօրինի պահվող անձանց.

6) պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց իրավունքների և ազատությունների խախտման կասկածի կամ պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման՝ օրենքով սահմանված կարգի ու պայմանների խախտման դեպքում պաշտոնատար անձանցից պահանջելու բացատրություններ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:

5. Դատախազն օրենքով սահմանված կարգով մասնակցում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությանը դատարանում:

 

Հոդված 27.

Մինչդատական քրեական վարույթ իրականացնելը

 

1. Դատախազության համակարգում քրեական գործերով մինչդատական վարույթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը:

2. Քննիչի կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են գլխավոր դատախազը կամ նրա լիազորած դատախազները:

 

Հոդված 28.

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը

 

1. Դատախազի կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:

2. Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ՝

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին՝ դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի:

3. Եթե դատախազը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար, ապա իրավունք ունի մինչև հայց հարուցելը նախազգուշացնելու պետական շահերին վնաս հասցրած անձին վնասը կամովին հատուցելու մասին:

4. Սույն հոդվածի իմաստով հայց հարուցելու իրավասությունն ընդգրկում է այն բոլոր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, որոնք դատավարական օրենքով վերապահված են հայցվորին: Որպես պատասխանող դատախազը կարող է հանդես գալ միայն իր կողմից հարուցված՝ պետական շահերի պաշտպանության հայցի քննության շրջանակներում ներկայացված հակընդդեմ հայցերով:

5. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում դատախազը համապատասխան հայց հարուցելու նպատակով իրավունք ունի՝

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջելու և ստանալու հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.

2) անվճար օգտվելու ծառայողական նպատակներով օգտագործվող տեղեկատվական տվյալների բազայից (այդ թվում՝ էլեկտրոնային).

3) պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին անհրաժեշտության դեպքում ներգրավելու համապատասխան մասնագետի կամ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված իրավական ակտերը, փաստաթղթերը և այլ տեղեկությունները համապատասխան մարմինները պարտավոր են դատախազին տրամադրել ողջամիտ ժամկետում:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված մարմինները և կազմակերպությունները պետության գույքային շահերի պաշտպանության հայց են ներկայացնում դատարան կամ նրանց դեմ պետության գույքային շահերին առնչվող հայց է ներկայացվում, որոնցով հայցագնի չափը գերազանցում է Արցախի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) սահմանած չափը, ապա այդ մարմինները և կազմակերպությունները հայցի և գործով կայացված դատական ակտի (բացառությամբ միջանկյալ դատական ակտի) մասին տեղեկատվություն են ներկայացնում գլխավոր դատախազություն՝ հայցադիմումը ներկայացնելուց (ստանալուց) կամ դատական ակտը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

 

Հոդված 29.

Դատախազական ակտերը

 

1. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատախազն ընդունում է որոշում, արձակում հրաման կամ կարգադրություն, ներկայացնում միջնորդագիր, տալիս հանձնարարական կամ ցուցում, ինչպես նաև ընդունում է օրենքով նախատեսված այլ ակտեր:

2. Սույն օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև դատավարական օրենսգրքերով նախատեսված դեպքերում և կարգով դատախազն ընդունում է համապատասխան որոշումներ:

3. Հրամանը դատախազության գործունեության կազմակերպման, դատախազության լիազորությունների իրականացման քաղաքականության, դատախազության համակարգում առանձին հիմնարար հարցերի կարգավորման՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանող իրավական ակտ է, որն ընդունվում է գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից:

4. Կարգադրությունը դատախազության համակարգում կազմակերպական, արարողակարգային և նման այլ հարցերի կարգավորմանն ուղղված ներքին իրավական ակտ է, որն ընդունվում է վերադաս դատախազների կողմից:

5. Հանցագործության պատճառների և նպաստող պայմանների, ինչպես նաև պետական շահերի խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտման պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով դատախազը կարող է միջնորդագիր ներկայացնել դրանք վերացնելու իրավասություն ունեցող մարմնին կամ պաշտոնատար անձին, որը պարտավոր է դրա քննարկման արդյունքների և ձեռնարկած միջոցառումների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հայտնել միջնորդագիրը ներկայացրած դատախազին:

6. Հանձնարարականը կամ ցուցումը իրենց իրավասության սահմաններում վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին օրենքով սահմանված կարգով տրված բանավոր կամ գրավոր, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելիս՝ միայն գրավոր հրահանգ է՝ կատարելու որոշակի գործողություններ, կայացնելու որոշումներ կամ ձեռնպահ մնալու որևէ գործողություն կատարելուց:

 

ԳԼՈՒԽ 6

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 30.

Դատախազությունում ենթակայությունը

 

1. Դատախազության գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության և միասնականության ապահովման սկզբունքի վրա:

2. Գլխավոր դատախազը վերադաս է բոլոր դատախազների և քննիչների նկատմամբ:

3. Գլխավոր դատախազի տեղակալը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ՝ իր համակարգման ոլորտում:

4. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը վերադաս է տվյալ ստորաբաժանման բոլոր դատախազների նկատմամբ: Հատուկ քննչական բաժնի պետը վերադաս է քննիչների նկատմամբ:

5. Զինվորական դատախազը վերադաս է զինվորական դատախազի տեղակալի, զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների կազմում գործող դատախազների նկատմամբ:

6. Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազը վերադաս է Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) բոլոր դատախազների նկատմամբ:

7. Կայազորի զինվորական դատախազը վերադաս է կայազորի զինվորական դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:

 

Հոդված 31.

Վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերությունները

 

1. Վերադաս դատախազի հանձնարարականները և ցուցումները պարտադիր են ստորադաս դատախազի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ստորադաս դատախազը գտնում է, որ նման հանձնարարականը կամ ցուցումն անօրինական է կամ անհիմն: Այդ դեպքում ստորադաս դատախազը, առանց վերադաս դատախազի հանձնարարականը կամ ցուցումը կատարելու, գրավոր առարկություն է ներկայացնում հանձնարարական տված դատախազի վերադասին, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականը կամ ցուցումը տրվել է գլխավոր դատախազի կողմից: Եթե վիճարկվող հանձնարարականը կամ ցուցումը բանավոր է, ապա մինչև իր առարկությունը ներկայացնելը ստորադաս դատախազը կարող է վերադաս դատախազից հայցել գրավոր հանձնարարական կամ ցուցում:

2. Եթե ստորադաս դատախազը վերադաս դատախազի կողմից տրված հանձնարարականը կամ ցուցումը համարել է անօրինական կամ անհիմն և դրա վերաբերյալ առարկություն ներկայացրել հանձնարարական կամ ցուցում տված դատախազի վերադասին, ու նրա կողմից հանձնարարականը կամ ցուցումը համարվել է օրինական և հիմնավոր, ապա վերադաս դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարող է ստորադաս դատախազին հեռացնել վարույթից և գործը տեղափոխել իր կամ մեկ այլ դատախազի վարույթ:

3. Ստորադաս դատախազը պարտավոր է՝

1) վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություններ, տեղեկատվություն, իր վարույթում գտնվող գործեր և նյութեր,

2) կատարել վերադաս դատախազի բոլոր օրինական և հիմնավոր հանձնարարականները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքի,

3) ապահովել օրենքով իր վրա դրված լիազորությունների կատարումը:

4. Անմիջական վերադաս դատախազը՝

1) հետևում է դատախազի՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարման օրինականությանը, խախտում հայտնաբերելիս հանձնարարական կամ ցուցում է տալիս ստորադաս դատախազին, անհրաժեշտության դեպքում համապատասխան զեկուցագիր է ներկայացնում վերադաս դատախազին,

2) դատախազի արձակուրդի, գործուղման կամ ժամանակավոր այլ բացակայության, ինչպես նաև դատախազի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա պարտականություններն այլ դատախազների միջև.

3) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով վերադաս դատախազին և իրեն վերապահված այլ լիազորություններ:

5. Վերադաս դատախազը կոնկրետ վարույթով դատախազության լիազորությունների իրականացումը կարող է հանձնարարել մի քանի դատախազների և նշանակել դատախազական խմբի ղեկավար: Դատախազական խմբի ղեկավարը կազմակերպում և համակարգում է դատախազական խմբի աշխատանքը:

6. Վերադաս դատախազն իրավասու է վերացնել կամ փոփոխել ստորադաս դատախազի անհիմն կամ անօրինական ակտերը, գործողությունը (անգործությունը)՝

1) դատախազի ակտերի կամ դատախազի գործողությունների (անգործության) դեմ օրենքով սահմանված կարգով իրավասու անձանց կողմից բերված բողոքները կամ առարկությունները լուծելիս կամ

2) իր նախաձեռնությամբ ստորադաս դատախազի ակտերի օրինականությունը ստուգելիս:

7. Անմիջական վերադաս դատախազն իրավասու է իր որոշմամբ ստորադաս դատախազի վարույթից գործը տեղափոխել մեկ այլ դատախազի կամ իր վարույթ՝

1) օրենքով սահմանված կարգով ստորադաս դատախազին վարույթից հեռացնելու դեպքում կամ

2) ստորադաս դատախազի նկատմամբ հայտնած բացարկը կամ ինքնաբացարկը բավարարելու դեպքում կամ

3) ստորադաս դատախազի արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում կամ

4) ստորադաս դատախազի լիազորություններն օրենքով սահմանված կարգով դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում կամ

5) ստորադաս դատախազի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու կամ հիվանդության կամ իր լիազորությունների պատշաճ իրականացումն անհնարին դարձնող նմանատիպ այլ դեպքերում:

8. Վերադաս դատախազը ստորադաս դատախազին պատճառաբանված որոշմամբ հեռացնում է վարույթից՝

1) ստորադաս դատախազի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կամ

2) տվյալ գործով իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին իրազեկված լինելու պայմաններում ինքնաբացարկի միջնորդություն չներկայացնելու դեպքում:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում վարույթից հեռացված դատախազի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կարող է հարուցվել կարգապահական վարույթ:

 

ԳԼՈՒԽ 7

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՔՆՆԻՉՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ

ԿԱՐԳԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ԵՎ

ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 32.

Դատախազ և քննիչ նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Դատախազ և քննիչ կարող է նշանակվել 25-65 տարեկան Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող Արցախի Հանրապետության այն քաղաքացին, որը՝

1) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն,

2) տիրապետում է հայերենին,

3) որի նկատմամբ չի տարածվում սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները,

4) ավարտել է ուսումնառությունը համապատասխան կազմակերպությունում, եթե սույն օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում չի ազատվում համապատասխան կազմակերպությունում ուսումնառությունից,

5) ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երկու տարվա փորձառություն:

(32-րդ հոդվածը փոփ. 27.02.2019 ՀՕ-6-Ն)

 

Հոդված 33.

Դատախազ և քննիչ նշանակվելու սահմանափակումները

 

1. Դատախազ և քննիչ չի կարող նշանակվել այն անձը՝

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել.

3) որը ունի դատախազի և քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

4) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, որոնք ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.

5) որի նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.

6) որը նախկինում դատախազի կամ դատավորի կամ քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքում, եթե կարգապահական տույժի կիրառումից չի անցել մեկ տարի.

7) որը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 34.

Գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացվող պահանջները և գլխավոր դատախազի ընտրությունը

 

1. Գլխավոր դատախազը Հանրապետության նախագահի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել գլխավոր դատախազ։

3. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

4. Գլխավոր դատախազը պետք է համապատասխանի սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջին, և չպետք է առկա լինի սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված որևէ սահմանափակում:

5. Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում և պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իր երդման արարողությունից հետո՝ նախորդ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը, իսկ եթե ընտրվելու պահին գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է, ապա գլխավոր դատախազն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը մասնակցելուն հաջորդող օրվանից:

 

Հոդված 35.

Գլխավոր դատախազի տեղակալին ներկայացվող պահանջները և նրա նշանակման կարգը

 

1. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել 30 տարին լրացած այն անձը, որը ունի դատավորի, դատախազի, քննիչի, փաստաբանի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն յոթ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ:

2. Գլխավոր դատախազի տեղակալը պետք է համապատասխանի սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջներին, և չպետք է առկա լինի սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ սահմանափակում: Գլխավոր դատախազի տեղակալ չի կարող նշանակվել այն անձը, որը նախկինում դատախազի կամ դատավորի կամ քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքում:

3. Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը:

 

Հոդված 36.

Դատախազությունում պաշտոնների դասակարգումը

 

1. Դատախազությունում պաշտոնները դասակարգվում են հետևյալ աստիճանակարգությամբ՝

1) գլխավոր դատախազ.

2) գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ.

3) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, Ստեփանակերտ քաղաքի դատախազ, զինվորական դատախազի տեղակալ.

4) Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալ, շրջանի դատախազ, կայազորի զինվորական դատախազ, գլխավոր դատախազության ավագ դատախազ.

5) գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ավագ դատախազներ և դատախազներ (հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ և քննիչ), շրջանների դատախազների տեղակալներ, Ստեփանակերտ քաղաքի դատախազության ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ.

6) Ստեփանակերտ քաղաքի դատախազության դատախազներ, շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ և դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ:

 

Հոդված 37.

Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակի կազմումը

 

1. Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրվում է բաց և փակ մրցույթի միջոցով: Բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը առնվազն երեք տարին մեկ անգամ: Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ կարող է անցկացվել հավակնորդների փակ մրցույթ: Բաց և փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:

2. Որակավորման հանձնաժողովը դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի ժամկետի, վայրի, անհրաժեշտ փաստաթղթերի մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն՝ առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլում և դատախազության կայքէջում:

3. Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել`

1) դիմում որակավորման հանձնաժողովի անունով.

2) անձը հաստատող փաստաթուղթ.

3) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավատող փաստաթուղթ.

4) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).

6) դատախազի և քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ.

7) իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

4. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագրեր:

5. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուն տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` եռօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:

6. Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և դատախազների ու քննիչների թեկնածությունների ցուցակի կազմման` սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը ենթակա է քննարկման որակավորման հանձնաժողովի կողմից, իսկ եթե մրցույթի անցկացումն սկսվել է, ապա հայտատուն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու մասնակցել այդ մրցույթին, իսկ եթե մրցույթն ավարտվել է, ապա արտահերթ մրցույթին:

7. Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական հմտությունները, իր կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական որակները և արժանիքները (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և այլն), ինչպես նաև նրա կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին: Այն դեպքերում, երբ հայտատուն իրավաբանական գիտությունների թեկնածու է կամ իրավաբանական գիտությունների դոկտոր և ունի գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ, ապա որակավորման հանձնաժողովը ստուգում է միայն հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին, նրա անձնական որակները և արժանիքները՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ, համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ դիրքորոշման ներկայացում):

8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազն իրավունք ունի ներկայացված հայտատուներին ընդգրկել դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում: Ցուցակում հայտատուին չընդգրկելու վերաբերյալ գլխավոր դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հայտատուի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

9. Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համապատասխան կազմակերպությունում անցնում է ուսումնառության ծրագիր, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված անձանց և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավաբան գիտնականների:

10. Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`

1) վերջին հինգ տարվա ընթացքում ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ.

2) իրավաբանական գիտությունների դոկտոր է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երեք տարվա ստաժ.

3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ առնվազն աշխատանքի հինգ տարվա ստաժ:

11. Ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ դատախազների և քննիչների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

(37-րդ հոդվածը խմբ., լրաց. 27.02.2019 ՀՕ-6-Ն)

 

Հոդված 38.

Դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակը

 

1. Դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակը ձևավորվում է որակավորման հանձնաժողովի կողմից գլխավոր դատախազի հրամանով՝

1) դատախազների և քննիչների հերթական ատեստավորման ժամանակ.

2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազը առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազի և քննիչի նկատմամբ որպես խրախուսում նրան ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված համապատասխան գնահատագիր: Դատախազը և քննիչն ընդգրկվում են դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.

3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում անձին միաժամանակ դատախազների և քննիչների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:

 

Հոդված 39.

Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

 

1. Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի հրամանով հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է դատախազի կամ քննիչի պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) նա կորցրել է Արցախի Հանրապետության քաղաքացիությունը.

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

7) ի հայտ է եկել սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը.

8) համապատասխան կազմակերպությունում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար համապատասխան կազմակերպության իրավասու մարմնի սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը.

9) համապատասխան կազմակերպությունում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.

10) համապատասխան կազմակերպությունում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից՝ բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.

11) նա դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակ ընդգրկվելու օրվանից յոթ տարի անընդմեջ չի նշանակվել դատախազի կամ քննիչի պաշտոնում.

12) նա մահացել է:

2. Անձին ցուցակից հանելն արգելք չէ նրան օրենքով սահմանված կարգով ցուցակում կրկին ընդգրկելու համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով ցուցակից հանելու դեպքերի:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան կազմակերպության իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում է գլխավոր դատախազին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:

(39-րդ հոդվածը լրաց. 27.02.2019 ՀՕ-6-Ն)

 

Հոդված 40.

Դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակից դատախազներին և քննիչներին հանելու հիմքերը

(վերնագիրը լրաց. 27.02.2019 ՀՕ-6-Ն)

 

1. Դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի հրամանով հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է դատախազի կամ քննիչի առաջխաղացման ցուցակում ընդգրկված համապատասխան պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) նա կորցրել է Արցախի Հանրապետության քաղաքացիությունը.

5) սույն օրենքով սահմանված կարգով ազատվել է պաշտոնից.

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած.

7) ի հայտ է եկել սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը.

8) նա հանվել է դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակից, բացառությամբ սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի.

9) առանց հարգելի պատճառի չի անցել պարտադիր վերապատրաստման ծրագիրը.

10) նա մահացել է.

11) մինչև հերթական ատեստավորման անցկացումն սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ընդգրկված է եղել դատախազների կամ քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում:

2. Անձին ցուցակից հանելն արգելք չէ նրան օրենքով սահմանված կարգով ցուցակում կրկին ընդգրկելու համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով ցուցակից հանելու դեպքերի:

(40-րդ հոդվածը լրաց., փոփ. 27.02.2019 ՀՕ-6-Ն)

 

Հոդված 41.

Դատախազությունում պաշտոնի նշանակելը

 

1. Ստեփանակերտ քաղաքի դատախազին, շրջանների դատախազներին, կայազորների զինվորական դատախազներին, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը` դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար:

2. Գլխավոր դատախազության ավագ դատախազներին, Ստեփանակերտ քաղաքի, շրջանների և կայազորների զինվորական դատախազների տեղակալներին, զինվորական դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կազմում գործող ավագ դատախազներին, Ստեփանակերտ քաղաքի, շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը` դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից:

3. Գլխավոր դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կազմում գործող դատախազներին, Ստեփանակերտ քաղաքի, շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը` դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ սույն օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել ուսումնառությունից:

 

Հոդված 42.

Դատախազի և քննիչի երդումը

 

1. Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնելիս Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տալիս է հետևյալ երդումը.

«Ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ. անշեղորեն ղեկավարվել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Արցախի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:»:

2. Դատախազի կամ քննիչի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված հետևյալ երդմամբ.

«Պաշտոնեական լիազորություններս իրականացնելիս. երդվում եմ, անշեղորեն ղեկավարվել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Արցախի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի (քննիչի) կոչումն ու բարի համբավը:»:

3. Դատախազի և քննիչի երդում տալու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 43.

Դատախազության դասային աստիճանները

 

1. Դատախազությունում սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.

1) արդարադատության պետական խորհրդական.

2) արդարադատության առաջին դասի պետական խորհրդական.

3) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

4) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

5) արդարադատության առաջին դասի խորհրդական.

6) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

7) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

8) առաջին դասի խորհրդական.

9) երկրորդ դասի խորհրդական.

10) երրորդ դասի խորհրդական:

2. Արդարադատության պետական խորհրդականի, արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհում է Հանրապետության նախագահը:

3. Դատախազության մյուս դասային աստիճանները շնորհում է գլխավոր դատախազը:

4. Գլխավոր դատախազին և գլխավոր դատախազի տեղակալներին դասային աստիճանները շնորհվում են զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճանի սահմաններում: Դատախազության մյուս պաշտոններում ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում պաշտոնավարման սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասն օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

5. Դատախազության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

 

Հոդված 44.

Դատախազության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

 

1. Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:

2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:

3. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, Ստեփանակերտ քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:

4. Շրջանի դատախազի, կայազորի զինվորական դատախազի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:

5. Գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազի, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, շրջանի դատախազի տեղակալի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:

6. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման դատախազի, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչի, Ստեփանակերտ քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, շրջանի դատախազության ավագ դատախազի, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

7. Ստեփանակերտ քաղաքի, շրջանի դատախազության դատախազի, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

8. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և միայն զինվորական կամ այլ հատուկ կոչում ունեցող անձանց դատախազի պաշտոնում նշանակելիս նրանց զինվորական կամ այլ հատուկ կոչումը համապատասխանեցվում է դատախազի համապատասխան դասային աստիճանին: Զինվորական կամ այլ հատուկ կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 45.

Դատախազության դասային աստիճանների շնորհման ժամկետները և կարգը

 

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է դատախազությունում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 44-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի:

2. Եթե սույն օրենքի 44-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է դատախազության տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:

3. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են պաշտոնավարման հետևյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն ունեցողի համար` երկու տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն ունեցողի համար` երեք տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն ունեցողի համար` երեք տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն ունեցողի համար` չորս տարի.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն ունեցողի համար` հինգ տարի:

4. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում:

5. Դատախազության նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 44-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

6. Դատախազի և քննիչի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝

1) սույն օրենքի 49-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով հետաձգվել է նրա ատեստավորումը՝ մինչև նրա ատեստավորման արդյունքներով որոշում ընդունելը.

2) նրա նկատմամբ սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով որակավորման հանձնաժողովն ընդունել է լրացուցիչ վերապատրաստում անցնելու որոշում՝ մինչև վերապատրաստման ավարտը.

3) նա ունի կարգապահական տույժ՝ մինչև կարգապահական տույժի սույն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելը.

4) նրա նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով հարուցվել է կարգապահական վարույթ՝ մինչև վարույթի արդյունքներով համապատասխան որոշում ընդունելը.

5) նրա լիազորությունները սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել են՝ մինչև կասեցման հանգամանքների վերանալը:

7. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, դատախազին շնորհվում է հերթական դասային աստիճանը:

8. Դատախազին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դասային աստիճան շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

 

ԳԼՈՒԽ 8

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՔՆՆԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Հոդված 46.

Դատախազի և քննիչի իրավունքները

 

1. Դատախազը և քննիչն իրավունք ունեն՝

1) ծանոթանալու իրենց անձնական գործերի բոլոր նյութերին, իրենց գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերին, ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ.

2) պաշտոնեական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ստանալու անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

3) իրենց իրավասության սահմաններում քննարկելու հարցեր և ընդունելու որոշումներ.

4) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ և այլ վճարներ.

5) իրավական պաշտպանության, սոցիալական պաշտպանության և ապահովության.

6) օրենքով սահմանված կարգով ծառայողական առաջխաղացման և դասային աստիճանի բարձրացման.

7) վերապատրաստվելու սահմանված կարգերով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.

8) առաջարկություններ ներկայացնելու դատախազության գործունեության կատարելագործման վերաբերյալ:

2. Դատախազը և քննիչն ունեն օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

 

Հոդված 47.

Դատախազի և քննիչի պարտականությունները

 

1. Դատախազը և քննիչը պարտավոր են՝

1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իրենց իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.

4) իրենց լիազորություններն իրականացնելիս ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.

5) պահպանել աշխատանքային կարգապահությունը, ինչպես նաև դատախազի վարքագծի կանոնները.

6) պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում՝ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.

7) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցնել ատեստավորում և վերապատրաստում.

8) պահպանել սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները:

2. Դատախազը և քննիչն ունեն նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 48.

Դատախազի և քննիչի նկատմամբ կիրառվող սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները

 

1. Դատախազը և քննիչը չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2. Դատախազը և քննիչը չեն կարող համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, ամուսնու զավակ, ամուսնու եղբայր և ամուսնու քույր) հետ, եթե նրանց պաշտոնավարումը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության հետ:

3. Դատախազը և քննիչն իրավունք չունեն լինելու տնտեսական ընկերությունների մասնակից կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե, բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատախազը և քննիչը ներգրավվում են նաև այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը:

4. Դատախազը և քննիչն իրավունք չունեն՝

1) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացնում են իրենց ընտանիքի անդամներին կամ իրենց խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց.

2) իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.

3) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց.

4) կազմակերպելու հավաքներ, հավաքներին մասնակցելիս կրելու ծառայողական համազգեստ.

5) հոնորար ստանալու պաշտոնեական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար, բացառությամբ գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից բխող հրապարակումների կամ ելույթների.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

7) պաշտոնեական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

5. Դատախազի և քննիչի կողմից իրականացվող գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքը չպետք է խոչընդոտի իրենց պարտականությունների իրականացմանը:

 

Հոդված 49.

Դատախազի և քննիչի ատեստավորումը

 

1. Դատախազների և քննիչների ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին նրանց մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:

2. Դատախազները և քննիչները երեք տարին մեկ անցնում են ատեստավորում: Դատախազի կամ քննիչի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն անցնում է ատեստավորումը պաշտոնի նշանակվելուց երեք տարի հետո:

3. Դատախազի և քննիչի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Դատախազի և քննիչի արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր դատախազի հրամանով՝ իր պատճառաբանված որոշմամբ կամ դատախազի և քննիչի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է դատախազի և քննիչի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) գլխավոր դատախազը և նրա տեղակալները.

2) Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազները, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները, զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները և քննիչները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները և քննիչները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դատախազները և քննիչները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Դատախազի և քննիչի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

9. Ատեստավորման ենթակա դատախազները և քննիչները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական վերադաս դատախազը ներկայացնում է դատախազի գնահատագիրը, իսկ քննիչների գնահատագիրը ներկայացնում է գլխավոր դատախազի լիազորած դատախազը:

11. Գնահատագրերը պետք է բովանդակեն տվյալներ դատախազի և քննիչի մասին, տան նրանց գործնական, անձնական հատկանիշների և պաշտոնեական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դատախազի և քննիչի կողմից իրենց կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական վերադաս դատախազին (գլխավոր դատախազի լիազորած դատախազին) ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա:

12. Դատախազը և քննիչն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանան իրենց գնահատագրերին: Իրենց գնահատագրերի վերաբերյալ դատախազը և քննիչը կարող են գրավոր անհամաձայնություն հայտնել անմիջական վերադաս դատախազին կամ վերադաս դատախազին (գլխավոր դատախազի լիազորած դատախազին), ինչպես նաև որակավորման հանձնաժողովին:

13. Սույն հոդվածով սահմանված կարգով գնահատագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դատախազի և քննիչի ատեստավորման արդյունքում կայացված որոշման վրա:

14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ սույն օրենքով սահմանված կարգով ներառելով դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակում.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.

4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.

6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

15. Սույն հոդվածի 14-րդ մասով կայացված որոշումների մասին որակավորման հանձնաժողովն ատեստավորման օրը հայտնում է դատախազին և քննիչին: Դատախազը և քննիչն իրավունք ունեն ծանոթանալու իրենց ատեստավորման որոշմանը, ինչպես նաև եռօրյա ժամկետում բողոքարկելու այն գլխավոր դատախազին:

16. Որակավորման հանձնաժողովի որոշումը և ատեստավորման արդյունքները որակավորման հանձնաժողովի նախագահն ատեստավորման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացնում է գլխավոր դատախազին:

17. Գլխավոր դատախազն որակավորման հանձնաժողովի սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով կայացված որոշումների և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան որակավորման հանձնաժողովի որոշումն ու ատեստավորման արդյունքները ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

18. Գլխավոր դատախազն որակավորման հանձնաժողովի սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշման և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է համապատասխան վերապատրաստումն անցնելուց հետո ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:

19. Գլխավոր դատախազն որակավորման հանձնաժողովի սույն հոդվածի 14-րդ մասի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերով կայացված որոշման և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան միջնորդությունները բավարարելու կամ մերժելու մասին որոշում է ընդունում ոչ ուշ, քան որակավորման հանձնաժողովի որոշումն ու ատեստավորման արդյունքները ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

20. Դատախազի և քննիչի կողմից ատեստավորման որոշման բողոքարկվելու դեպքում Գլխավոր դատախազը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ՝ բողոքը ստանալու պահից հնգօրյա ժամկետում: Գլխավոր դատախազի կողմից բողոքը բավարարելու որոշում կայացնելու դեպքում դատախազը և քննիչն ատեստավորում են անցնում որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում: Գլխավոր դատախազի կողմից բողոքը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

21. Դատախազների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 50.

Դատախազի և քննիչի վերապատրաստումը և մասնակցությունը կրթական այլ ծրագրերին

 

1. Բոլոր դատախազները և քննիչները, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, առնվազն երեք տարին մեկ անգամ անցնում են վերապատրաստում` գլխավոր դատախազի սահմանած կարգով:

2. Դատախազները և քննիչները պարտավոր են անցնել լրացուցիչ վերապատրաստում՝ սույն օրենքի 49-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշման դեպքում:

3. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստում անցնելու ընթացքում պահպանվում է դատախազի և քննիչի պաշտոնը և դրա համար սահմանված աշխատավարձը:

4. Դատախազը և քննիչն իրավունք ունեն մասնակցելու կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին կամ օրերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև երեք օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն կարող է տալ գլխավոր դատախազը: Համապատասխան թույլտվություն ստացած դատախազի և քննիչի՝ այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայությունը համարվում է հարգելի՝ աշխատավարձի պահպանմամբ:

 

ԳԼՈՒԽ 9

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՔՆՆԻՉՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ,

ՔՆՆԻՉՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 51.

Խրախուսանքի տեսակները և հիմքերը

 

1. Երկարամյա ծառայության (պաշտոնավարման) կամ պաշտոնեական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար դատախազի և քննիչի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) դրամական պարգևատրում.

3) հուշանվերով, մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում՝ տասն օրով.

5) «Դատախազության պատվավոր աշխատող» կոչման շնորհում և համապատասխան կրծքանշանով պարգևատրում.

6) արտահերթ դասային աստիճանի շնորհում.

7) սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած դասային աստիճանի համար սույն օրենքով սահմանված պաշտոնավարման ժամկետը:

2. Կարգապահական տույժ ունեցող դատախազի և քննիչի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել միայն նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսանքը դատախազի և քննիչի նկատմամբ կարող է կիրառվել պաշտոնավարման ամբողջ ընթացքում մեկ անգամ:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակները կիրառում է գլխավոր դատախազը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակը կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խրախուսման տեսակը կիրառում է տվյալ տեսակի կարգապահական տույժը նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

7. Դատախազության գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել գլխավոր դատախազի սահմանած կարգով:

8. Դատախազի և քննիչի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել, եթե նրանց նկատմամբ ընդունվել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված որոշումը կամ նրանք համարվում են կարգապահական տույժ ունեցող, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի:

9. Խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 52.

Կարգապահական պատասխանատվության հիմքերը

 

1. Դատախազին և քննիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

2) դատախազի վարքագծի կանոնները խախտելը.

3) աշխատանքային ներքին կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը.

4) սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելը:

 

Հոդված 53.

Կարգապահական տույժերը

 

1. Դատախազի և քննիչի նկատմամբ կարող են նշանակվել հետևյալ կարգապահական տույժերը՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով.

4) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնից ազատում:

2. Կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված կարգապահական խախտման ծանրությանը և մեղավորության աստիճանին:

3. Մեկ կարգապահական խախտման համար դատախազի և քննիչի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ: Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե նույն դատախազը և քննիչը կատարել են մի քանի կարգապահական խախտում, դատախազի և քննիչի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:

4. Կարգապահական տույժի ենթարկված դատախազը և քննիչը չեն ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվությունից:

5. «Պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կարող է նշանակվել դատախազի և քննիչի կողմից այնպիսի արարք կատարվելու դեպքում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատախազի և քննիչի պաշտոնի հետ:

 

Հոդված 54.

Կարգապահական տույժ նշանակելու իրավասությունը

 

1. Սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական տույժերը նշանակում է գլխավոր դատախազը քննիչների և այն դատախազների նկատմամբ, որոնց նշանակել է ինքը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերի:

2. Գլխավոր դատախազը սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգապահական տույժը կարող է նշանակել նաև գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ:

3. Սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների նկատմամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ:

4. Գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված տույժերը նշանակում է Հանրապետության նախագահը` գլխավոր դատախազի ներկայացմամբ:

5. Գլխավոր դատախազի նկատմամբ սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տույժը նշանակում է Հանրապետության նախագահը:

6. Սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված տույժերը դատախազների և քննիչների նկատմամբ, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, նշանակվում են միայն էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա:

 

Հոդված 55.

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը և ժամկետները

 

1. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով կարգապահական խախտման փաստի առթիվ գլխավոր դատախազի կողմից դատախազի և քննիչի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ, բացառությամբ այն դեպքի, երբ նշանակվում է սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժը, որը կարող է նշանակվել առանց կարգապահական վարույթ հարուցելու:

2. Դատախազի և քննիչի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցելու և իրականացնելու, այդ թվում՝ սույն հոդվածով սահմանված իրավունքների և պարտականությունների իրականացման կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

3. Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից՝ երեսնօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամսվա ընթացքում:

4. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 21 օրը` սկսած կարգապահական վարույթ հարուցելու օրվանից, բացառությամբ կարգապահական ստուգումների, դատախազի և քննիչի հարգելի պատճառով բացակայության, հիվանդության, գործուղման դեպքերի: Այս դեպքում կարգապահական վարույթի տևողությունը վարույթ հարուցած անձի կողմից կարող է երկարաձգվել կարգապահական ստուգումների, հիվանդության, գործուղման կամ դատախազի և քննիչի հարգելի պատճառով բացակայության ժամանակահատվածով:

5. Կարգապահական վարույթի հարուցման և կարգապահական տույժի նշանակման որոշումների մասին դատախազին և քննիչին հաղորդվում է համապատասխանաբար կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական տույժ նշանակելու որոշումները կայացնելու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:

6. Առերևույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող դատախազը և քննիչն ունեն՝

1) իրավունք՝ ծանոթանալու իրենց իրավունքներին և պարտականություններին.

2) իրավունք՝ իմանալու, թե ինչ կարգապահական խախտում է իրենց վերագրվում, պարզաբանում տալ իրենց նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ.

3) իրավունք՝ միջնորդություններ ներկայացնելու կարգապահական վարույթի ընթացքում առանձին գործողություններ կատարելու համար, ինչպես նաև ներկայացնելու նյութեր, իրենց պարզաբանումները հիմնավորող փաստական տվյալներ՝ կարգապահական վարույթի նյութերին կցելու համար.

4) իրավունք՝ բացարկ հայտնելու կարգապահական վարույթ իրականացնող անձին, եթե կան հիմքեր ենթադրելու, որ կարգապահական վարույթ իրականացնող անձը ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է կարգապահական վարույթի ելքով: Բացարկը լուծում է գլխավոր դատախազը.

5) իրավունք՝ ծանոթանալու կարգապահական վարույթի նյութերին, բացառությամբ՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների, եթե չունեն դրանց առնչվելու թույլտվություն, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքի, նյութերի վերաբերյալ ներկայացնելու առաջարկություններ, դիտողություններ և միջնորդություններ.

6) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

7. Դատախազը և քննիչը պարտավոր են կարգապահական վարույթն իրականացնողի պահանջով ներկայացնել կարգապահական վարույթի իրականացման համար անհրաժեշտ իրենց մոտ եղած փաստաթղթեր, առարկաներ և նյութեր:

8. Դատախազը և քննիչն իրավունք ունեն իրենց նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:

 

Հոդված 56.

Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը

 

1. Կարգապահական վարույթի ավարտից հետո՝ յոթնօրյա ժամկետում, գլխավոր դատախազը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը (սույն հոդվածում այսուհետ՝ հարց), որը կարող է ներառել նաև սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն, ներկայացնում է Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:

2. Էթիկայի հանձնաժողովի այն դատախազ անդամը, որի վերաբերյալ հարցը ներկայացվել է Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը, չի մասնակցում այդ քննարկմանը: Եթե այդ անդամը Էթիկայի հանձնաժողովի նախագահն է, ապա Էթիկայի հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի անդամներից ընտրում է Էթիկայի հանձնաժողովի ժամանակավոր նախագահ:

3. Էթիկայի հանձնաժողովը հարցը քննում է դրա համար հրավիրված նիստում և գաղտնի քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված կարգապահական խախտման մեջ դատախազի կամ քննիչի մեղավորության հարցը, իսկ սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացված լինելու դեպքում՝ նաև «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու հնարավորության հարցը:

4. Էթիկայի հանձնաժողովի նիստն էթիկայի հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում՝ տարիքով ավագ անդամի կողմից հրավիրվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարցը ներկայացնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է առնվազն հինգ անդամ: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է տարիքով ավագ անդամը:

5. Էթիկայի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարգապահական վարույթի արդյունքներով ձեռք բերված տվյալները գնահատում է իր ներքին համոզմամբ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ:

6. Սույն հոդվածով սահմանված կարգով հարցի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) կարգապահական խախտման փաստի բացակայության մասին.

2) կարգապահական խախտման առկայության և դատախազի կամ քննիչի մեղավորության մասին.

3) կարգապահական խախտման առկայության և դատախազի կամ քննիչի մեղավորության բացակայության մասին:

7. Կարգապահական խախտման առկայության և դատախազի կամ քննիչի մեղավորության մասին որոշում կայացնելու դեպքում Էթիկայի հանձնաժողովը սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացված լինելու դեպքում որոշում է կայացնում նաև բացասական կամ դրական եզրակացություն տալ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ:

8. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշում կայացնելու դեպքում, ինչպես նաև «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը եռօրյա ժամկետում նշանակում է սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան կարգապահական տույժի տեսակներից մեկը:

9. Կարգապահական խախտման առկայության և դատախազի կամ քննիչի մեղավորության մասին որոշում կայացնելու և «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը կարող է նշանակել «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տեսակը:

10. Դատախազը և քննիչը կարող են դիմել Էթիկայի հանձնաժողովին դատախազի վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանություններ ստանալու խնդրանքով:

 

Հոդված 57.

Կարգապահական տույժը հանելը և մարելը

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով նշանակված կարգապահական տույժը համարվում է մարված, եթե դատախազը և քննիչը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում նոր կարգապահական տույժի չեն ենթարկվել:

2. «Պաշտոնից ազատում», «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կամ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժեր նշանակվելու օրվանից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն անցնելուց հետո անձի նախկին կարգավիճակը չի վերականգնվում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Կարգապահական տույժն այն նշանակող անձի որոշմամբ կարող է հանվել, բացառությամբ «պաշտոնից ազատում», «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով», «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժերի, մինչև կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ վեց ամիսը լրանալը, սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում:

4. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կամ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժերի նշանակման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար նախկին պաշտոնում կամ դրան համարժեք այլ պաշտոնում, կամ նախկին դասային աստիճանի վերականգնումը կարող է իրականացվել դատախազների և քննիչների հերթական ատեստավորման, իսկ գլխավոր դատախազի որոշմամբ՝ նաև արտահերթ ատեստավորման արդյունքների հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 10

ԴԱՏԱԽԱԶԻ, ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ, ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՄԱՆ

ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 58.

Դատախազին և քննիչին գործուղելը

 

1. Դատախազը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել գլխավոր դատախազություն կամ այլ տարածքային դատախազություն՝ վերջինիս կազմում դատախազների ժամանակավոր բացակայության կամ թափուր հաստիքների պատճառով: Դատախազը ենթակա չէ գործուղման, եթե բժշկի եզրակացության համաձայն դա կարող է վատթարացնել նրա կամ նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամի առողջական վիճակը:

2. Դատախազի գործուղումը կատարվում է գլխավոր դատախազի հրամանով: Զինվորական դատախազության դատախազին կարող է գործուղել նաև զինվորական դատախազը:

3. Գործուղումը կարող է երկարաձգվել դատախազի գրավոր համաձայնությամբ:

4. Գործուղված դատախազի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացած աշխատավարձը: Եթե թափուր հաստիքի վրա գործուղվելիս դատախազի տվյալ պաշտոնի աշխատավարձը բարձր է իր պաշտոնում ստացած աշխատավարձից, ապա գործուղված դատախազը ստանում է ավելի բարձր աշխատավարձը:

5. Դատախազը գործուղման ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, առանց իր համաձայնության կրկին չի կարող գործուղվել:

6. Քննիչների գործուղման դեպքերը և կարգը սահմանվում է գլխավոր դատախազի կողմից:

 

Հոդված 59.

Դատախազին և քննիչին ցածր պաշտոնի փոխադրելը

 

1. Դատախազին և քննիչին չի կարելի իր զբաղեցրած պաշտոնից ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Դատախազին և քննիչին իր զբաղեցրած պաշտոնից ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է՝

1) դատախազի և քննիչի դիմումի հիման վրա.

2) երբ սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ.

3) սույն օրենքի 49-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված միջնորդության հիման վրա սույն օրենքի 49-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված կարգով կայացված որոշմամբ:

 

Հոդված 60.

Դատախազի և քննիչի լիազորությունները կասեցնելը

 

1. Դատախազի և քննիչի լիազորությունները կասեցվում են դատախազի կամ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում՝ մինչև համապատասխան վերջնական որոշման ընդունումը:

2. Դատախազի և քննիչի լիազորությունները կարող են կասեցվել դատախազի կամ քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում՝ մինչև տվյալ վարույթով վերջնական որոշման ընդունումը:

3. Գլխավոր դատախազի տեղակալի լիազորությունները կասեցվում են Հանրապետության նախագահի հրամանագրով: Մյուս դատախազների և քննիչների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով:

4. Դատախազի և քննիչի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է:

 

Հոդված 61.

Դատախազին և քննիչին պաշտոնից ազատելը

 

1. Դատախազին և քննիչին պաշտոնից ազատելու հիմք են՝

1) անձնական դիմումը.

2) դատախազի և քննիչի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը՝ 65 տարին լրանալը.

3) դատախազի և քննիչի մահը.

4) Արցախի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը,

5) հաստիքի կրճատումը.

6) դատախազության կառուցվածքային այլ ստորաբաժանում կամ այլ դատախազություն փոխադրվելուց հրաժարվելը, դատախազության կառուցվածքային այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նրանք պաշտոն են զբաղեցրել.

7) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած հայտարարվելը կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

8) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալը.

9) սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժի նշանակումը.

10) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտը, որով ապացուցված է, որ նրանք այդ պաշտոնում նշանակվել են օրենքի պահանջների խախտմամբ.

11) սույն օրենքի 49-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով սահմանված միջնորդության հիման վրա սույն օրենքի 49-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված կարգով կայացված որոշումը.

12) նրանց նկատմամբ կայացված դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.

13) դատախազի և քննիչի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով:

2. Դատախազին և քննիչին պաշտոնից ազատելու հիմք կարող է հանդիսանալ նաև ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազները և քննիչներն ընդգրկվում են դատախազների և քննիչների ռեզերվում: Ռեզերվում ընդգրկվելու պահից երեք ամսվա ընթացքում նրանց աշխատավարձը պահպանվում է:

4. Դատախազների և քննիչների ռեզերվում ընդգրկվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 62.

Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը

 

1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

2. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝

1) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը՝ 65 տարին լրանալը.

2) Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը.

4) նրա մահը.

5) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալը.

6) նրա նկատմամբ կայացված դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.

7) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով.

8) հրաժարականի դիմում ներկայացնելը Ազգային ժողով: Հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում:

3. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ՝

1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը.

2) կատարել է օրենքի կամ դատախազի վարքագծի կանոնների խախտում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը.

3) խախտել է սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները.

4) առկա են իր լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովի նախագահը համապատասխան տեղեկությունը ստանալու պահից պաշտոնական հաղորդագրություն է տարածում գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

 

ԳԼՈՒԽ 11

ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ,

ԻՐԱՎԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 63.

Դատախազների և քննիչների վարձատրությունը

 

1. Դատախազների և քննիչների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 64.

Դատախազների և քննիչների կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը

 

1. Դատախազի և քննիչի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև դատախազի և քննիչի կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում դատախազի և քննիչի և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Դատախազին և քննիչին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն՝ գլխավոր դատախազի սահմանած կարգով և չափով՝ աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

 

Հոդված 65.

Դատախազի և քննիչի այլ սոցիալական երաշխիքները

 

1. Պետությունը դատախազների և քննիչների համար երաշխավորում է՝

1) պաշտոնեական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ամենամյա վճարովի արձակուրդ.

3) նրանց պաշտոնի և դրա համար նախատեսված վարձատրության պահպանություն վերապատրաստման ընթացքում.

4) պաշտոնեական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրանց, իսկ զոհվելու դեպքում նրանց ընտանիքի անդամներին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

5) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանած չափերով և կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:

2. Անհրաժեշտության դեպքում դատախազին այլ վայր գործուղելիս դատախազն ապահովվում է բնակելի տարածությամբ, իսկ այն ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում՝ Կառավարության որոշմամբ սահմանած կարգով և չափերով:

3. Դատախազին և քննիչին կամ նրանց ընտանիքների անդամներին պատճառված գույքային վնասը՝ պայմանավորված պարտականությունների կատարմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցում է պետությունը:

4. Դատախազները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության իրենց պարտականությունները կատարելիս հաշմանդամ դառնալու (բացառությամբ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու), առողջությանը վնաս պատճառելու դեպքերից:

5. Պետությունն ապահովում է դատախազի և քննիչի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու նրա բուժումը: Դատախազի և քննիչի առողջական վիճակի հետազոտումն ու բուժումն իրականացվում են Արցախի Հանրապետության ոստիկանության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ Կառավարության հաստատած ցանկում նշված բժշկական հաստատություններում:

6. Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգը և պայմանները, ինչպես նաև առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 66.

Դատախազի և քննիչի արձակուրդը

 

1. Դատախազները և քննիչներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տևողությամբ:

2. Դատախազին և քննիչին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատախազության բնականոն գործունեության իրականացումը:

3. Դատախազներին և քննիչներին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

4. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատախազն ու քննիչը ունեն մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք:

5. Դատախազները ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

6. Ամենամյա արձակուրդի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:

7. Դատախազին արձակուրդ տրամադրելու հետ կապված հարաբերությունների վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթները տարածվում են այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատախազների նկատմամբ սույն օրենքի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 67.

Դատախազի և քննիչի համազգեստը, վկայականը և կնիքը, դատախազության խորհրդանիշը

 

1. Դատախազներին և քննիչներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:

2. Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանում է Կառավարությունը: Համազգեստի և տարբերանշանների կրման կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

3. Դատախազներին և քննիչներին տրվում են գլխավոր դատախազի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև գլխավոր դատախազությունում գրանցված և համարակալված կնիքներ: Գլխավոր դատախազությունում գրանցված և համարակալված կնիքներ տրամադրելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 68.

Դատախազի և քննիչի իրավական պաշտպանությունը

 

1. Դատախազը և քննիչն իրենց գործունեությունն իրականացնելիս անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

2. Դատախազը և քննիչը չեն կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Դատախազի և քննիչի պաշտոնեական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրանց գործունեության կապակցությամբ նրանց վիրավորելը, նրանց և նրանց ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

4. Գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին չի թույլատրվում իր լիազորությունների իրականացման կապակցությամբ ազատությունից զրկել առանց էթիկայի հանձնաժողովի համաձայնության, բացառությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա ազատությունից զրկելու դեպքերի կամ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Եթե քննարկվում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, ապա վերջինս էթիկայի հանձնաժողովի կողմից նշված հարցի քննարկմանը չի մասնակցում:

5. Գլխավոր դատախազի տեղակալի կամ այլ դատախազի և քննիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը, իսկ գլխավոր դատախազի նկատմամբ՝ գլխավոր դատախազի տեղակալը:

 

Հոդված 69.

Դատախազի և քննիչի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

 

1. Դատախազը և քննիչն ունեն ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատախազներին և քննիչներին ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Կառավարության լիազորած մարմինը:

2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:

3. Դատախազը, քննիչը և նրանց ընտանիքների անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատախազի, քննիչի, նրանց ընտանիքների անդամների կամ նրանց զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատախազի և քննիչի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դատախազի, քննիչի, նրանց ընտանիքների անդամների և նրանց զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

 

ԳԼՈՒԽ 12

ԴԱՏԱԽԱԶԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 70.

Դատախազի վարքագծի կանոնները

 

1. Դատախազի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենքով, իսկ սույն օրենքով սահմանված վարքագծի կանոններից բխող պահանջները՝ գլխավոր դատախազի հրամանով:

2. Դատախազի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատախազների և քննիչների համար: Անմիջական վերադաս դատախազը պարտավոր է նաև պահանջել, որ ապահովվի վարքագծի կանոնների պահպանումը ստորադաս դատախազների կողմից:

3. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար պարտադիր են սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-9-րդ կետերով սահմանված կանոնները:

4. Դատախազն իր վարքագծով, գործունեությամբ, մասնագիտական և բարոյական հատկանիշներով պետք է ձգտի ապահովել դատախազության հեղինակությունը, անկողմնակալությունն ու անաչառությունը, նպաստել դատախազության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, դատախազական գործունեության անկախության ապահովմանը, մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը:

 

Հոդված 71.

Դատախազի վարքագծի ընդհանուր կանոնները

 

1. Դատախազը պարտավոր է՝

1) ցանկացած պայմաններում ու իրավիճակում իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով զերծ մնալ դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, դատախազության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ դատախազության անկողմնակալության, անաչառության և անկախության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսևորելուց, այդ թվում՝ հօգուտ որևէ անձի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալուց.

2) ցանկացած պայմաններում ու իրավիճակում խուսափել դատախազի կոչմանը անհարիր այնպիսի գործնական, մասնագիտական կամ բարոյական կապերից կամ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որոնք կարող են արատավորել դատախազի հեղինակությունը, բարի համբավը, պատիվը և արժանապատվությունը.

3) բարձր պահել դատախազության հեղինակությունը, անձնական վարվեցողությամբ և գործունեությամբ հարգանք ու վստահություն ներշնչել դատախազության և իր անձի նկատմամբ.

4) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, ձեռնպահ մնալ որևէ վարքագիծ դրսևորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել, ինչպես նաև չդրսևորել հովանավորչություն որևէ կուսակցության նկատմամբ.

5) չանդամակցել այնպիսի մասնագիտական կամ հասարակական կազմակերպությունների, որոնց գործունեությունը կապված է էթնիկական, ազգային, դավանանքի կամ ֆիզիկական արատների խտրականության հետ.

6) լինել ինքնուրույն և անաչառ, ինչը չի բացառում բարդ գործերով իրավաբանական հարցերի շուրջ դատախազ գործընկերներից խորհուրդ ստանալը` պայմանով, որ վերջնական որոշումը դատախազի կողմից կայացվի ինքնուրույն, անկախ լինել օրենսդիր և գործադիր իշխանությունների և այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, լրատվության միջոցների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ լինել քննադատվելու մտավախությունից.

7) զերծ մնալ դատախազական ակտերը և իր գործընկերների գործողությունները, մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց.

8) իր համար ընդունել այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն իր հավասարակշռվածության ու անաչառության հասարակական ընկալումը.

9) լինել օրինապահ, արդարամիտ, համբերատար, կարգապահ, զուսպ, կշռադատված, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ ու հաստատակամ, ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող, այլ անձանց իրավունքների սահմանափակմանն ուղղված գործողություններ իրականացնելիս դրսևորել ծայրահեղ ողջամտություն ու բարեկրթություն.

10) լինել անհանդուրժողական գործընկերների կողմից վարքագծի կանոնների թույլ տված խախտումների և ոչ բարոյական վարքագծի նկատմամբ.

11) համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող վտանգի մասին, միջոցներ ձեռնարկել դրանք ժամանակին կանխարգելելու և հետևանքները վերացնելու նպատակով, պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, աջակցել դրանց իրականացմանը.

12) իրեն տրամադրված ծառայողական հրազենը հասարակական վայրերում ցուցադրաբար չկրել:

 

Հոդված 72.

Դատախազի վարքագծի կանոնները պաշտոնեական հարաբերություններում

 

1. Պաշտոնեական հարաբերություններում դատախազը պարտավոր է՝

1) գործել Սահմանադրությանը, օրենքներին համապատասխան.

2) պահպանել աստիճանակարգված ենթակայության սկզբունքը, ինչը չի խոչընդոտում, որպեսզի վերադաս կամ անմիջական վերադաս դատախազը զերծ մնա ստորադաս դատախազի նկատմամբ այնպիսի վարքագիծ դրսևորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որը կարող է արատավորել դատախազի պատիվն ու արժանապատվությունը, վարկաբեկել նրա հեղինակությունը.

3) լինել անկախ և անաչառ.

4) դրսևորել անհրաժեշտ հետևողականություն՝ օրենքով նախատեսված սահմանափակումները պահպանելիս.

5) ունենալ ինքնուրույն համոզմունք և դատախազական ակտերը կայացնել ինքնուրույն, ինչը չի խոչընդոտում իրավական հարցերի շուրջ դատախազ գործընկերներից խորհուրդ ստանալը.

6) բարեխղճորեն կատարել իր պաշտոնեական պարտականությունները, առաջնահերթության կարգով կատարել իր լիազորությունները՝ օրենքով դատախազին թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ.

7) ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու արհեստավարժությունը, միջոցներ ձեռնարկել ներպետական ու միջազգային իրավունքի վերաբերյալ իր մասնագիտական գիտելիքների հարստացման, հմտությունների և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցույց տալ գործընկերներին.

8) ղեկավարվելով Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներով՝ միջոցներ ձեռնարկել օրինականությունն ամրապնդելու, իրավախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու և վերացնելու համար.

9) դատական նիստերին մասնակցել պատշաճ համազգեստով, ցանկացած պայմաններում ու իրավիճակում լինել զուսպ, զգացմունքներում՝ կայուն, խուսափել դատախազի կոչմանն անհարիր այնպիսի վարքագիծ դրսևորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որոնք կարող են արատավորել դատախազի ու դատախազության հեղինակությունն ու բարի համբավը.

10) իր պարտականություններն իրականացնելիս դրսևորել անաչառություն, զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբերելուց, խտրականություն դրսևորելուց կամ նման տպավորություն ստեղծելուց, գործել այնպես, որպեսզի նրա անաչառության և անկողմնակալության նկատմամբ անհարկի կասկած չհարուցվի, չառաջնորդվել ենթադրություններով, հույզերով, անձնական վերաբերմունքով և այլ կողմնակի ազդեցությամբ, ինչը չի խոչընդոտում դատախազին ազատորեն արտահայտելու իր կարծիքը ծառայողական հարցերին առնչվող լուծումների վերաբերյալ.

11) ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որպեսզի նվազագույնի հասցվեն վարույթից կամ գործի քննությունից հեռացման (ինքնաբացարկի) անհրաժեշտություն առաջացնող դեպքերը.

12) այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկատվությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

13) համբերատար, արժանապատիվ, հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, գործընկերների և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատախազը շփվում է ի պաշտոնե.

14) պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացքում թույլ տրված խախտումների ու թերությունների բացահայտմանն ու անաչառ քննադատությանը վերաբերվել ըմբռնումով և միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու համար.

15) գործընկերների հետ հարաբերություններում նպաստել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը, նրանց նկատմամբ լինել հարգալից, հավասարակշռված, հարգել նրանց կարծիքը, պատրաստակամություն դրսևորել օգնելու և աջակցելու իր գործընկերներին, անիրավաչափորեն չմիջամտել գործընկերների պաշտոնեական լիազորությունների իրականացմանը, ինչը չի խոչընդոտում դատախազին ազատորեն արտահայտելու իր կարծիքը ծառայողական հարցերին առնչվող լուծումների վերաբերյալ:

 

Հոդված 73.

Դատախազի վարքագծի կանոնները արտապաշտոնեական հարաբերություններում

 

1. Արտապաշտոնեական հարաբերություններում դատախազը պարտավոր է՝

1) չօգտագործել դատախազի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի,

2) թույլ չտալ շահերի բախում, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունները որևէ կերպ ազդեն ի պաշտոնե իր լիազորությունների պատշաճ իրականացման վրա.

3) խուսափել իր կամ դատախազության հեղինակությունը վարկաբեկող, պատիվն ու արժանապատվությունն արատավորող, անաչառության վրա ազդող, որոշակի անձանցից նյութական և այլ կախվածության մեջ դնող կապերից.

4) զերծ մնալ գործի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հետ անհարկի շփումներից, ցանկացած պայմաններում ու իրավիճակում լինել զուսպ, զգացմունքներում՝ կայուն, խուսափել դատախազի կոչմանն անհարիր այնպիսի վարքագիծ դրսևորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որոնք կարող են արատավորել դատախազի ու դատախազության հեղինակությունն ու բարի համբավը:

 

ԳԼՈՒԽ 13

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Հոդված 74.

Դատախազության աշխատակազմը

 

1. Դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացումը ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն է, որն իրականացվում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկում:

2. Դատախազության աշխատակազմը կազմված է կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից:

3. Հիմնարկի հիմնադրի և կառավարման մարմնին վերապահված լիազորություններն իրականացվում են գլխավոր դատախազի կողմից:

 

Հոդված 75.

Դատախազությունում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

 

1. Դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատախազության աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին:

2. Դատախազության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման պետական ծառայողներին նշանակում է գլխավոր դատախազը` դատախազության առանձնացված ստորաբաժանումը գլխավորող դատախազի ներկայացմամբ:

3. Դատախազության աշխատակազմում տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով այլ խնդիրներ և գործողություններ իրականացնող անձինք նշանակվում են դատախազության աշխատակազմի ղեկավարի կողմից և նրանց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

4. «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթները դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածելիս`

1) դատական ծառայություն` ենթադրում է դատախազության աշխատակազմում պետական ծառայություն.

2) դատական դեպարտամենտի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազության աշխատակազմի ղեկավարը.

3) դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազության առանձնացված ստորաբաժանումը գլխավորող դատախազը.

4) դատարանների նախագահների խորհրդին և դատարանների նախագահների խորհրդի նախագահին վերապահված լիազորություններն իրականացնում է գլխավոր դատախազը.

5) այն լիազորությունները, որոնք իրականացվում են դատարանների նախագահների խորհրդի նախագահի կողմից` դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ, իրականացնում է գլխավոր դատախազը միանձնյա.

6) դատարաններ` ենթադրում է գլխավոր դատախազություն, Ստեփանակերտ քաղաքի (շրջանի) դատախազություններ.

7) դատավոր` ենթադրում է դատախազ:

5. Դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական և կենսաթոշակային ապահովությունը իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 14

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 76.

Դատախազության ֆինանսավորումը

 

1. Դատախազության ֆինանսավորումն իրականացվում է դատախազության աշխատակազմի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Դատախազության աշխատակազմի ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով՝ որպես Արցախի Հանրապետության դատախազություն:

2. Դատախազության բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում՝ փոփոխված, պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով:

3. Կառավարությունը Ազգային ժողով և գլխավոր դատախազություն է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ իր կողմից կատարված փոփոխությունների հիմնավորումը:

4. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատախազության պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատախազության համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:

5. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են գլխավոր դատախազի որոշմամբ:

6. Բյուջետային հայտի վերաբերյալ դատախազության դիրքորոշումն Ազգային ժողովում ներկայացնում է դատախազության աշխատակազմի ղեկավարը:

7. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար դատախազության պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը պակասը լրացնում է պետական բյուջեի պահուստային ֆոնդից:

 

ԳԼՈՒԽ 15

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 77.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-73-Ն օրենքը:

 

Հոդված 78.

Անցումային դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ՝

1) դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից.

2) նշանակված դատախազները և քննիչները շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար իրենց պաշտոններում.

3) դատախազներին և քննիչներին շնորհված դասային աստիճանները պահպանվում են: Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

2. Դատախազների և քննիչների ատեստավորումը և վերապատրաստումը անցկացվում է օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով նախորդ ատեստավորման և վերապատրաստման անցկացման ժամկետները:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. հուլիսի 19

Ստեփանակերտ

ՀՕ-36-Ն