ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2019 թվականի
հունիսի 27-ին |
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է հանրաքվեի անցկացման սկզբունքները, կարգավորում է հանրաքվեին մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, նախագիծը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, հանրաքվեի դրված ակտերի ուժի մեջ մտնելու և հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Հանրաքվեն և դրա անցկացման սկզբունքները |
1. Հանրաքվեն ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձևերից է:
2. Արցախի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 7-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
3. Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք:
4. Հանրաքվեն անցկացվում է Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հոդված 3. |
Հանրաքվեին մասնակցելու իրավունքը |
1. Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն հանրաքվեի օրը Արցախի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները (այսուհետ՝ քաղաքացի):
2. Հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Հոդված 4. |
Հանրաքվեի դրվող հարցերը |
1. Հանրաքվեի են դրվում`
1) Սահմանադրության նախագիծը.
2) Սահմանադրության 1-3-րդ, 6-րդ, 9-րդ և 11-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 87-90-րդ, 92-94-րդ, 96-րդ, 106-րդ հոդվածներում, 107-րդ հոդվածի 1-ին մասում, 108-րդ հոդվածի 1-ին մասում, 109-րդ, 121-րդ, 131-րդ, 132-րդ և 175-րդ հոդվածներում փոփոխություններ կատարելու նախագծերը.
3) հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
2. Հանրաքվեի կարող են դրվել`
1) քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը, եթե դրա ընդունումն Արցախի Հանրապետության Ազգային ժողովը (այսուհետ` Ազգային ժողով) մերժել է.
2) պետական կյանքի կարևորագույն հարցերը:
3. Հանրաքվեի դրվող հարցը ձևակերպվում է այնպես, որ հնարավոր լինի դրան տալու միանշանակ պատասխան:
Հոդված 5. |
Հարցեր, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի |
1. Հանրաքվեի չեն կարող դրվել՝
1) Սահմանադրության 1-4-րդ և 163-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող Սահմանադրության փոփոխությունների նախագծերը.
2) այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին և վարչատարածքային բաժանմանը:
Հոդված 6. |
Հանրաքվե անցկացնելու արգելքը |
1. Արտակարգ դրության կամ պատերազմի ժամանակ հանրաքվե չի անցկացվում:
2. Ռազմական դրության ժամանակ հանրաքվե կարող է չանցկացվել:
3. Արգելվում է անցկացնել հանրաքվե Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված` Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները Ազգային ժողովի նախագահի կողմից իրականացնելիս:
Գ Լ ՈՒ Խ 2
ՆԱԽԱԳԻԾԸ (ՀԱՐՑԸ) ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
Հոդված 7. |
Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու կարգը |
1. Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն`
1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը.
2) Արցախի Հանրապետության նախագահը.
3) ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տասը տոկոսը:
2. Սահմանադրության նախագիծը ներկայացվում է Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քննարկում է նախագիծը և կայացնում որոշում: Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Հոդված 8. |
Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու կարգը |
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն`
1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը.
2) Արցախի Հանրապետության նախագահը.
3) ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տասը տոկոսը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քննարկում է նախագիծը և այն ներկայացնում Արցախի Հանրապետության Գերագույն դատարան (այսուհետ` Գերագույն դատարան)` Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ սահմանադրականությունը որոշելու հարցով:
3. Գերագույն դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ազգային ժողովը Գերագույն դատարանի որոշման կայացումից և այդ որոշումը ստանալուց հետո առաջիկա հերթական նիստում որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
4. Գերագույն դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանվում է շրջանառությունից:
Հոդված 9. |
Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու կարգը |
1. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` 45 օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող ևս երկուսուկես տոկոս քաղաքացիների միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով (այսուհետ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով)՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար: Օրենքի նախագծի ընդունումը համարվում է մերժված նաև Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում, իսկ եթե նախագիծը ներկայացվել է հերթական նստաշրջանի վերջին երկու ամսվա ընթացքում, ապա ոչ ուշ, քան հաջորդ հերթական նստաշրջանի առաջին երկու ամսվա ընթացքում չընդունվելու դեպքում: Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչն ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, օրենքի նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քննարկում է նախագիծը և այն ներկայացնում Գերագույն դատարան` օրենքի նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով: Գերագույն դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ազգային ժողովը Գերագույն դատարանի որոշման կայացումից և այդ որոշումը ստանալուց հետո առաջիկա հերթական նիստում որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, իսկ Գերագույն դատարանի կողմից օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանրաքվեի չի դրվում:
2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը նախաձեռնող խմբի գրանցման պահից քառասունհինգօրյա ժամկետում սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող առնվազն երկուսուկես տոկոս քաղաքացիների միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար: Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչն ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քննարկում է նախագիծը և այն ներկայացնում Գերագույն դատարան՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով: Գերագույն դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ազգային ժողովը Գերագույն դատարանի որոշման կայացումից և այդ որոշումը ստանալուց հետո առաջիկա հերթական նիստում որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, իսկ Գերագույն դատարանի կողմից հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանրաքվեի չի դրվում:
Հոդված 10. |
Պետական կյանքի կարևորագույն հարցը (հարցերը) հանրաքվեի դնելու կարգը |
1. Պետական կյանքի կարևորագույն հարցը (հարցերը), որի (որոնց) վերաբերյալ անհրաժեշտ է բացահայտել հասարակական կարծիքը, հանրաքվեի է (են) դրվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի և Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված հանրաքվեն նշանակվում և անցկացվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 11. |
Հանրաքվեի նշանակումը և անցկացումը, հանրաքվեի դրվող նախագծի (հարցի) հրապարակումը |
1. Հանրաքվեն նշանակվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
2. Սահմանադրության նախագիծը, Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, օրենքի նախագիծը, հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, պետական կյանքի կարևորագույն հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը Ազգային ժողովի նախագահը հրապարակում է 24 ժամվա ընթացքում:
3. Հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակելուց ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո:
4. Հանրաքվեի դրվող նախագիծը (հարցը) հրապարակվում է Ազգային ժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքերում, «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»՝ հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
Գ Լ ՈՒ Խ 3
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՆԱԼԸ
Հոդված 12. |
Ստորագրությունների հավաքումը |
1. Սահմանադրություն ընդունելու և (կամ) փոփոխելու կամ հանրաքվեի միջոցով օրենք ընդունելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու համար կազմավորվում է առնվազն տասը քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ:
2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումն ապահովում է արդեն իսկ գրանցված այն նախաձեռնող խումբը, որն Ազգային ժողովին առաջարկել էր օրենքի նախագիծը, եթե նախաձեռնող խմբի գրանցումը մինչև այդ չի դադարեցվել, և Ազգային ժողովի մերժումից հետո` յոթնօրյա ժամկետում, այդ նախաձեռնող խումբը գրավոր ձևով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրազեկել է օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մտադրության մասին:
3. Մինչև Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագիծը մերժելը նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվելու կամ նախաձեռնող խմբի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մտադրության մասին չիրազեկելու դեպքում օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը կարող է ապահովել այլ նախաձեռնող խումբ, որը գրանցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
4. Նախաձեռնող խումբը գրանցման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրված` նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով, նախաձեռնող խմբի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախագիծը՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով, և նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստի հասցեն, որը նախաձեռնող խմբի գրանցումից հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշման ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված պահանջները պահպանված չեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից և մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խումբը գրանցելու մասին որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելուց հետո` եռօրյա ժամկետում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա նախաձեռնող խմբի անդամներին տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևի վկայականներ:
7. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվում է՝
1) նախաձեռնող խմբի որոշման հիման վրա՝ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումով.
2) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չդիմելու դեպքում.
3) քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում.
4) հանրաքվեի դրված ակտը չընդունվելու դեպքում հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունած որոշումը բողոքարկելիս՝ Գերագույն դատարանի կողմից հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնվելու դեպքում.
5) Գերագույն դատարանի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծի` Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում.
6) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մասին չիրազեկելու դեպքում:
8. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
9. Գրանցումից հետո նախաձեռնող խումբն իրավունք է ստանում ձեռնարկելու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը՝ ստորագրություններ հավաքելու միջոցով:
10. Ստորագրությունների հավաքմանը (նախաձեռնել, կազմակերպել, օժանդակել) կարող են ներգրավվել 16 տարին լրացած քաղաքացիները:
11. Ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները:
12. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի միջոցով՝ տեղում ստորագրելու եղանակով:
13. Տեղում ստորագրելու դեպքում ձևաթերթիկում լրացվում են ստորագրողի անձնագրային տվյալները, ձևաթերթիկն ստորագրվում և հանձնվում է ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին:
14. Տեղում ստորագրությունների հավաքման համար օգտագործվող ձևաթերթիկներ նախաձեռնող խմբի անդամներին չեն տրամադրվում. դրանք ներբեռնում և տպագրում է նախաձեռնող խումբը:
15. Տեղում ստորագրությունների հավաքում կազմակերպվում է Արցախի Հանրապետության տարածքում գործող՝
1) համայնքապետարաններում.
2) շրջանների վարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում):
Ելնելով համայնքում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվաքանակից՝ ստորագրությունների հավաքման բնականոն ընթացքն ապահովելու համար կարող են տրամադրվել լրացուցիչ վայրեր:
Արցախի Հանրապետության համայնքապետարանները, շրջանների վարչակազմերը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիների՝ տեղում ստորագրությունների հավաքմանը մասնակցելու իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:
16. Տեղում ստորագրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաև իրականացնում են նոտարները` նոտարական գրասենյակներում: Տեղում ստորագրությունների հավաքման վայրը (վայրերը) տրամադրում են մարմինների ղեկավարները նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում:
17. Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
18. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 45 օրվա ընթացքում, սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Ազգային ժողովի մերժումից հետո` 45 օրվա ընթացքում, սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 45 օրվա ընթացքում:
19. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի ձևը և լրացման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
20. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի նմուշը ներբեռնման հնարավորությամբ տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Հոդված 13. |
Ստորագրությունների վավերականության հաստատումը |
1. Սույն օրենքով սահմանված ժամկետում պահանջվող նվազագույն քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում ոչ ուշ, քան սույն օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ տասնհինգերորդ օրը, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով ստորագրված ձևաթերթիկները: Նոտարական կարգով տրված ստորագրությունները կարող են ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով դրանք տված անձանց կամ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից մինչև սույն մասով սահմանված ժամկետի ավարտը:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրված ձևաթերթիկներն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստուգելուց հետո որոշում է կայացնում ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին, եթե առկա են պահանջվող քանակի վավեր ստորագրություններ, իսկ հակառակ դեպքում մերժում է ստորագրությունների վավերականության հաստատումը: Հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված են պատշաճ ձևով: Եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական չեն կամ լրացված են ոչ պատշաճ ձևով, ստորագրությունը հանվում է ներկայացված ստորագրությունների խմբաքանակից: Եթե քաղաքացու տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստորագրությունների վավերականությունը հաստատելու կամ հաստատումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը, ինչպես նաև մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
5. Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչն ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, համապատասխան նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով:
6. Ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու մասին որոշումը քաղաքացիական նախաձեռնության խումբը կարող է բողոքարկել դատական կարգով:
7. Ստորագրությունների վավերականության հաստատման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
8. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ, 17-րդ, 19-րդ մասերով, սույն հոդվածի 7-րդ մասով, 17-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 9-րդ, 10-րդ մասերով, 23-րդ հոդվածի 1-ին մասով, 26-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորություններն իրականացնելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 14. |
Հանրաքվեի հանձնաժողովների համակարգը |
1. Հանրաքվեի կազմակերպումն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն կազմավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հանրաքվեի անցկացումն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն կազմավորված տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները:
2. Հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար ընտրական հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներին վերապահված այն լիազորությունները, որոնք կիրառելի են և անհրաժեշտ հանրաքվեի կազմակերպման և իրականացման համար:
3. Հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովների գործունեության կարգը, ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը, ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման կարգը, հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկման և քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով` համապետական ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:
Հոդված 15. |
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները, հանրաքվեի տեղամասերը, տեղամասային կենտրոնները և հանրաքվեի ֆինանսավորումը |
1. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմելու և վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու կարգը, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելու կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով՝ համապետական ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:
2. Հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիների՝ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:
3. Հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով՝ համապետական ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 5
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. |
Քարոզչության հիմնական կանոնները |
1. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Արցախի Հանրապետության քաղաքացիները, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները և հասարակական կազմակերպությունները: Քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
2. Քարոզչությունն սկսվում է հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշման հրապարակման օրվանից հետո` յոթերորդ օրը, և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:
3. Հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով կարող է գործել մեկ «ԱՅՈ» և մեկ «ՈՉ» քարոզչության կողմ: Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են քարոզչություն իրականացնել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին միանալու միջոցով կամ առանձին: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին չմիացած անձինք կարող են իրականացնել հանրաքվեի դրված հարցին «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու, ինչպես նաև քվեարկությունից ձեռնպահ մնալուն ուղղված քարոզչություն:
4. Քարոզչության իրականացման հանրային միջոցներից (հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի անվճար և վճարովի եթերաժամերից, արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքից, համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար առանձնացված անվճար տեղերից) կարող են օգտվել «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը, իսկ այլ անձինք քարոզչության իրականացման հանրային միջոցներից կարող են օգտվել միայն քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի գրավոր համաձայնության հիման վրա՝ համաձայնության մեջ նշված պայմաններով, որոնք չեն կարող հակասել քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված պահանջներին:
5. Հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշման հրապարակումից հետո հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը համարվում է «ԱՅՈ» քարոզչության կողմ:
6. «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ է համարվում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ քաղաքացիական նախաձեռնության դեպքում, Հանրապետության նախագահի կողմից նշանակված ներկայացուցիչը՝ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնության դեպքում, նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրության մեջ որպես ներկայացուցիչ նշված պատգամավորը՝ պատգամավորների նախաձեռնության դեպքում:
7. «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձևավորել համապատասխանաբար հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները:
8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված սուբյեկտների կողմից հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման հրապարակումից հետո` յոթնօրյա ժամկետում, որպես «ՈՉ» քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն տասը քաղաքացիներից բաղկացած խումբը:
9. «ՈՉ» քարոզչության կողմը ենթակա է գրանցման Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
10. «ՈՉ» քարոզչության կողմը ձևավորման պահից եռօրյա ժամկետում գրանցման նպատակով գրություն է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
11. Գրության մեջ նշվում է «ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչը, իսկ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում` «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև գրությանը կամ որոշմանը կից ներկայացվում են «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները:
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրությունը և փաստաթղթերն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, գրանցում է «ՈՉ» քարոզչության կողմին և նրա լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե սույն հոդվածի 8-րդ մասում նշված պահանջները պահպանված չեն:
13. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում հրապարակում է տեղեկատվություն այն մասին, թե ով է հանդիսանում «ԱՅՈ» քարոզչության կողմ, ինչպես նաև «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի լիազոր ներկայացուցիչների անունը, ազգանունը և նրանց հետ կապի միջոցները:
14. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
3) դատավորներին, դատախազներին, ոստիկանությունում և ազգային անվտանգության մարմիններում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ծառայողներին, քննչական կոմիտեի ծառայողներին, զինծառայողներին.
4) ընտրական հանձնաժողովների անդամներին.
5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.
6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց.
7) Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին.
8) Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամներին.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին:
15. Արգելվում է`
1) քարոզչության կողմերին` քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, արժեթղթեր, ապրանքներ (այդ թվում՝ սննդամթերք) կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ.
2) քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով.
3) քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:
16. Սույն հոդվածի 15-րդ մասի 3-րդ կետի դրույթների կատարումն ապահովում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը
Հոդված 17. |
Քարոզչության իրականացման եղանակները |
1. Պետությունը երաշխավորում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը:
2. Քարոզչության ազատ իրականացումն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` ժողովներ, հանդիպումներ և հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով քարոզչության կողմերին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք քարոզչության կողմերին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները քարոզչության կողմերին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում գոյություն չունեն քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ։
3. Հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան յոթ օր հետո շրջանի վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների և շինությունների ցանկը, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անվճար տրամադրվում են քարոզչության կողմերին՝ ժողովներ, հանդիպումներ և հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
4. Քարոզչության կողմերին սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված տարածքները տրամադրվում են հավասար պայմաններով:
5. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձևով հրապարակել և տարածել քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր: Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
6. Քարոզչական պաստառները փակցնելու համար համայնքների ղեկավարները հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում հատկացնում են դրանց փակցման համար նախատեսված հատուկ տեղեր: Համայնքի ղեկավարները հետևում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն:
7. Քարոզչության կողմերին հատկացված տեղերը պետք է հնարավորին չափ հարմար և մատչելի լինեն քվեարկողների այցելության համար, ապահովեն հավասար մակերես «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության համար։
8. Քվեարկության օրը և նրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում:
9. Զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչության, ինչպես նաև քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման նկատմամբ կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության համար սահմանված կանոնները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ: Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամերի քանակը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
10. Զանգվածային լրատվության միջոցներով տրամադրվող անվճար և վճարովի եթերաժամերի ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ եթերաժամ տրամադրելու համար սահմանված ժամկետից առնվազն հինգ օր առաջ: Եթերաժամերի ժամանակացույցը սահմանվում է այնպես, որ ապահովվեն քարոզչության կողմերի համար հավասար հնարավորություններ, էականորեն չնվազեցվի քարոզչության ներգործությունը հանրության վրա, կամ որևէ այլ ձևով հանգեցվի քարոզչության փաստացի արգելմանը, կամ նվազեցվի քարոզչության արդյունավետությունը։
11. Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով քարոզչության համար տրամադրվող վճարովի և անվճար ժամերի քանակը պետք է հավասար լինի: Քարոզչության կողմերն իրավունք ունեն հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից օգտվելու անվճար հիմունքներով` ոչ ավելի, քան երեսունական րոպե, ինչպես նաև քարոզչության հիմնադրամի միջոցների հաշվին վճարովի հիմունքներով` ութսունական րոպե:
12. Քարոզչության կողմերին վճարովի և անվճար եթերաժամը տրամադրվում է եթերաժամ տրամադրողին ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա:
13. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:
14. Արգելվում է հանրաքվեի քվեարկության օրը` մինչև ժամը 20:00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին հրապարակել հանրաքվեի մասնակիցների «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու արդյունքների մասին:
15. Սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված պահանջի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:
Հոդված 18. |
Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը |
1. Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման վրա տարածվում են նախընտրական հիմնադրամներին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:
2. Հիմնադրամի միջոցները հավաքվում են Արցախի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում՝ հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա առևտրային բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին: Այդ հաշվեհամարներին եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:
3. Հիմնադրամը ձևավորվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:
4. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.
2) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).
3) օտարերկրյա պետությունները, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.
4) քաղաքացիություն չունեցող անձինք.
5) բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները.
6) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները.
7) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները:
Հոդված 19. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը
1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի հիսունհազարապատիկը: Կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը: Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով քվեարկության օրվանից համապատասխանաբար 20 օր և 10 օր առաջ, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո` երրորդ օրը:
2. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է քարոզչության հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով կամավոր մուծում: Կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից կամ կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրը կարող է կատարել մուծում միայն մեկ հիմնադրամում:
3. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում նշված անձանց` հիմնադրամների հաշվին մուծած գումարները, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:
4. Արգելվում է քարոզչության ընթացքում հանրային ֆինանսների ու պետական մարմինների միջոցների ու հնարավորությունների օգտագործելը, ինչպես նաև հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:
5. Առևտրային բանկը եռօրյա պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:
6. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:
7. Քարոզչության կողմերի դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո` մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար:
8. Քվեարկության օրվանից հետո հիմնադրամում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել հանրաքվեի արդյունքների բողոքարկման, ներառյալ՝ փաստաբանական ծառայություններից օգտվելու նպատակով՝ այդ մասին իրազեկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Գ Լ ՈՒ Խ 6
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
Հոդված 20. |
Դիտորդական առաքելության իրավունքը և վստահված անձը |
1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
1) Արցախի Հանրապետության կուսակցությունները.
2) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության կամ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.
3) Արցախի Հանրապետության հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները հանրաքվե նշանակելու օրվան նախորդող նվազագույնը վեց ամիս ներառում են ժողովրդավարության կամ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
2. Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավերն ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
3. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների` հանրաքվեի վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
4. Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
5. Քարոզչության կողմերը կարող են ունենալ վստահված անձինք:
6. Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները: Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, ոստիկանությունում և ազգային անվտանգության մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ծառայողները, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ծառայողները, քննչական կոմիտեի ծառայողները, զինծառայողները, դիտորդները, ընտրական հանձնաժողովի անդամները:
7. Քարոզչության կողմը վստահված անձանց վկայականներ ստանալու համար դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում հանրաքվե նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:
8. Դիմումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչին տալիս է հանրաքվեի կազմավորված տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ, որոնցում նշվում է քարոզչության կողմի անվանումը: Քարոզչության կողմը լրացնում է վկայականները և տրամադրում վստահված անձանց:
Հոդված 21. |
Դիտորդների, վստահված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները |
1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրումը, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
2. Հանրաքվեի ժամանակ վստահված անձանց կարգավիճակը, գրանցումը, իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
Գ Լ ՈՒ Խ 7
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 22. |
Հանրաքվեի քվեարկության նախապատրաստումը և անցկացումը |
1. Հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման նկատմամբ կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Հանրաքվեի քվեարկությունն անցկացվում է միայն Արցախի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերի:
Հոդված 23. |
Հանրաքվեի քվեաթերթիկը և քվեատուփը |
1. Հանրաքվեի քվեաթերթիկի ձևը և նմուշը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկի նմուշը սահմանում է այնպես, որ հնարավոր լինի ապահովելու քվեարկության գաղտնիությունը: Քվեաթերթիկը ներառում է ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին:
2. Քվեաթերթիկում նշվում են հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը, «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը՝ յուրաքանչյուրի դիմաց՝ աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
3. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր մասնակից ստանում է մեկական քվեաթերթիկ: Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում մասնակիցներին տրվում են հանրաքվեի դրված հարցերին համապատասխան քվեաթերթիկներ: Քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:
4. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան տասը և ոչ ուշ, քան երեք օր առաջ` լիազոր մարմնի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից տասն օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա:
5. Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
6. Հանրաքվեի ժամանակ տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեատուփերը և մյուս պարագաները հատկացվում և վերադարձվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 24. |
Քվեարկության նախապատրաստումը |
1. Քվեարկության նախապատրաստումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝
1) հանրաքվեի դրված հարցի տեքստը.
2) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը.
3) հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի բացատրական զեկույցը:
3. Հանրաքվեի ժամանակ քվեարկության սենյակի կահավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
4. Քվեարկության համար հատկացվում են քվեարկության խցիկներ` յուրաքանչյուր 750 քաղաքացու հաշվարկով առնվազն մեկ խցիկ: Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ քաղաքացին կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն և տեղադրված լինի գրիչ:
5. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով՝ դեպի պատը:
Հոդված 25. |
Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող դատապարտյալների քվեարկության նախապատրաստումն ու անցկացումը, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը |
1. Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող դատապարտյալների քվեարկության նախապատրաստման ու անցկացման, այդ թվում` տեղամասային կենտրոն մուտք գործելու, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման, քվեարկության, ինչպես նաև դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպման նկատմամբ կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումները:
Հոդված 26. |
Քվեաթերթիկը լրացնելու կարգը |
1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, ապա քվեաթերթիկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:
2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակիցն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ: Օգնողն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ քաղաքացու: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացուն օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
3. Եթե հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականն արձանագրվի գրանցամատյանում։
Հոդված 27. |
Քվեաթերթիկների վավերականությունը |
1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`
1) միաժամանակ «ԱՅՈ» և «ՈՉ»բառերի դիմաց նշումներ է ներառում.
2) որևէ նշում չի ներառում.
3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է այլ` քվեարկողի ինքնությունը բացահայտող նշում.
4) հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված կամ կնքված չէ.
5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:
2. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է և աներկբա:
3. Քվեաթերթիկը վավեր է, եթե առկա չէ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քվեաթերթիկի անվավերության հիմքերից որևէ մեկը:
Հոդված 28. |
Չսահմանված նմուշի քվեաթերթիկները |
1. Չսահմանված նմուշի է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկը:
Գ Լ ՈՒ Խ 8
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 29. |
Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը |
1. Տեղամասում հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
2. Հանրաքվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կամ տեղական հանրաքվեի հետ նույն օրն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները:
Հոդված 30. |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`
1) հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.
2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.
3) տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը.
4) տեղամասային հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
5) անվավեր քվեաթերթիկների թիվը.
6) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
7) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը:
2. Արձանագրության կազմումը և ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:
Հոդված 31. |
Անճշտությունները որոշելու կարգը |
1. Անճշտությունների չափը հաշվարկվում և արձանագրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 32. |
Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները |
1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում: Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի` հատ-հատ հաշվելու միջոցով ստացած տվյալները:
2. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները մուտքագրում է համակարգիչ: Հանրաքվեի քվեարկության արդյունքների աղյուսակավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:
3. Տարածքային հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
4. Հանրաքվեի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում և այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հոդված 33. |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքներն ամփոփելու կարգը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրից կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնից հրապարակում այդ արդյունքները:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ:
3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`
1) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակներում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.
2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.
3) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը.
4) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
5) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
6) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
7) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
8) անճշտությունների գումարային չափը:
4. Անճշտությունների գումարային չափը հավասար է հանրաքվեի կազմավորված բոլոր տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:
5. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունված որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները, ամփոփում է հանրաքվեի արդյունքները և որոշում ընդունում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:
Հոդված 34. |
Հանրաքվեի արդյունքների ամփոփումը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է հանրաքվեի արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) հանրաքվեի դրված ակտի ընդունման մասին.
2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
3) հանրաքվեի դրված ակտը չընդունելու մասին.
4) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին:
2. Սահմանադրության 165-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
3. Հանրաքվեի դրված ակտը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:
4. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին:
5. Եթե հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում կամ առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է նոր քվեարկություն:
6. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով Գերագույն դատարան դիմում կարող է ներկայացվել հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչև ժամը 18:00-ն:
7. Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում և անցկացվում է սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15 և ոչ ուշ, քան 30 օր հետո` սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 35. |
Սահմանադրության կամ դրանում փոփոխությունների և հանրաքվեով ընդունված օրենքների ուժի մեջ մտնելը |
1. Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները և հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե հանրաքվեով ընդունված ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
2. «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ ութերորդ օրը, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել Գերագույն դատարան:
3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկվել է Գերագույն դատարան, ապա «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու մասին Գերագույն դատարանի որոշումից հետո` ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:
Հոդված 36. |
Հանրաքվեի փաստաթղթերը պահպանության հանձնելը |
1. Հանրաքվեի արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, իսկ հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, հանրաքվեի փաստաթղթերը պահպանության են հանձնվում Արցախի Հանրապետության պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար։
Գ Լ ՈՒ Խ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 37. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մարտի 23-ի ՀՕ-183 օրենքը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
2019թ. հուլիսի 17
Ստեփանակերտ
ՀՕ-92-Ն |
|